Խաղաղության աղավնի

Խաղաղության աղավնի

Thu, 16 Apr 2026 18:45:43 +0400


Առաջին աշխարհամարտը սկսվեց առերեւույթ Ավստրո-Հունգարիայի արքայազնի ահաբեկմամբ, որը կատարվեց սերբ ազգայնականների միջոցով։ Սակայն դա ընդամենը մի պատրվակ էր։ Վերլուծելով Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման իրական դրդապատճառները՝ պետք է արձանագրել, որ եթե երկու երկրների միջեւ առկա են պատերազմելու համար հիմնական նախադրյալներ, այդ դեպքում ռազմական գործողություններ սկսելու պատրվակը չի ուշանում, իսկ եթե չկան այդ նախադրյալները, ապա նույնիսկ ամենախոշոր պատահարն էլ չի կարող պատրվակ ծառայել՝ երկրների միջեւ պատերազմ սկսելու։

Պատմությանը ծանոթ քաղաքական ամենատարրական գիտելիքների տեր մարդիկ էլ գիտակցում են, որ երկու երկրների միջեւ պատերազմները հենց այնպես չեն բռնկվում։ Եվ, առհասարակ, որեւէ երկրի ղեկավար, հատկապես՝ դեմոկրատական ձեւով ընտրվածը, առանց որեւէ պատճառի պատերազմելու ցանկություն չունի։ Այսօրվա քաղաքական իրավիճակն ու աշխարհի տարբեր երկրների՝ մեկը մյուսից տնտեսական կախվածության աստիճանն ու աշխարհաքաղաքական այլ եւ այլ հարաբերություններն այնպիսին են, որ բոլորն էլ հնարավորինս խուսափում են պատերազմելով հարցեր լուծելուց։ Հատկապես որ ներկա պայմաններում ռազմական գործողություններն ու զինտեխնիկայի ահռելի ծախսերը միշտ չէ, որ արդարացնում են սպասված արդյունքները։

Պատերազմները ծագում են այն ժամանակ, երբ տվյալ երկրում կատարված հիմնարար փոփոխությունների հետեւանքով ստեղծվոմ են աշխարհաքաղաքական նոր վերադասավորումներ, որոնք սպառնում են խախտել ուժերի՝ մինչ այդ գոյություն ունեցած քաղաքական հավասարակշռությունը։ Առ այդ, միամտություն կլինի կարծել, թե պատերազմները ծագում են այս կամ այն ղեկավարի ռազմատենչության պատճառով։ Նույնպիսի միամտություն է մտածել, որ երկրի ղեկավարի խաղաղասիրությունը երկիրը խաղաղ կդարձնի։ Լավագույն օրինակն Ուկրաինան է, որի նորընտիր նախագահն իր անհեռատես քայլերով ու որոշումներով անտեսելով իր անմիջական՝ գերհզոր հարեւանի նկրտումները, երկիրը դարձրեց ռազմական գործողությունների թիրախ։ Ոչ ոք չէր կարող ասել, որ այդ դերասան մարդն էությամբ ռազմատենչ է կամ խաղաղասեր․ նա ընդամենը քաղաքականությունից հեռու մի անձ է, որ պահի տակ հայտնվել է քաղաքական ասպարեզում։

Մյուս կողմից, կա բացահայտ մի այլ ճշմարտություն եւս, որ խաղաղություն սիրողը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի։ Թշնամին՝ հատկապես հակադրվող երկիրը, աչալրջորեն հետեւում է հարեւան երկրի պաշտպանական պատրաստվածության աստիճանին․ երբ որ այդ պաշտպանական համակարգում բացեր կամ տկարություններ է նկատում, առանց ժամանակ կորցնելու, ընդամենը մի պատրվակ հորինելով, հարձակվում է տվյալ երկրի վրա։ Սրանք պարզ եւ անհերքելի հասկացություններ են։ Կան բազմաթիվ օրինակներ։ 1979-ին՝ Իրանի իսլամական հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց, Իրանի հետ միշտ հակադրության մեջ գտնվող Իրաքի ղեկավարները նկատեցին, որ Իրանում տեղի ունեցած իշխանափոխության հետեւանքով, քայքայվել է երկրի զինվորական համակարգը, իսկ ժողովուրդն էլ, հեղափոխության արդյունքից դժգոհ, երկփեղկվել, բաժանվել է երկու մասի՝ հեղափոխական նորի եւ հակահեղափոխական հնի․․․ եւ պահը հարմար գտնելով, սկսեցին Իրաքի հարձակումը, որը 8 տարի տեւեց։ Իրաքի այդ նույն ղեկավարներն անցյալ տասնամյակների ընթացքում երբեք ու երբեք չհամարձակվեցին նույնիսկ հարձակման նշույլներ ցույց տալ։ Որովհետեւ Իրանի ժամանակի ղեկավարությունը միշտ բարձր էր պահում երկրի ռազմական պատրաստվածության մակարդակը։

Իսկ մեր երկրի նորաթուխ իշխանավորները, անգիտանալով վերը նշված ճշմարտությունների մասին, ապիկար քաղաքականությամբ ու անհեռատես քայլերի պատճառով մեր դեմ հրահրեցին աղետալի մի պատերազմ, որն ավարտվեց նվաստացուցիչ հետեւանքներով։ Նախ, անմտորեն ժողովրդին հնի ու նորի բաժանեցին, հետո էլ, հեշտությամբ տեր կանգնելով հների թողած ժառանգությանը, էժանագին ամբոխավարությամբ, Արցախի հրապարակում բարձրաձայնեցին «Արցախը Հայաստան է, եւ վերջ» կարգախոսը, որով ավելի թեժացրին թշնամի հարեւանի կրքերը։ Այդ երկրի ու նրա զինակցի խորամանկ ղեկավարի համար դժվար չէր հասկանալ, որ այդ խոսքերի տերը, ռազմական ինքնաթիռի ղեկին նկարահանվելուց բացի, ուրիշ բան չգիտի՝ ո՛չ քաղաքականության եւ ո՛չ էլ պատերազմական գործողությունների մասին։ Նրանց բնորոշմամբ՝ «նա ընդամենը միջին մակարդակի մի լրագրող է, ու վերջ․․․»։ Այդպիսով ամեն ինչ պատրաստ էր պատերազմ սկսելու համար, հատկապես որ պատրվակն էլ հնչած էր․․․

Այդ ամենից հետո, մոռացության տալով իրենց մոտ անցյալի ավերիչ արարքներն ու աղետաբեր քայլերը, խաղաղասիրության պատմուճան են հագել ու ժողովրդին սպառնում են՝ ասելով, որ եթե իրենք չլինեն, պատերազմ կլինի․․․ Այս կարգի ահաբեկումներով ընտրարշավի դուրս գալը ոչ այլ ինչ է, քան տկարության դրսեւորում։ Իզուր են ժողովրդի աչքին թոզ փչում․ սրանք պատերազմի ժամանակ ո՛չ գերագույն գլխավոր հրամանատար եղան եւ ո՛չ էլ կարող են խաղաղության աղավնի դառնալ․․․

Վահան Դարբինյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանում խաղաղ բնակիչներ են զոհվել ԱՄՆ-ի հարվածներից․ մանրամասներ

Իրանում խաղաղ բնակիչներ են զոհվել ԱՄՆ-ի հարվածներից․ մանրամասներ Wed, 15 Jul 2026 14:00:29 +0400 Իրանի…

7 րոպե ago

«88» առևտրային օբյեկտում հայտնաբերվել է 33 վարչական իրավախախտում

«88» առևտրային օբյեկտում հայտնաբերվել է 33 վարչական իրավախախտում Wed, 15 Jul 2026 13:44:03 +0400 Հուլիսի…

24 րոպե ago

Գիշերային ինտրիգ Երևանում. պարեկայինների զանգվածային տեղաշարժ

Գիշերային ինտրիգ Երևանում. պարեկայինների զանգվածային տեղաշարժ Wed, 15 Jul 2026 13:33:39 +0400 Անցած գիշեր պարեկային…

34 րոպե ago

Որն էր պարտության գլխավոր պատճառը

Որն էր պարտության գլխավոր պատճառը Wed, 15 Jul 2026 13:30:35 +0400 Ֆրանսիայի ազգային հավաքականի արդեն…

37 րոպե ago

«Ձեզնից բաց չի մնա»․ Թրամփը՝ Իրանին

«Ձեզնից բաց չի մնա»․ Թրամփը՝ Իրանին Wed, 15 Jul 2026 13:00:58 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

1 ժամ ago

«Հրապարակ». Իսրայելի համար հետեւանքները սարսափելի են լինելու

«Հրապարակ». Իսրայելի համար հետեւանքները սարսափելի են լինելու Wed, 15 Jul 2026 12:45:51 +0400 Հորմուզի նեղուցի…

1 ժամ ago