«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի մտքին միայն մեկ բան է` ինչ դիվիդենտներ կքաղի դրանից
Sat, 02 May 2026 09:45:39 +0400
2026 թվականի մայիսի 4-ին Երեւանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի՝ EPC-ի 8-րդ գագաթնաժողովը։ Այն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Կերտելով ապագան․ միասնություն եւ կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։ Ըստ նախնական տվյալների, ՀՀ պետբյուջեից այդ միջոցառման վրա կծախսվի 3.5 մլն դոլար, որը համանախագահելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եվրոպական քաղաքական համայնքը ձեւաչափ է, որի նպատակն է եվրոպական մայրցամաքի երկրների միջեւ քաղաքական երկխոսության եւ համագործակցության խորացումը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Եվրոպական խորհրդի պաշտոնական էջում նշվում է, որ EPC-ի նպատակներից է նաեւ Եվրոպայի անվտանգության, կայունության եւ բարեկեցության ամրապնդումը։ Պաշտոնական տվյալներով՝ Երեւանում կայանալիք 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել 48 պետությունների եւ կառավարությունների ղեկավարների։ Հրավիրվածների ցանկում են ԵՄ 27 անդամ պետությունները, ինչպես նաեւ՝ Ալբանիան, Անդորրան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Վրաստանը, Իսլանդիան, Կոսովոն, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն, Սերբիան, Շվեյցարիան, Թուրքիան, Ուկրաինան եւ Միացյալ Թագավորությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպասում է եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Թուրքական կողմի մասով հրապարակվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւս հրավիրվել է Երեւանում կայանալիք հանդիպմանը, սակայն պատասխան դեռ չկա։ Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ:
– Իշխանությունները ցնծության մեջ են, պնդում են, որ իրենց համառ ջանքերով է ԵՄ գագաթնաժողովը Երեւանում կայանալու, այն էլ՝ ընտրությունների նախօրեին։ Հետաքրքիր է` ի՞նչ ազդեցություն եւ հետեւանք կարող է այն թողնել:
– Երեւանում միանշանակ հակառուսական հայտարարություններ պետք է հնչեն, դա ինձ համար միանշանակ է: Երկրորդ կարծիք այստեղ չի կարող լինել, առավել եւս, եթե Հայաստանում հայտնվի Զելենսկին, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ պլատֆորմ կդառնա: Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ ուրախ կլինի Զելենսկուն հյուրընկալել: Նա ամեն ինչի համար, որքան հասկանում ենք, ուրախ է եւ բոլորին ողջունում է, առանց հասկանալու, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ այդ պրոցեսները: Երեւանը վերածում են հակառուսական պլատֆորմի, գուցե նաեւ` հակաիրանական: Բարդ է հիմա հստակ կանխատեսումներ անելը, սակայն այն, որ դրանք լինելու են Ռուսաստանի Դաշնության դեմ, ավելի քան վստահ եմ, իսկ Փաշինյանը չի կարողանալու նրանց կանգնեցնել, որովհետեւ, մեծ հաշվով, այդ մարդիկ իրենց երկրների դիրքորոշումն են հայտնելու: Երեւանն ընդամենը հավաքատեղի է: Նիկոլ Փաշինյանի մտքին միայն մեկ բան է` ինչ դիվիդենտներ է քաղելու այդ ամենից, որպեսզի հետո այդ ամենը ծախի հասարակության վրա:
– Զելենսկին նաեւ Ադրբեջան էր այցելել: Ի՞նչ հետեւանքներ կթողնի նրա այցը Հայաստան:
– Շատ վատ հետեւանքներ: Գոնե հայ-ռուսական ֆրոնտի վրա շատ վատ ազդեցություն կթողնի:
– Բայց Փաշինյանն ինքն էլ վերջերս այցելել էր Մոսկվա, բավական վատ հանդիպում էր եղել:
– Հա, բայց միեւնույն ժամանակ գալիս է Հայաստան եւ պնդում է, որ իր վարած քաղաքականությունը հակառուսական չէ, միեւնույն ժամանակ աղաղակում են, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է իրականացվում, եվրոպացիներ, հասեք մեզ փրկելու: Ո՞ւմ նկատի ունեն, ո՞վ է հիբրիդային պատերազմի ենթարկում Հայաստանը, հո Մադագասկարին նկատի չունե՞ն․ պարզից էլ պարզ է, թե ում նկատի ունեն: Հիմա արդեն անգամ անվանական են հայտարարում: Որոշեցին ի վերջո ռուսներին անվանական մեղադրել: Եվրոպան վերջերս Կայա Կալլասի բերանով հայտարարեց, որ ռուսներն են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ հրահրում, եւ իրենք էլ պատրաստվում են հայ գործընկերներին «փրկել» այդ ամենից: Փող ու խմբեր է Եվրոպան ուղարկում Հայաստան, որպեսզի մեզ «փրկի» ռուսական միջամտությունից, սակայն հենց իրենք են միջամտում մեր ներքին հարցերին: Աբսուրդը հասել է սրան: Միջամտողներից մեզ փրկում են, սակայն իրենք են առաջինը միջամտում:
– Խոսվում է վիզաների ազատականացման մասին, ասում են, որ անգամ անձնագրերի գույնը փոխում են կարմիր, որ ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացն արագացնի:
– Մոռացեք, չի լինելու նման բան: Նիկոլ Փաշինյանն իշխանավարելով արդեն իսկ վճարում է Եվրոպային: Գուցե ժամանակավոր արվի նման բան, ինչպես եղավ հարեւան Վրաստանում, սակայն դա մեծ տեխնիկական աշխատանքներ է պահանջում: Ամեն ինչ գին ունի: Նիկոլ Փաշինյանը վճարում է այն, ինչ իրենից պահանջում են, այստեղ բնավ խոսքը փողի մասին չէ: Իր՝ իշխանության մնալն էլ Եվրոպայի վարձատրությունն է իրեն, դրանից ավելի ոչինչ չեն անելու: