«Հրապարակ». «Հին Երեւանը» խրտվիլակ նախագիծ էր․ նպատակը Լեւոն Վարդանյանի էգոն բավարարելն էր

«Հրապարակ». «Հին Երեւանը» խրտվիլակ նախագիծ էր․ նպատակը Լեւոն Վարդանյանի էգոն բավարարելն էր

Wed, 29 Apr 2026 12:45:00 +0400


«Հրապարակը», սկսած 2010-15 թվականներից, պարբերաբար անդրադարձել է «Հին Երեւան» ճարտարապետական նախագծին: Բազմաթիվ հարցազրույցներ ենք արել նախագծի հեղինակ, ճարտարապետ Լեւոն Վարդանյանի հետ (ի դեպ, ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի հորեղբայրն է), որը մեզ հավատացնում էր, որ մայրաքաղաքի քանդվող պատմամշակութային շենքերի քարերը հավաքում են մի տեղ, խնամքով պահում, որպեսզի շուտով քաղաքի կենտրոնում` Արամի փողոցի եւ Բուզանդի հատվածում, վերականգնեն այդ հին, սեւ շենքերը, ի մի բերեն` որպես Հին Երեւանի համալիր պատկեր: Մենք տեսնում էինք, որ հին թամանյանական արժեքավոր շենքերը բարբարոսաբար քանդվում են` տրակտորով։ Հավանաբար, միայն Տերյան 11-ն էր բացառություն, այդ շենքերի քարերը դեսուդեն անխնամ թափված են, հայտնի չէ՝ դրանք ուր են տեղափոխվում եւ ինչքանով են պահպանվում: Մի խոսքով, վանդալիզմին բնորոշ պատմություններ էինք արձանագրում: Տարիներն անցնում են, իսկ այդ «շուտովը» կամ «հեսա-հեսան» ուշանում է, եւ կարծես մոռացվում են այն խոստումները, որ հին Երեւանը վերականգնվելու է: Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ զրուցեցինք` փորձելով հասկանալ, թե «Հին Երեւանի» ճակատագիրն ինչ եղավ` ո՞ղջ է, թե՞ արդեն տապանաքարին է գրված կամ դարձել է մի հին աշխարհամարտում զոհված անհայտ զինվորի գերեզման, որը մեզ ներկայացնում էին իբրեւ մայրաքաղաքի մշակութային ու ժամանցի մի չքնաղ տարածք, բայց ստացվեց մի անճոռնի բան, եւ դա էլ կիսատ մնաց:

««Հին Երեւանն» ի սկզբանե սխալ նախագիծ էր, դա ենթադրում էր ոչ միայն արդեն իսկ քանդված շենքերի քարերի չօգտագործում, այլեւ նոր շենքերի քանդում: Աֆրիկյանների շենքը քանդվել է «Հին Երեւան» նախագծով` Լեւոն Վարդանյանի անմիջական նախաձեռնությամբ, որը Երեւանի լավագույն շենքերից մեկն էր: Լեզվի ինստիտուտը քանդվել է Լեւոն Վարդանյանի անմիջական մասնակցությամբ: «Հին Երեւանը» հենց սկզբից խրտվիլակ նախագիծ էր եւ Երեւանի խրտվիլակը կառուցելու ցանկություն էր, որովհետեւ էն մի փոքր մասը, որ կառուցվել է, ծայրից ծայր կեղծ են շենքերը, ոչ մի հին քար չի օգտագործվել, եւ դա հին Երեւանի իմիտացիան է` ապակե գմբեթով կառուցված եւ այլն: Դա վկան է այն բանի, որ «Հին Երեւանն» ի սկզբանե ոչ խելամիտ, կեղծ Երեւան ստեղծելու նախագիծ էր, որի նպատակը բիզնես շահն էր եւ Լեւոն Վարդանյանի էգոն բավարարելը: Ուստի, ես ինչ-որ չափով ուրախ եմ, որ դա տեղի չի ունեցել, եւ հույս ունեմ, որ կգան այնպիսի ժամանակներ, երբ իշխանությունները կունենան այնպիսի խորհրդատուներ, որոնք կտան այն ճիշտ խորհուրդները, թե ինչպես կարելի է պահպանելով այդ տարածքում եղած պատմական շենքերը` վերադարձնել տարածքը քաղաքին եւ ամբողջականացնել Թամանյանի նախագիծը»,- ասում է Սարհատ Պետրոսյանը:

Իսկ մենք տեղում տեսնում ենք, որ տարածքը պահպանելու փոխարեն քանդել են Արամի տունը, միայն դրսի պատն է ցցուն մնացել, եւ փորել են շրջակայքը` խարխլելով Հեքեքյանի «Փոքրիկ երգիչների» շենքը, որ դարձել է քանդման ենթակա, եւ դատական գործ է հարուցված այդ բարբարոսության առիթով, բայց ոչ մեկը պատասխան չի տալիս, չնայած երկար ժամանակ ինքը` դիրիժոր Տիգրան Հեքեքյանը, բարձրացնում էր այդ հարցը, պայքարում: Հիմա այլեւս ոչ ոք չի խոսում այդ մասին: Կամ այն, որ քանդված շենքերի տեղում բարձրահարկ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ են կառուցել` արտաքին պատի մեջ դնելով հին շենքից մի քանի քար` որպես կարկատան, բառի բուն իմաստով, դա ի՞նչ է` մխիթարա՞նք, թե՞ ծաղր: «Սրանից 10 տարի առաջ Արամի տան շենքն ամբողջովին կար՝ իր ներքին մասով, հետո է քանդվել: Սա հանցագործ նախագիծ է, որ շարունակում է տեղի ունենալ աչքներիս առաջ, ինչպես «Փոքրիկ երգիչների» շենքը»: Իսկ Բուզանդի ավերակ հատվածն ի՞նչ է լինելու, գուցե մնալու է որպես քաղաքային սիմվո՞լ։ «Քանի որ այդ բիզնես նախաձեռնության մեջ ներկայիս իշխանությունները թաթախված չեն, այլ հնուց եկած գործարքի արդյունք է, գուցե հետաքրքրությունն ավելի քիչ է»,- ասում է մեր զրուցակիցը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան

Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Արմեն Աշոտյան Sun, 03…

8 րոպե ago

Հայ ազգին պետք է տղամարդ առաջնորդ բոլոր հարաբերությունների մեջ

Հայ ազգին պետք է տղամարդ առաջնորդ բոլոր հարաբերությունների մեջ Sun, 03 May 2026 15:36:48 +0400…

16 րոպե ago

Ինչու է Սամվել Կարապետյանը մտել քաղաքականություն

Ինչու է Սամվել Կարապետյանը մտել քաղաքականություն Sun, 03 May 2026 15:36:32 +0400 Latest news from…

17 րոպե ago

Մարդիկ հարց են տալիս՝ ի՞նչ ես ստեղծել, ձեռքբերումդ ո՞րն է

Մարդիկ հարց են տալիս՝ ի՞նչ ես ստեղծել, ձեռքբերումդ ո՞րն է Sun, 03 May 2026 15:31:15…

22 րոպե ago

Բաքու մեկնող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ռուսաստանում

Բաքու մեկնող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ռուսաստանում Sun, 03 May 2026 15:30:14 +0400 Ռուսական…

23 րոպե ago

Մենք ունենք հոր կարիք՝ վոժդի

Մենք ունենք հոր կարիք՝ վոժդի Sun, 03 May 2026 15:27:36 +0400 Latest news from Secure…

25 րոպե ago