Ատելության մթնոլորտը չշիկացնելու համար խոսեք Ձեր ամուսնու հետ․ հոգեբանը՝ Աննա Հակոբյանին
Sun, 26 Apr 2026 16:00:53 +0400
Սիրող սրտերը վերամիավորվեցին։ Հասարակության զգալի հատվածը սրտատրոփ սպասում էր այդ իրադարձությանը։))
Իսկ թե ինչու նախորդ վերլուծությունս ուներ գրեթե 1 մլն դիտում՝ 5 մլն-ի փոխարեն, հիմա կպարզաբանեմ:
⭣
https://www.facebook.com/share/p/1AvGtSi47e/?mibextid=wwXIfr
Ես որևէ քաղ. ուժի ներկայացուցիչ չեմ և պատվեր չեմ կատարում, ինչպես շարունակաբար պնդում է իշխանական քարոզչամեքենան՝ գրեթե բոլոր հրապարակումներիս մեկնաբանություններում, անձնական նամակներով և անգամ լուսանկարներիս տակ՝ անտեսելով այն փաստը, որ ունեմ հայտնի վերլուծություններ, որոնցում ժամանակին դրական էի ներկայացնում Ն.Փ.-ին, և որոնք իշխանական լրատվամիջոցները ակտիվ տարածում էին։
Նպատակս բուլինգը և վիրավորանքը չէ, այդ իսկ պատճառով Ա.Հ.-ի հասցեին հնչեցված հայհոյանք, վիրավորանք և զրպարտանք պարունակող բոլոր մեկնաբանությունները թաքցրել եմ՝ դրանով իսկ կանխելով հետագա զարգացումները։ Նույն տրամաբանությամբ ժամանակավորապես հեռացրել էի նաև հրապարակված լուսանկարը։
Փորձում եմ օբյեկտիվ լինել իմ վերլուծություններում։ Ես հոգեվերլուծաբան եմ (психоаналитик), ոչ թե քաղվերլուծաբան։ Վերլուծություններս քաղաքական չեն, բայց քանի որ վերաբերում են քաղ. գործիչներին, բնական է, որ քաղաքականացվում են։
Էպիկն այն է, որ մեկնաբանություններում հակաիշխանական որոշ ուժեր ինձ մեղադրում են նրանում, որ վերլուծություններս չափազանց մեղմ են, պահպանողական և անգամ՝ տիպիկ ՔՊ-ական՝ չհասկանալով, թե ում էջում են և ինչ մասնագիտության տեր է հրապարակման հեղինակը։
Թե՛ հոգեվերլուծաբանը, թե՛ քաղվերլուծաբանը ունեն հստակ էթիկական կոդեքս, և սուբյեկտիվ կարծիքը կամ հույզերը որպես փաստ ներկայացնելը, առավել ևս՝ վիրավորանքը, նշանակում է մեկ բան՝ պրոֆեսիոնալիզմի բացակայություն։
Ըստ էության, հենց պրոֆեսիոնալիզմի պակասն է պատճառը, որ չկա գեթ մեկ հայ քաղվերլուծաբան, ում ես ցանկություն ունեմ լսելու։
Չեմ տրվել իշխանական բոտերի պրիմիտիվ և սադրող մեկնաբանություններին՝ հոյակապ հասկանալով, թե ինչ է իրենից ներկայացնում քաղաքականությունը և ինչ մեթոդներ են կիրառվում բոլոր նրանց հանդեպ, ում հանրային խոսքը կշիռ ունի։
Ես աստվածապաշտ մարդ եմ և հոյակապ գիտակցում եմ, որ ամեն ինչ այս կյանքում ունի հետևանքներ։ Կարմայի օրենքն ասում է՝ «այն, ինչ անում է դիմացինդ՝ դա նրա կարման է, այն, ինչպես դու ես արձագանքում՝ քոնը»։ Կարմայի օրենքի վառ ապացույցը հենց Ն.Փ.-ի իշխանությունն էր, որն անցավ այն ամենի միջով, ինչում մեղադրում էր նախկիններին և դեռ պիտի անցնի։
Աննա Հակոբյանն իր ելույթում ասաց, որ իրեն բավարար վիրավորել են, փորձեց զոհ ձևանալ և խղճահարություն առաջացնել։
Ա՛ննա, Դուք խոսում եք կրթությունից և ընթերցանությունից, բայց Ձեր խոսքը չի համընկնում իրականության հետ։ Դուք ունակ չեք կրթել սեփական ամուսնուն, ՔՊ-ի կազմում գտնվող բազմաթիվ անկիրթ կանանց և տղամարդկանց, և խոսքը միայն նեղ մասնագիտական կրթության մասին չէ։ Մի՞թե կարելի է ուրիշներին սովորեցնել այն, ինչ սեփական կյանքում և աշխատանքում չի կիրառվում։ Մինչ հասարակությանը որևէ բան ասելը, նախ պետք է ինքներդ համապատասխանեք դրան։
Գրքեր կարդալու մասով՝ կարևոր չէ գիրքը, կարևոր է, թե ով է այն կարդում։ Ի վերջո, մարդն իր մտահորիզոնից վեր ընկալելու ունակ չէ։ Սա՝ ձեզ հետագայի համար։
Դուք կին եք, մայր եք, ունեք երեք դուստր, ովքեր ապրում են և ապրելու են այս երկրում։ Այդ ատելության մթնոլորտը չշիկացնելու համար խոսեք Ձեր ամուսնու հետ, որպեսզի այն ամենը, ինչից Դուք այդքան բողոքում եք, չկիրառվի կանանց հանդեպ, ովքեր, Ձեր ամուսնու ասած, Հայաստանի հպարտ քաղաքացիներ են և ունեն ազատ խոսքի իրավունք։ Եթե Ձեզ չեն վիրավորում և չեն հայհոյում, ապա Դուք ևս մի՛ վիրավորեք և մի՛ հայհոյեք. ի վերջո, այդ ամենը թուլության և ապիկարության նշան է։
Թեև ֆորմալ առումով ազատ խոսքի իրավունք ունենք, սակայն գործնականում քարոզչամեքենան վիրավորանքների միջոցով փորձում է սահմանափակել այն։ Այդ ճնշումներին ոչ բոլորը կարող են դիմակայել, արդյունքում նույնիսկ չեզոք մարդիկ երբեմն միանում են հակաիշխանական ուժերին։
Նման դեպքերը բազմաթիվ են։
Մտածող և ուժեղ մարդուն հնարավոր չէ վախեցնել կամ լռեցնել, և դուք այդ մասին քաջատեղյակ եք։
Սոցցանցերի ի հայտ գալուց ի վեր ես ունեցել եմ հայտնի հարթակներ։ Բլոգեր եմ եղել դեռևս 2007–2009թ-ին, երբ շատերը դեռ չէին պատկերացնում, թե ինչ է բլոգը և ով է բլոգերը։ Իմ ռուսալեզու ինտելեկտուալ բլոգը ընթերցվել է հետխորհրդային երկրներում։
2019 թ.-ին ստեղծել եմ «Ալտերնատիվ Տեսակետ» հարթակը՝ ներկայացնելով հայ իրականությունը, որը հաշված օրերի ընթացքում ձեռք բերեց հայտնիություն։
Ինքս բազմիցս ենթարկվել եմ բուլինգի՝ անգամ իրենց հոգեբան համարող, անկայուն փսիխիկայով և պրոֆեսիոնալ առումով չկայացած մարդկանց կողմից։ Զվարճալին այն է, որ ինձ բուլինգի ենթարկած մարդիկ թե՛ սոցցանցերում, թե՛ իրական կյանքում հետևում են ինձ, փորձում են նմանվել, կրկնօրինակել, ինչպես նաև շփման ուղիներ գտնել։ Այստեղ տեղին է հիշել հայտնի ասացվածքը՝ «աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց՝ խակ է»։
Ասածս այն է, որ ես նախանձելի իմունիտետ ունեմ, և ինձ հնարավոր չէ վախեցնել կամ լռեցնել։ Եթե Դուք ազդեցություն ունեք Ձեր ամուսնու վրա, իսկ ես գիտեմ, որ ունեք, քանի որ ինքներդ ուժեղ կին եք, և ինձ դուր է գալիս թե՛ ձեր համարձակությունը, թե՛ հասարակության անկիրթ խավի սահմանափակ «կանոններին» չենթարկվելու կարողությունը, ապա ինքներդ թույլ չեք տա, որ ձեր ամուսնու կողմից ստեղծված քարոզչամեքենան թիրախավորի կանանց, ովքեր առանց որևէ վիրավորանքի օգտագործում են ազատ խոսքի իրենց իրավունքը։
Anna Hakobyan
Քանի որ դեռ 2016թ-ից ի վեր արգելափակված եմ Ն.Փ.-ի էջում,(այն տարիներին Մոսկվայում էի բնակվում), նրան նշել չեմ կարող, բայց վստահ եմ, որ կփոխանցեն:
Հոգեվերլուծաբան՝ Լինդա Դավթյան