«Հրապարակ». Ես հավատով եմ գնալու ընտրության

«Հրապարակ». Ես հավատով եմ գնալու ընտրության

Thu, 23 Apr 2026 12:15:53 +0400


«Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի ճարտարագետ Անդրանիկ Սուքիասյանը մեր զրույցը սկսեց այսպես. «Առավոտյան տնից աշխատանքի գնալիս ծանոթներս պատմեցին, որ իրենց են մոտեցել տեսանկարահանող սարքերով զինված երիտասարդներ, միկրոֆոնը պարզելով հարցրել՝ մասնակցելո՞ւ եք ընտրություններին: Դրական պատասխանից հետո հարց են տվել՝ ո՞ւմ եք ընտրելու: Պատասխանը մեկն է եղել՝ ընդդիմադիրներին: Երիտասարդները լուռ հեռացել են` հագուստի ետեւի մասում կարդացել են՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Զարմացա`առաջին անգամ տեղեկացա, որ ԿԸՀ-ն բնակչության շրջանում հարցախույզ է անցկացնում, մի՞թե այդպիսի գործառույթ ունի»:

– Թացն ու չորը խառնվել են իրար՝ «գործառույթ-մործառույթի» նայող չկա, իսկ ներկա իշխանությունների ինչի՞ց եք դժգոհ, որ ընդդիմադիր ուժերին եք ընտրելու:

– Այսօրվա իշխանություններին ձայն չտալու այնքան պատճառներ կան, որ ստիպված կլինենք մի քանի օր զրուցել: Միայն մի քանիսը հիշենք: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրերս աննախադեպ մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին, ասելով՝ ինքն է եղել հարավային ուղղությամբ արցախյան ճակատի պատասխանատուն՝ որպես ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, քանի որ այդ ուղղությունը եղել է ԶՈՒ ԳՇ ենթակայության ներքո: Վարչապետն ավտոարշավով ու վարչաբենդով է զբաղված, նա ժամանակ չունի ոչ միայն պետական կարեւորության գործերով զբաղվելու, այլեւ ժամանակ չունի լուրջ մեղադրանքին անդրադառնալու: Գուցե վաղը նոր պոռթկումների ականատես լինենք, ուր կհնչեն «տարանցիկ» բացատրություններ: Իսկ մինչ այդ ի՞նչ պիտի անի մեր «խեղճ» վարչապետը: Կռահեցիք՝ Գյումրիում անհոգ պտույտ անի, այդ «կրիտիկական» պահին էլ օգնության հասավ նրանից մեկ ամիս առաջ բաժանված Աննա Հակոբյանը, որն օգնեց Նիկոլին՝ լուծելու ժողովրդին նոր սենսացիայով որոշ ժամանակ զբաղեցնելու «պետական կարեւորության» խնդիրը: Բոլորի համար պարզ է՝ այս իշխանությունը «մեծահոգաբար» զիջում է հայկական հողերը թշնամուն՝ անգամ «ախ» չքաշելով: Թող մեր ժողովուրդը ուշադրությունն ուղղի մեր վաղվա օրվա վրա, այն իրողությունից ելնելով, թե ինչ է կատարվում հենց Սյունիքի շուրջ։ Դավաճանաբար թշնամուն հանձնվեց Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածը՝ կտրեց կապը Գորիսի եւ Կապանի միջեւ։ Նոր ճանապարհը նույնկերպ թշնամու թիրախի տակ է: Հանձնված է ամբողջ պաշտպանական բնագիծը՝ Գորիսից մինչեւ Կապանի Նոր Հանդ գյուղ, այսպիսով թիրախավորվեցին Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհը եւ սահմանի բոլոր գյուղերը։ Հանձնվեց Սեւ լիճ հատվածի մի մասը, որով թշնամին թիրախի տակ առավ արդեն Գորիս-Սիսիան-Վայոց Ձոր ճանապարհը։ Հետո հանձնեցին Ջերմուկի բարձունքները… Հերթն «աննկատ» հասավ Զանգեզուրի միջանցքին: Այ, սա են նախատեսել մեզ համար Էրդողանն ու Ալիեւը, որոնց նպատակը Սյունիքին տիրանալն է։ Մինչդեռ Սյունիքը Հորմուզի նեղուցի նման մի բան է ցամաքում։ Անգլոսաքսերը պլանավորել են շրջանցել Ռուսաստանը եւ Միջին Ասիայի երկրներից բեռնափոխադրումները դեպի Եվրոպա իրականացնել Ադրբեջանով, այսպես կոչված` ԹՐԻՓՓ-ով կամ, ինչպես Ադրբեջանն է ասում` Զանգեզուրի միջանցքով: Մարդիկ արդեն խոսում են, որ Նիկոլը կրկին գալով իշխանության, հանձնելու է անկլավները, նաեւ Տիգրանաշենը` Քյարքին։ Այս ամենը չհասկանալն առնվազն կուրություն է: Նոր տարածքներ կուզեն, պատրաստակամ Նիկոլը պատերազմի ահ տալով ժողովրդին՝ կզիջի: Հարցն այն է՝ մինչեւ ե՞րբ: Կարծում եմ, վերջ չի ունենալու: Ահա ինչու նրան պիտի զրկենք այդ անելու եւ Ալիեւ, Էրդողան զույգին տված խոստումները կատարելու հնարավորությունից: Նիկոլական վարչախմբակը ոչ միայն տապալել է արտաքին քաղաքականությունը, այլեւ՝ ներքինը: Չունենք արդյունաբերություն, առանց որի երկիրն ապագա չունի: Ցավով եմ հիշում՝ անցյալ տարի ողջ ամառ տեխնիկայի միջոցով կազմաքանդվեցին, փոշի դարձվեցին մի ժամանակ մեծ համբավ ունեցող «Ավտոգենմաշ» գործարանի որոշ մասնաշենքեր, որտեղ արտադրում էին մեծ պահանջարկ ունեցող բարձր որակի ավտոգենային սարքեր: Հիշում եմ՝ մեր քիմգործարանում ծանր ջուր էին ստանում, որն օգտագործվում էր միջուկային զենքի արտադրությունում: Այսօր մեզ պետք չէ՞ր: Կարո՞ղ ենք մատնանշել մի գործարան, մի ֆաբրիկա, թեկուզ «հավաբնի» չափ մի արտադրամաս, որ շարք է մտել վերջին ութ տարում: Գյուղատնտեսության խայտառակ վիճակի մասին ավելորդ է խոսելը: Գյուղի հետ սերտ շփումներ ունեմ, գիտեմ գյուղացու հոգսերը, որոնցից ասես տեղյակ չէ մեր կառավարությունը: Կառավարության ծրագրերը հիշենք. 90 տոկոսով կատարված չեն: Մի բան հիանալի են կատարում՝ տարեցտարի գույքահարկն են բարձրացնում: Դարձել ենք հարկերով ապրող երկիր: Նույնիսկ փլված, կիսակործան շենք-շինությունների համար են հարկ սահմանել: Հաշվի չառնելով դրանց իրական վիճակը, վնասվածության գործակիցը համատարած ընդունելով «մեկ ամբողջ» նիշ: Գործարարը չի կարողանում մուծումներ անել, սնանկ են ճանաչում եւ սեփականատիրոջից վերցնում ունեցվածքը: Մենք ակնադիտական եւ գործիքային եղանակով մասնագիտորեն հետազոտում ենք եւ տալիս համապատասխան եզրակացություն, եւ դա սովորաբար հակասում է իշխանություններին ցանկալի կադաստրային գնահատումներին: Ո՞ր բնագավառում են հաջողության հասել, ավելի ճիշտ՝ ո՞ր բնագավառը լիովին չեն տապալել:

– Ձեր բնագավառն է՞լ եք տապալված համարում:

