Ժողովուրդը Նիկոլի ընտանի՞քն էր
Tue, 28 Apr 2026 19:15:35 +0400
Նիկոլական էյֆորիայի ժամանակահատվածում՝ մինչև 44-օրյայի խայտառակ պարտությունը, «ժողովուրդը նրա ընտանիքն էր»: Ինչը նշանակում է, որ ընտանիքը նրա համար բարձրագույն արժեք էր՝ համարյա թե սրբություն: Դե, իսկ ժողովուրդն էլ դրան հավասարեցված արժեք էր՝ «սիրելի» մակդիրով համեմված:
Սակայն նրա «գերագույն» հրամանատարությամբ խայտառակ պարտությունից հետո ընտանիքը դադարեց արժեք լինել: Որովհետ քաղաքականության մեջ քաղաքացիական (ինչը շատ ուշ իմացվեց) կնոջ ու ավագ դստեր ներառվելն առաջին անգամ արժեզրկեց «ընտանիք» հասկացությունը: Քանի որ արժեզրկվել էր քաղաքականությունն ինքնին՝ վերջինիս գործունեության պատճառով: Դստեր առումով դա գիտակցվեց, ու նրան հանեցին հրապարակախոսական կյանքից: Ու ազատված տեղը լրացվեց քաղաքացիական կնոջ ինքնակրթվելու ու մարդկանց կրթելու՝ խիստ ակտիվ գործունեությամբ:
Իսկ այդ հասկացության դագաղի վրա վերջին մեխը մեխվեց փետրվար-ապրիլին՝ կնոջ բաժանվելուց, իսկ այնուհետև վերամիավորվելուց հետո: Ինչը վերջնականապես բացահայտեց այն հանգամանքը, որ այդ ընտանիքի չափահաս անդամների համար ընտանիքն ընդամենը մանիպուլյացիայի առարկա էր: Դա նման էր արևմտյան շոու բիզնեսի ներկայացուցիչների ընտանեկան հարաբերություններին: Ինչը, նախ, արևմտյան քաղաքակրթությունում ընտանիքի արժեզրկման դրսևորում է: Ու այն էլ այնպիսի ոլորտում, ինչպիսին շոու բիզնեսն է: Իսկ մեզանում ընտանիքն, այնուամենայնիվ, պահպանվում է որպես արժեք: Ի տարբերություն այն անձի, ով նաև այդ հարցում պետք է դրական օրինակ ծառայեր հասարակությանը: Պետության ղեկավարի նման վարքն էլ, բնականաբար, մեր հասարակությունում ընդունելի համարվել չի կարող:
Թեմայից մի թեթև շեղվելով՝ ասեմ, որ վերջինիս քաղաքացիական կինը բաժանվելուց առաջ և վերամիավորվելուց հետո օրենքով առաջին տիկին համարվել չի կարող: Որովհետև Հայաստանի Սահմանադրությամբ պետության գլուխը Խաչատուրյան Վահագն է: Ու նրա կինն էլ իրավունք ունի կրելու պատվավոր այդ տիտղոսը՝ թեկուզ լինի աշխարհի ամենապասիվ առաջին տիկինը: Իսկ Նիկոլն ընդամենը գործադիր իշխանության ղեկավարն է, ու նրա քաղաքացիական կինն առաջին տիկին կոչվելու իրավունք չունի: Ասվածը հաստատվում է նաև «Պետական և այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներով»: Ըստ որի, աշխատավարձային սանդղակում ՀՀ նախագահի պաշտոնի գործակիցը 20 միավոր է, իսկ վարչապետինը՝ 19 միավոր (https://www.irtek.am/views/act.aspx?aid=150580):
Անցնենք առաջ: Լրագրողների հետ հանդիպմանը վերջինիս քաղաքացիական կնոջ հոգու քնքուշ լարերը վիրավորվեցին՝ երբ իրեն համեմատեցին ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդրի հետ: Ով մեզանում հայտնի է որպես «50-50»-ի Սաշիկ: Չնայած, անկեղծ ասած, դա խիստ զարմանալի էր: Ժամանակին Սաշիկի մասին ասվում էր, որ վերջինս փայ է մտնում հաջողակ բիզնես ծրագրերի մեջ՝ օգտվելով նախագահի եղբայր լինելու հանգամանքից: Իսկ ինքն էլ իր ծրագրերի համար գումար էր հավաքում՝ ունևորներին հրավիրելով ճաշի, որի արժեքը ոչ մի դեպքում չէր կարող լինել 1 միլիոն դրամ: Ինչից հրաժարվել նրանք չէին կարող, որովհետև, ինչպես բազմիցս է նշվել մամուլում, հաջորդ պահին նրանց ձեռնարկությունները կենթարկվեին հարկայինի վերին աստիճանի մանրկրկիտ ստուգման: Ու այդ գործարարն էլ պետք է աղոթեր Աստծուն, որպեսզի խուսափեր այլ, շատ ավելի լուրջ խնդիրներից: Ասենք, բիզնեսը կամ նույնիսկ ազատությունը կորցնելուց: Ինքնակրթվելու «մունետիկն» ու մարդկանց «նորաձև կրթողը» պետք է որ այնքան տրամաբանություն ունենար, որպեսզի հասկանար, որ այդ երկու դեպքերը նույնական են: Ու այդ պարագայում էական չէ, որ մեկը ժամանակին «Պազ»-ի շոֆեր էր, իսկ ինքը՝ ինքնակրթվելու ձգտում ունեցող անձնավորություն:
Կարծում եմ, որ մարդիկ դեռևս չեն մոռացել, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Հակոբյան Աննան միանգամից ղեկավարում էր երկու բարեգործական կազմակերպություն: Մեկը ՔՊ-ական հիմնադրամն էր, ինչը բնական էր, մյուսը՝ Հայաստանում քաղցկեղ ունեցող երեխաների կյանքը բարելավելու նպատակով ստեղծված «Սիթի օֆ Սմայլ»-ը (Ժպիտների քաղաք) հիմնադրամը: Այն 2019-ին ԱՄՆ-ում հիմնադրված՝ շահույթ չհետապնդող համանուն կազմակերպության տեղական, այսպես ասենք, գործընկերն է: Սակայն կարճ ժամանակ անց տիկինը լքեց «Սիթի օֆ Սմայլ»-ի տնօրենի պաշտոնը: Չեմ կարող ասել, թե դա տեղի ունեցավ իր կամքով, թե նրան խնդրեցին: Բայց կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր, քանի որ ամերիկյան մեր հայրենակիցներին վստահաբար դուր չէր գա ինքնակամ-պարտադիր տարբերակով գումար հայթայթելու հայաստանյան պրակտիկան:
Կա նաև երկրորդ հանգամանքը. ՔՊ-ական հիմնադրամում զբաղեցնելով գործադիր տնօրենի պաշտոնը՝ տիկինն անում է այն, ինչ ցանկանում է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները հայաստանցիներ են, իսկ նախագահն էլ իր ընկերուհին՝ քաղհասարակության նախկին ներկայացուցիչ, ԱԺ ՔՊ-ական, իր ասելով, «ոչ նվիրյալ» պատգամավոր Նազարյան Լենան: Ի դեպ, հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունում աշխատած տարիներին իմ գործընկերը: Ինչևէ, հոդվածը սկսվեց «ժողովրդի՝ Նիկոլի ընտանիքը լինելուց» և ավարտվեց Նիկոլի իրական ընտանիքի գլխավոր, ինչպես մամուլում է անընդհատ նշվում, անդամին ինչ-որ չափով ներկայացնելով: