«Հրապարակ»․ Եղեգիսի ավագանու ՔՊ-ականները կողմ քվեարկեցին հանքի որոնման աշխատանքներին

«Հրապարակ»․ Եղեգիսի ավագանու ՔՊ-ականները կողմ քվեարկեցին հանքի որոնման աշխատանքներին

Fri, 01 May 2026 11:45:12 +0400


Վայոց Ձորի Եղեգիս համայնքի ավագանին 2025 թվականի հոկտեմբերի 27-ի արտահերթ նիստում միաձայն դեմ էր քվեարկել «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի՝ Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերեւակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետի երկարաձգմանը համաձայնություն տալու նախագծին։

Ընկերությունը խնդրում էր թույլտվություն տալ, որ երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը երկարաձգեն եւս 3 տարով։ Այս թեմայով հանրային քննարկումը բավականին թեժ էր անցել։ Քննարկման որոշ մասնակիցներ սույն նախագիծը ռիսկային էին համարել ջրային պաշարների համար, բացի այդ, նրանց կարծիքով՝ դա վտանգելու էր տարածաշրջանում օր-օրի զարգացող մեղվապահությունն ու գինեգործությունը։
2026 թ․ ապրիլի 17-ին Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը կրկին արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում՝ նույն հարցը․ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերեւակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը 3 տարով երկարաձգելու հարցը: Նիստին, բացի ավագանու անդամներից, մասնակցում էին «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ, անգամ Վայոց Ձորի փոխմարզպետ Վասիլ Ասլանյանը եւ բնապահպաններ, ովքեր փաստում էին, որ ջրերի աղբյուրները նույն տարածքից են սկիզբ առնում, որտեղ հետախուզական աշխատանքներ են կատարվում, եւ որը պոտենցիալ հանքի են ուզում վերածել:

«Հորատումներ են կատարել գետից 15 մ հեռավորության վրա, տեղ կա՝ 7 մետր հեռավորության վրա: Այդ ջրերի աղբյուրները միայն մերը չեն, Արփա-Սեւան թունելից վերեւ են գտնվում, նույն ջրերը լցվում են թունելի մեջ, գնում են Սեւան, այնտեղից էլ՝ Արարատյան դաշտ: Աշխատանքներ են արվել, փորել եւ բաց են թողել հորատված տեղը, որը կոպիտ խախտում է։ Սա էկոլոգիական շատ լուրջ խնդիրներ կառաջացնի»: Օրակարգի հարցին ավագանու 10 անդամներից ՔՊ-ական 2 անդամ՝ Նարեկ Մարտիրոսյանը եւ Վարդան Ղահրամանյանը չքվեարկեցին, ՔՊ-ական Արգիշտի Նազարյանը եւ «Ազատական դաշինքի» անդամ Վահե Բաբայանը, նաեւ անկուսակցական Արսեն Սմբատյանը դեմ քվեարկեցին, իսկ 5 ՔՊ-ականներ՝ կողմ:

ՔՊ-ական Նարեկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի րոպե է ներկա եղել ավագանու նիստին, իր հուզող հարցերին չստանալով բավարար պատասխաններ, նպատակահարմար չի գտել նիստին մասնակցել: Նրան հարցրինք՝ եթե տարիներ հետո որոշեն, որ հանքը շահագործվի, ի՞նչ կտա դա համայնքին։ «Բարդ հարց եք տալիս, թե ինչ կտա։ Թե ինչ կկորցնի համայնքը, ավելի շատ այդ հարցին կարող եմ պատասխանել: Գուցե այս պահին ներդրում կատարողները գունավոր խոստումներ տան, բայց չեմ կարող դա ասել՝ իրականության հետ կապ կունենա՞, թե՞ ոչ, լավագույն դեպքում, եթե կապ էլ ունենա՝ խնդրահարույց է, քանի որ համայնքը մեծ պոտենցիալ ունի՝ տուրիստական ուղղվածությամբ զարգանալու: Առաջինը՝ հանքարդյունաբերությունը եւ տուրիզմն իրար հետ ոչ համատեղելի են, երկրորդ՝ նշված վայրում, որտեղ որ հանքերեւակմամբ են զբաղվում, այդ վայրը ջրերի ակունքներում է գտնվում, ինչն ինձ համար նույնպես խնդրահարույց է: Ջրերի ակունքներում նման գործողություններ անելը մի քանի բանով անհանգստացնող է, նախ՝ կարող են ջրերի հետ ծանր մետաղներ միաձուլվել՝ խնդիրներ առաջանան, եւ ամենակարեւորը՝ ջրերը, որպես աղբյուրներ, կարող են գոյություն չունենալ: Այս երկու հանգամանքներից ելնելով՝ ինձ համար, որպես Եղեգիս համայնքի բնակիչ եւ ավագանու անդամ, նպատակահարմար եմ գտնում, որ տուրիստական ոլորտը զարգանա, որը վտանգ չի ներկայացնում, եւ չհաշված, որ մեր համայնքն այդ բնական պոտենցիալն ունի, Աստված մեզ տվել է, շատ գեղեցիկ վայրեր ունենք»:

Ինչո՞ւ կողմ քվեարկեցիք երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը 3 տարով երկարաձգելու հարցին՝ հարցրինք ավագանու ՔՊ-ական անդամներին: Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը, որը եւս կողմ էր քվեարկել հարցին, մեզ հետ զրույցում ասաց. «Նախորդ 3 տարիների ընթացքում որեւիցե բողոք, որեւիցե ակնարկ, խնդիր չի արձանագրվել, ուսումնասիրությունների մասով եմ խոսում: 9700 հեկտար ունեցած իրենց հողակտորից, որը պետք է ուսումնասիրեին, 4500-ը հետ են տվել, ուսումնասիրության արդյունքներում որեւիցե բան չի հայտնաբերվել: Հիմա կարող ա նորից չի հայտնաբերվում: Ուսումնասիրությունն ինչո՞վ է, ո՞ւմ է խանգարում: Բնապահպանի նկատառումներմ այսպես վերլուծենք, մենք ունենք բնապահպանական տեսչական մարմին, որը շատ լավ աշխատում է, թերությունները շատ լավ արձանագրում է: Նույն բնապահպանը պարտավոր էր ոչ թե այդ օրը գար այստեղ, մանիպուլյացիա աներ, ես չեմ կարող ասել՝ հիմնավորումները ճի՞շտ են, թե՞ ոչ, այլ դիմեր համապատասխան մարմիններին, դիմեր մեզ, մենք կարձագանքեինք, տեսչական մարմնին կհրավիրեինք, համապատասխան տույժ, տուգանք կկիրառվեին: Հիմա ասելով չի, էլի, հարցը լուծվում է օրենքի սահմաններում, դա հիմնավորում չէր, որի պատճառով հիմք ընդունեի՝ հակառակ քայլ անեի»:

Փոխմարզպետ Վասիլ Ասլանյանը հաճա՞խ է ավագանու նիստերին մասնակցում։ «Մենք մարզպետարանից հրավիրում ենք մարդկանց թե՛ ֆինանսական հարցով, թե՛ իրավաբանական հարցով, միշտ չէ, բայց հաճախակի մասնակցում է»: Փոխմարզպետի ազդեցությա՞մբ եք կողմ քվեարկել։ «Նման բան չկա, քանի որ լարվածության նկատառում կարող էր լինել, այդ պատճառով տարբեր մարդկանց մասնակցություն է եղել, ինչպես նաեւ՝ հասարակական կարգը պաշտպանելու համար ոստիկանների ներկայություն է եղել: Այդ հարցը կա, մասնակցել է փոխմարզպետը եւ իր ելույթով որեւէ ուղղվածություն, որեւիցե բան չի ասել, ասել է՝ խղճի մտոք քվեարկեք»:
Ավագանու ՔՊ-ական անդամ Զոյա Մարտիրոսյանը, որը եւս կողմ է քվեարկել, ասաց. «Ուսումնասիրություններ են անում, դեռ շատ հեռու է հանքարդյունաբերություն սկսելուց: Եթե մարդիկ փող են ծախսում, տեսնեն՝ բան կա, թե չկա, ուսումնասիրում են՝ թող ուսումնասիրեն»: Տիկին Մարտիրոսյանին հարցրինք՝ փոխմարզպետ Վասիլ Ասլանյանը հաճա՞խ է ավագանու նիստերին մասնակցում։ «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ լինում են նիստեր, որ ես չեմ մասնակցում: Նորից եմ կրկնում՝ ոչ մեկը չի կարող ազդել ինձ վրա, ես իմ խղճի մտոք եմ գործում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Գերատեսչության փոխանցմամբ՝ կկայանա…

1 ժամ ago

Գյումրեցին իր խոսքն ասաց՝ մերժելով այս խաբեությունն ու կեղծ քաղաքական ներկայացումը

Գյումրեցին իր խոսքն ասաց՝ մերժելով այս խաբեությունն ու կեղծ քաղաքական ներկայացումը Mon, 25 May 2026…

5 ժամ ago

Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Mon, 25 May 2026 23:45:36 +0400 Latest news from Secure…

6 ժամ ago

Իդա օրն պադմագան օրը… Ձեր ցավը տանիմ. Նարեկ Կարապետյանը Տաշիրի բարբառով դիմեց քաղաքացիներին

Իդա օրն պադմագան օրը... Ձեր ցավը տանիմ. Նարեկ Կարապետյանը Տաշիրի բարբառով դիմեց քաղաքացիներին Mon, 25…

6 ժամ ago

Պապը կոչ է արել ռազմական հակամարտություններում չկիրառել արհեստական բանականություն

Պապը կոչ է արել ռազմական հակամարտություններում չկիրառել արհեստական բանականություն Mon, 25 May 2026 23:30:25 +0400…

6 ժամ ago

Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև

Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև Mon,…

6 ժամ ago