Նիկոլից լավը չկա. Մուստաֆաեւ

Նիկոլից լավը չկա. Մուստաֆաեւ

Sat, 02 May 2026 18:15:32 +0400


Ումի՞ց է իմացել Նիկոլ Փաշինյանը Մուստաֆաեւի այցի մասին: Չեմ կարծում, թե նա էլ մեզ նման առավոտյան բացել է ադրբեջանական մամուլն ու իմացել, որ «Զվարթնոցում» վայրէջք է կատարել Ադրբեջանի փոխվարչապետ պարոն Շահին Մուստաֆաեւի ինքնաթիռը: Մհեր Գրիգորյանը, ոնց ուզում է լինի, այցից մի քանի օր առաջ հիշեցրած կլիներ Փաշինյանին. «Մեծարգո վարչապետ, էս երկու օրը, իսկ ավելի ստույգ՝ ապրիլի 29-ին, Մուստաֆաեւն ա գալիս, ի՞նչ անենք»: Թեեւ, եթե չեմ սխալվում, վաղուց էր որոշվել, որ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի հերթական նիստերը կայանալու են ոչ այլուր, քան Հայաստանում եւ Ադրբեջանում: Այսինքն, մենք մոռացել էինք այս մասին, եւ դա էր պատճառը, որ այսպես զարմացանք՝ տեսնելով ադրբեջանական ինքնաթիռը «Զվարթնոցում»:

Այսուհանդերձ, իմ համեստ կարծիքով, Արարատ Միրզոյանի կանտորան կամ Փաշինյանի աշխատակազմը պարտավոր էին որեւէ կերպ հանրությանը տեղեկացնել, որ Հայաստան է ժամանելու Շահին Մուստաֆաեւը: Մինչդեռ լռել են, ու մարդ չի հասկանում՝ սրանք ա՞յցը չեն կարեւորում, թե՞ հայ ժողովրդին: «Իմանալ՝ չհայտնելու» պես մի բան է ստացվել: Հետո էլ կասեն՝ բաց ենք աշխատում: Ընդդիմությունի՞ց էիք վախենում, որ ցույցեր կանեն Մուստաֆաեւի դեմ: Իզուր: Մուստաֆաեւի եւ Ալիեւի դեմ ցույցերի ժամանակը վաղուց անցել է: Ընդդիմության խնդիրն այսօր Ալիեւին եւ Մուստաֆաեւին ծեծելը չէ: Ընդդիմությունը, ինչպեսեւ խոստացել է, ընտրություններում իր հաղթանակից հետո բանակցություններ է սկսելու Ադրբեջանի հետ՝ այս հորինովի խաղաղությունն ինչ-որ չափով արժանապատիվ դարձնելու, երաշխավորված դարձնելու, երկարատեւ դարձնելու, նոր պատերազմը բացառելու նպատակով: Իսկ ո՞վ է բանակցությունների գնում մյուս կողմին նախապես հայհոյելով ու ծեծելով: Ոչ ոք, եթե, իհարկե, որոշակի նպատակներ ունի՝ կապված այդ բանակցությունների հետ:

Հետեւաբար, Փաշինյանն ընդդիմության ահից չէ, որ չէր անոնսավորել Մուստաֆաեւի այցը: Այդ օրը Հանրապետության հրապարակում կազմակերպված պարի փառատոնը, Փաշինյանի կոճակի պոկվելը, ընդդիմության գրասենյակներում «շմոն» անելը, այդ «շմոնի» ֆոնին դատախազ խաղացնելը եւ էլի շատ բաներ, որ չնկատեցինք, միով բանիվ, Բաքվին ուղղված ցուցադրություններ էին այն մասին, որ ընտրություններից առաջ ՀՀ գործող իշխանությունը բավականին ինքնավստահ է, եւ մնում է դրսից մի թեթեւ աջակցություն, որ վերընտրվի: Եվ Մուստաֆաեւը, պետք է ասել, այս գործի համար ընտրված հրաշալի ֆիգուր էր, որն իրենով մարմնավորում էր թե՛ հայ-ադրբեջանական շփումների կարեւորագույն հարթակներից մեկը (սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողով), թե՛ Ադրբեջանի գործադիր իշխանությունը եւ թե՛ տնտեսական կապերի մասին հայ գործարարներին հայերեն դասեր տալու վարպետությունը (մեր ժողինստիտուտն է ավարտել):

Ի դեպ, մեր գործարարներն էլ հետաքրքիր մարդիկ են: Ինչո՞ւ հայտնի նախաճաշից հետո հանրությանը մի բառ անգամ չասացիք, որ Փաշինյանը ձեզ հավաքել է՝ կոնսուլտացիա անելու, թե ինչպես պահեք ձեզ երկու օր անց Հայաստան ժամանող Մուստաֆաեւի մոտ: Փաստորեն, դուք էլ թաքցնելու բաներ ունեք ձեր ժողովրդից՝ է՛լ հարկեր, է՛լ մոնոպոլիաներ, է՛լ քաղաքական խաղեր…

Ինչեւէ, Մուստաֆաեւի այցը Հայաստան այն այցերից էր, որ ՀՀ իշխանությունների համար հաճելին զուգակցեց օգտակարի հետ: Հաճելի՝ այն իմաստով, որ Մուստաֆաեւի շուքը հայ ժողովրդի վրա խաղաղության տպավորություն թողեց, իսկ օգտակար՝ այն առումով, որ հայ գործարարներին մղեց առաջիկա ընտրություններում սատարել Փաշինյանին՝ մի մարդու, որ նրանց առաջ բացում է բիզնեսի ադրբեջանական հեռանկարները:

Դե իսկ Բաքվում այս պահին Մուստաֆաեւն Ալիեւին իր տպավորություններն է պատմում: Օրինակ՝ այն, որ հայերն առանձնապես չղզղնեցին իր այցի կապակցությամբ, որ բավականին լոյալ վերաբերմունք կա 300 հազար ադրբեջանցիներին հայկական խիստ որոշակի բնակավայրերում վերաբնակեցնելու հարցին, որ «սահմանազատում-սահմանագծում» օպերացիան կարելի է շարունակել նորանոր տարածքներ կորզելու համար, որ հայ-ռուսական հարաբերություններն արդեն «ռոմանսներ են երգում», որ հայ գործարարներն անհամբեր սպասում են Ադրբեջանի հետ առեւտրից իրենց շահաբաժիններին… Մի խոսքով, Իլհամ Հեյդարովիչ, Նիկոլից լավը չկա, որ կկարողանա ուզածդ խաղերը տալ իր ժողովրդի թիկունքում, մինչեւ մենք հասնենք մեր նպատակներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

8 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

8 ժամ ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը…

8 ժամ ago

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով Thu, 05…

8 ժամ ago

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Thu, 05 Nov 2026 23:14:23 +0400…

8 ժամ ago

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ Thu, 05 Nov 2026…

9 ժամ ago