Նոր հարված Փաշինյանի «դրամապանակներին»
Tue, 14 Apr 2026 18:15:20 +0400
Փաշինյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի իշխանությունների հետ իր հարաբերությունները շատ լավ են, որ ինքը ՌԴ նախագահի հետ բարձր մակարդակով հանդիպում է պլանավորել, «այդ թվում՝ հունիսի կեսին», դրանով փորձելով հանրությանը համոզել, որ նույնիսկ ՌԴ նախագահն է վստահ եւ աջակցում է իր հաղթանակին, մինչդեռ փաստերը խոսում են բոլորովին այլ բանի մասին: Ռուսաստանի իշխանությունները նոր արշավ են սկսել հայաստանյան բիզնեսի եւ հատկապես այն բիզնեսների դեմ, որոնք կապված են Փաշինյանի իշխանության հետ, այսպես ասած, փաշինյանամերձ օլիգարխիայի դեմ: Ընդ որում, ռուսական մամուլն այլեւս չի էլ թաքցնում, որ դա արվում է Փաշինյանին եւ նրա իշխանությանը ֆինանսական հոսքերից զրկելու համար. «Հարված Հայաստանի վարչապետ Փաշինյանի «դրամապանակներին», որոնք գումար են կլանում Ռուսաստանից»՝ վերնագիրն ամեն ինչ ասում է:
Հերթական հարվածն ուղղված էր «Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ` Ռուսաստան դրա արտահանումն արգելելու նպատակով հիմքեր են ստեղծվում: Հյուսիսային Օսիայի քննչական կոմիտեն, նկատի ունենալով նոր բացահայտված հանգամանքները, 2026 թվականի մարտին վերսկսել է 65-ամյա տղամարդու մահվան գործի քննությունը՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների համաձայն․ «Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջները չբավարարող ծառայությունների մատուցում, որի հետեւանքով անփութության պատճառով մարդ է մահացել»: 65-ամյա տղամարդը 2024 թվականի փետրվարի 11-ին Վլադիկավկազի մանրածախ առեւտրի կետում գնել եւ խմել է «Ջերմուկ» հանքային ջուր։ Դրանից անմիջապես հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրան, չնայած արագ բժշկական օգնությանը։ Բժշկական եզրակացության համաձայն, մահվան պատճառ կարող էին հանդիսանալ հանքային ջրի մեջ առկա թունավոր նյութերը: Այն ժամանակ այդ գործը քննվեց եւ կարճվեց, բայց հիմա ի հայտ են եկել նոր հանգամանքներ:
«Մարդասպան ջուրն» արտադրվում է «Ջերմուկ գրուպ»-ի կողմից, որը Հայաստանի ամենամեծ արտադրողն է։ «Ջերմուկ»-ի ընդհանուր արտադրանքի մինչեւ 60%-ը վաճառվում է Ռուսաստանում, ինչը Ռուսաստանը դարձնում է այս խոշոր հայկական ընկերության ամենամեծ շուկան»,- գրում է ռուսական մամուլը, ցույց տալու համար, որ եթե Ռուսաստանը որոշում կայացնի՝ այս ընկերության համար փակել իր շուկան, հանքային ջրի սպառումը 60 տոկոսով կկրճատվի, ինչի արդյունքում ընկերությունը կունենա հսկայական ֆինանսական կորուստներ։
Հյուսիսային Օսիայի քննչական կոմիտեն հենց այնպես չի որոշել վերաբացել քրեական գործը, նոր ի հայտ եկած հանգամանքը քաղաքական է եւ ոչ մի կապ չունի կոնկրետ դեպքի հետ, որից անցել է 2 տարուց ավելի ժամանակ։ Այդ ընթացքում Ռուսաստանում վաճառվել եւ օգտագործվել է տասնյակ միլիոնավոր լիտրերով «Ջերմուկ» հանքային ջուր, եւ դրա արդյունքում որեւէ մեկը չի թունավորվել ու չի մահացել: Բայց Ռուսաստանի իշխանությունների ուղերձը «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանին շատ հստակ է, եթե նա սատարում է Փաշինյանի իշխանությանը, ապա պետք է պատրաստ լինի կորցնել ռուսական շուկան, նա պետք է ընտրություն կատարի Փաշինյանի եւ ռուսական շուկա մուտք ունենալու միջեւ: Սա նաեւ ուղերձ է Հայաստանի իշխանությանը եւ անձամբ Փաշինյանին, որ եթե դու շարունակում ես քո հակառուսական քաղաքականությունը, մենք դրան պատասխանելու ենք տնտեսական պատժամիջոցներով, մեզ այլեւս խաբել կամ ֆռռացնել չի հաջողվի, կամ, ինչպես ասում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Հայաստանի իշխանություններն այլեւս չեն կարողանալու մի բան ասել` հակառակ քաղաքականությունն իրականացնել:
Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրած կոնյակում էլ ռուսական վերահսկիչ մարմինները գտան ստանդարտների խախտում, «Ջերմուկ գրուպ»-ի արտադրանքում թունավոր եւ մարդու կյանքի համար վտանգավոր նյութեր։ Նման հեռանկար է սպառնում Ռուսաստանի հետ բիզնես անող, իրենց արտադրանքը Ռուսաստանում վաճառող մյուս ընկերություններին եւս: Առայժմ դա տարածվելու է միայն փաշինյանամերձ գործարարների վրա, ընտրություններից հետո ամբողջ հայաստանյան բիզնեսի վրա: Հայաստանի իշխանությունը կարող է դրա դեմ քայլեր անել եւ Ռուսաստանից ներմուծվող ցորենի կամ արեւածաղկի ձեթի մեջ թունավոր նյութեր հայտնաբերել եւ արգելել դրանց ներմուծումն ու վաճառքը Հայաստանում: Բայց դա խփելու է հայկական բիզնեսի շահերին եւ, ամենակարեւորը՝ հանգեցնելու է գների թանկացման եւ սոցիալական դժգոհության: Մեր եւ Ռուսաստանի տարբերությունն այն է, որ եթե ռուսները կարող են ապրել առանց հայկական հանքային ջրի կամ ոգելից խմիչքների, Ռուսաստանում հանքային ջրեր ու կոնյակ արտադրողների պակաս չկա, ապա Հայաստանի համար ռուսական հումքն ու էներգակիրները կրիտիկական նշանակություն ունեն, Հայաստանի արտադրողները ռուսական շուկային այլընտրանք չունեն:
Սա հասկանում է նաեւ Փաշինյանը, հասկանում է, թե իր քաղաքականության պատճառով ինչպիսի հարվածի տակ է դնում Հայաստանի տնտեսությունը, եթե չհասկանար, չէր կեղծի եւ համոզի, թե Ռուսաստանի հետ ամեն ինչ լավ է, եւ որեւէ խնդիր չկա: Բայց այդ ամենը հասկանալով, նա իրականացնում է երկրի եւ հասարակության շահերին հակասող քաղաքականություն, որովհետեւ այդ քաղաքականությունը թելադրում է ոչ թե հասարակությունը, ինչպես որ պետք է լիներ նորմալ երկրում, այլ՝ արտաքին ուժերը, որոնց համար Հայաստանի եւ նրա հասարակության շահը ոչ մի արժեք չունի, կարեւորն իրենց աշխարհաքաղաքական շահերն են, թշնամանքը Ռուսաստանի դեմ: