«Հրապարակ». Ինչը կարելի է Փաշինյանին ու նրա կնոջը, չի կարելի ընդդիմադիրներին
Tue, 28 Apr 2026 09:15:52 +0400
Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումով գործող իրավապահ կառույցներն ամենօրյա ռեժիմով քրեական հետապնդումներ են իրականացնում հունիսի 7-ին հայտ ներկայացրած ընդդիմադիրների, գլխավորապես՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների եւ համակիրների նկատմամբ: Զանգվածային խուզարկություններ, բերման ենթարկել, մեղադրանքներ` Ընտրական օրենսգիրքը խախտելու համար։ Արտաշատի, Արմավիրի, Շիրակի մարզի գրասենյակային աշխատողներն են թիրախում՝ իբր ընտրակաշառք բաժանելու համար։ Հետո պարզվեց, որ ոչ թե ընտրակաշառք, այլ կուսակցական գործունեության համար մարդկանց աշխատավարձեր են տվել։
Օրենսդրության համաձայն՝ ընտրակաշառք է համարվում ընտրողին կամ հանրաքվեի մասնակցին գումար, գույք, ծառայություն կամ որեւէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը՝ նրա քվեարկության վրա ազդելու նպատակով։ Սա կարող է արտահայտվել ինչպես ուղղակի վճարումների, այնպես էլ տարբեր «թաքնված» ձեւերով՝ նվերների, ծառայությունների կամ արտոնությունների տրամադրմամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին ձերբակալեցին, ապա մեղադրանք առաջադրեցին բարեգործության արգելքը խախտելու համար։ Ղումաշյանը տարիներ շարունակ գործող իր «Անմահ գունդ» կազմակերպության անունից նվերներ է հանձնել վետերաններին, եւ ձերբակալությունն իրականացրել էին ոչ թե նվեր տալու առիթով, այլ այդ մասին հեռախոսային խոսակցության գաղտնալսման, որը հետեւանք չէր ունեցել, այսինքն` նվերը չէր հանձնվել: Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ չկա որեւէ հատված, որտեղ Ղումաշյանը քարոզչություն է անում կամ քվեի դիմաց նվեր խոստանում:
Մինչդեռ իրավապահներն աչք են փակում վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործությունների վրա։ Երեկ էլ Հակակոռուպցիոն կոմիտեն բերման ենթարկեց արցախցի լեգենդար հետախույզ Կանդազին՝ Արթուր Ավանեսյանին, որն իբր հեռախոսային զրույցներում աշխատանքի խոստում է տվել զինվորականներին։ Տպավորություն են ստեղծում, որ Սամվել Կարապետյանի թիմն ամենօրյա ռեժիմով ընտրակաշառք է բաժանում, խախտում բարեգործության, ընտրական խոստումներ տալու մասին օրենսդրական դրույթը, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ ու թիմակիցների բաց-հրապարակային աշխատանքային, քարոզչական այցերի ընթացքում տասնյակ բացահայտ դեպքերի ենք ականատես լինում, որոնք իրավական հետեւանք չեն ունենում։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որն «Ուժեղ Հայաստան» կուսակցության եւ աջակիցների շահերն է պաշտպանում քննչական մարմիններում, դատարաններում, երեկ մեզ վստահեցրեց, որ իրենք եւս իշխանության գործողություններում բազում նմանատիպ դեպքեր են արձանագրել եւ դիմել են իրավապահներին, սակայն գործ ունենք խտրական արդարադատության հետ` որեւէ դիմում մինչ այս պահն ընթացք չի ստացել։ «Մենք իրավական ողջ գործիքակազմից օգտվում ենք եւ համապատասխան ամեն քայլ անում ենք։ Բազմաթիվ անգամներ դիմել եմ հանցանքի մասին հաղորդմամբ, նաեւ՝ Փաշինյանի կողմից ընտրակաշառքի խոստման վերաբերյալ, երբ Երեւան քաղաքում քաղաքացուն խոստանում էր 12 հազար դրամ օրական աշխատավարձ եւ առաջարկում էր բերել նաեւ ընկերներին ու պատրաստակամություն հայտնում նրանց էլ աշխատանքի տեղավորել։ Այս դեպքով անձամբ ես եմ դիմել, կան բազում այլ դեպքեր, որոնցով ուրիշ փաստաբաններ էլ են դիմել։ Կոնկրետ իմ դիմումին քննչական մարմինները պատասխանել են, որ վարչապետի կողմից դա եղել է կարծիք, բայց ոչ խոստում կամ ընտրակաշառք։ Այսինքն, երկակի մոտեցում են ցուցաբերում, մի դեպքում համարում են ընտրակաշառք, մյուս դեպքում՝ կարծիք։ Անկախ իրավապահների աշխատանքից, մենք շարունակում ենք գործել, ձեռքներս ծալած չենք նստում, յուրաքանչյուր դեպք արձանագրվում է եւ հաղորդում ներկայացվում»,- վստահեցնում է փաստաբանը՝ ընդգծելով, որ իրենք այդ դեպքերը քարոզչական դրոշակ չեն դարձնում, ինչպես իշխանություններն են անում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հարցում՝ նպատակ ունենալով վարկաբեկել այդ ուժին։ Օրինակ, այցերից մեկի ժամանակ էլ Փաշինյանը մարզպետին հանձնարարում էր քաղաքացուն աշխատանքով ապահովել կամ նախարարներին հորդորում էր հետամուտ լինել քաղաքացիների խնդիրներին եւ այլն:
Փաստաբանը, պատասխանելով մեր հարցին, վստահեցնում է, որ նմանատիպ դեպքերով չեն կարող կուսակցության գրանցումը կասեցնելու, չեղարկելու հիմքեր ստեղծել։ Նա հիշեցնում է, որ այդ մասին իրենք՝ իշխանականներն էլ են հայտարարել, որ իրավական ճանապարհով չեն կարող դա անել․ «Ընդհանրապես, ուշադրություն դարձրեք, որ ոչ մի միջնորդություն անգամ կալանքների մասով չի բավարարվել, բացառությամբ մեկ անձի մասով, մնացած բոլոր դեպքերում միջնորդությունները կա՛մ մասնակի են բավարարվել, կա՛մ ամբողջությամբ մերժվել անգամ հիմնավոր կասկածի դեպքում»։
Փաստաբան Տարոն Սիմոնյանն էլ, որը Գոհար Ղումաշյանի շահերն էր ներկայացնում, կարծում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները պետք է բարձրաձայնեն իշխանության գործողությունները, քանի որ իշխանությունն ակնհայտորեն իր արարքների մեջ հանցակազմ չի տեսնում, փոխարենը ընդդիմության համանման գործողություններով իրավապահներն են զբաղվում․ «Ընդդիմադիր գործիչների արարքներում, որոնց հետ ես շփվել եմ, հանցակազմ չկա, քննիչներն էլ չեն թաքցնում, որ գործն անում են ու այդ սկզբունքով են անում։ Սահմանադրական դատարանն էլ աշխատակարգային որոշում տվեց, չէ՞, ապրիլի սկզբին եւ մեկնաբանեց անուղղակի, որ սա ուղղակիորեն պետք է կապվի ընտրական գործընթացի հետ, եթե այդպես ուղղակի խոստումներ են տալիս, դա ոչ մի բան է։ Հիմա ես էլ իմ գրասենյակով կրթաթոշակ եմ տալիս համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին՝ արդեն 10 տարի է։ Հիմա ի՞նչ` դադարեցնե՞մ, չնայած կուսակցական չեմ, չեմ մասնակցում, բայց հնարավոր է, չէ՞, մի քննիչի մտքով անցնի, որ Տարոնն այս թիմում բարեկամ ունի, ընկեր ունի եւ գուցե դրա համար է անում։ Այսինքն, չկա հանցակազմ, ուրիշ բան, որ քննիչները դա անում են քաղաքական պատվերի, վախեցնելու համար»։