Վաշինգտոնի ապտակը Փաշինյանին Եվրոպայում հաշվի՞ են առել
Sun, 03 May 2026 17:15:39 +0400
Այսօր, մայիսի 3-ին Երեւանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի (EPC- European Political Community) 8-րդ գագաթնաժողովը։
Ըստ միջոցառման ժամանակացույցի, որը վաղուց տարածվել էր, այսօր երեկոյան 19:00-ին ՀՀ նախագահի անունից կազմակերպվում է ընդունելություն ճաշկերույթ՝ ի պատիվ գագաթնաժողովի՝ Հայաստան ժամանած մասնակիցների։ Ընդունելությունից ընդամենը 2,5 ժամ առաջ, 16:30-ի դրությամբ, դեռ Հայաստան չէր ժամանել Եվրոպայից որևէ ղեկավար, բացառությամբ Մոնակոյի իշխան Ալբեր II-ի եւ Վլադիմիր Զելենսկու, որի անունը հայաստանցիներին ծանոթ լիներ։
16:30-ի դրությամբ ժամանած պետության ղեկավարները Հունաստանի, Բուլղարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ուկրաինայի նախագահներն են։ Ժամանել է նաեւ Բոսնիա-Հերցեգովինայի եռանախագահության ընթացիկ նախագահողը։ Հաստատված է Շվեյցարիայի եւ Կիպրոսի նախագահների մասնակցությունը գագաթնաժողովին, Մոլդովայի նախագահի մասնակցությունը հավանական է։ Ֆրանսիայի նախագահը կժամանի պետական այցով։ Այլ երկրների նախագահների՝ Երեւան ժամանելու, գագաթնաժողովին մասնակցության մասին հասանելի տեղեկություններ չկան։
Կառավարությունների ղեկավարներից այսօր 16:30-ի դրությամբ Երեւան են ժամանել Անդորրայի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի, Կոսովայի վարչապետները։ Ակնկալվում է, որ Երեւան կժամանեն նաեւ Իտալիայի, Դանիայի, Նիդերլանդիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ալբանիայի եւ մի շարք այլ վարչապետներ։ Ժամանել է նաեւ Կանադայի վարչապետը։ Ի դեպ Երեւանյան գագաթնաժողովը առաջինն է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների պատմության մեջ, որին հրավիրվել է եւ մասնակցում է Կանադայի վարչապետը։
Միեւնույն ժամանակ Երեւանյան գագաթնաժողովը նաեւ առաջինն է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների պատմության մեջ, որին ըստ տեղեկությունների, չեն մասնակցի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի վարչապետները: Ըստ համացանցից հասանելի տեղեկությունների, կարծես թե Երեւան չեն ժամանի նաեւ Ավստրիայի, Պորտուգալիայի, Բելգիայի, Սլովենիայի եւ մի շարք այլ երկրների վարչապետներ։
Վերջնահաշվում Փաշինյանն իր փնթի ու անկազմակերպ գործելաոճը համաշխարհային մամուլին ի ցույց է դրել նաեւ այս անգամ։ Առավոտից երեկո սոցիալական հարթակներում դատարկախոսող Փաշինյանը EPC գագաթնաժողովի պաշտոնական միջոցառումների մեկնարկից երկու ժամ առաջ, դեռ մի վստահելի եւ հոդաբաշխ տեղեկություն չի կարողանում տարածել այն մասին, թե որ երկրներից են պետության կամ կառավարության ղեկավարներ ժամանում Երեւան, որ երկրներն են ներկայացնելու ավելի ցածր մակարդակի պաշտոնյաներ։
Ամեն պարագայում յուրաքանչյուրը գիտակցում է, որ բոլոր այն երկրները, որոնք EPC Երեւանյան գագաթնաժողովին կներկայանան ոչ պետության կամ կառավարության ղեկավարի մակարդակով, դա կանեն ՀՀ քաղաքացիների աչքում Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ կերպ չասոցացվելու համար։ Եվ դա ավելորդ զգուշավորություն չէ։
Ողջ աշխարհը ականատես եղավ, թե Հայաստանում ԱՄՆ փոխնախագահի այցը, եւ 20 րոպե տեւած համատեղ ասուլիսում արտասանած մի նախադասությունն այն մասին, որ ԱՄՆ-ն կցանկանար տեսնել ԱՄՆ-Հայաստան երկկողմ ռազմավարական հարաբերությունների սերտացման ներկա կուրսի շարունակություն, ինչպես Փաշինյանն ու քարոզչամեքենան փորձեցին մանիպուլացնել, խեղաթյուրել եւ հասարակությանը մատուցել որպես միայն Փաշինյանի ընտրության պարագայում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սերտացման պայման։ Նման ստախոսության եւ անբարոյականության համար էլ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձում Փաշինյանն ու իր թիմն այնպիսի շառաչուն ապտակ ստացան, որ մինչեւ ընտրություններ կպտտվեն սեփական առանցքի շուրջ։
Թրամփը, երեւի առաջին անգամ ԱՄՆ նախագահների՝ ապրիլքսանչորսյան ուղերձների մեկդարյա պատմության մեջ դիմել էր ոչ թե ընդհանրական հայությանը, այլ՝ ամերիկահայերին եւ աշխարհասփյուռ հայությանը, հատուկ ցույց տալով, որ ՀՀ սահմաններից դուրս գոյություն ունի սփյուռքահայություն, որի առկայությունն ու իրավունքներն ավելի էական են ԱՄՆ-ի համար, քան Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ-ի հետ գործակցությունն էլ ուղերձում հիշատակվել էր Թրամփի հիմնադրած Խաղաղության խորհրդի համատեքստում, ցույց տալով, որ Հայաստանը տեղ ունի ԱՄՆ-ի Մերձավոր Արեւելյան քաղաքականությունում եւ ծրագրերում։
Փոխարենը Թրամփի ուղերձում տառ անգամ չէր ասվել 2025-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հանդիպումների, նախաստորագրված Խաղաղության պայմանագրի եւ մնացյալի մասին, անթաքույց ակնարկելով, որ այդ փաստաթղթերն էլ, դրանք ստորագրած Փաշինյանն էլ արժեք չունեն եւ հիշատակման արժանի չեն ԱՄՆ-ի համար։ Այդ փաստաթղթերի միակ գործառույթը ԱՄՆ-ի՝ Հայաստանում աշխարհաքաղաքական առումով հաստատվելու մասին ազդարարելն էր, ինչն էլ ի գիտություն ամենքի արվեց։ Իսկ Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի առնչությամբ Վաշինգտոնում 2023-24-ին, գուցե դրանից էլ վաղ կազմված ծրագրերը կշարունակվեն եւ կիրագործվեն նաեւ առանց Փաշինյանի կամ նրա ստորագրած փաստաթղթերը կյանքի կոչելու․ օգոստոսի 8-ը չհիշատակելը դա էր վկայում։ Դե, նման շառաչուն ապտակից հետո թող Փաշինյանն ու իր թիմակիցները փորձեն ասել, թե ընտրություններում վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը։ Եվ թող Աստված կանչեն, որ ԱՄՆ-ը իր աջակցությունն արդեն այլ թեկնածուի փոխանցած չլինի։