Շինծու «կաշառքի գործերով» վախի մթնոլորտ գեներացնելու ավարտը
Sun, 19 Apr 2026 22:15:06 +0400
Այս տողերն իմ կողմից գրվել են 5 օր առաջ: «Ենթադրաբար Գոհար Ղումաշյանին ոմն գործարար Գագիկի զանգը պարզապես սադրանք էր՝ կազմակերպված իրավապահների կողմից: Նման առաջարկներին պետք է պատասխանել՝ այս պահին ոչինչ չենք կարող ասել, զանգահարեք ընտրություններից հետո»: Եվ զգուշացրել էի, որ «Ուժեղ Հայաստան»-ին անհրաժեշտ է քարոզչական գրագետ խորհրդատուների խումբ: Պարզվեց, որ նկատել եմ չարաբաստիկ մոլդովական փորձի կիրառման սկիզբը:
Հիշեցնեմ, որ մոլդովական փորձ կոչված երևույթն իրենից ներկայացնում էր 2025-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին գործող իշխանության կողմից կիրառված ընտրախախտումների մի ահռելի փունջ: Ինչի հետևանքով ընտրությունների արդյունքներն ակնկալվածի առումով փոխվեցին 180 աստիճանով: Շահողն էլ, բնականաբար, դարձավ գործող իշխանությունը:
Եվրամիության կողմից աջակցություն ստացած այդ փորձառությունն այնքան էր դուր եկել կառույցի չինովնիկներին, որ նրանք խոստացել էին 15 միլիոն եվրո նվիրել Նիկոլին այդ փորձը տեղայնացնելու նպատակով: Բայց, ինչպես երևում է, ԵՄ բյուջեում ճաքեր են գոյացել, ու վերպետական այդ կառույցը չի կարողանում համապատասխան գումար գեներացնել: Բայց քանի որ «մեր» կառավարությունը կարող է փորձը կիրառել առանց լրացուցիչ գումարների առկայության, այն արդեն կյանքի է կոչվում: Իսկ առաջին ահազանգն էլ եղավ ապրիլի 14-ին Նիկոլի հիմնական ընդդիմադիր ուժի կին անդամի նկատմամբ կատարված սադրանքով: Եվ մարդիկ զարմացան, որ Նիկոլը նույնիսկ հաշվի չի առել, որ նա կրծքով կերակրվող, երկու ամսական երեխայի մայր է: Այնինչ, ես կարծում եմ, որ հենց դա էլ հաշվի էր առնվել, որովհետև, նախ, տիկին Ղումաշյանն ակտիվ կուսակցական է: Եվ երկրորդ՝ այդ դեպքը պետք է վախ առաջացներ ընդդիմադիր շարքերում: Այն առումով, որ ոստիկանությունը կարող է նույնիսկ նման մարդկանց ձերբակալել: Իսկ որպես հիմնավորում էլ՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, քաղացիական հասարակության նախկին ակտիվիստ, իրավաբան Ջուլհակյան Արուսյակի շուրթերով էլ պետք է կանանց կրծքային գործառնության վերաբերյալ անհեթեթ միտք շրջանառվեր:
Զարմանալի էր, բայց ֆեյսբուքյան իմ գրառումը ոչ թե տարածում գտավ, այլ նույնիսկ քննադատվեց: Իսկ այսօր «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ահազանգում է, որ իրենց «թիմակիցները ստանում են կասկածելի, ակնհայտորեն ուղղորդված զանգեր ու նամակներ՝ նյութական օգնության խնդրանքներով ու տարբեր կասկածելի առաջարկներով»։ Ու ներկայացնելով մեկ-երկու օրինակ՝ եզրափակում է, որ «իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով»։ Այո, իշխանությունը պետք է հենց այդպիսի գործիքակազմ կիրառի, քանի որ սադրանքն ու դրանով գենեացվող վախը բռնապետական կառավարման մեթոդներից են: Ու դրանք չեն չեղարկվելու այնքան ժամանակ, որքան գոյություն կունենան պետությունները: Իսկ ժողովրդավարականի անվան ներքո անձնիշխանության պարագայում ավելի քան պահանջված «ապրանք» են լինելու: Ինչի վկայությունն էլ այսօրվա Հայաստանում ստեղծված իրավիճակն է:
Ինչևէ, «Ուժեղ Հայաստան»-ը կորցրեց 5 օր և մարզային գրասենյակներից մեկը՝ Արտաշատինը: Կուսակցության գրասենյակը կարելի է վերականգնել, սակայն վախի մթնոլորտը դժվար թե ցրվի, քանի որ իշխանությունն ամեն ինչ կանի այն պահպանելու նպատակով: Ավելին, կփորձի իրենց համար հաջողված այդ փորձը տարածել մնացած գրասենյակների ուղղությամբ: Ու դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Նարեկ Կարապետյանը կրկին այցելի հատկապես Արտաշատ: Ընդ որում, անընդհատ մի քանի օրերի ընթացքում, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց չեն «քցել»: Ու այդ դեպքում հնարավոր է հաղթահարել վախի մթնոլորտը, ինչը մարզային բնակավայրում շատ հեշտ է գեներացվում իշխանության կողմից: Դա որպես ավելի քան 15 տարվա ընտրական գործընթացներին մասնակից անձ եմ ասում. մասնակցել եմ որպես դիտորդ:
Մարիաննա Ղահրամանյանն իր գրառումն ավարտել է այսպիսի տողերով. «Ի գիտություն, Չե՛նք տրվելու սադրանքներին։ Շարունակելու ենք մեր ճանապարհը՝ ավելի կուռ, ավելի ուժեղ, ավելի վճռական»։
Ողջունում եմ վճռականությունը և որպես հուշում ներկայացնեմ Վրաստանի օրինակը: Նախագահականից խորհրդարանական հանրապետության վերածված երկրի առաջին՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններին Միխեիլ Սաակաշվիլու կողմից ղեկավարվող իշխող քաղաքական ուժը պարտություն կրեց: Իսկ հաջորդ տարի պարտվեց նաև նրա թեկնածուն նախագահական ընտրություններին, և դրանով ավարտվեց Սաակաշվիլու ժամանկաշրջանը: Ու 2021 թվականից այս կողմ անօրինական կերպով հայրենիք վերադառնալու համար վերջինս զրկված է ազատությունից: Սակայն մինչ այդ իրեն ևս թվում էր, թե, նախ, իր խոսքն օրենք է, և ապա, ինքը կարող ընդդիմության հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում է: Բայց 2012-ի հոկտեմբերի 1-ին այդ գործընթացն ավարտվեց:
Կարծում եմ, որ հունիսի 7-ին մեր երկրում կավարտվի քաղաքական պայքարի փոխարեն շինծու «կաշառքի գործերով» վախի մթնոլորտ գեներացնելը: