Սիրելի հավատացյալներ, մեր վարչապետի առջեւ ճանապարհ բացեք՝ թող հերոսանա

Սիրելի հավատացյալներ, մեր վարչապետի առջեւ ճանապարհ բացեք՝ թող հերոսանա

Sat, 11 Apr 2026 20:45:12 +0400


Սիրելի հավատացյալներ, այն, ինչ հիմա ձեզնից խնդրում եմ, պարզապես խնդրանք չէ, նաեւ հրատապ, կանխարգելիչ զգուշացում է։

Եթե առաջիկայում, որեւէ եկեղեցում, պատարագի ամենախաղաղ պահին հանկարծ ներս խուժի մեր վարչապետը՝ իր քաջասիրտ թիկնազորի գլխավորությամբ, խնդրում եմ՝ այս անգամ չզարմանաք ու չշփոթվեք։ Չասեք՝ «ներխուժեց», չվրդովվեք։ Պարզապես մի կողմ քաշվեք եւ ճանապարհ բացեք։ Մարդը ձեզ փրկելու է եկել։
Դուք նախորդ անգամ Սուրբ Աննա եկեղեցում այդպես էլ չհասկացաք, թե ինչ տեղի կունենար ձեր աչքի առաջ։ Ձեր կարծիքով՝ վարչապետի այցն անակնկա՞լ էր կամ հերթական «միջադեպ» հրահրելո՞ւ համար էր։ Մինչդեռ ոչ թե պարզապես մտավ, այլ կայծակնային արագությամբ ներխուժեց ճիշտ այնտեղ, որտեղ դուք, անտեղյակ, շարունակում էիք ձեր հոգեւոր կենտրոնացումը։ Նա չէր կարող կանգնել ու բացատրել՝ «ներեցեք, մի կողմ քաշվեք, ես հիմա ահաբեկչություն եմ կանխում»։ Դա այն մակարդակի օպերացիա չէր, որ ուղեկցվեր նախազգուշացնող հայտարարություններով։ Իսկ դուք չդիմացաք մի չնչին հրմշտոցին, դժգոհեցիք, արդյունքում՝ աղմուկ, անհամաձայնություն, մի քանի ձերբակալված… Եվ վերջ։

Իրականում, դուք կանգնած էիք մի իրադարձության կենտրոնում, որը, եթե չխափանեիք, կարող էր հայտնվել համաշխարհային պատմության դասագրքերում՝ առանձին գլխով։ Բայց դուք, ինչպես միշտ, ոչինչ չգիտեք ու չեք էլ ուզում իմանալ։ Ո՛չ լուրջ աղբյուրների եք հետեւում, ո՛չ էլ այն տեղեկատվությանը, որը հասանելի է միայն ընտրյալներին։ Իսկ երբ մարդը գործում է այդ մակարդակի տեղեկություններով, բնական է, որ ձեր աչքին ամեն ինչ «անհասկանալի» կթվա։ Մինչ դուք պատարագի մեջ էիք, վարչապետն ու իր քաջահմուտ թիկնազորն արդեն օպերացիայի մեջ էին. ստացված էին հստակ տվյալներ՝ եկեղեցու ներսում, հավատացյալների մեջ տեղակայված է հատուկ պատրաստված ահաբեկչական մի խումբ։ Արտաքինից՝ խոնարհ, ներսից՝ վտանգավոր։ Սպասում էին իրենց պահին։ Ահաբեկչությունը, կարելի է ասել, արդեն շնչում էր ձեր թիկունքում, իսկ դուք՝ մոմի լույսի տակ, ոչինչ չէիք տեսնում, ոչինչ չէիք կռահում։ Եվ այդ պահին հայտնվում է մեր ունեցած «ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱՆ»։ Չի կանգնում, չի բացատրում, չի բանակցում։ Կայծակնային արագությամբ մտնում է ներս, ճեղքում է շարքերը, առաջ շարժվում դեպի թիրախը։ Դա օպերացիա էր, ոչ թե այցելություն։ Այդպիսի պահերին չեն ասում՝ «ներեցեք, մի կողմ քաշվեք»։ Դուք պիտի ինքներդ հասկանայիք։ Բայց չհասկացաք։ Սկսեցիք նեղվել, աղմկել, դիմադրել, նույնիսկ՝ խոչընդոտել։ Թիկնազորը փորձում էր ճանապարհ բացել, դուք՝ փակել, ընդդիմանալ։ Կարծես ընդդիմության հանրահավաք էր:

