«Հրապարակ»․ Եվրոպային էլ գազ չտվեցին` Եվրոպան հո չվերացա՞վ
Wed, 15 Apr 2026 08:45:32 +0400
Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ
– Փաշինյանի հետ վերջին հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը նրան ընտրության առաջ կանգնեցրեց՝ կա՛մ գնում եք ԵՄ, կա՛մ մնում եք ԵԱՏՄ-ում, հակառակ դեպքում` ակնարկեց տնտեսական սանկցիաների մասին. գազի գնի բարձրացում եւ այլն: Արդեն արտահանման հետ կապված խնդիրներ, կարծես, ունենք։ Ձեր կարծիքով` ո՞րը պետք է լինի մեր անելիքը։
– Դե հիմի, ասենք, վերջին հանդիպումը, վարչապետի հետ բաց-բաց Պուտինը խոսեց, բերեց էս-էս փաստերը, որ կար` ասենք, ասեկոսներ էին, բան էին, տարբեր մարդիկ տարբեր բաներ էին խոսում, թե էսա Լարսը կփակեն, էսա բանը…․․ կա՛մ Ռուսաստանի հետ եք, կա՛մ էլ Արեւմուտքի հետ… էս բոլոր խոսակցությունները՝ էս վերջին հանդիպման ժամանակ, արդեն էդ երկրի առաջին դեմքից լսեցինք։ Ինքը բոլոր հարցերի պատասխանը տվեց, ինչպես Լուկաշենկոն էր ասում` «հայերը ո՞ւր պիտի գնան»․․․ Այսինքն, Պուտինն անձամբ ասաց, էլի, դուք ո՞ւր պիտի էթաք, կա՛մ պիտի մնաք մեր լծի տակ, կա՛մ էլ պիտի գնաք։ «Եթե գնաք Եվրոպայի հետ, մենք ձեր գազը թանկացնենք, մենք մեր օլիգարխներին կուղարկենք Հայաստան, որպեսզի Հայաստանը միջից քանդեն», ու նմանատիպ վախեր առաջացրին մեզ մոտ: Մենք տեսանք, որ արդեն առաջին դեմքն է խոսում այդ ամենի մասին, ինչ լսում էինք շարունակ: Ուրեմն, ինչ որ խոսում էին նախկինում, բոլորը ճիշտ էր։ Խոսում էին իրանց 2-րդ, 3-րդ, 4-րդ դեմքերով, բայց վերջնականապես մենք արդեն համոզվեցինք, որ այդ ամենը երկրի առաջին դեմքի գիտությամբ է արվում։
– Ասում էր, որ պիտի երկու լարի վրա չխաղաք: Ի վերջո, նաեւ մեր օրենսդրությունն է արգելում, որ ԵԱՏՄ կազմում լինելով` ԵՄ մտնենք։
– Ուրեմն, մենք որտեղ ուզենանք, էնտեղ էլ կգնանք։ Մեր երկիրն անկախ չի՞, Պուտինն ինչ ասի, պիտի անե՞նք: Ես համաձայն չեմ դրան, մենք լարի վրա խաղացող չենք, մենք պետություն ենք, որ ցանկանում ենք բոլոր պետությունների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ, լավ հարաբերություններ, առեւտուր անենք` վերջ: Ամեն ինչը բոլորի հետ պետք է անենք մենք։ Մենք կախված չենք Ռուսաստանի կռուչոկից, որ ինքն ասի՝ դու իրավունք չունես սրանց հետ խոսաս, դու իրավունք չունես սրա հետ առեւտուր անես, ու մնացած տեղերում էլ, որտեղ պետք է, ես ձեր փոխարեն կխոսեմ, բայց էս վերջերում ինքը տեսավ, որ մեր փոխարեն չի խոսում, մենք ենք խոսում մեր փոխարեն։ Մեր կյանքում Թուրքիայի հետ երբեւիցե Հայաստանը չի խոսացել, բայց խոսում է արդեն։ Էդ մեր անկախության ցուցիչն է։
– Մեր տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, ոչ թե ԵՄ-ից, հիմա, ասենք, եթե մեր գազը թանկանա` 500 դոլարից ավելի վճարենք, դա նշանակում է, որ մենք ավելի՞ անկախ կլինենք։
– Ուրեմն, ձեր գազը հիմի 400 դոլար է, էդ որ Պուտինն ասում է` էլի կբարձրանա: Մենք 400 դոլարից էժան չենք առնում։ Հիմի դուք գազը, որ ձեր տանը վառում եք, ինչքա՞ն եք վճարում` 170 դոլա՞ր։
– Պետությանը 177-ով է վաճառում, մնացածը պետության եւ այդ ընկերության միջեւ կարգավորվող հարցեր են։
– Բայց մեզ վերավաճառում են 400-ով։ Դուք հանգիստ եղեք, մենք Իրանից գազ կբերենք, Ադրբեջանը վաղը կարող է ․․․Տեսա՞ք նավթամթերքը ոնց էժանացավ մեզ մոտ, երբ Ադրբեջանից բերեցինք, վաղը կարող է Ադրբեջանն էլ մեզ առաջարկի գազ։ Այնպես չի, որ մենակ կախված ենք այդ մի տրուբից, եւ վերջ, մենք երկրորդ խողովակն էլ ունենք։
– Իսկ մեր անվտանգությո՞ւնը, ռիսկեր չե՞ք տեսնում Ադրբեջանից գազ գնելու դեպքում։
– Մեր անվտանգությունը ռո՞ւսն է պահել, 20-ին ռո՞ւսը պահեց մեր անվտանգությունը, 22-ին, երբ որ մտան մեր սահմանը, հակառակորդը մինչեւ հիմի մեր սահմանում է, Պուտի՞նը պահեց՝ իրա ՀԱՊԿ-ով։
– Պուտինն ինչի՞ պիտի մեր սահմանը պահի։ Մենք պիտի պահենք:
– Այո, մենք ենք անելու, մենք ունենք պայմանագիր, մեր անվտանգության երաշխավորը եղել է Ռուսաստանը, բայց ինքը տեսանք՝ ինչ ձեւի մեր անվտանգությունը պաշտպանեց, երբ որ արդեն ադրբեջանցիները գտնվում էին մեր տարածքի մեջ, ինքն ասում էր՝ չգիտենք ում տարածքն է։
– Պարոն Մելքոնյան, լավ, իսկ ի՞նչ է տալիս Արեւմուտքը մեզ, որ մենք փչացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ։
– Մի րոպե, մենք նախ՝ Արեւմուտքին հայտ չենք ներկայացրել։
– Որովհետեւ այնտեղ չեն էլ սպասում մեզ, հայտարարել են մի քանի անգամ։
– Որտե՞ղ են մեզ սպասում` մեզ ոչ մի տեղ էլ չեն սպասում։ Երկիր ես, գնա, եղունգ ունես՝ գլուխդ քորի։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք, մեր երկրի, որ մենք պիտի պահենք։ Դուք չհամոզվեցի՞ք 20 թվին, 90 թվին, 94 թվին, որ մենք էինք կռվում։
– Իսկ ինչո՞ւ ենք ասում՝ գնում ենք ԵՄ, խորհրդարանում նախագիծ ընդունեցինք, Ռուսաստանին մեր դեմ հատուկ լարում` չարացնում ենք։
– Մի վայրկյան, Ռուսաստանին ո՞վ է չարացրել։ Ռուսաստանն ինքն է չարանում իր դեմ, մենք հայտ չենք ներկայացրել, որ մենք վաղը գնում ենք դեպի Եվրոպա, մենք Եվրոպա հլը չգիտենք` եթե հայտ ներկայացնենք, դրանից հետո, քանի տարի հետո պիտի բան անենք, որ Եվրոպա գնանք, երբ պիտի մեզ ընդունեն իրենք։ Մենք ապրում ենք, աշխատում ենք Ռուսաստանի հետ, Ամերիկայի հետ, Ֆրանսիայի հետ, Հնդկաստանի հետ, Իրանի հետ, բոլորի հետ էլ մենք ունենք, նույնիսկ` Եվրոպայի, նույնիսկ` Չինաստանի հետ։ Մենք նախագիծը չե՞նք ընդունել խորհրդարանում։ Ընդունե՞լ ենք, բանը, ո՞նց էր կոչվում՝ սկսել աշխատանքներ, որպեսզի զարգացնենք մեր հարաբերությունները։ Մենք կապրիզ չունենք, ընդամենն ուզում ենք, որ մեր երկիրը հավասարը հավասարի լինի բոլորի հետ։ Ո՞վ է Ռուսաստանին չարացնում, ինքն է ասում` չպիտի գնաք սրանց հետ խոսեք, նրանց հետ շփվեք, մենք ում հետ ուզենանք, նրանց հետ էլ պիտի առեւտուր անենք, ցանկանանք ռազմավարական ընկեր դառնալ։ Ռուսներն ինչի՞ են նախանձում, ինչի՞ են վախենում, Եվրոպայի անունը տալիս են,․․․ ասում են` Եվրոպան մեր թշնամին է, դուք իր հետ գործարք եք անում, մենք էլ ենք թշնամի ունեցել, որ Ռուսաստանի հարազատներն են եղել, մենք իրանց, օրինակ, ասե՞լ ենք` ինչի եք էդ պետությունների հետ հարաբերությունների մեջ։ Կարելի՞ է ամեն անգամ Լարսը փակել, վառելիք չեն տալիս, գազը կթանկացնենք․ հետո ի՞նչ` Եվրոպային էլ գազ չտվեցին, Եվրոպան հո չվերացա՞վ։ Մենք չենք ընդունում իրենց ուլտիմատումները, ուզում են մեզ վախեցնել, թե կխառնվենք ձեր ներքին գործերին։