ԵՄ-ն և բարոյական աջակցությունը
Fri, 24 Apr 2026 18:15:42 +0400
Հայաստանին ցուցաբերվող ԵՄ բարոյական աջակցությունը շատ նման է Արցախի ՊԲ-ին Աննա Հակոբյանի ցուցաբերած բարոյական աջակցությանը: Եթե փորձեմ ձևակերպել, ապա այդ աջակցությունը կարտահայտվի այսպես՝ մենք ձեր կողքին ենք, բայց որ ձեզ «դոմփեն», ոչնչով օգնել չենք կարող: Եվ հիմա Հայաստանը, իսկ ավելի ստույգ ՀՀ իշխանությունները, կանգնած են երկընտրանքի առջև՝ ի՞նչ անել, ԵՄ բարոյական աջակցությունն ընդունել ի գիտություն և գնալ առճակատման Ռուսաստանի հե՞տ, թե՞ հաշվի նստել այն բոլոր դժվարությունների հետ, որ սպասում են Հայաստանին՝ ՀՆԱ-ի 23 տոկոսով նվազման, շուկաների կորստի, գազի և մյուս էներգակիրների գների բարձրացման, ժողովրդի կենսամակարդակի և աշխատատեղերի կրճատման տեսքով: Սա մի հարց է, որ, իմ համեստ կարծիքով, ՀՀ իշխանությունները պարտավոր են քննարկել սեփական ժողովրդի հետ: Փաշինյանն էլ Մոսկվայում ասաց, որ կանենք այնպես, ինչպես ժողովուրդը կորոշի: Այդ պահն, ասաց, դեռ չի եկել: Հետևաբար, հույս կա, որ Երևանում տեղի ունենալիք ԵՄ սամմիթում ՀՀ իշխանությունները կդրսևորեն ադեկվատ վարք և կփորձեն ԵՄ-ից ոչ միայն բարոյական աջակցություն հայցել, այլև որոշակի երաշխիքներ, որ Հայաստանը չի դառնա Վրաստան, իսկ որ ավելի վատ է՝ Ուկրաինա: Մենք արդեն իսկ ունենք տարածքային կորուստներ, ինչպես Վրաստանն ու Ուկրաինան, և արդյոք, մենք նոր կորուստներ չե՞նք ունենա ԵՄ-ին անդամակցության ճանապարհին, եթե գործընթացները գնան այդ ուղղությամբ: Թեկուզ մի այսպիսի պարզ հարց դնել ԵՄ-ի առաջ՝ դուք երաշխավորո՞ւմ եք հայկական գյուղմթերքի անարգել արտահանումը եվրոպական շուկաներ և կամ՝ պատրա՞ստ եք կոմպենսացնել մեր առջև ԵԱՏՄ շուկաների փակումից առաջացած դժվարությունները:
Վստահաբար, ԵՄ-ն, ինչպես և վայել է բարոյական աջակցություն ցուցաբերողին, առանց որևէ երաշխիք տալու, մեզնից կպահանջի համարձակ քայլեր: Դե, օրինակ, այնպիսի քայլեր, ինչպիսիք էին՝ միտումնավոր պատերազմ հրահրելն ու պարտվելը, սեփական տարածքների օկուպացիայի հետ հաշտվելը, Իրանի հետ սահմանից իդիոտաբար հրաժարվելը, Սահմանադրությունը փոխելու պատրաստակամություն հայտնելը, Հայոց ցեղասպանությունն ուրանալը և այլն, և այլն: ԵՄ տանող ճանապարհը, կարծես, այսպիսի խիզախ քայլերից է կազմված: Դա է ցույց տալիս նաև Հայաստանին ներկայացվող «պահանջագիրը»՝ դուք պետք է անեք սա, սա, սա, իսկ մենք Բրյուսելում կորոշենք՝ ինչպես վարվել ձեզ հետ: Եվ, ամենակարևորը՝ մենք ոչինչ չունենք ձեզ տալու, բարոյական աջակցությունից բացի:
Պատահականությո՞ւն է, արդյոք, որ ԵՄ գագաթաժողովը Երևանում է անցկացվում ՀՀ ԱԺ ընտրությունների նախաշեմին: Բնականաբար՝ ոչ: Ընտրությունները լավագույն առիթն են տվյալ երկրի իշխանություններին «համարձակ» քայլերի դրդելու համար: Վերարտադրման ցանկությամբ տոգորված իշխանություններն աչքի են ընկնում առաջին հերթին իրենց անշրջահայացությամբ և ունակ են «ամենահամարձակ» քայլերի, միայն թե ընտրություններում չպարտվեն և չենթարկվեն պատասխանատվության իրենց նախընթաց «համարձակությունների» համար: Ի՞նչ կարող է ԵՄ-ն խոստանալ ընտրությունների գնացող ՀՀ իշխանություններին: Երկու բան՝ փող և բարոյական աջակցություն, որ աչք կփակի բոլոր այլանդակ ընտրակեղծիքների վրա, չի նկատի ընդդիմության նկատմամբ կիրառվող բռնաճնշումներն ու հանրության ձայնը ուժայիններով լռեցնելու փորձերը: Արեք ամեն ինչ, վերարտադրվեք՝ մենք տեր ենք… Իսկ հետո՞, իսկ հետո թեկուզ ջրհեղե՞ղ: Կներեք, հարգելի ԵՄ, բայց մենք չենք ուզում ոչ մոլդովական սցենար, ոչ ուկրաինական: Մենք ուզում ենք, որ Հայաստանը ձեր և ձեր դրդմամբ «նոր խիզախությունների» գնացող իշխանության պատճառով չդառնա պատերազմական բախումների թատերաբեմ: Դուք ՀՀ-ին դրդում եք Ռուսաստանի դեմ նոր ճակատ ձևավորելու, իսկ դա, շատ կներեք, մեզ համար առաջնահերթություն չէ: Ինքներդ ձևավորեք այդ ճակատը, եթե դա լավ է: Արդեն քանի տարի է՝ Ուկրաինայի թիկունքում պատսպարված եք կռվում Ռուսաստանի դեմ: Կանգնեք ու մարդավարի կռիվ արեք, ինչո՞ւ եք փախչում ուղիղ առճակատումից: Ուկրաինան վերջանում է, իսկ դուք դեռ բարոյական աջակցությամբ եք զբաղված այնտեղ:
ՀՀ ողջամիտ վարչապետը կչեղարկեր ԵՄ երևանյան գագաթաժողովն ու եվրոպացիներին կուղարկեր տուն: Կասեր՝ շատ ներողություն, բայց մենք պատերազմական թատերաբեմի վերածելու հայրենիք չունենք: Բայց ո՞ւր է Հայաստանին էդ բախտը: Կապիտուլյանտներն ու հանցագործները պատրաստ են նորանոր կապիտուլյացիաների և հանցագործությունների, միայն թե մնան իշխանության և պատասխան չտան երկիրը կործանման հասցնելու համար: