«Հրապարակ». Չհրաժարվեցին ահռելի պարգեւավճարներից, կարգի չբերեցին առնետների բուծարան դարձած նկուղները
Tue, 28 Apr 2026 12:45:02 +0400
Զրուցակիցս Փրկարար ծառայության եւ Արդարադատության վետերան, փոխգնդապետ, բանաստեղծական չորս ժողովածուի հեղինակ Հայկազ Քոթանջյանն է, որն 8 տարի զբաղվել է մանկավարժությամբ՝ երիտասարդ սերնդին փոխանցելով հայրենասիրության ոգին եւ ռազմագիտության գաղտնիքները: Նաեւ զբաղվում է գեղանկարչությամբ:
– Մի բանաստեղծության մեջ գրել եք՝ «Էլ ձեւ չգիտե՞ս դու կառավարման, Չունե՞ս լուծումը դու «հավասարման», Գնա՛, հեռացի՛ր, թող նորերը գան»: Կարծում եք, որ այսօրվա իշխանությունները պետք է հեռանան՝ ճանապարհ բացելով նորերի առաջ:
– Իմ երեխաների, թոռների ապագան այս երկրում եմ տեսնում։ Ո՞ւմ ենք այն վստահելու, ո՞վ է այն ղեկավարը, որ կարող է ապահովել արժանապատիվ խաղաղություն, զարգացում եւ բարգավաճում։ Այս հարցերն այսօր մտահոգում են բոլորիս: Ներկա ղեկավարի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Նա Քաջ Նազարի բախտով ու արեւմտյան հովանավորների օգնությամբ իշխանության ղեկն իր ձեռքն առավ ու… էլ չմեկնաբանեմ: Պատկերն առավել քան տխուր է: Նախկիններն էլ մի բարի պտուղ չէին։ Նրանց պատճառով է, որ «սա» ոչ միայն եկավ իշխանության, այլեւ մինչ օրս մնում է աթոռին։ Այո, վստահաբար ասում եմ՝ նրանք «սրա» պատվանդանն են։ Նրանք որ չլինեն քաղաքական դաշտում, գուցե նոր դեմքեր հայտնվեն, ու բան փոխվի մեր իրականության մեջ։ Ես հեռու եմ քաղաքականությունից, ինձ քաղաքական վերլուծաբան չեմ համարում: Զինվորական ծառայության 25 տարիներն ինձ տվել են այլ մտածելակերպ՝ավելի գործնական ու տրամաբանական: Այդուհանդերձ, լինելով նաեւ մտավորական ու ՀՀ «հպարտ» քաղաքացի, տեսնում եմ, որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ կարծես տեղում է՝ պետություն ունենք, սահմաններ ունենք, իշխանություն ունենք… բայց միեւնույն ժամանակ ինչ-որ բան արմատապես պակասում է։ Այդ պակասը տեսանելի չէ առաջին հայացքից, բայց այն զգացվում է ամենուր՝ մարդկանց խոսքում, լռության մեջ, հիասթափության մեջ: Հարցը, որ պետք է ինքներս մեզ տանք, պարզ է՝ մենք իսկապե՞ս ունենք պետություն, թե՞ պարզապես՝ դրա պատրանքը։ Այս թեմաներն եմ արտահայտել բանաստեղծություններում:
– Մեկ այլ բանաստեղծությունում գրել եք․ «Այգեպա՛ն, զարթնի՛ր, հերի՛ք է քնես, Քաոս է տիրում անգին պարտեզում, Փշերը շուտով կհասնեն եւ քեզ»։ Մեզ նո՞ր «այգեպան» է պետք:
– Հենց այդպես: Ես աղաղակող անտարբերություն եմ տեսնում այն համակարգում, որում նվիրումով աշխատել եմ 25 տարի: Ամենաարդիական խնդիրը, ես կասեի՝ գերխնդիրը, պայմանավորված է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով։ Տեսեք՝ գրեթե չեն գործում միջազգային օրենքները, կարելի է ասել՝ այլեւս գոյություն չունի «պետական սահման» հասկացությունը, հատկապես՝ «օդային սահման» ասվածը։ Ու ցանկացած պահի, Աստված մի արասցե, պատահաբար կամ դիտավորյալ, կարող են ռումբեր թափվել մեր գլխին, կամ, ասենք, պայթյուն լինի մեր կամ Իրանի ատոմակայանում, ի՞նչ կլինի մեր բնակչության վիճակը։ Կա՞ արդյոք քաղպաշտպանության «ինչ-որ մակարդակ», որը պիտի ունենար ցանկացած կարգին պետություն՝ նման իրավիճակում։ Չեն գործում ռմբապաստարանները, ապաստարաններն ու թաքստոցները։ Որտե՞ղ եւ ինչպե՞ս են պատսպարվելու մեր երեխաները՝ հնարավոր վտանգի ժամանակ… Սա չի հուզում կառավարությանը։ Եթե հուզեր, կհրաժարվեին իրենց ահռելի պարգեւավճարներից եւ այդ փողերով կարգի կբերեին առնետների բուծարան դարձած նկուղները, կտային դրանք քաղպաշտպանության համայնքային կազմակերպություններին, վերջիններս էլ բնակչության հետ պարբերաբար կանցկացնեին ուսուցողական նախավարժանքներ, որպեսզի քաղաքացին իմանա՝ ուր գնա եւ որտեղ պատսպարվի հնարավոր աղետի դեպքում… Մի խոսքով, շատ անելիքներ կան, բայց անող չկա։ Որովհետեւ տեր չկա:
– Բայց այսօր խոսում են տնտեսական աճի մասին, թվեր են բերում, որ տնտեսական աճի շնորհիվ թոշակ են բարձրացրել, պարգեւավճարներ սահմանել… երեւի որ ավելի լավ տնտեսական աճի թվեր նկարեն:
– Լավ ասացիք՝ նկարեն, քանի որ այդ աճը լիարժեք չի արտացոլվում մարդկանց կյանքում։ Երբ աշխատողը շարունակում է ապրել անորոշության մեջ, երբ երիտասարդը չի տեսնում երկարաժամկետ հնարավորություն, առաջանում է խորքային խնդիր: Աճը, որը չի բաշխվում արդար եւ չի ստեղծում կայունություն, չի կարող դառնալ պետական հենասյուն։ Այն ընդամենը ժամանակավոր ցուցանիշ է, ոչ թե համակարգային առաջընթաց։ Տնտեսությունը չի կարող ուժեղ լինել, եթե այն չի ծառայում մարդուն։ Իսկ երբ մարդը չի զգում այդ ուժը, առաջանում է ամենավտանգավոր երեւույթներից մեկը՝ անվստահություն սեփական երկրի նկատմամբ։ «Ու քանի դեռ աթոռներին պինդ նստած են տխմարները, Մենք կմնանք նրանց գերին»: Այս տողերը հոռետեսակա՞ն տողեր են, թե՞ զգաստացնող:
– Ինչպե՞ս հավատանք, որ «տխմարները պինդ նստած չեն մնա» հերթական եւ վճռական ընտրություններից հետո:
– Մինչ այժմ խոսքս միայն մի նպատակ ուներ. հասկանանք, թե ինչ վիճակում ենք եւ ուր ենք գնում` ոչ միայն մեղադրենք, այլ նաեւ գնահատենք։ Ոչ թե բաժանվելու, այլ՝ սթափվելու։ Յուրաքանչյուր ընտրություն՝ քաղաքական, հասարակական կամ անձնական, ունի հետեւանքներ։ Եվ այդ հետեւանքները որոշվում են ոչ թե հույզերով, այլ՝ գիտակցությամբ։ Եթե ուզում ենք ունենալ կայացած պետություն, պետք է սովորենք պահանջել ոչ թե խոստումներ, այլ՝ արդյունքներ, ոչ թե բառեր, այլ՝ պատասխանատվություն, ոչ թե պահի լուծում, այլ՝ երկարաժամկետ ռազմավարություն։ Որովհետեւ պետությունը պատրանք չէ միայն այն դեպքում, երբ այն կառուցվում է գիտակցված ընտրություններով: Ցավոք, մեր քաղաքացիների մի մասը չի զգում իրեն պետության տեր։ Պետությունն ընկալվում է որպես մի բան, որից պետք է ինչ-որ բան ստանալ, ոչ թե մի համակարգ, որի համար պետք է պատասխանատվություն կրել։ Այս մտածողությունը քայքայում է հիմքերը։ Երբ «ինչ կարող եմ վերցնել»-ը գերակայում է «ինչ կարող եմ տալ»-ին, պետությունը դառնում է թույլ, անկախ նրանից, թե ով է իշխանության։ Բոլորիս հայտնի են բոլոր խնդիրների հեղինակներն ու մեղավորները, իսկ եթե ավելի ճշգրիտ ասեմ՝ օրվա իշխանությունը: Հետեւությունը թող մեր հպարտ քաղաքացիներն անեն՝ գնալ եւ նորից ընտրել «դրա՞նց», թե՞ ձայնը տալ ավելի արժանավորին: Իսկ թե ում, դա արդեն թողնում եմ յուրաքանչյուրի սթափ մտքին ու մաքուր խղճին: Թե չէ «այս մեկը» (Նիկոլը) ցույց է տալիս, թե գործ է անում, իբր աղբն է «չուլանից» հանում, բայց իրականում ինքն է աղտոտում ու «հպարտներիս» իրենից վանում: