Ազատենք Նիկոլին թշնամու առաջ սողալով խաղաղություն մուրալու անպատվությունից
Sat, 25 Apr 2026 19:15:54 +0400
Թերի բարձրագույն կրթությամբ Նիկոլը, աչքիս՝ տեղյակ չէ, որ թշնամու պահանջը կատարելը ոչ թե ինքնիշխանության, այլ ենթարկվածության դրսեւորում է: Լինի այն անհատ անձանց, խմբերի կամ երկրների առումով: Տեղյակ չէ, որ ռազմական առումով հովանավոր երկրի առկայության պարագայում հնարավոր է ունենալ մեծ ինքնիշխանություն: Ընդսմին, ավելի մեծ, քան՝ եթե քո ղեկավարած երկիրը ձեւականորեն անկախ է, սակայն իրականում շարժվում է թշնամու նշած հետագծով: Այս առումով հիշենք Իսրայելի ու ԱՄՆ-ի փոխհարաբերությունները:
Օրինակ, թշնամին պահանջում է մեր Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը, ու ինքը ստիպված է հանրաքվե հրավիրել՝ դա անելու նպատակով: Եվ որպես հիմնավորում, իրականում՝ չհիմնավորում, նշում է, թե իրեն բաժին հասած իշխանության պայմաններում ինքը ստիպված է հաղթահարել փաստաթղթային կոնֆլիկտայնությունը: Ինքը, իհարկե, իրեն դնում է հայտնի կենդանու տեղը, նույնիսկ իրեն չխոստովանելով, որ թշնամի երկրում Հայաստանի առումով կոնֆլիկտայնությունն առկա է թե՛ փաստաթղթային եւ թե՛ պաշտոնական խոսույթի ու, այսպես կոչված, գիտական ուսումնասիրությունների ոլորտում:
Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ներկայացնեմ վերջին ճեպազրույցից մի հատված: Լրագրողներից մեկը խնդրում է վերաբերմունք արտահայտել ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու՝ կառուցված 2007-ին, հիմնահատակ քանդելու վերաբերյալ: Նույն ոճրագործությունը, ի դեպ, արվել է Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի (օծված 2019թ.) առումով: Եկեղեցիներ քանդելը հասկանալու համար, ինչպես կարելի էր ընկալել Նիկոլի խոսքից, մի ողջ կյանք է անհրաժեշտ: Նաեւ մեկ այլ կյանք է անհրաժեշտ, որպեսզի հասկանա, որ տվյալ դեպքը բացարձակ առնչություն չունի աստվածաշնչյան «մի դատեք, որ չդատվեք» գաղափարի հետ, ինչը նա օգտագործեց այդ դեպքի առնչությամբ՝ փորձելով հիմնավորում գտնել:
Ադրբեջանցիների կողմից եկեղեցիներ քանդելը հիմնավորվեց որպես սեփական տարածքում անօրինական կառույցների վերացում: Ինքը, իհարկե, տեղյակ էր այդ հիմնավորմանը, որովհետեւ եթե ես եմ տեղյակ, ուրեմն ինքն ավելի քան պետք է տեղյակ լիներ դրան: Սակայն դա կրկնելը նախընտրական ժամանակաշրջանում սխալ կլիներ: Ու այդ պատճառով էլ, այլ տարբերակ չգտնելով, անհեթեթ հիմնավորում ներկայացրեց, ինչը նորմալ է՝ հաշվի առնելով նրա կողմից անընդհատ անհեթեթություններ բարձրաձայնելը: Ի վերջո, հո չէ՞ր ասելու, որ ադրբեջանցի զավթիչները կատարել են հերթական հանցագործությունը՝ ավերելով այդ եկեղեցիները:
Մեկ ուրիշ հարց. երբ նա իբրեւ թե փորձում է պետությունն ազատագրել կոնֆլիկտայնությունից, գիտակցում է, որ դա Հայաստանին ոչինչ չի տալու: Թշնամին ընդամենը կընդունի մի պահանջի կատարումը եւ կբարձրաձայնի մեկ այլ պահանջ, ու ինքը ստիպված կլինի շարունակել դրանց՝ բոլորի կատարումը: Արդյունքում ինքը կմնա «Արեւմտյան Ադրբեջանի» կառավարիչ: Ճիշտ է, շատ կարճ ժամանակահատված, բայց ինքը համաձայն է նաեւ այդ տարբերակին, քանի որ չունի այլընտրանք: Ավելի ճիշտ, այլընտրանքն իշխանությունից զրկվելն ու բանտում հայտնվելն է, ինչը կպահպանի իր կյանքը, քանի որ դրա այլընտրանքը կարող է լինել Լինչի դատաստանը: Ու այդ այլընտրանքներից խուսափելու միակ ճանապարհը վերարտադրվելն է եւ Հայաստանի պետական շահերի հաշվին ադրբեջանական պահանջները բավարարելը: Ու մի օր էլ թշնամու պահանջներից մեկը կվերաբերի ցեղասպանության հիշատակումը դադարեցնելուն: Ճիշտ այնպես, ինչպես այսօր արվում է Արցախի կապակցությամբ:
Այսօր ապրիլի 24-ն է, հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը, ու մեր բոլոր անմեղ զոհերի հիշատակի պահպանման առումով լավագույն միջոցը կլիներ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությանը մեկ մարդու նման մասնակցելն ու Նիկոլի ՔՊ-ին մերժելը, ինչը մեզ դուրս կբերեր սատանայական այն շրջանակից, որի մեջ ենք գտնվում 2021-ից այս կողմ: Դրանով վերջապես կազատվի նաեւ ինքը, կազատվի թշնամու կողմից իրենց անընդհատ հասցվող ստորացումներից, նույն այդ թշնամու առաջ սողալով խաղաղություն մուրալու անպատվությունից: Ու մեզ էլ հնարավորություն կընձեռի՝ վերականգնելու մեր ազգային արժանապատվությունը: