Քվեարկություն՝ հանուն խաչի ու մկրտության

Քվեարկություն՝ հանուն խաչի ու մկրտության

Wed, 15 Apr 2026 16:15:59 +0400


Անվերջ կարելի է հիշել ու վերլուծել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը պարտվեց Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ իր սանձազերծած կռվում։ Պարտվեց ոչ միայն ճակատամարտի մակարդակում, այլեւ՝ ամբողջ պատերազմում։ Նա անդադար ձեռնարկեց նորանոր հարձակումներ, եղավ կրեատիվ ու սպառնագին, կոտրեց տասնյակ հոգեւորականների հավատով կոփված կամքը։ Թվաց, թե հաջողություն է գրանցելու, բայց՝ ոչ, դա խաբկանք էր։ Ինքն էլ տեսավ, որ անգամ իր արշավներին պարբերաբար մասնակցող մարդիկ խորապես մերժում են այդ ձեռնարկը եւ չեն հարգում այդ ոճը։ Տեսավ, համոզվեց, որ ընտրություններից առաջ ոչ մի լավ բան չի խոստանում այդ կեղծ պատարագների բեմադրությունը, ու լուռ հետ քաշվեց, անշշուկ նահանջեց ու սառեցրեց թեման մինչեւ ընտրությունների ավարտը։ Սա ամենեւին չի նշանակում, թե հավատավոր համայնքը կարող է հանգիստ շունչ քաշել, մտածել, որ մեր չարչարված նյարդերը բաց են թողնելու, մեր սրբություններին չեն բռնանալու, թույլ են տալու՝ այս մասով պահպանենք մեր հին պատմությունը, մեր հին տեսակը՝ իրենց համար ոչ իրական, մեզ համար իսկական մեր էությունը․․․․ Բայց այդպես մտածողները խորապես հիասթափվելու են։

Զգոնությունը թուլացնելու կարիք չկա։ Նա անպատճառ վերադառնալու է այս հարցին, ընդամենը մոտ երկու ամիս անց նա գալու է երկրի փոքրամասնությունից ստացած քվեով ու հայտարարելու է, որ ունի մանդատ՝ Հայ առաքելական եկեղեցին իր ճաշակով «բարեփոխելու» համար։ Դա կլինի այն դեպքում, եթե մեծամասնությունը, այնուամենայնիվ, նախընտրի մնալ տանը՝ ընտրությունների օրն այդ բացակա կեցվածքով՝ իր անհամաձայնությունն ու դժգոհությունը հայտնելու ընդդիմադիր բոլոր ուժերին։ Հետո նրանք՝ այդ հիասթափված մեծամասնությունը, կտեսնի համառ ու ագրեսիվ փոքրամասնության հաղթանակի խրախճանքը ու դառնորեն կհասկանա, որ քվեարկեց ընդդեմ ողջախոհության, ընդդեմ հայրենասիրության, ընդդեմ մեր հավատքի, մեր հայրերի հիշատակի, այդպես քվեարկեց՝ անուղղակի, քվեարկությանը չմասնակցելու իր որոշմամբ։ Այդ որոշմամբ թույլ տվեց «բարեփոխել» Եկեղեցին, այնպես, ինչպես տենչում են թե՛ Փաշինյանը, թե՛ Փաշազադեն միաժամանակ։

Պետք է չկասկածել, որ հաղթանակի դեպքում Փաշինյանը, անկասկած, կունենա ցանկություն եւ կունենա արդեն նաեւ հնարավորություն՝ Եկեղեցու դեմ պայքարն իր համար ցանկալի ելքով ավարտելու համար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ծրագրում հիշատակել է եկեղեցու եւ կաթողիկոսի հարցը, որպեսզի ընտրություններում հաջողություն գրանցելու հաջորդ իսկ օրը կարողանա անցնել այդ ծրագրի իրագործմանը՝ լիովին դրա իրավունքն ունենալով։ Սեւով սպիտակի վրա գրել-գրանցել են այդ նպատակը, թեեւ իրենց ընտրազանգվածի գերակշիռ մեծամասնությունն այդ ծրագիրը չի կարդալու։ Այդ ընտրողները նախ ոչինչ չունեն ճշտելու, հասկանալու, իմանալու, նրանք գիտեն, որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին՝ անկախ նրանից, թե ինչ է գրված այդ ծրագրում։ Երկրորդը․ ելնելով նրանց արտաքին տվյալներից, կարելի է եզրահանգել, որ շատերն անգամ չեն էլ կարողանա կարդալ, որ մի բան էլ նեղվեն Հայ առաքելական եկեղեցու դեմ սպասվող պայքարի հանգամանքից։ Այնպես որ, մարտավարական իմաստով Եկեղեցու դեմ պայքարը սառեցնել արժեր, քանի որ այդ գործողությունը համակրանք չվայելեց, իսկ ռազմավարական իմաստով՝ ծրագրում այն ներառել նույնպես արժեր, քանի որ այդպիսով վաղվա հարձակումները Եկեղեցու դեմ ու բռնաճնշումները հոգեւորականների նկատմամբ փաստաթղթավորված են եւ սպասում են լեգիտիմացման։

Ահա եւ խոսք ունեն ասելու եւ ձայն ունեն քվեարկելու մարդիկ, ովքեր անհանդուրժելի գնահատեցին Եկեղեցու նկատմամբ «Քաղաքացիական պայմանագրի» վերաբերմունքը, եթե անգամ ընդդիմադիր ուժերից որեւէ մեկին չեն համակրում, միեւնույն է, հանուն հավատքի ու եկեղեցու, հանուն իրենց խաչի ու մկրտության, հանուն հայի պատմության ու հիշողության, հանուն Աստծո սիրո, պիտի գնան ընտրության, քանի որ այդ օրը կարող են պաշտպանել իրենց համար թանկ այդ ամենը՝ միայն քվեարկությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կնախագահի․ ուշագրավ հայտարարություն

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կնախագահի․ ուշագրավ հայտարարություն Fri, 09 Oct 2026 12:00:09 +0400 Բելառուսի…

2 րոպե ago

«Հրապարակ». Վերանորոգումը կսկսվի 2027-28-ին, մինչ այդ կամուրջը կսպասի

«Հրապարակ». Վերանորոգումը կսկսվի 2027-28-ին, մինչ այդ կամուրջը կսպասի Fri, 09 Oct 2026 11:45:13 +0400 Հայտնի…

17 րոպե ago

Լիբանանի նախագահն այցելել է Արամ Ա Կաթողիկոսին

Լիբանանի նախագահն այցելել է Արամ Ա Կաթողիկոսին Fri, 09 Oct 2026 11:41:50 +0400 Լիբանանի Հանրապետութեան…

20 րոպե ago

Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում

Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում Fri, 09 Oct 2026…

23 րոպե ago

Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ Ալիևը ժամկետ է նշել

Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ Ալիևը ժամկետ է նշել Fri, 09 Oct 2026 11:30:40…

32 րոպե ago

«Հրապարակ». «Ակադեմիական քաղաքի» անվան տակ տեղի է ունեցել Գիտությունների ակադեմիայի կազմաքանդման գործընթաց

«Հրապարակ». «Ակադեմիական քաղաքի» անվան տակ տեղի է ունեցել Գիտությունների ակադեմիայի կազմաքանդման գործընթաց Fri, 09 Oct…

47 րոպե ago