Արդյունքում՝ այն, ինչ պիտի ավարտվեր մի քանի վայրկյանում, ձգձգվեց, խառնվեց, ու… տապալվեց։ Թիրախը փախավ։ Չվնասազերծված՝ հանգիստ փախավ։ Ձեր շնորհիվ։ Դուք, բնականաբար, պատկերացում անգամ չունեիք, որ այդ գործողությունը միայն առաջին փուլն էր։ Ամենակարեւորը դեռ առջեւում էր։ Նախատեսված էր ոչ միայն տեղում վնասազերծել այդ «խոնարհ» խմբին, այլ նաեւ՝ անցնել երկրորդ, շատ ավելի լուրջ փուլին։ Պլանը պարզ էր, բայց «մեծություններին հատուկ» մտածողություն էր պահանջում։ Վնասազերծված խումբը, որ հարեւան պետությունից էր մեզ մոտ «առաքված», պատշաճ ձեւով՝ շղթայված (ինչ անես՝ ավանդույթները պետք է հարգել), պիտի ներկայացվեր հարեւան երկրի ղեկավարությանը։ Այո՛, հենց այդպես՝ անձամբ տանել, կանգնեցնել ու հարցնել. «Էս ի՞նչ բանի են»։ Կամ՝ ավելի ուղիղ․ «Եղբայր, դո՞ւ այս ինչ բանի ես»։ Սա արդեն այն մակարդակն է, որտեղ ոչ թե հայտարարություններ են արվում, այլ՝ պատասխաններ են պահանջվում։ Ու ո՞վ պիտի դա աներ, եթե ոչ ամենակարող մեր վարչապետը։ Ափսոսանքով եմ ասում՝ դուք չթողեցիք։ Դուք որոշեցիք, որ ավելի կարեւոր է նեղանալը, քան պատմական գործողությանը չխանգարելը։ Արդյունքում՝ ո՛չ խումբը բռնվեց, ինչպես պետք էր, ո՛չ «երկրորդ փուլը» կայացավ, ո՛չ էլ դուք հասկացաք, թե ինչ կորցրիք։ Փոխարենը՝ հիմա ունեք ձեր բացատրությունները՝ «ներխուժում էր», «չպետք է այդպես», «եկեղեցի է, հո գժատուն չէ»։ Իսկ իրականում՝ պարզապես չկարողացաք տարբերել օպերացիան քաղաքականությունից։

Այս ամենը հաշվի առնելով՝ հիմա հստակ նախազգուշացնում եմ. եթե կրկին նման իրավիճակում հայտնվեք, մի խառնվեք։ Ձեր օգնությունը պետք չէ։ Այն երբեք պետք չի եղել։ Ձեր չխանգարելն արդեն բավարար ներդրում է։ Պարզապես մի կողմ քաշվեք։ Ճանապարհ բացեք։ Թույլ տվեք, որ այս անգամ մարդը ոչ միայն հասնի թիրախին, այլ նաեւ ավարտին հասցնի այն, ինչ նախորդ անգամ դուք այդպես էլ թույլ չտվեցիք։

Որովհետեւ այս անգամ ոչ միայն առաջին փուլը կհաջողվի, այլեւ կիրագործվի երկրորդ փուլի ծրագիրը՝ չափազանց կարեւոր՝ մեր «ազգի գլխին կախված վտանգի» հարցը մեր վարչապետն անվարան կհասցնի իրական հասցեատիրոջը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵԱՏՄ–ում չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից. Լուկաշենկո

ԵԱՏՄ–ում չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից. Լուկաշենկո Fri, 29 May 2026 20:30:35 +0400…

9 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն այնպես է խոսում, որ տեղս չեմ կարողանում գտնել. արցախցի

Նիկոլ Փաշինյանն այնպես է խոսում, որ տեղս չեմ կարողանում գտնել. արցախցի Fri, 29 May 2026…

12 րոպե ago

Ահազանգ. արցախցիներին ընտրելու իրավունքից զրկում են

Ահազանգ. արցախցիներին ընտրելու իրավունքից զրկում են Fri, 29 May 2026 20:25:21 +0400 Latest news from…

15 րոպե ago

ՌԴ փոխվարչապետը` Հայաստանի և ԵԱՏՄ անդամակցության մասին

ՌԴ փոխվարչապետը` Հայաստանի և ԵԱՏՄ անդամակցության մասին Fri, 29 May 2026 20:22:23 +0400 Հայաստանը ցանկանում…

18 րոպե ago

Ութսուն ինքնաբացարկ և տասնութ մերժված

Ութսուն ինքնաբացարկ և տասնութ մերժված Fri, 29 May 2026 20:15:20 +0400 Երեկ՝ մայիսի 28-ին Կենտրոնական…

25 րոպե ago

Կրեմլը հրապարակել է ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությունը

Կրեմլը հրապարակել է ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությունը Fri, 29 May 2026 20:07:48…

32 րոպե ago