«Հրապարակ»․ Չենք զարմանա, որ մի օր սա լայվ մտնի` մարդ ուտի, եւ մարդիկ դա արդարացնեն

«Հրապարակ»․ Չենք զարմանա, որ մի օր սա լայվ մտնի` մարդ ուտի, եւ մարդիկ դա արդարացնեն

Sat, 18 Apr 2026 12:15:53 +0400


Հարցազրույց ճարտարապետ, քաղաքաշինարար եւ հետազոտող Սարհատ Պետրոսյանի հետ:

– Քաղաքաշինական ի՞նչ խնդիրներ կան այսօր Հայաստանում, հատկապես՝ մայրաքաղաքում: Պահպանվո՞ւմ են սահմանված շինարարական չափանիշներն ու կանոնները, չի՞ աղավաղվում քաղաքների տեսքը:

– Խնդիրների մասին երկար ենք խոսել, իրականում, դրանք նույնն են՝ մի տարբերությամբ, որ մենք ունենք ծավալների մեծացում: Այսինքն, եթե 10-15 տարի առաջ Երեւանում սահմանափակ թվով շենքեր էին կառուցվում, Հյուսիսային պողոտա եւ այլն, հիմա ամբողջ քաղաքն է կառուցվում, որն իր հետ շատ ավելի մեծ խնդիրներ է բերում: Խնդիրներ, որ պլանավորված չեն եւ իրականացվում են ցաքուցրիվ, ինչպես պատահի: Եվ դա տեղի է ունենում հանրային միջոցների հաշվին, որն ամենացավալին է: Այսինքն, եկամտային հարկի վերադարձի ինստիտուտը, որ մենք ներդրեցինք, որը բերեց բնակարանային կամ կառուցապատման բիզնեսի զարգացում, դրա ֆինանսավորողը մենք ենք, մեր հարկերից է: Ճիշտ է, դրա մեջ լավ բան կա, որ մարդիկ նոր տուն են ունենում, բայց թվերը վախենալու են: Այս տարի Հայաստանը 250 մլն դոլար պետք է սպասարկի միայն եկամտային հարկի վերադարձի տոկոսները, եւ այդպես շարունակ 10-15 տարի: Այս խնդիրը, որ մեզ համար ստեղծել են վերջին 7-8 տարիների ընթացքում, միայն եկամտային հարկի վերադարձի մասով 2,5-3 միլիարդ դոլարի պարտք ենք հավաքել, որի մասին չի խոսվում, եւ չեն հաշվում ընդհանուր պարտքի մեջ, որ տալու ենք բանկերին: Եվ ամենակարեւորը, երբ քաղաքային նոր տներ ենք կառուցում, ենթակառուցվածքների փողը նորից տալիս է պետությունը: Այսինքն, այն 3 միլիարդ պարտքը, որ մենք ձեւավորեցինք միայն եկամտային հարկի վերադարձով եւ որը պետք է վճարենք 10-15 տարվա ընթացքում, դրանից բացի, մոտավոր հաշվարկով, մի այդքան էլ ծախս նստելու է հարկատուների վրա, երբ լուծենք այդ նոր կառուցապատվող տարածքների ճանապարհի, դպրոցի, մանկապարտեզի, ջրի ու գազի եւ նման հարցերը: Սա առաջին հայացքից կարճաժամկետ կտրվածքով շատ բարի տպավորություն թողնող նախաձեռնություն է, բայց գնաց շատ սխալ ուղղությամբ, եւ որի համար մենք շատ թանկ ենք վճարելու: Սա այս պահի ամենամեծ խնդիրն է, որը բոլորովին նոր չէ, եղել է նաեւ նախկինում: Այսինքն, կոռուպցիոն սխեմայով քաղաքի զարգացումը եղել է նախկինում, հիմա էլ է շարունակվում, եւ ոչ մի տարբերություն չկա, պարզապես գումարներն են շատացել եւ ծավալները: Բայց սա շատ մեծ խնդիր է, որը պետությունն իբր փորձում է լուծել: Ասում է` Երեւանում եկամտային հարկի վերադարձ չեմ տալիս, տալիս եմ շրջակա մարզերի համար: Եվ մենք նույն խնդիրը, որ Երեւանում ենք ստեղծել, ստեղծում ենք շրջակա մարզերում:
Երբ Աշտարակի խճուղով գնալիս անցնում ենք կամուրջը, տեսնում ենք՝ պատմական այդ գեղեցիկ կենսապատկերի, լանդշաֆտի մեջ բազմահարկ մի շենք է աճել: Երբ մտնում ենք Էջմիածին եւ տեսնում մայր տաճարը՝ իր ողջ վեհությամբ, եւ Հռիփսիմեն, հանկարծ տեսնում ենք, որ բազմահարկ շենքեր են բարձրանում շրջակայքում: Իսկ Քանաքեռավանը, որ գյուղական բնակավայր է, այնտեղ հսկայական թաղամասեր են կառուցվում: Նույնը կարելի է ասել Երեւանի շրջակա մյուս տարածքների համար, եւ այսպես փչացնում ենք ողջ Հայաստանի քաղաքային բնակավայրերը` պետության կողմից սուբսիդավորելով մի նախաձեռնություն, որի մեջ գուցե կա լավ ցանկություն, բայց գնում է լրիվ սխալ ուղղությամբ:

– Բայց կան Երեւանի եւ մյուս քաղաքների գլխավոր հատակագծեր: Արդյո՞ք դրանք հաշվի չեն առնվում եւ խախտվում են այդպես կոպտությամբ:

– Միանշանակ, հաշվի չեն առնվում: Բերեմ մի պարզ օրինակ. ակադեմիական քաղաքը, որ հիմա քննարկվում է, եւ պետությունը ֆինանսավորում է, այդ տեղը Երեւանի նախորդ գլխավոր հատակագծով նախատեսված էր որպես անտառային տարածք: Դա Երեւանի ռեզերվային տարածքն էր, որտեղ մենք պետք է վերականգնեինք մայրաքաղաքում կորցրած մեր կանաչ տարածքները, բայց այդտեղ հիմա կառուցապատվում է պետության կողմից` վարչապետի ուղիղ հանձնարարությամբ: Եթե երկրի կառավարությունը չի հարգում քաղաքաշինության կառուցակարգերը, դեմ է գնում դրանց, որոնք մասնագետները մտածել եւ հաշվարկել են, ինչո՞ւ պետք է Աշտարակի կամ Վաղարշապատի համայնքապետը հետեւի քաղաքային պլանավորման փաստաթղթին: Ոչ ոք չի հետեւի:

– Ամեն անձրեւից հետո Երեւանի փողոցներով գետեր են հոսում՝ վերածվում լճակների` ծածկելով անգամ ավտոմեքենաներ: Փողոցներ էլ կան, որ կոյուղաջրերը հոսում են գետնի վրայով: Չեն գործում ջրահեռացման եւ կոյուղատար համակարգերը, խնդրի լուծումը մեկը մյուսի վրա է գցում: Ո՞վ է դրա պատասխանատուն:

– Այդ մասին մենք 5 տարի առաջ բարձրաձայնում էինք Երեւանի քաղաքապետարանում, մեզ ասում էին` դա մեր խնդիրը չէ, դա «Վեոլիայի» խնդիրն է: Իսկ մենք ասում էինք՝ եթե մարդիկ Երեւանում չկարողանան տեղափոխվել, դա քաղաքապետարանի խնդիրն է, ոչ թե՝ «Վեոլիայի»: Հիմա ամեն երկուշաբթի շատ լուրջ դեմքով հաթաթաներ են տալիս «Վեոլիային», թե չի սպասարկում հեղեղատար համակարգը: Եվ սա՝ այն դեպքում, որ մենք` Երեւանի քաղաքացիներս, եւ ընդհանրապես ՀՀ-ն չի վճարում «Վեոլիային» հեղեղատար համակարգի պահպանության համար: «Վեոլիան» ունի երկու սակագին. բնակավայր, որտեղ ջուր է մատակարարում, եւ բնակավայր, որ հեռացնում է նաեւ կոյուղաջրերը: «Վեոլիային» Հայաստանում ոչ ոք չի վճարում՝ հեղեղատար համակարգ պահելու համար: Երեւանը հեղեղատար համակարգի համար, ֆորմալ առումով, ծախսում է զրո դրամ եւ դրա պատճառով էլ այդ վիճակում է: Իսկ ինչո՞ւ չի վճարում. որպեսզի ջրի սակագնի վրա չազդի: «Վեոլիան» ասում է` եթե ուզում ես, որ ես կեղտաջրերի պատշաճ հեռացում կազմակերպեմ, եթե ուզում ես 24-ժամյա ջրամատակարարում ապահովեմ, սակագինս վերանայիր: Իսկ մենք չենք վերանայում, փող չենք տալիս, որպեսզի ընտրություններից առաջ սակագնի փոփոխություն չլինի, որ գլուխ գովենք` այ, տեսեք, մեր ժամանակ սակագինը չի փոխվել: Եվ դա բերում է նրան, որ մենք ստանում ենք վատ ծառայություն: Քաղաքապետարանն էլ այդ փողով համերգներ է կազմակերպում, տոնածառ է դնում եւ այլն: Գուցե ավելի առաջնային խնդիրնե՞ր կան, գուցե կարելի է տոնածառի վրա քիչ փող ծախսել եւ փոխարենը ծախսել հեղեղատարի՞ վրա: Մենք՝ որպես երեւանցիներ, որ մեր պատվիրակած լիազորությունները տվել ենք քաղաքապետարանին, այդ պրոցեսի մեջ կա գրեթե զրո դրամ՝ հատկացված հեղեղատար համակարգին: Ուստի մենք անընդհատ ունենալու ենք հեղեղատարի խնդիրներ, որն ունի նաեւ պատճառներ. նախ, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված` եղանակային կտրուկ փոփոխություններն են, հաջորդը` կառուցապատման պատճառով նվազում են ջրաթափանց կամ ջուրը ներծծող մակերեւույթները քաղաքում: Ջուրը չի ներծծվում Քանաքեռում կամ Զեյթունում կամ Մասիվներում ու գալիս լցվում է ներքեւ` մինչեւ Մաշտոցի պողոտա, իսկ հեղեղատար համակարգը չի աշխատում: Այնպես չէ, որ միայն հեղեղատար համակարգը մաքրելով կարող ենք այդ հարցը լուծել: Մենք նաեւ մեր ներգործությամբ` սխալ կառուցապատման արդյունքում կանաչ տարածքները նվազեցնելու պատճառով բերում ենք նրան, որ ունենում ենք ավելի շատ մակերեւութային ջրերի հավաքում, ինչն էլ չենք կարողանում հեռացնել, եւ ստացվում է այդ պատկերը: Սա կոմպլեքս խնդիր է: Դու չես կարող շենքեր կառուցելու համար, առանց մտածելու շինթույլտվություններ տալ` որտեղ պատահի, իսկ հետո գաս ասես` վայ, հեղեղատարս չի աշխատում: Միեւնույն է, եթե համակարգն էլ աշխատեց, արդյունք չես ունենալու, որովհետեւ ավելի շատ մակերեւութային ջուր ունես, քան սրանից 15 տարի առաջ էր: Ինչո՞ւ: Որովհետեւ դու կառուցեցիր ավելի շատ, նվազեցրիր կանաչ, կանխարգելող մակերեւույթները:

– Իսկ քանդուքարափ ասֆալտի համար է՞լ է «Վեոլիա ջուրը» պատասխանատու: Ամեն օր տեսնում ենք ջարդուխուրդ լինող մեքենաներ, որոնց վնասը որեւէ մեկը չի պատրաստվում փոխհատուցել քաղաքացուն:

– Որ քաղաքը վատ է կառավարվում բոլոր ուղղություններով, բոլորս համաձայն ենք, խնդիրներ ունենք ե՛ւ տրանսպորտի, ե՛ւ ճանապարհների, ե՛ւ բազմաթիվ այլ առումներով: Փող են աշխատում օրինական եւ ոչ օրինական ճանապարհներով` ինչքան կարող են եւ, վերջին հաշվով, թքած ունեն հանրության հարմարավետության վրա: Իրենց ավելի շատ հետաքրքրում են ֆեյսբուքյան, ինստագրամյան արդյունքները: Կտրում են փողոցներում մեր բազմամյա ծառերը եւ տնկում են ծառեր, որոնք ծաղկում են, բայց ստվեր չեն տալիս: Փոխարենը՝ դրանց լուսանկարները կարող են դնել ինստագրամում եւ ստանալ լայքեր, բայց չեն մտածում հիմնական խնդիրների մասին, որ առաջնայինը ոչ թե լուսանկարն է, այլ՝ մեզ մաքուր օդ տալը: Այդպիսին է ողջ տրամաբանությունը: Իսկ ասֆալտ պահելը եւ մյուս խնդիրները համակարգ են, պիտի աշխատես, դու չես կարող մի բան անել մի անգամ ու թողնել գնալ: Ինչպես աղբահանության հարցն իբր լուծվեց, բայց մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում աղբահանության հետ: Այս ամենն ամենօրյա աշխատանք է, որ չի արվում, այսինքն` քաղաքը կառավարվում է վատ: Այնպես չէ, որ մինչեւ այս շատ լավ էր կառավարվում: Բայց դու պետք է պատրաստ լինես շարունակ կատարելագործվելու եւ ամենակարեւորը` քննադատություն ընդունելու: Սրանից 10 տարի առաջ, այս հարցազրույցի արդյունքում, մենք ավելի շատ ազդեցություն էինք ունենալու քաղաքապետարանի չինովնիկների վրա` որոշումներ ընդունելու մեջ: Իսկ հիմա իրենք թքած ունեն ե՛ւ հանրության, ե՛ւ մասնագիտական կարծիքի վրա, դրա համար էլ ստացվում է այն, ինչ ստացվում է:

– Այսպես քաղաքը «կառավարելով», երկրի սահմանները զիջելով, արժեքներն ուրանալով ու մոռացության մատնելով ո՞ւր ենք հասնելու: Արդյո՞ք անկախություն ու ինքնուրույնություն ենք ձեռք բերում, ինչպես այս իշխող խմբակն ու իր պարագլուխն են ասում:

– Մենք գործ ունենք մի խմբակի հետ, որ երկար տարիներ երազել է գալ իշխանության, որ ստացել է եւ պատրաստ է այդ նույն իշխանությունը պահելու համար զոհել ամեն ինչ, բառի բուն իմաստով` ամեն ինչ: Չենք զարմանա, որ մի օր սա հեռուստացույցով լայվ մտնի` մարդ ուտի, եւ մարդիկ արդարացնեն: Այդ տեսակ բարոյականության մեջ ենք մենք ապրում: Իրենց համար Արարատ, Արագած` թքած ունեն, կարեւորն իրենց երազանքների իրականացումն է: Այն բոլոր բարդույթները, որ տարիներով կուտակել են իշխանության համար կռիվ անելով եւ ստացել են, դա ամեն գնով պահպանելու են: Չփորձենք գաղափարական հենք գտնել այս ամեն ինչի մեջ: Վաղը կամ մյուս օրն իրենք պատրաստ են «թագավորել» միայն Երեւանի վրա, միայն թե կարողանան իշխել: Իրենք բոլոր արժեքների վրա եւ մեր՝ բոլորիս վրա թքած ունեն: Եվ այդ առումով ընդհանրապես կարիք չկա քննարկելու` ինչ են իրենք անում: Վաղը չէ մյուս օրն Արագածին էլ են նույնկերպ վերաբերվելու, ինչպես Արարատին են վերաբերվում այսօր: Որովհետեւ նպատակը մեկն է` մնալ իշխանության, մնալ կենդանի` այսպես ասած, եւ դրա համար պատրաստ են ցանկացած վայրենության:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լողափին առեղծվածային կապտավուն արարածներ են հայտնվել

Լողափին առեղծվածային կապտավուն արարածներ են հայտնվել Thu, 30 Apr 2026 23:00:07 +0400 ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի…

10 րոպե ago

Մեզ դիմել է «Իմ քայլը» հիմնադրամը, իսկ մենք նրանց աջակցել ենք

Մեզ դիմել է «Իմ քայլը» հիմնադրամը, իսկ մենք նրանց աջակցել ենք Thu, 30 Apr 2026…

19 րոպե ago

Որ հայտնի հայ և ֆրանսիացի երգիչներն են երգելու Գյումրիում Մակրոնի այցի օրը

Որ հայտնի հայ և ֆրանսիացի երգիչներն են երգելու Գյումրիում Մակրոնի այցի օրը Thu, 30 Apr…

21 րոպե ago

Լրատվամիջոցների դերը փորձում են հետին պլան մղել՝ առաջին պլան բերելով կեղծ էջեր, տելեգրամյան ալիքներ

Լրատվամիջոցների դերը փորձում են հետին պլան մղել՝ առաջին պլան բերելով կեղծ էջեր, տելեգրամյան ալիքներ Thu,…

24 րոպե ago

Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում

Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում Thu,…

29 րոպե ago

Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն՝ ծայրահեղ աղքատ ընտանիքներին

Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն՝ ծայրահեղ աղքատ ընտանիքներին Thu, 30 Apr 2026 22:32:49 +0400…

37 րոպե ago