Երեւան-Լառնակա-Երեւան
Sat, 18 Apr 2026 18:45:39 +0400
Բակում մեր հարեւան Շմավոնին տեսա… Տրամադրությունը լավ էր.
– Խե՞ր լինի,- հարցրի:
– Խեր ա, խեր ա:
– Ի՞նչ կա, մեջքդ արեւին ես տվել…
– Հա, վերջապես արեւ դուրս եկավ, բայց դա՝ դեռ հեչ: Իսկ դու իմացա՞ր, որ մեր թոշակին ավելացած 10 հազարով կարող ենք 5 հատ Երեւան-Լառնակա՝ «տուդա-աբռատնի» տոմս առնենք:
– Շմավոն, հաստատ էլի ապուշ երազ ես տեսել:
– Ի՞նչ երազ, այ մարդ, ականջովս եմ լսել, ինքն ասաց:
– Ինքը՝ ո՞վ:
– Նիկոլը…
– Հասկանալի է…
– Ի՞նչն է հասկանալի:
– Դե որ Նիկոլն է ասել, ուրեմն Նիկոլն է հիմար երազ տեսել, պատմել է, դու էլ հավատացել ես:
– Բայց ի՞նչ կա չհավատալու, հասարակ թվաբանություն է: Մի հատ «տուդա-աբռատնին» 2 հազար դրամ է, չեղա՞վ 10 հազարի՝ 5 հատ «տուդա-աբռատնի» տոմս:
– Շմավոն ջան, դա ոչ թե հասարակ, այլ պարզունակ թվաբանություն է: Ավելին ասեմ՝ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու թվաբանություն: Նիկոլը քո ականջներից լապշա է կախել:
– Էլի՞ քաղաքականացրիր: Ի՞նչ դառը մարդ ես, լավ բանն էլ չես ուզում տեսնել:
– Լավ, մոռանանք: Իսկ ե՞րբ եք ուզում թռչել Լառնակա: Շողերին է՞լ ես հետդ տանելու:
– Հա, իհարկե:
– Դե ուրեմն ինձ նախօրոք կասես, որ ավտոն բենզին լցնեմ, ձեզ տանեմ օդանավակայան:
– Կարիք չկա, տաքսի կկանչեմ:
– Տաքսին Աճառյան փողոցից «Զվարթնոց» առնվազն մի 6-7 հազար կուզի, ի՞նչ գործ ունես, դա երեք հատ «տուդա-աբռատնի» տոմս է:
Շմավոնի աչքերը բներում պտտվեցին հաշվիչի պես: Հակափաստարկ էր փնտրում, բայց չգտավ ու լուռ մնաց:
– Իսկ Լառնակայում հյուրանոց պատվիրե՞լ եք:
– Չէ, հյուրանոցով թանկ է նստում, Շողերի մորքուրի տղու տանն ենք մնալու:
– Շատ լավ է, Շմավոն ջան, իսկ նախաճաշ, ճաշ, ընթրիք…
– Դրանք մանր հարցեր են, դու գիտե՞ս ով է Շողերի մորքուրի տղեն: Մի Լառնակա՝ մի Սերոբ… Բոլորը ճանաչում են:
– Իսկ Սերոբին վերջին անգամ ե՞րբ եք տեսել…
Շմավոնը հայացքը դարձրեց երկինք՝ ուզում էր հիշել: Ապարդյուն:
– Հասցեն գոնե գիտե՞ք:
– Այ մարդ, դե կգտնենք էլի, ասի՝ մի Լառնակա, մի Սերոբ:
– Գիտե՞ս, թե ինչու եմ հարցնում, Շմավոն… Լառնակայի օդանավակայանից մինչեւ քաղաք տաքսին ամենաքիչը մի 50 եվրո կուզի: Դուք լավ կանեք՝ մինչեւ Լառնակայի «տուդա-աբռատնի» տոմս առնելը Սերոբին զանգեք, որ դիմավորի:
– Էդ մտածել ենք:
– Ապրես: Մեկ էլ Շողերին ասա՝ հաց-մաց դնի, «պռավիզ», ինքնաթիռ է՝ ուշանալ կա, շուտ հասնել կա: Օդանավակայաններում գիտես, թե ինչ թանկություն է: Մի բաժակ սուրճը 10 եվրո է, մի բաժակ ջուրը՝ 20: «Բագաժ» ունե՞ք…
– Չէ, հասարակ տոմս է, միայն ձեռքի պայուսակ են թողնում:
– Դա լավ չէ: Ուտելիք ու ջուր չեն թողնելու վերցնեք:
– Կդիմանանք, 3 ժամվա թռիչք է:
– Հա, իհարկե: Բայց դու ինձնից մի նեղանա, Շմավոն ջան, ես քեզ համար եմ անհանգստանում, որ հանկարծ Նիկոլի ստերի փայ էշ-նահատակ չդառնաս: Դու դեռ՝ հեչ, Շողերին էլ հետդ ես տանում: Դա արդեն կատակ չէ:
– Հիմա ի՞նչ ես առաջարկում, Լառնակա չգնա՞նք:
– Գնացեք, ախպեր, չուզողը ես լինեմ, բայց տես՝ Լառնակայից չզանգես ինձ, թե մի բան արա՝ հետ գանք, մնացել ենք «աէրոպորտ»:
– Սերոբն էն տղեն չի, որ մենք «աէրոպորտ» մնանք:
– Ես էլ դա եմ ասում, փառք Աստծու, որ Սերոբի պես մարդ ունեք Լառնակայում, բայց լավ չէ, որ Սերոբի անունը տալու տեղ Նիկոլի ու նրա «տուդա-աբռատնի» տոմսերից ես խոսում: Ինքը շատ քիչ բան է հասկանում ուղեւորափոխադրումներից: Իր ամեն ինչը ձրի է՝ պետության հաշվին: Մեր պետությունը նրան կերակրում է, նրա «նաչլեգի» հարցերը լուծում է՝ քիչ է, Պուտինն էլ իր հերթին է տանում ճաշի ու ընթրիքի: Ո՛չ տաքսու փող է տալիս, ո՛չ սուրճի: Դու էլ ընկել ես Նիկոլի խելքին, թե թոշակի ավելացած մասով 5 անգամ կարող ես գնալ Լառնակա ու հետ գալ: Գնա, ի՞նչ ասեմ: Դիցուք՝ իմ թոշակի ավելացած մասով ես կարող եմ Խանջյան փողոցից մինչեւ Աճառյան փողոց 2,5 հատ «տուդա-աբռատնի» տաքսու տոմս գնել: Քո թոշակի ավելացված մասն ինչ է՝ իմ թոշակի ավելացված մասից շա՞տ է, որ բոբիկացել, ընկել ես Նիկոլի ջրերը:
– Բա որ ասում եմ՝ դառը մարդ ե՜ս…
– Ի՞նչ արած, Շմավոն, թող քո ասածով լինի: Ձեզ բարի թռիչքներ, փափուկ վայրէջքներ, Սերոբին էլ՝ իմ կողմից լիքը բարեւներ…