Ի հեճուկս արցախատյաց Նիկոլ Փաշինյանի

Ի հեճուկս արցախատյաց Նիկոլ Փաշինյանի

Wed, 22 Apr 2026 16:15:09 +0400


2026թ. ապրիլի 20-ին և 21-ին Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2026թ. հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները, ի մասնավորի, հայտարարել է՝

• «Ղարաբաղի շարժումը խաղաղության և անվտանգության հետ անհամատեղելի են, են եղել: Եվ մենք մեզ հաշիվ ենք տվել, ասել ենք լավ ինչի՞ մեջ ա մեր ընտրությունը: Եվ մենք ընտրություն ենք կատարել հօգուտ անվտանգության, հօգուտ խաղաղության»:
Մեջբերմամբ Նիկոլ Փաշինյանը բացահայտ խոստովանել է, որ ինքն ընտրություն է կատարել Արցախի Հանրապետության և խաղաղության միջև, արդյունքում Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ ակնկալելով, որ փոխարենը կստանա խաղաղություն: Սակայն, հարկ է նշել, որ Արցախն Ադրբեջանի մասի ճանաչելով, հաստատվել է ոչ թե իրական, այլ՝ թվացյալ խաղաղություն: Բանն այն է, որ Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել «արևմտյան Ադրբեջան», «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ» և «Զանգեզուրի միջանցք» խոսույթները, որոնք ոչ այլ ինչ են, քան Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների զանգվածաբար բնակեցման միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիոն, էքսպանսիոնիստական ծրագրեր: Իսկ նման ծրագրերը չեն կարող վկայել խաղաղության մասին:

• «Ղարաբաղի կոնֆլիկտն էլ սկսվել ա շատ անմեղ, հումանիտար հարցերից»:
Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի սկսվել հումանիտար հարցերից: Կոնֆլիկտի ծագման պատճառը ոչ թե հումանիտար, կամ մշակութային հարցերի արծարծումն է եղել, այլ՝ թյուրքերի և կովկասյան թաթարների՝ 1936 թվականից ադրբեջանցիներ հորջորջվածների, ծավալապաշտությունը, որն, ի դեպ, շարունակվում է մինչ օրս՝ արդեն 108 տարի:

• «…մենք Ադրբեջանին առաջարկել ենք և առաջարկում ենք ռազմավարական գործարք. ո՞րն ա ռազմավարական գործարքը. մենք ճանաչե՞լ ենք տարածքային ամբողջականությունը միմյանց և ինքնիշխանությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ տարածքներով, ուրեմը ճանաչում ենք ճշգրիտ, դելիմիտացիա ենք անում և հանգիստ ենք թողում իրար, էլ չենք փորփրում՝ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ ա ապրել և այլն և այլն, ի՞նչ ա ունեցել, էս ա ունեցել, էն ա ունեցել, մենք փակում ենք էդ թեման, որովհետև դա է խաղաղությունը»:

Խորհրդային Միության 15 հանրապետություններից 11-ի ղեկավարների կողմից Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 1991թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված հռչակագրում, մասնավորապես, արձանագրված է. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը,»:
Մեջբերումից պարզվում է, որ խոսքը վերաբերում է հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ, «գոյություն ունեցող սահմանների անխախտելիությանը»:

Հարց է առաջանում. ի՞նչ սահմաններ է ունեցել Ադրբեջանը 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ: Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաև «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարել է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը:

Իսկ 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունն ունեցե՞լ է արդյոք հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ, թե՞ ոչ: Պատասխանն ավելի քան միարժեք է՝ ՈՉ, քանզի ներկայիս ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգան, իր 4-րդ և 5-րդ կոմիտեների միջոցով քննելով Ազգերի լիգային անդամակցելու Ադրբեջանի դիմումը, 1920թ. դեկտեմբերի 1-ին տվել է բացասական պատասխան:

Ադրբեջանի Հանրապետության գոյության 23 ամիսների ընթացքում, այն է՝ 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը, Արցախը չի հանդիսացել միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի մաս ո՛չ դե ֆակտո, ո՛չ էլ առավել ևս դե յուրե: Չկա որևէ պատմական փաստ, կամ որևէ իրավական փաստաթուղթ, որը կվկայի այն մասին, որ նշված ժամանակահատվածում Արցախը գտնվել է միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապետության կազմում:

Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը հանդիսացել է, գրեթե, չորս ամսվա դե ֆակտո անկախ պետություն:

Համոզիչ չէ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը:
Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության նկատմամբ թե՛ 2021 թվականի մայիսի, թե՛ 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր:

2024թ. հունվարի 10-ին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ Իլհամ Ալիևն այս մասին, մասնավորաբար, հայտարարել է. «Իհարկե, մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում վերադառնալ: Մենք ոչ մի քայլ հետ չենք գնա ո՛չ 2021 թվականի մայիսի, ո՛չ էլ 2022 թվականի սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ այդ սահմանը պետք է հաստատվի»:
Հետևաբար, սին հույսերով չպետք է փորձել մոլորեցնել հանրությանը, թե սահմանագծման ու սահմանազատման գործընթացի արդյունքում Ադրբեջանը կազատի Հայաստանի օկուպացրած տարածքները: Առավել ևս, որ փորձը ցույց է տվել, որ սահմանազատումն ու սահմանագծումը չափազանց երկար ձգվող գործընթաց է: Օրինակ՝ միմյանց հետ խնդիր չունեցող Հայաստանի և Վրաստանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը շարունակվում է 20 տարուց ավելի և դեռ ավարտված չէ: Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան տևել է 20 տարուց ավելի:

Թե որքա՞ն կարող է տևել միմյանց միջև կուտակված խնդիրներ ունեցող Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան, կարելի է միայն ենթադրել: Սակայն թե՛ Հայաստանի և թե՛ այլ երկրների փորձը հաշվի առնելով՝ ենթադրելի է, որ այն կարող է տևել մի քանի տասնամյակ: Այսինքն՝ առնվազն մի քանի տասնամյակ Ադրբեջանը կարող է օկուպացրած պահել Հայաստանի տարածքները:

Վերոնշյալից զատ, մեկ բան հստակ է. Ադրբեջանը երբեք խաղաղ ճանապարհով չի ազատելու ո՛չ Արցախի Հանրապետության օկուպացրած տարածքը, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության օկուպացրած տարածքները:
Արցախից բռնագաղթած, ինչպես նաև Արցախում ծնված, մեծացած, սակայն հանգամանքների բերումով Արցախից դուրս ապրող հայությունն Արցախում թողել է իր նախնիների գերեզմանները, իր սրբավայրերը, իր հոգևոր ու նյութական անչափելի արժեքները, որոնք մոռանալը ոչ միայն աստվածահաճո ու մարդկային չեն, այլև՝ սրբապղծություն է:

Իմ տոհմը՝ Արցախի ամենահին Հասան-Ջալալյանների թագավորական-իշխանական գերդաստանն ավելի քան 700 տարիներ շարունակ պատասխանատվություն է կրել Արցախի դարավոր պետականության և արցախահության ճակատագրի կերտման գործում թե՛ աշխարհիկ և թե՛ հոգևոր ոլորտներում:

Դարեր շարունակ Հասան-Ջալալյանները հանդիսացել են Արցախի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պատմական որոշակի ժամանակահատվածում նաև անկախության, ինչպես նաև արցախահայության քրիստոնեական հավատքի պահպանման երաշխավորները:

Արցախի տարածքի գրեթե յուրաքանչյուր անկյուն կրում է իմ նախնիների ազգաշահ ու ազգանվեր գործունեության հետքերը: Իմ մեծ նախապապը՝ Հասան-Ջալալյանների տոհմի անվանադիրը՝ 1214-1261թթ. Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան, 1216-1238թթ. կառուցել է Արցախի թագն ու պսակը հանդիսացող Գանձասարի հռչակավոր եկեղեցին, որը Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, ֆրանսիացի նշանավոր բյուզանդագետ Շառլ Դիլը համարել է հայկական ճարտարապետության կոթողներից համաշխարհային մշակույթի գանձարանը մտած հինգ ամենաուշագրավ երևույթներից մեկը: Իսկ Էրմիտաժի գիտական խորհրդի անդամ՝ ճարտարապետության պատմության մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոնը Գանձասարը համարել է հայ ճարտարապետության մարգարիտն ու հանրագիտարանը:
Ես երբեք չեմ մոռանա Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցին, որը հանդիսանում է նաև Հասան-Ջալալյանների տոհմական տապանատունը. եկեղեցում ու նրա շուրջն ամփոփված են իմ նախնիների աճյունները:
Մոռանալ այս ամենը, մոռանալ Արցախը կնշանակի մոռանալ նախնիներիդ, ինքդ քեզ ու ապագադ:
• «նոր Սահմանադրությունը չպետք ա հղում պարունակի Անկախության հռչակագրին»:
ՀՀ Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2021թ. ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանը հանդիսանում է Սահմանադրության անփոփոխելի դրույթ:
Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրին, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության:
• «ղարաբաղյան շարժման ավարտ, նշանակում է նաև օրինակ Արևմտյան Ադրբեջանի խոսույթի ավարտ, Արևելյան Անատոլիայի, կամ այդ կարգի խոսույթների ավարտ»:

Փաստերը վկայում եմ, որ նախքան Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի օկուպացիան Ադրբեջանի վարչակազմը նպատակահարմար չի համարել խոսել «արևմտյան Ադրբեջան»-ի և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ»-ի մասին: Այդ մասին վկայել է Իլհամ Ալիևը 2022թ. դեկտեմբերի 24-ին, ի մասնավորի, հայտարարելով. «Մեզ անհրաժեշտ է համատեղ ուժերով մշակել Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգ: Այս հարցը մեր օրակարգում է հենց հիմա՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից հետո: Իհարկե, նախքան ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը, այս մասին խոսելը գուցե վաղ էր: Բայց այսօր, իմ կարծիքով, պետք չէ ժամանակ կորցնել: Պետք է պատրաստել վերադարձի հայեցակարգ…»:
Իսկ 2023թ. հունվարի 12-ին տեղական մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ նա, մասնավորաբար, հայտարարել է. «Իհարկե, խոսել արևմտյան ադրբեջանցիների իրավունքների մասին, երբ կար ղարաբաղյան ցավը, խնդիրը, հավանաբար, նման կլիներ ժամանակից շուտ կրակոցի»:

Հատկանշական է, որ Իլհամ Ալիևը «արևմտյան Ադրբեջան»-ի և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ»-ի մասին խոսույթով սկսել է հանդես գալ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելուց, գրեթե, անմիջապես հետո:

Փաստորեն, ինչպես տեսնում ենք, Արցախի Հանրապետությունն իր գոյությամբ պաշտպանել է Հայաստանի Հանրապետությանը՝ թույլ չտալով Ադրբեջանին ապօրինի հավակնություններ դրսևորել Հայաստանի նկատմամբ:
Հետևաբար, ոչ միայն, բայց հատկապես «արևմտյան Ադրբեջան»-ի և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ»-ի մասին Ադրբեջանի վարչակազմի խոսույթները չեզոքացնելու նպատակով Արցախի Հանրապետության դեօկուպացիան և այնտեղ հայկական իշխանության վերահաստատումը հրամայական անհրաժեշտություն է:

• «Որևէ մեկը թող մեզ չվախեցնի փախստականների վերադարձի թեմայով, որովհետև ես ասում եմ այո՛, մենք պետք ա փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով»:
Արցախի հայության, որպես բռնի տեղահանվածների, վերադարձի իրավունքը սահմանված է միջազգային իրավական ակտերով, մասնավորապես՝
• 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով,
• 1949թ. օգոստոսի 12-ին Ժնևում պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող դիվանագիտական կոնֆերանսի կողմից ընդունված «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» կոնվենցիայիով,
1966թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով:
Արցախի հայության վերադարձի իրավունքն արձանագրված է նաև՝
• Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 2023թ. հոկտեմբերի 12-ին ընդունված բանաձևի մեջ,
• ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի պարտադիր կատարման ենթակա որոշման մեջ,
• Եվրոպական խորհրդարանի 2024թ. մարտի 12-ի և հոկտեմբերի 24-ի բանաձևերում:
• Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի ստորին (Ազգային Խորհուրդ) և վերին (Կանտոնների Խորհուրդը) պալատների կողմից 2024թ. դեկտեմբերի 17-ին և 2025թ. մարտի 18-ին ընդունված առաջարկություններում,
• Բելգիայի Թագավորության Դաշնային խորհրդարանի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից 2025թ. հուլիսի 17-ին ընդունված ռեզոլյուցիայում,
• Բելգիայի Թագավորության Դաշնային խորհրդարանի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից 2026թ. ապրիլի 16-ին ընդունված ռեզոլյուցիայում:

Արցախից բռնի տեղահանված հայության լավագույն շահն իրենց տներ վերադառնալն է տիրոջ իրավունքով և կարգավիճակով: Իսկ տվյալ հարցի լուծումը մեկ մարդու որոշելիքը չէ, նույնիսկ եթե այդ մեկ մարդը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը:
Հետևաբար, Արցախի հայությունը պետք է առանց որևէ նախապայմանի վերադառնա իր բնօրրան, որտեղ իր նախնիներն ապրել են վերջին մոտավորապես երեք հազար տարիներն անընդմեջ:

Իսկ Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգությամբ հայ քաղաքացիների համար էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք հանդիսացող, իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը իշխանությունից հեռացվելուց կամ հեռանալուց հետո անխուսափելիորեն պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ առնվազն Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունը կոպտորեն խախտելու միջոցով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելու մեղադրանքով:

Նիկոլ Փաշինյանին Հայաստանի քրեական դատարանի առաջ կանգնեցնելը բխում է Հայաստանի Հանրապետության պետականության պահպանման և դրա շարունականականության ապահովման հույժ կարևորություն ունեցող անհրաժեշտությունից:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տիրադավ չէ, բայց տիրադավների լեզվով է խոսում

Տիրադավ չէ, բայց տիրադավների լեզվով է խոսում Sun, 03 May 2026 19:45:35 +0400 Կիրանցի եկեղեցու…

13 րոպե ago

Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը

Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Sun, 03…

28 րոպե ago

Հայաստանում ամենաթիրախավորվող հատվածն արցախցիներն են. Գեղամ Ստեփանյան

Հայաստանում ամենաթիրախավորվող հատվածն արցախցիներն են. Գեղամ Ստեփանյան Sun, 03 May 2026 19:15:57 +0400 «Փախածներ, մնայիք…

42 րոպե ago

«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել է

«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել է Sun, 03 May 2026 19:00:28…

58 րոպե ago

Մահաբերի «խաղաղությունը»

Մահաբերի «խաղաղությունը» Sun, 03 May 2026 18:45:16 +0400 Մահաբերը փորձում է համոզել, որ եթե ինքը…

1 ժամ ago

Հունաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղաuպանnւթյան հուշահամալիր

Հունաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղաuպանnւթյան հուշահամալիր Sun, 03 May 2026 18:41:39 +0400 Եվրոպական քաղաքական…

1 ժամ ago