– Այո: Ես գործունեություն ծավալելու թույլտվություն՝ լիցենզիա եմ ստացել 1995-ին: Դա գիտելիքների ու կարողությունների սովորական ստուգում չէր… պետական «դաժան» քննություն էր: Այժմ մի քանի կեղծ փաստաթղթերով, էլեկտրոնային եղանակով, անհասկանալի գործընթացով կարող են դյուրությամբ ձեռք բերել անգամ նրանք, որոնց մասնագիտական ունակությունների վրա արժե կասկածել: Ես 96թ. մինչ օրս զբաղվում եմ շենք-շինությունների եւ կառուցվածքների տեխնիկական վիճակների հետազոտության եւ եզրակացությունների կազմման աշխատանքներով: Վանաձորի համայնքային իշխանությունները «համագործակցում» են միմիայն իրենց շենքում տեղակայված համապատասխան կազմակերպության հետ: Մի կողմ թողնենք, որ քաղաքային իշխանությունները հետազոտական եւ նախագծային աշխատանքները բյուջեում նախատեսում են միայն մեկ տողով, որն օրենքի կոպտագույն խախտում է, քանի որ դրանք տարբեր բնույթի աշխատանքներ են: Դա գալիս է դեռ նախորդ իշխանություններից, որոնք բավականին գումարներ էին «պարգեւում» հիշյալ կազմակերպությանը, կարծում եմ՝ «չաղլիկ վերադարձով» եւ ոչ սիրուն աչքերի համար: Հիմա էլ ոչինչ չի փոխվել: Պարզ է, որ դա հարմար է նաեւ այսօրվա իշխանություններին: Հետազոտական, նախագծային աշխատանքներ կատարողին գտնելու համար մրցույթներ չեն հայտարարվում անգամ այն դեպքում, երբ պատվերը գերազանցում է 1 միլիոն դրամը: Անցյալ տարի մեզ պատվիրակեցին հետազոտել եւ եզրակացություն կազմել Վանաձոր գետակի վրայի կամրջի տեխնիկական վիճակի մասին: Կազմեցինք: Անցել է 8 ամիս, արված աշխատանքի համար հասանելիք գումարը չեն փոխանցում: Մինչդեռ տարբեր կազմակերպությունների տարբեր աշխատանքների համար փոխանցում են միլիոնների հասնող գումարներ: Նշածս դեպքերն ամենաթողության, անտարբերության, կոռուպցիոն սխեմաների գոյության եւ այլ արատների մասին են խոսում:

– Հույս ունեք, որ իշխանափոխությունից հետո ամեն ինչ կուղղվի՞:

– Ես ոչ միայն հույս ունեմ, այլ նաեւ հավատում եմ: Այդ հավատով եմ գնալու ընտրություններին:

– Եթե գաղտնիք չէ, ո՞ր ուժի հետ եք հույս կապում:

– Գաղտնիք չէ: Շատերի հույսն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը եւ նրա առաջնորդ Սամվել Կարապետյանն է: Նա խոսքի տեր տղամարդ է, ասածն ասած է, գործն էլ՝ գործ: Նա իրար հակասող բան չի ասի: Միայն ես չեմ այդպես մտածում: Սամվել Կարապետյանն է վարչապետի այն թեկնածուն, որի հետ արժե եւ պետք է մեր ժողովուրդը հույսը կապի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դեսպանատների համար նոր շենքե՞ր կկառուցվեն

Դեսպանատների համար նոր շենքե՞ր կկառուցվեն Thu, 23 Apr 2026 13:40:29 +0400 Հայաստանի և Ղազախստանի միջև…

10 րոպե ago

Փաշինյանը կտակարանից կրկին մեջբերումներ է անում

Փաշինյանը կտակարանից կրկին մեջբերումներ է անում Thu, 23 Apr 2026 13:40:23 +0400 Latest news from…

10 րոպե ago

Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Thu, 23 Apr 2026 13:35:49 +0400 2025-ի ամռանը…

15 րոպե ago

ԻՀՊԿ-ն «անակնկալ» ունի ԱՄՆ-ի և Իսրայելի համար

ԻՀՊԿ-ն «անակնկալ» ունի ԱՄՆ-ի և Իսրայելի համար Thu, 23 Apr 2026 13:30:02 +0400 Իսլամական հեղափոխության…

21 րոպե ago

«Այսօր այստեղ ինչ տեղի ունենա, պատասխանատուն Ալեն Սիմոնյանն է»

«Այսօր այստեղ ինչ տեղի ունենա, պատասխանատուն Ալեն Սիմոնյանն է» Thu, 23 Apr 2026 13:27:41 +0400…

23 րոպե ago

Զոհված զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան

Զոհված զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան Thu, 23 Apr 2026 13:26:17 +0400 Latest news…

24 րոպե ago