«Հրապարակ». 12-13 տարեկան երեխաներն ավելի ճիշտ սիմվոլիկա կընտրեն

«Հրապարակ». 12-13 տարեկան երեխաներն ավելի ճիշտ սիմվոլիկա կընտրեն

Thu, 16 Apr 2026 11:45:15 +0400


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ իշխող թիմը շարունակում են սպառնալ պատերազմով եւ միեւնույն ժամանակ խոսել խաղաղության մասին: ՔՊ-ական այս թիմն այնքան է դերի մեջ մտել եւ այնքան է հավատում այն գաղափարին, որ պատերազմի վախը կարող է մարդկանց ստիպել քվեն իրենց տալ, որ անգամ իրենց նախընտրական լոգոտիպը նվիրել են խաղաղության կեղծ թեզին: Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական պրոցեսներից առաջ էր ֆեյսբուքյան լայվերի միջոցով սրտիկներ ուղարկում իր հետեւորդներին, եւ հենց այդ սրտիկը դարձավ ՔՊ կուսակցության ընտրական սիմվոլիկան:

Անամպ կապույտ երկինք, սրտիկ եւ խաղաղություն, ի՞նչ ազդեցություն են թողնում այս պատկերները հայ հասարակության վրա։ Ի վերջո, հայ տղամարդու կերպարը սրտիկներ ուղարկող տղամարդու կերպարին համապատասխանո՞ւմ է՝ հարցրինք հոգեբան Միհրդատ Մադաթյանին: Նա, խոսելով թեմայի մասին, ասաց. «Երբ մենք խոսում ենք այդ լոգոտիպի մասին, չենք կարող չնկատել, որ այն լրիվ մանկական է: Ըստ իս` դրա վրա ոչ թե դիզայներներ են աշխատել, այլ հենց Փաշինյանն ինքն է աշխատել` սրտիկներ է նկարել, կապույտ երկինք: Այդ անհամաչափ մատներով նկարված սրտիկները նկարչությունից քիչ թե շատ գլուխ հանող մարդը չէր կարող նկարել: Այդ սրտիկային իրավիճակը Փաշինյանն է ստեղծել՝ որպես ՔՊ-ի սիմվոլիկա: Այն հասուն մարդուն բնորոշ քայլ չէ: Մոտեցումը փաստում է այս մարդու մակերեսայնության մասին: Այդ սրտիկի տակ գրված «խաղաղությունը» որեւէ կապ չունի իրական խաղաղության հետ, անամպ երկինքը ոչ մի կապ չունի Հայաստանի երկնքի հետ: Սիրտը սովորաբար եղել է սիրո սիմվոլիկա, բայց այն ատելության մթնոլորտը, որ այժմ տիրում է Հայաստանում, աննախադեպ է, երբեք այսպիսի ատելության մթնոլորտ չի տիրել մեր երկրում: Մեր հազարամյակների պատմության ընթացքում հայ ժողովուրդը երբեք իրար այսքան չի ատել, ատելության շեմը հասել է աննախադեպ չափերի: Պատմագիրներն անպայման կգրեին, եթե այսպիսի ատելության մթնոլորտ տիրեր մեր երկրում: Խաղաղության մասին են խոսում, բայց Հայաստանն այժմ կիլոմետրերով հեռու է խաղաղությունից: Նույնիսկ ՔՊ-ի կոմպանիոնը` Ալիեւն է ասում, որ խաղաղություն չի լինելու, որ «Արեւմտյան Ադրբեջանի» հարց ունեն լուծելու եւ այլն: Եվ, առհասարակ, խաղաղությունն Իլհամի հրահանգով Սահմանադրության փոփոխությունն է: 12-13 տարեկան երեխաներին եթե հանձնարարեն՝ վերջին զանգի սիմվոլիկա ընտրել, երեւի ավելի ճիշտ ընտրություն կկատարեն, քան Փաշինյանը»:

Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ դոցենտ Աստղիկ Ավետիսյանն էլ, խոսելով թեմայի մասին, ասաց․ «Այս վիզուալը՝ ձեռքերի միջոցով ձեւավորված սիրտը, նարնջագույնի անցումով կապույտ ֆոնի վրա, ներկայացվում է որպես սիրո եւ միասնության պարզ նշան։ Սակայն իրականում այն դասական քաղաքական տեխնոլոգիա է․ կարմիրի «կոշտ» եւ պատասխանատվություն պահանջող իմաստը փոխարինվում է նարնջագույնի ավելի մեղմ՝ «անվտանգ» երանգով, իսկ կապույտը ստեղծում է վստահության եւ կայունության պատրանք։ Արդյունքում ձեւավորվում է հարմարավետ, էմոցիոնալ միջավայր, որտեղ բարդ հարցերը դուրս են մղվում։ Այս սիմվոլիկ լեզուն կտրուկ հակադրվում է Նիկոլ Փաշինյանի խոսույթին, որտեղ առկա են ագրեսիա, պիտակավորում եւ հասարակության բեւեռացում։ Ստացվում է երկակի հաղորդակցություն․ պատկերներում՝ սեր եւ միասնություն, խոսքում՝ դիմակայություն եւ բաժանում։ Ութ տարվա կառավարման արդյունքում, երբ ակնկալվում են հաշվետվողականություն եւ հստակ արդյունքների ներկայացում, նման սիմվոլներն ու կարգախոսներն ավելի շատ հիշեցնում են իրական խնդիրներից ուշադրություն շեղելու փորձ։ Սա ոչ թե սովորական հաղորդակցություն է, այլ՝ արհեստական, կեղծ նարատիվների կառուցում, որտեղ ձեւը փոխարինում է բովանդակությանը, իսկ պատասխանատվությունը՝ էմոցիոնալ էֆեկտին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը հարայ-հրոց էր կապել, պարզվեց՝ Թևանյանի գործում լրտեսություն, հավաքագրում չկա. Սուքիասյան

Փաշինյանը հարայ-հրոց էր կապել, պարզվեց՝ Թևանյանի գործում լրտեսություն, հավաքագրում չկա. Սուքիասյան Tue, 08 Sep 2026…

7 րոպե ago

Մոսկվայի և Բեռլինի հարաբերությունները սրվել են․ հյուպատոսություններ են փակվում

Մոսկվայի և Բեռլինի հարաբերությունները սրվել են․ հյուպատոսություններ են փակվում Tue, 08 Sep 2026 16:30:51 +0400…

16 րոպե ago

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Tue, 08 Sep 2026 16:19:36…

27 րոպե ago

#Ուղիղ․ Անդրանիկ Թևանյանի եւ Արեգնազ Մանուկյանի գործով առաջին նիստն է

#Ուղիղ․ Անդրանիկ Թևանյանի եւ Արեգնազ Մանուկյանի գործով առաջին նիստն է Tue, 08 Sep 2026 16:17:06…

30 րոպե ago

Բաց նամակ պարեկ Աշոտին, պատճենը՝ վարչապետ Նարենդրա Մոդիին

Բաց նամակ պարեկ Աշոտին, պատճենը՝ վարչապետ Նարենդրա Մոդիին Tue, 08 Sep 2026 16:15:33 +0400 Հարգելի…

31 րոպե ago

Տարօրինակ մրցույթ՝ գերեզմանափորների մասնակցությամբ

Տարօրինակ մրցույթ՝ գերեզմանափորների մասնակցությամբ Tue, 08 Sep 2026 16:00:24 +0400 Հունգարիայում 19 թիմերի 38 գերեզմանափոր…

47 րոպե ago