Հայաստանի Մտավորականների Ֆորումի ավագանու հայտարարությունը

Հայաստանի Մտավորականների Ֆորումի ավագանու հայտարարությունը

Wed, 29 Apr 2026 12:57:09 +0400


Հայաստանի Մտավորականների ֆորումի ավագանին հայտարարություն է տարածել․

Մենք՝ սույն հայտարարությունը ստորագրողներս – մտահոգված այն իրողությամբ, որ աշխարհը մտել է փոքր ժողովուրդների ու պետությունների համար գոյութենական վտանգներով հղի կոնֆլիկտների փուլ, – հիշեցնելով, որ սոցիալական արդարության հիմքով ազգային միասնությունն ու համերաշխությունը և գիտական ու տնտեսական ներուժը եղել և մնում են պետությունների և ազգերի գոյատևման գլխավոր գրավականները,

– փաստելով, որ մեզանում ահագնացող սոցիալական ու քաղաքական լարումները մեծ մասով հետևանք են անկախացման մեկնարկում որդեգրված տնտեսության վայրի ազատականացման, որը տասնամյակներով ստեղծված արդյունաբերական վիթխարի համալիրը ջարդոնելուց հետո սքողված ու անսքող ձևերով շարունակում է խափանել քաղաքակիրթ ազատականության կայացումը մեզանում,
ակնհայտ համարելով, որ արտաքին ասպարեզում ՀՀ վարքի վտանգավոր վայրիվերումները բացատրվում են բարդացող միջազգային հարաբերություններին համարժեք ՀՀ արտաքին քաղաքական հայեցակարգի բացակայությամբ,
– անվիճելի դիտելով, որ Հայաստանի ու հայոց համար վերը թվարկված կենսականորեն կարևոր հարցերի պատասխանները մեր ներքին ու արտաքին քաղաքականության պատասխանատուներին կարող է տալ միայն բարձրակարգ հասարակագիտությունը,
– ցավով արձանագրելով, որ ՀՀ իշխանական վերնախավում ավանդույթի բնույթ ստացած քամահրանքը երկրի զարգացման գիտական ապահովման նկատմամբ դարձել է ճակատագրական ձախողումների պատճառ, համալրվելով նոր անդամներով, Ավագանին վերսկսում է իր աշխատանքը։ Ավագանին գտնում է, որ նույնիսկ պետական պահանջարկի բացակայության պայմաններում հայկական հասարակագիտական միտքն ունի համակարգման կարոտ և ահրաժեշտ ներուժ և այդ բացը գոնե մասնակիորեն փակելու համար երկրի ապագայով մտահոգ մասնագետների ներգրավմամբ սկսում է հանրությանն ուղղված հայտարարություն-վերլուծությունների շարք։

Ավագանու նպատակն է անդրադառնալ վերը նշված և կենսականորեն կարևոր այլ հարցերին՝ հանրությանը ներկայացնելու այն ճշմարտությունները, որոնք կամ անգիտությամբ մատնվում են լռության, կամ աղավաղվում են իշխանության համար մղվող քարոզչական արշավներում՝ դառնալով կանխապես կեղծ գաղափարների շուրջ ներքին պառակտումների գործիք։ Հայտարարություն-վերլուծությունների ձևաչափը չի ենթադրում երկարաշունչ վերլուծություններ: Կփորձենք համառոտ հրապարակումներով հնչեցնել այն հանգուցային գաղափարները, որոնց իմացությունը բանալի է՝ հասկանալու համար նրան առնչվող գործընթացների դաշտը:
Սույնով բացում ենք նախատեսվող հայտարարություն-վերլուծությունների շարքը և նրա թեման առաջիկա խորհրդարանական ընտրություններն են։ Սույն հայտարարությունը ըստ էության հորդոր է ուղղված Հայաստանի Հանրապետության ողջ ընտրազանգվածին։ Սիրելի հայրենակիցներ։ Ավագանին հորդորում է բոլորին անպայման մասնակցել ընտրություններին։ Մենք գիտենք, որ ներկայացուցչական ժողովրդավարության համակարգն ունի խորքային թերություններ։ Բայց նաև գիտենք, որ այդ համակարգը կարող է փոխել միայն այն հասարակությունը, որտեղ չկա անտարբերություն համազգային քաղաքական գործընթացների նկատմամբ։

Երկրի իշխանական կառույցների ձևավորման ընտրություններին մասնակցելը առաջին հերթին քաղաքացիական պարտք է, որ պարտավոր է կատարել մեզնից յուրաքանչյուրը։ Բոլորս պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրիս մասնակցությունը ընտրություններին նրա քաղաքական հասունության ու պատասխանատվության, երկրի ապագայով նրա մտահոգության ցուցիչն է։ Կարևոր է ամեն մի քվեն, քանի որ դրանք են ցույց տալիս երկրի ներքաղաքական կացության իրական պատկերը։ Բայց մեծաթիվ ընտրողների կողմից ընտրություններին չմասնակցելը անցանկալի է ոչ միայն այդ պատճառով։ Ավելի լուրջ վտանգն այն է, որ մեծանում է հավանականությունը այնպիսի քաղաքական ուժի կողմից իշխանության ձևավորումը, որն ունի ազգաբնակչության փոքր մասի մանդատը, բայց խոսում է ողջ ազգի անունից, այդ թվում և նրանց անունից, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին։
Այդ վտանգը մեծ է հատկապես փոքր երկրների համար։ Ավագանին գտնում է, որ պետք է հետևել այն պետությունների օրինակին, որոնցում ընտրություններին չմասնակցելը պատժվում է՝ ընդհուպ մինչև քաղաքացիությունից զրկելը։ Եվ որքան շուտ արվի դա, այնքան լավ կլինի։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը, Ավագանին հորդորում է ՀՀ Ազգային ժողովին՝ մինչև ընտրություններն ընդունել օրենք, որը կպարտավորեցնի քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։ Ընտրական իրավունք ունեցող սիրելի հայրենակիցներ։
Նորից հորդորում ենք ձեզ առանց վարանման մասնակցել առաջիկա ընտրություններին։ Լինենք Հայաստանի Հանրապետության արժանապատիվ և պատասխանատու քաղաքացիներ, ոչ թե սոսկ բնակիչներ։ Հետևեք մեր հայտարարություն-վերլուծություններին և տարածեք դրանք։

Առաջիկայում Ավագանին հանդես կգա հաջորդ հայտարարությամբ։

Աղալովյան Լենսեր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
Ավագյան Արծրուն, պրոֆեսոր
Մանասյան Ալեքսանդր, ՀՀ ԳԱԱ թղտակից անդամ,
Մելիքյան Գուրգեն, պրոֆեսոր
Մելքոնյան Աշոտ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
Պետրոսյան Վազգեն, քաղաքագետ
Սարգսյան Ազատ, առաջատար գիտաշխատող
Վարդումյան Հովիկ, գրող, ազատամարտիկ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Sun, 03 May 2026 15:15:27 +0400 Վթարային ջրանջատում…

11 րոպե ago

Իրանի դեմ հարվածները կարող են վերսկսվել․ Դոնալդ Թրամփ

Իրանի դեմ հարվածները կարող են վերսկսվել․ Դոնալդ Թրամփ Sun, 03 May 2026 15:00:00 +0400 ԱՄՆ…

26 րոպե ago

Որ փողոցները փակ կլինեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում

Որ փողոցները փակ կլինեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում Sun, 03 May 2026 14:45:55 +0400…

40 րոպե ago

Գողացել են Չեխիայում Հայաստանի դեսպանի չհրկիզվող պահարանը

Գողացել են Չեխիայում Հայաստանի դեսպանի չհրկիզվող պահարանը Sun, 03 May 2026 14:30:41 +0400 Irozhlas կայքը…

55 րոպե ago

Մի քվեարկությամբ Սահմանադրական դատարանը դարձավ թղթային. Վարդան Պողոսյան

Մի քվեարկությամբ Սահմանադրական դատարանը դարձավ թղթային. Վարդան Պողոսյան Sun, 03 May 2026 14:23:30 +0400 Latest…

1 ժամ ago

Պուտինի գլխավոր համախոհն ու աշակերտը հենց Փաշինյանն է․ Աբրահամյան

Պուտինի գլխավոր համախոհն ու աշակերտը հենց Փաշինյանն է․ Աբրահամյան Sun, 03 May 2026 14:21:19 +0400…

1 ժամ ago