Նա հայ ժողովրդից զզվում է, հայ ժողովուրդն` իրենից
Fri, 17 Apr 2026 21:45:02 +0400
Փաշինյանը երեկ խորհրդարանում հերթական անգամ հունից դուրս եկավ` ընդդիմադիր ուժերին թիրախավորեց, իսկ նրանց ընտրազանգվածին որակեց «շուն ու շանգյալ»:
ՀՀ 660 հազար քաղաքացի արդեն ստացել է բարձրացված թոշակը, մինչդեռ ընդդիմությունն այս ամբիոնից հայտարարում է, թե թոշակը չի բարձրացել։ «Ինչպե՞ս կարող է այսպիսի քաղաքական ուժը ընդհանրապես ձայն ստանալ»,– ասել է նա` կառավարության 2021–26 թթ. ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցի եզրափակիչ ելույթում։ «Երեկ այստեղ տարբեր բաներ էին խոսում։ Ուզում էի հասկանայի՝ այս մարդիկ ինչի՞ մասին են խոսում։ Այսինքն՝ գալ, ժողովրդին ասել «շուն ու շանգյալ», «ժեխ», «բոշա», հետո սկսել ապացուցել ակնհայտ բաներ ու հետո գնալ փորձել հաղթահարել շեմը։ Կներեք, իմ քաղաքական զգացողությունը թույլ է տալիս պնդել, որ եթե մենք այս պատկերը առավել բացված ներկայացնենք, մենք իսկապես հաղթահարելու ենք այս «նախկին-ներկա» բանավեճը»,– նշել է նա։
Այնուհետև խոսել է դպրոցաշինական ծրագրի մասին: «Ես հասկացա, որ մենք դպրոց չենք կառուցում, ես հասկացա, որ մենք ընդհանրապես դպրոց չենք կառուցում, մենք դպրոց փակում ենք։ Բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա։ Իրենք վերջին անգամ այդ դպրոցներում ե՞րբ են եղել։ Այդ «դպրոցներն» իրենց պետք են, որ երեխաներն այնտեղ այդպես էլ կրթություն չստանան, որ արդյունքում նույնիսկ շալվար ունենալու հնարավորություն չունենան, հետո մի հատ շալվար շպրտեն այդ երեխեքի երեսին ու հետևից ասեն՝ «արա, այ բոշեք, այ լնգուլավազներ»։ Բա հլը եկեք տեսնենք մեր կառուցած դպրոցը։ Այդ կառուցած դպրոցներից դուրս եկած երեխեքը ձեզ դաս կտան։ Դուք ընդհանրապես շանս չունեք այն հասարակության մեջ, որը ձևավորվել է։ Բա մանկապարտեզները… Սերունդը ցեխերի մեջ է մեծացել՝ բառիս բուն իմաստով։ Դուք պիտի երեխեքին ցեխերի մեջ պահեք ու մեծացնեք, որ հետո հնարավորություն ունենաք ասելու՝ «շուն ու շանգյալ»։ Որովհետև այն երեխաները, որոնք այսօր մտնում են մեր կառուցած մանկապարտեզներն ու դպրոցները, այդ դպրոցներից դուրս եկող երեխաների հասարակության մեջ դուք շանս չունեք։ Դուք, բացի «շուն ու շանգյալից», այլ կարգավիճակ չեք կարող ունենալ։ Դուք ընդհանրապես ո՞վ եք։ Ես դա ասում եմ «պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցություններին» և սրբապիղծ «կտրիճներին»։ Դուք շանս ունեք միայն այն հասարակության մեջ, որտեղ կարողանում եք երեխաներին ցեխերի մեջ պահել, որտեղ երեխաները շալվար չունեն և շալվար ունենալու հնարավորություն չունեն։ Սա է ձեր կառուցած և ձեր երազած «հարությունը»»,– ասել է նա։
Փաշինյանի այս ելույթը հանրությունը որակեց որպես «խելագարի պահվածք»: Օգտատերերը գրում են, որ եթե Հայաստանում կան շուն ու շանգյալներ, ապա դրանք այժմ իշխանության ղեկին են:
Համահայկական հիմնադրանի նախկին ղեկավար Արա Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասում է. «Այս մարդն առաջին անգամ չէ, որ վիրավորում է հայ ժողովրդին: Նա հայ ժողովրդից զզվում է, հայ ժողովուրդն էլ` վաղուց իրենից: Նրա համար մեր ժողովուրդը արժեք չէ, արժեքը իր աթոռն է: Մեր հանրությունը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ այս մարդը անարգում է մեր ժողովրդին, թեպետ նորից եմ ասում, սա առաջին դեպքը չէ, նա անգամ հրամայել է զոհված զինծառայողների ծնողներին քարշ տալ` Եռաբլուրում: Գործ ունենք մոլագարի հետ, ով անգամ 18 տարեկան երիտասարդներից է սարսափում և հետապնդումների է ենթարկում նրանց: Նա մոլագարի պես խանգարված ասաց այն, ինչ մտածում է մեր ժողովրդի մասին: Անկախ այն բանից, թե քաղաքացին ում է տալիս իր ձայնը, նա պետք է մնա արժեք բոլորիս համար: Պետք է բոլորը հարգեն մեր ժողովրդին, սակայն Նիկոլը ոչ մեկին չի հարգում, ոչ իրեն ընտրողին, ոչ իրեն չընտրղին: Նա շուն ու շանգյալ է համարում նաև իրեն ընտրողներին»: