Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

Thu, 16 Apr 2026 14:38:45 +0400


Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը անց է կացրել ընդլայնված նիստ, որին տեսակապով մասնակցել են խորհրդի անդամները Փարիզից, Մարսելից, Թբիլիսիից, Մոսկվայից, Սոչիից, Մյունխենից, Բեռլինից, Լոնդոնից, Մադրիդից, Բեյրութից, Հալեպից, Տրիպոլիից, Բոստոնից, Ատլանտայից, Ֆրեզնոյից, Լոս Անջելեսից, Մոնրեալից, Սան Պաուլոյից և Բուենոս Այրեսից։

Նիստի ընթացքում խորհրդի անդամներն արտահայտել են իրենց մտահոգությունն ու գնահատականները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ արձանագրելով, որ իշխանությունները շարունակում են իրենց հակաօրինական գործողությունները՝ ուղղված Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։

Քննարկման ավարտին Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն ընդունել է հետևյալ հայտարարությունը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք կանգնած ենք ոչ միայն արտաքին թշնամու, այլև մեր իսկ տանը բույն դրած, մեր ինքնությունը ներսից հոշոտող ուժերի առաջ։ Եկել է պահը, երբ լռելը հավասարազոր է պետական դավաճանության, իսկ կիսաձայն խոսելը՝ խղճուկ վախկոտության։ Եթե այսօր հայը կուլ տա այս անարգանքն ու չկանգնի իր սրբությունների և պատմական հիշողության պաշտպանությանը, վաղը մենք կարթնանանք մի տարածքում, որը միայն թղթի վրա է կոչվելու Հայաստան՝ վերջնականապես դատարկված հայկականությունից և արժանապատվությունից։

Սա այլևս ապիկար կառավարում կամ քաղաքական սխալների շարք չէ։ Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է։ Օրվա իշխանությունը լկտիաբար ձեռք է բարձրացրել մեր գոյության ամենաամուր հենասյան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։ Պետական ապարատը լծվել է Մայր Աթոռը կազմաքանդելու, վարկաբեկելու և մեր հավատքը պղծելու ստոր գործին։ Ո՛չ, սա քաղաքական վեճ չէ, սա բացահայտ սրբապղծություն է։

Այս ապազգային խմբակը փորձում է Եկեղեցուն թելադրել լռել ու քաշվել մի կողմ, մինչ իրենք կտոր-կտոր հանձնում են հայրենիքը։ Մոռացե՛ք։ Մեր պատմության ամենադաժան դարերում, երբ պետությունն ընկած էր, հենց Եկեղեցին է փրկել մեր տեսակն ու լեզուն։ Եկեղեցու դեմ արշավողը քանդում է Հայաստանի ողնաշարը, Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին։ Մենք դա թույլ չե՛նք տալու։

Բայց սրանց թիրախը միայն Եկեղեցին չէ։ Սրանց նպատակը մեր ազգային հիշողությունը արմատախիլ անելն է։

Արարատը փորձում են պոկել մեր Սահմանադրությունից և զինանշանից՝ ստորացուցիչ կերպով հարմարվելով թշնամու պահանջներին և այն վերածելով «ավելորդ նկարի»։

Արցախը դարձրել են փակված, անցանկալի թեմա՝ ուրանալով մեր նահատակների արյունն ու հայրենազրկված եղբայրների վիշտը, ստիպելով մեզ լռությամբ կուլ տալ մեր անպատվությունը։

Հայոց Ցեղասպանության սուրբ հիշատակն ու արդարության պահանջը վերածում են դիվանագիտական մանրադրամի՝ մուրալով թուրքի բարեհաճությունը։

Եվ ի՞նչ են հրամցնում դրա դիմաց. նվաստացման, պարտադրանքի և զիջումների վրա կառուցված կեղծ «խաղաղություն»։ Ստու՛մ են։ Ողնաշարը կոտրված, իր պատմությունն ուրացած, սրբություններից հրաժարված ազգին ոչ թե խաղաղություն է սպասվում, այլ մորթվելու հերթ։ Ինքնաոչնչացումը խաղաղություն չէ։ Կապիտուլյացիան խաղաղություն չէ։ Արժանապատվության ուրացումը ընդամենը նոր արհավիրքի նախերգանքն է։

Մեզ ուզում են համոզել, թե մենք թույլ ենք, մենակ ենք, որ մեր միակ ելքը ծնկած ապրելն ու մոռանալն է։

Ժամանակն է վերջ դնել պետական մակարդակով քարոզվող այս վախկոտությանը։ Այսօր Փարիզից մենք ազդարարում ենք՝ մենք չենք կառուցելու Հայաստանի ապագան ազգային մոռացության վրա։ Մենք կոշտ ենք խոսում, որովհետև փափուկ բառերի ժամանակը սպառվել է։

Մենք հայտարարում ենք աներկբա և պահանջում ենք ամբողջ աշխարհի ու Երևանի իշխանական կաբինետների լսողության համար. մենք պաշտպանելո՛ւ ենք Մայր Աթոռը. այն սակարկության առարկա չէ։

Մենք պահելո՛ւ ենք Արարատը մեր հոգում և պետականության հիմքում. այն թշնամուն զիջելու ենթակա նյութ չէ։

Մենք տեր ենք կանգնելո՛ւ Արցախին ու Ցեղասպանության հիշատակին. դրանք մեր ինքնության անքակտելի մասն են։

Հայաստանը զուտ տարածք չէ։ Հայաստանը արժանապատվություն է, հիշողություն և հավատք։ Եվ այդ Հայաստանը ո՛չ վաճառքի է, ո՛չ զիջման, ո՛չ մոռացության։

Ուրեմն կանգնե՛նք ուղիղ։ Եվ թող մեր սերունդներն իմանան, որ Հայաստանն իրավունք ունի ապրելու միայն ոտքի կանգնած, այլ ոչ թե ծնկաչոք»։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամփոփվել է 1159 տեղամասի արդյունքները. ինչ պատկեր է

Ամփոփվել է 1159 տեղամասի արդյունքները. ինչ պատկեր է Mon, 08 Jun 2026 05:33:16 +0400 04։58-ի…

58 րոպե ago

Փաշինյանը փորձում է յուրացնել իշխանությունը՝ միջամտելով ԿԸՀ գործունեությանը. «Հայաստան» դաշինք

Փաշինյանը փորձում է յուրացնել իշխանությունը՝ միջամտելով ԿԸՀ գործունեությանը. «Հայաստան» դաշինք Mon, 08 Jun 2026 04:35:14…

2 ժամ ago

Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամարտահայտության վերջնական գնահատողի դերը

Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամարտահայտության վերջնական գնահատողի դերը Mon, 08 Jun…

2 ժամ ago

Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչ են պատրաստվում անել

Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչ են պատրաստվում անել Mon, 08 Jun 2026 04:31:12 +0400 «Վստահ եղեք,…

2 ժամ ago

Ակնհայտ է, որ Փաշինյանը չի հաղթել, հակառակ դեպքում սփրթնած դեմքով չէր շտապի հայտարարել հաղթանակի մասին. Սևակ Խաչատրյան

Ակնհայտ է, որ Փաշինյանը չի հաղթել, հակառակ դեպքում սփրթնած դեմքով չէր շտապի հայտարարել հաղթանակի մասին.…

3 ժամ ago

ՀՐԱՏԱՊ․ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես գալիս

ՀՐԱՏԱՊ․ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես գալիս Mon, 08 Jun 2026 03:47:20 +0400 Latest news…

3 ժամ ago