Հայաստանը մեծապես կախված է ներմուծվող գազից, և այստեղ քաղաքական գործոնը շատ ավելի ուժեղ է, քան շուկայականը

Հայաստանը մեծապես կախված է ներմուծվող գազից, և այստեղ քաղաքական գործոնը շատ ավելի ուժեղ է, քան շուկայականը

Thu, 23 Apr 2026 19:15:32 +0400


«Հրապարակի» զրուցակիցը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է։

– Պուտինի մեսիջը Փաշինյանին՝ վերջին կրեմլյան հանդիպման ժամանակ, կարծես, լրջանում է։ Մոսկվայում այսօր հայտարարեցին, որ եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, կարող է կորցնել իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը։ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի կանխատեսմամբ, աշխատաշուկան, ևս կնվազի 10.5-տոկոսային կետով, գնաճը կաճի՝ 22.6, իսկ ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով՝ ներկայիս մակարդակի համեմատ։ Որքանո՞վ է այս ամենն իրատեսական։

– Նման գնահատականները, որոնք հնչում են Մոսկվայից, պետք է դիտարկել ոչ թե որպես մաքուր տնտեսական մոդելավորում, այլ որպես քաղաքական ենթատեքստ ունեցող սցենարային հաշվարկներ։ Տեսականորեն, եթե Հայաստանը կտրուկ և ոչ համակարգված ձևով դուրս գա ԵԱՏՄ տնտեսական տարածքից և միաժամանակ փորձի ինտեգրվել ԵՄ շուկային, կարճաժամկետ ցնցումներ հնարավոր են՝ հատկապես արտահանման, տրանսֆերտների և աշխատուժի շարժի ոլորտներում։ Սակայն ՀՆԱ-ի 23% անկումը չափազանցված գնահատական է․ նման խոր անկման համար պետք է լինեն միաժամանակ մի քանի ծանր շոկեր՝ առևտրի կտրուկ փլուզում, ներդրումների զանգվածային արտահոսք և ֆինանսական համակարգի ճգնաժամ, ինչը ներկայիս պայմաններում քիչ հավանական է։ Աշխատաշուկայի և գնաճի վերաբերյալ թվերը նույնպես ավելի շատ վախեցնող սցենարների մաս են, քան հավասարակշռված կանխատեսումներ։ Այո, Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների նվազումը կամ աշխատուժի սահմանափակումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ, բայց դա ավտոմատ չի նշանակում երկնիշ կրճատումներ։ Հայաստանի տնտեսությունն արդեն սկսել է դիվերսիֆիկացվել վերջին տարիներին, և այդ գործընթացը որոշ չափով մեղմում է նման ռիսկերը։

– Ռուս պաշտոնյան կանխատեսում է նաև, որ էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գները կշարունակեն աճել, ինչը կհանգեցնի հանրապետությունում կենսամակարդակի զգալի անկման։

– Էներգակիրների գների հարցը իրականում ամենազգայուններից է։ Հայաստանը մեծապես կախված է ներմուծվող գազից, և այստեղ քաղաքական գործոնը շատ ավելի ուժեղ է, քան շուկայականը։ Եթե գազի գինը բարձրանա, դա անմիջապես կազդի թե՛ արտադրության ինքնարժեքի, թե՛ բնակչության ծախսերի վրա։ Բայց կրկին՝ սա ոչ թե անխուսափելի տնտեսական հետևանք է ԵՄ-ին մոտենալու, այլ ավելի շատ բանակցային լծակ։ Հայաստանը կարող է որոշ չափով մեղմել այս ազդեցությունը՝ էներգետիկ դիվերսիֆիկացիայի, վերականգնվող էներգիայի զարգացման և Իրանից գազի ներմուծման հնարավորությունների ընդլայնման միջոցով։

– Հավանաբար հիշում եք, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ապրիլի 2-ին հայտարարեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրը 2025 թվականին նվազել է 5.1 միլիարդ դոլարով՝ Երևանի կողմից ԵՄ-ի հետ մերձեցման հայտարարությունների ֆոնին։ Իսկ ինչպիսի՞ն է ընթացիկ վիճակագրությունը, ի՞նչ միտումներ կան։

– Առևտրի կրճատման մասին թվերը պետք է մանրամասն վերլուծել։ 2025-ին, ըստ հրապարակված տվյալների, իսկապես նկատվել է որոշակի նվազում ռուսական ուղղությամբ, բայց դա պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում։ Մի կողմից՝ նվազել է վերաարտահանման որոշ ծավալ, որը 2022–2023-ին կտրուկ աճել էր։ Մյուս կողմից՝ աճել է առևտուրը ԵՄ-ի, Մերձավոր Արևելքի և Ասիայի որոշ երկրների հետ։ Այսինքն՝ մենք տեսնում ենք ոչ թե պարզապես անկում, այլ կառուցվածքային փոփոխություն։ Հայաստանի տնտեսությունը փորձում է վերաուղղել իր առևտրային հոսքերը, ինչը բնական գործընթաց է աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում։

– Պարզ է, որ Մոսկվայից հնչող նախազգուշացումները, որոնք արվում են տնտեսական «փաթեթավորմամբ», իրականում քաղաքական են։ Այսինքն՝ դրանք կոնկրետ ուղղված են ՀՀ իշխանությունների հակառուսական կուրսին։

– Այո, Մոսկվայից հնչող այս հայտարարությունները, իմ գնահատմամբ, առաջին հերթին քաղաքական են, պարզապես ներկայացված տնտեսական լեզվով։ Դրանք ուղղված են ազդելու Հայաստանի քաղաքական որոշումների վրա՝ ցույց տալու համար, թե ինչ «գին» կարող է ունենալ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը։ Տնտեսական գործիքակազմը այստեղ օգտագործվում է որպես ճնշման միջոց։ Սա չի նշանակում, որ ռիսկեր չկան․ իհարկե կան։ Բայց դրանք պետք է գնահատել սառնասրտորեն, ոչ թե հիպերբոլացված սցենարներով։ Հայաստանի համար կարևոր է ոչ թե ընտրել «կամ-կամ» տրամաբանությունը, այլ կառուցել բազմավեկտոր տնտեսական քաղաքականություն՝ նվազեցնելով կախվածությունը մեկ կենտրոնից և աստիճանաբար բարձրացնելով սեփական դիմադրողականությունը արտաքին շոկերի նկատմամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչքան քիչ խոսեք Փաշինյանի մասին, այնքան կշահի հայ ժողովուրդը

Ինչքան քիչ խոսեք Փաշինյանի մասին, այնքան կշահի հայ ժողովուրդը Wed, 29 Apr 2026 15:45:08 +0400…

16 րոպե ago

Ամիօ բանկը՝ Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր

Ամիօ բանկը՝ Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր Wed, 29 Apr 2026 15:20:02 +0400 Արմավիրում կայացավ…

41 րոպե ago

Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել

Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել Wed, 29 Apr 2026 15:15:48 +0400 Latest news from Secure…

45 րոպե ago

Ինչ վերապահումներ ունեմ Փաշինյանի կառավարության եւ ՔՊ-ի նկատմամբ

Ինչ վերապահումներ ունեմ Փաշինյանի կառավարության եւ ՔՊ-ի նկատմամբ Wed, 29 Apr 2026 15:15:04 +0400 Արձագանքելով…

46 րոպե ago

Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ Ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում

Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ Ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում Wed, 29 Apr 2026 15:06:38 +0400…

54 րոպե ago

Ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել

Ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Wed, 29 Apr 2026…

56 րոպե ago