Երբ քծնողը քծնում է քծնողին

Երբ քծնողը քծնում է քծնողին

Thu, 23 Apr 2026 22:15:06 +0400


Հայաստանի քաղաքական կյանքում ձևավորվել է մի վտանգավոր շղթա՝ իշխանությունը սիրաշահում, գովաբանում է հեղինակություն ունեցող մարդկանց, իսկ «հեղինակությունները»` «սազն առած», գովերգում են նրանց: Արթուր Աբրահամի անունով մարզադպրոց պիտի կառուցվի, դրա համար նա կարող էր շնորհակալ լինել նախաձեռնության հեղինակին՝ բայց չափավոր խոսքով։ Իսկ նա շնորհակալ եղավ՝ սեփական արժանապատվությունը ոտնատակ տալով, ու դրա հետ մերն էլ։ Համաշխարհային համբավ ունեցող մարզիկը, ուրախությամբ լի դեմքով, խոնարհաբար քայլում է իր «առաջնորդի» կողքով և ջերմեռանդ դիֆերամբներ հնչեցնում նրա հասցեին՝ «ձեզ բոլորը սիրում են… 70-80 տոկոսը այստեղ ձեզ սիրում են… ժողովուրդը ձեզ շատ է գնահատում»։ Ժողովուրդը լսեց և, իհարկե, իր ձայնը չգտավ այդ խոսքերում։

Սովորական գովեստը վերափոխվեց քծնանքի։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, պատահական չէր` տասնյակ հազարավոր արձագանքներ հնչեցին սոցցանցերում և լրատվամիջոցներում՝ տարբեր տոնով, տարբեր ձևակերպումներով։ Դեռ երկար կխոսեն, բայց ընդհանուր էր մի բան՝ մերժումը։ Ոմանք մեղմ էին, ոմանք՝ խիստ, բայց պատկերը նույնն էր՝ մարդիկ դժգոհ են իրենց երբեմնի կուռքից։ Երբ այդքան տարբեր մարդիկ նույն անհամաձայնությունն են արտահայտում, դա արդեն անհատական կարծիք չէ․հանրային ազդանշան է։ Մարդիկ, կարծես յոթերորդ զգայարանով, զգացին, որ Աբրահամն, «իր տիրակալին» գովերգելով, ոչ միայն նրա չունեցած փառքը չավելացրեց, այլև սեփականը խամրեցրեց։ Ակնհայտ դարձավ նաև մեկ այլ բան՝ գովաբանության հիմքում ընկած էր շահն ու շահասիրությունը։ Հենց այդ պահին էլ ծնվեց «աներես» քծնանքը։ Ժողովրդին չես մեղադրի, նույնիսկ եթե մի մասը չափազանց խիստ է գնահատել երբեմնի սիրելի Արթուրին։

Ես խստասիրտ չեմ, բայց հիշում եմ Նիկոլո Մաքիավելլիի զգուշացումը՝ «իշխանությունը, որը լսում է միայն հաճելի խոսքեր, կորցնում է իրականության զգացումը», և Արիստոտելի աքսիոման՝ «քծնողը ընկեր չէ, այլ նա, ով ձևացնում է ընկերություն՝ շահի համար»։ Արթուրին կարող էր թվալ, թե իր խոսքերը մեծ տպավորություն թողեցին Նիկոլի վրա։ Սակայն դա այդպես չէ` վարչապետին պետք էր այդ պահը, և նա ստացավ, զգաց քծնանքի «քաղցրությունը», կարճատև հաճույք ստացավ, որ այդ խոսքերը լսեցին հազարավոր մարդիկ։ Երեւի հենց դրա համար արժեր նախաձեռնել այդ անհասկանալի մարզադպրոցի կառուցումը։ Դա էլ իր հերթին քծնանք էր համբավավոր մարզիկին, արված՝ նախընտրական եռուզեռի պայմաններում, շատ նման նախընտրական կաշառքի։ Բայց ինչո՞ւ է նման դպրոցի անհրաժեշտությունը հարցականի տակ։ Ո՞վ է հարցրել նույն ժողովրդին, որի 70-80 տոկոսը սիրում է ՔՊ առաջնորդին, թե ինչ իմաստ ունի այդ մարզադպրոցը։ Հազարամյակներ առաջ Հռոմի Կոլիզեյում գլադիատորները միմյանց դեմ էին դուրս գալիս՝ զվարճացնելու ամբոխին։ Այսօր սրերն ու վահանները փոխարինվել են բռունցքներով ու «քացիներով», իսկ հանդիսատեսը՝ տաքուկ աթոռներում նստած, շարունակում է հրճվել պայքարով նույն եռանդով, ինչ որ դարեր առաջ՝ Հին Հռոմում:

Արթուր, դու հաջողակ «գլադիատոր» ես եղել, հասել ես մեծ համբավի և ողջ ես մնացել։ Բայց արդյո՞ք այսօր ամենակարևորն այդ մարզադպրոցն է, որտեղ պիտի «արտադրվեն» նոր «գլադիատորներ»։ Ժողովուրդը հավանություն տվե՞լ է դրան, թե դա մեկ մարդու միահեծան որոշում է։

Հիշենք, որ միևնույն ժամանակ փակվելու են հանրապետության 231 հանրակրթական դպրոցներ։ Արթուր, գիտակցո՞ւմ ես, թե ինչ է նշանակում սահմանամերձ գյուղի դպրոցի փակումը։ Դա նշանակում է՝ գյուղի դատարկում, բնակչության հեռացում, կյանքի դադար։ Ինքդ քեզ հարց տվե՞լ ես՝ այդ դատարկ տարածքները ո՞ւմ համար են։ Հիշեցնենք՝ խոսվում է 300,000 ադրբեջանցիների «Արևմտյան Ադրբեջանում» վերաբնակեցման մասին, որը նույնացվում է Հայաստանի տարածքի հետ։ Արդյո՞ք գիտակցում ես դրա հետևանքները։ Դու, որպես ռինգի արքա, կարող ես չիմանալ այս ամենը, բայց կարող ես փորձել ինքնուրույն վերլուծել և հասկանալ՝ արդյո՞ք իրականում ժողովուրդը «գժվում է» Նիկոլի համար։

Մի փաստ ևս․ քո անունով կառուցվող մարզադպրոցը ֆինանսավորվում է ոչ թե մեկ մարդու անձնական միջոցներով, այլ հանրային հարկերից։ Նույն ժամանակ «կումիրդ» հնչեցնում է հայտարարություններ, որոնցով արդարացնում է պատերազմական մեր կորուստները։ Արդյո՞ք լսել ես այն մայրերին, ովքեր զավակ են կորցրել: Արդյո՞ք նկատել ես մարդկանց անհանգստությունը երկրի անվտանգության, սահմանների և ապագայի վերաբերյալ։ Հանրությունը չի ապրում վակուումում։ Այն հիշում է պատերազմը, զոհերին, տեղահանությունը, անվտանգության խնդիրները։ Սրանք քաղաքական լոզունգներ չեն, այլ հազարավոր ընտանիքների իրական կյանքը։ Երբ այս ամենի ֆոնին հնչում են սիրո մասին հայտարարություններ, դրանք ընկալվում են ոչ թե որպես դիրքորոշում, այլ որպես իրականության կեղծում։ Որովհետև երբ ունես խոսքի ուժ, հեղինակություն և հնչեցնում ես նման գնահատականներ, դա դառնում է պատասխանատվություն՝ ոչ միայն խոսքի, այլև հետևանքների համար։

Խնդիրը միայն դու չես։ Այն վերաբերում է բոլոր նրանց, ովքեր հեշտությամբ հայտարարում են, թե «բոլորը սիրում են», «բոլորը աջակցում են»՝ առանց լսելու իրական մարդկանց ձայները։ Մարդիկ հիշում են պատերազմը, զոհերին, վիրավորներին, տեղահանությունը, անվտանգության բարդ իրավիճակը, ապագայի անորոշությունը։ Ժողովրդի անունից խոսելը պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն։ Եվ երբ այդ խոսքը չի համընկնում իրականության հետ, այն դադարում է լինել աջակցություն։ Այն դառնում է ամոթալի քծնանք: Երկիրը դանդաղ, բայց վստահ շարժվում է վտանգավոր ուղղությամբ, իսկ հասարակությունը հաճախ հանդես է գալիս որպես լուռ դիտորդ։ Պետական պարտքն աճում է, բայց չի վերածվում կայուն զարգացման հիմքերի՝ արտադրության, գիտության կամ աշխատատեղերի։ Փոխարենը՝ հաճախ վերածվում է կարճաժամկետ շահերի գործիքների։ Ահա այն հարցերը, որոնք կամ անտեսվում են, կամ դիտավորյալ շրջանցվում։ Ահա հարցերը, որոնք դու անտեսելով՝ գովաբանում ես այդ ամենի մեղավորին՝ առանց ժողովրդի համաձայնության:

Մտածիր, Արթուր։ Ժամանակ դեռ կա՝ վերանայելու, վերագնահատելու և, եթե պետք է (իհարկե՝ պետք է) նաև ներողություն խնդրելու։ Այո, դեռ կա ժամանակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոչ մի հայ չի կարող ուրանալ Եղեռնը, հիշեք, մեր զորությունը մեր միության մեջ է

Ոչ մի հայ չի կարող ուրանալ Եղեռնը, հիշեք, մեր զորությունը մեր միության մեջ է Fri,…

2 ժամ ago

Ապրիլի 25-ին՝ ժամը 00։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 05։00-ն կսահմանափակվի երթևեկությունը

Ապրիլի 25-ին՝ ժամը 00։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 05։00-ն կսահմանափակվի երթևեկությունը Thu, 23 Apr 2026…

3 ժամ ago

Նախիրը` միջպետական ավտոճանապարհին

Նախիրը` միջպետական ավտոճանապարհին Thu, 23 Apr 2026 23:45:00 +0400 Տարիներ շարունակ Դիլիջան քաղաքում և միջպետական…

3 ժամ ago

Շուրջ 30 բյուրեղավանցի ստացիոնար բուժում է ստանում

Շուրջ 30 բյուրեղավանցի ստացիոնար բուժում է ստանում Thu, 23 Apr 2026 23:29:42 +0400 Օրերս Բյուրեղավան…

4 ժամ ago

Սա հեչ, Նիկոլն ի՞նչ է բարբաջում․ Արմեն Աշոտյան

Սա հեչ, Նիկոլն ի՞նչ է բարբաջում․ Արմեն Աշոտյան Thu, 23 Apr 2026 23:17:56 +0400 Latest…

4 ժամ ago

Մենք կվերադառնանք Արցախ․ սերունդները վերադարձնելու են իրենց հայրենիքը

Մենք կվերադառնանք Արցախ․ սերունդները վերադարձնելու են իրենց հայրենիքը Thu, 23 Apr 2026 23:11:26 +0400 Latest…

4 ժամ ago