Սա խաղաղության լեզու չէ, սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է

Սա խաղաղության լեզու չէ, սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է

Tue, 21 Apr 2026 15:52:16 +0400


Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Հակոբ եկեղեցին։ Քանդվել է ոչ միայն եկեղեցին, այլ ամբողջ շրջակա տարածքը՝ խաչքարերով, հիշողությամբ, հայկական հետքով։ Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարը ենթարկվել է վանդալիզմի։ Սա այլևս առանձին դեպք չէ։ Սա պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է։ Ադրբեջանը ոչնչացնում է ոչ միայն քարն ու պատը, այլ հայկական ներկայության ապացույցը, հայկական հիշողությունը, հայկական իրավունքը, Արցախի հայկական ներկայությունը, որն ունի առնվազն 2500-3000 տարվա անընդմեջ պատմություն:
Բայց այս ամբողջ պատմության մեջ կա մեկ շատ կարևոր հարց՝ ո՞վ էր միջազգային հարթակներում բարձրացնում այս վտանգի մասին։ Ո՞վ էր փորձում աշխարհին բացատրել, որ Արցախում ոչնչացվում և դեռ ոչնչացվելու են ոչ միայն եկեղեցիներ, այլ հայկականության ամբողջ նյութական ներկայությունը։
Դա անում էր Հայ Առաքելական Եկեղեցին։
2025 թվականին հենց Մայր Աթոռի նախաձեռնությամբ և խնդրանքով Բեռնում կազմակերպվեց միջազգային համաժողով, որտեղ բաց տեքստով խոսվում էր Արցախի հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության ոչնչացման, տեղահանվածների իրավունքների և հայկական ինքնության դեմ իրականացվող քաղաքականության մասին։ Այնտեղ ուղիղ ասվում էր, որ Արցախի հայկական մշակութային ժառանգությունը գտնվում է շարունակական վտանգի տակ, և աշխարհը իրավունք չունի մնալու դիտորդի դերում։
Եվ հենց այստեղ սկսվեց ամենավտանգավոր համընկնումը։
Այն պահին, երբ Հայ Առաքելական Եկեղեցին միջազգային մակարդակով փորձում էր պաշտպանել հայկականությունը Արցախում, Հայաստանի իշխանությունը սկսեց հակաեկեղեցական արշավը ներսում։ Սա պատահականություն չէր։ Շատերին այն ժամանակ, իսկ հիմա արդեն գրեթե բոլորին պարզ է, որ սա շահերի լիակատար համընկնում էր։
Որովհետև Ադրբեջանին պետք էր ոչ միայն առանց հայերի Արցախ, այլ նաև առանց հայկական եկեղեցիների, առանց խաչքարերի, առանց պահանջատիրության, առանց հիշողության, առանց վերադարձի իրավունքի զուտ Ղարաբաղ։ Իսկ այդ ամբողջի վերջին ինստիտուցիոնալ կրողը մնացել էր Հայ Առաքելական Եկեղեցին։
Հետևաբար, երբ Ադրբեջանը քանդում էր և քանդում է եկեղեցիները, իսկ Փաշինյանը հարվածում է եկեղեցուն, նրանք գործում են տարբեր գործիքներով, բայց նույն արդյունքի համար։
Ադրբեջանը բուլդոզերով ոչնչացնում է հայկականությունը։ Փաշինյանը նարատիվով ապամոնտաժում է դրա պաշտպանությունը։
Ադրբեջանը ուզում է, որ Արցախը դադարի լինել հայկական հիշողության մաս։ Փաշինյանը հայտարարում է, որ «Արցախյան շարժումը չենք շարունակելու»։
Ադրբեջանը ուզում է, որ հայը հրաժարվի իր պատմական իրավունքից։ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է հրաժարվել «պատմական Հայաստանի» գաղափարից։

Ադրբեջանը ուզում է, որ հայը դադարի խոսել վերադարձի, մշակութային ժառանգության, բռնի տեղահանվածների իրավունքների մասին։ Փաշինյանի քաղաքական գիծը գնում է նույն ուղղությամբ՝ փակել թեման, ավարտված հայտարարել, վերածել անցյալի։
Սա է պատճառը, որ շատերի համար Փաշինյանի հակաեկեղեցական արշավը այլևս չի ընկալվում որպես ներքին քաղաքական պայքար։ Այն ընկալվում է որպես ադրբեջանական ռազմավարության ներքին սպասարկում։ Որովհետև երբ միակ ինստիտուտը, որը դեռ ամբողջ աշխարհին հիշեցնում էր Արցախի հայկականության մասին, դառնում է իշխանության գլխավոր թիրախը, արդեն դժվար է հավատալ, թե դա պարզապես ներքին վեճ է։ Այստեղ չափազանց ակնհայտ է շահերի համընկնումը։

Ադրբեջանի ռազմավարությունը պարզ է՝ ջնջել հայկական հետքը, հետո հայտարարել, որ այն երբեք գոյություն չի ունեցել։ Փաշինյանի նարատիվն էլ է նույն տրամաբանության մեջ՝ ջնջել հայկական պահանջատիրությունը, հետո հայտարարել, որ այդ թեման պետք է փակել։

Երբ ասում են՝ «Արցախյան շարժումը չենք շարունակելու», իրականում ասում են՝ չենք շարունակելու հայկական հիշողության պաշտպանությունը, չենք շարունակելու հայկական իրավունքների պաշտպանությունը, չենք շարունակելու հայկականության քաղաքական դիմադրությունը։

Սա խաղաղության լեզու չէ։ Սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է։

Եվ հենց դրա համար է, որ Փաշինյանի ու Ադրբեջանի գործողությունների մեջ այսօր շատերը տեսնում են ոչ թե պատահական համընկնում, այլ ճշգրիտ շահերի, նպատակների և նարատիվների համընկնում։

Ադրբեջանը քանդում է եկեղեցիները, Փաշինյանը քանդում է այդ եկեղեցիների շուրջ հայկական քաղաքական իմաստը։
Ադրբեջանը ոչնչացնում է խաչքարերը, Փաշինյանը ոչնչացնում է դրանց շուրջ պահանջատիրությունը։ Ադրբեջանը ջնջում է հայկական ներկայությունը տարածքից, Փաշինյանը փորձում է ջնջել այն հիշողությունից։

Եվ որքան ավելի են քանդվում եկեղեցիները Ստեփանակերտում, այնքան ավելի պարզ է դառնում, թե ինչու էր պետք հարվածել այն միակ ինստիտուտին, որը դեռ համարձակվում էր ամբողջ աշխարհի առաջ ասել, որ Արցախը ոչ միայն տարածք է, այլ նաև հայկական քաղաքակրթություն։

P.S. Այսօր, երբ իշխանությունը պատերազմով է վախեցնում հասարակությանը, իրականում խոստովանում է մի շատ վտանգավոր բան՝ ութ տարի երկիրը կառավարել է այնպես, որ Ադրբեջանը այլևս պատերազմ սկսելու հարցում որևէ հոգեբանական արգելք չունի։ Այլևս չի մտածում՝ կարո՞ղ է հաղթել, թե՞ ոչ։ Չի մտածում՝ կորուստները վերահսկելի կլինե՞ն, թե՞ ոչ։ Վստահ է, որ կհաղթի։
Ունի ազատ գործելու լիակատար հնարավորություն, ինչպես Արցախի հողում ֆիզիկապես, այնպես էլ Հայաստանում հոգեբանորեն: Սա է ամենամեծ քաղաքական դատավճիռը այս ութ տարվա կառավարման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երիտասարդներին կարգելե՞ն լքել Ուկրաինան

Երիտասարդներին կարգելե՞ն լքել Ուկրաինան Tue, 21 Apr 2026 17:30:15 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը…

11 րոպե ago

Նոր պաշտոններ

Նոր պաշտոններ Tue, 21 Apr 2026 17:30:09 +0400 Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ Նախագահ…

11 րոպե ago

Համերգների վրա բյուջեից փող չեն ծախսում, հովանավոր կա

Համերգների վրա բյուջեից փող չեն ծախսում, հովանավոր կա Tue, 21 Apr 2026 17:15:32 +0400 Մեզ…

26 րոպե ago

53 օր է՝ Իրանում ինտերնետ չկա

53 օր է՝ Իրանում ինտերնետ չկա Tue, 21 Apr 2026 17:00:01 +0400 Արդեն 53-րդ օրն…

41 րոպե ago

Հաղթանակ՝ ադրբեջանցու նկատմամբ

Հաղթանակ՝ ադրբեջանցու նկատմամբ Tue, 21 Apr 2026 16:50:30 +0400 Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի…

51 րոպե ago

Հարավային Կովկասում որեւէ պետության հետ ռազմավարական գործընկերության մասին խոսելը խնդրահարույց է

Հարավային Կովկասում որեւէ պետության հետ ռազմավարական գործընկերության մասին խոսելը խնդրահարույց է Tue, 21 Apr 2026…

56 րոպե ago