«Հրապարակ». Այո, 8 տարի առաջ Հայաստանը սուբյեկտայնություն չուներ
Wed, 06 May 2026 08:45:12 +0400
Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ
– Եվրոպական գագաթնաժողովը վերածվեց հակառուսականության շքերթի, նպատակ ունեիք այս միջոցառումը քաղաքական կապիտալի վերածել նախընտրական շրջանում, չե՞ք կարծում, որ այս ամենը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ հայ ժողովրդի համար, ինչի մասին ահազանգում են ձեր ընդդիմախոսները։
– Ցավը գիտե՞ք ինչումն ա, որ ՀՀ ցանկացած զարգացում, ձեռքբերում ներկայացվում է որպես հակառուսականություն։ Տնտեսության մեջ զարգացում ենք ունենում, ասում ենք` հակառուսական է, արտաքին հարաբերությունների մեջ դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները, ասում ենք` հակառուսական է։ Որեւէ հակառուսական բան չկա, մենք առաջնորդվում ենք մեր պետական շահով եւ, այդ շահով պայմանավորված, նաեւ որոշում ենք մեր արտաքին քաղաքականությունը, ամեն ինչ անում ենք, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերություններն ավելի լավանան։
– Երբ գործող իշխանությունը գործիք է դառնում եվրոպացիների ձեռքում՝ ընդդեմ Ռուսաստանի, ինչպե՞ս եք փորձում լավացնել հարաբերությունները։ Օրինակ, Մակրոնը հայտարարում է, թե 8 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի արբանյակն էր, ու դրա համար էլ պետության առաջնորդներ չէին այցելում, եւ ոչ ոք չի հակադարձում։ Կամ՝ սպառնալիքներ են հնչեցնում ՌԴ-ի հասցեին, քննարկում են 102-րդ ռազմաբազայի մնալ-չմնալու հարցը։
– Հիմա դուք պետք է շատ ուրախանաք, որ աշխարհի լիդերները, առաջնորդները գալիս են Հայաստան, ի՞նչն է սխալ ասվել։
– Նախկին իշխանությունների ժամանակ Դուք պաշտոն էիք զբաղեցնում, ով-ով՝ Դուք պետք է որ լավ հիշեք՝ առաջ չէի՞ն գալիս։
– Առաջ առաջնորդներ չէին գալիս Հայաստան, եւ, այո, 8 տարի առաջ Հայաստանը սուբյեկտայնություն չի ունեցել, այդ պատճառով էլ չէին գալիս։
– Հեղափոխությունից առաջ չե՞ք հիշում որեւէ պետության ղեկավարի, որ եկած լինի Հայաստան, Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է՞լ եք մոռացել` քանի տասնյակ ղեկավար էր այցելել։
– Դե, Ցեղասպանությունն ուրիշ բան է, բայց քաղաքական լուրջ միջոցառումներ, այս մասսայականությամբ այցեր չեն եղել։ Այն ժամանակ Հայաստանը նման սուբյեկտայնություն չուներ միջազգային հարթությունում, հիմա Հայաստանը լուրջ պետություն է, ժողովրդավարության արժեքները պահպանող պետություն է, եւ դա այսօր գնահատվում է միջազգային հանրության կողմից, ու պետք չէ սա անընդհատ բերել-հակադրել Ռուսաստանի հետ։
– Բայց գալիս են՝ Հայաստանում Ռուսաստանի դեմ խոսում են, դա մեզ գնահատե՞լ է նշանակում, ուրիշ ի՞նչ են արել։
– Հայաստանի Հանրապետությունն այսօր առավել քան անկախ է, ինքն է որոշում իր ճակատագիրը, ինքն է որոշումներ կայացնում՝ առանց հաշվի առնելու այլ երկրների դիրքորոշումները: Թե ռազմաբազային ինչ ճակատագիր է սպասվում, դա էլ է ամբողջությամբ Հայաստանի կառավարության որոշելու հարցը, մնացածը` ինչ կասեն, չեն ասի, դա որեւէ նշանակություն չունի։ Որեւէ մեկը մեզ այլեւս չի կարող ասել, թե ինչ անենք, ի տարբերություն նախկինների։
– Բայց Ադրբեջանն ու Թուրքիան կարծես լավ էլ ասում են, Ալիեւը հենց երեկ հերթական նվաստացուցիչ ելույթն ունեցավ մեր մասին, Բաքվում պահվող մեր ռազմագերիներին սեպարատիստներ կոչեց եւ այլն, Փաշինյանը, հակադարձելու փոխարեն, շնորհակալություն հայտնեց միայն։ Այսպե՞ս եք խաղաղություն հաստատել՝ ամեն ստորացման դիմանալով։
– Դուք ամեն ինչ փորձում եք անել ձեր երազած երկրին վերադառնալու համար, ոնց որ 10 տարի առաջ էր: Երբ երկրի որոշումները կայացնում են ուրիշ երկրներում, ուրիշ կաբինետներում, ուրիշ մարդիկ։ Նման բան այլեւս չի լինելու, մենք ենք որոշում։ Ալիեւն ինչ է ասել, ինչ չի ասել, ինձ չի հետաքրքրում, ես չեմ էլ լսել իր ելույթը։
– Ես ներկայացրի․․․
– Չէ, այդպիսի բան, ըստ էության, չի ասել: Այդտեղ հավաքված լիդերներն իրենց կարծիքն են արտահայտել ընդամենը․ եթե Հայաստանում էլ չլիներ, բոլորը, այդ թվում՝ Ալիեւը, հայտնելու էին իրենց կարծիքները։
– Ձեր նախընտրական լոզունգը խաղաղության մասին է, մինչդեռ խաղաղության մյուս կողմը՝ Ադրբեջանը, պարբերաբար հոխորտում է, նվաստացնում ձեզ, իսկ դուք լռում եք․ սրա մասին է խոսքը։
– Մեզ երբեւէ որեւէ մեկը չի կարող ստորացնի․․․ դուք չեք նկատում, որ մյուս կողմի հռետորաբանությունը բավականին փոխվել է վերջին մեկ տարվա ընթացքում, եւ սա պետք է դուք գնահատեք, որը չեք անում։
– Գնահատենք, որ Արցախում մեր մշակութային ժառանգությո՞ւնն է ոչնչացնում խաղաղության մյուս կողմը, 300 հազար ադրբեջանցիների մասին խոսում, իսկ դուք լռում եք։
– Մեկ-մեկուկես տարի առաջ շատ ավելի վատ հռետորաբանություն էր, եւ անընդհատ պատերազմի վտանգը կախված էր 2 պետությունների միջեւ, իսկ ձեր ասածը ժամանակի ընթացքում կլուծվի։
– Այո, ամբողջությամբ կոչնչացնեն մեր եկեղեցիները, մշակութային ժառանգությունը։
– Ինչի՞ չեք գնահատում, որ պատերազմի վտանգը վերացել է, տարիուկես առաջ մենք պատերազմից էինք խոսում, մշակութային արժեքներից չէինք խոսում, դրանք երկրորդական, չորրորդական հարցեր էին։
– Պատերազմի վտանգը ոչ թե վերացել է, այլ ինչ ուզում են, տալիս եք, ինչ էլ չեք տվել, ձեր ընդդիմախոսների կարծիքով՝ ընտրություններից հետո կտաք, հիմա լռում են, որ վերարտադրվեք ու ավարտին հասցնեք այս գործընթացը։
– Ակնհայտ է, որ պատերազմի վտանգը վերացել է, մեր եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված համաձայնագիր կա, իսկ մնացածը ձեր ցանկությունն է։
– Նախ՝ ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, այլ՝ նախաստորագրված է․ պայմաններ են առաջ քաշում՝ ստորագրելու համար:
– Հիմա ստորագրված է, նախա է, թե հետո է, ամեն դեպքում, ստորագրված փաստաթղթեր կան, եւ դուք՝ բոլորդ էլ շատ լավ տեսնում եք, որ խաղաղության գործընթացն անխուսափելի է։ Իսկ մեր ընդդիմախոսների հայտարարությունների պատճառն այն է, որ ինչ-որ երկրների հատուկ ծառայությունների գրասենյակներից ինչ գրում են, նա էլ ասում են, նրանք ոչ թե մեր պետության շահով են առաջնորդվում, այլ՝ այդ երկրների։
– Բա ո՞ւր է ԱԱԾ-ն` ինչո՞ւ այդ «ագենտներով» չի զբաղվում։
– Իր տեղում է մեր ԱԱԾ-ն։ Բաներ կան, որ սահմանն անցնում են, բռնում են:
– Ո՞ր երկրի գրասենյակներից են գրում: ՌԴ-ի՞ն նկատի ունեք։
– Այո, նաեւ Ռուսաստանին, դա ո՞վ չգիտի, որ այստեղ ուժեր կան, որոնց օրակարգը ձեւավորվում է Ռուսաստանի շահերից։
– Ձեզ մեղադրում են Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգով առաջնորդվելու մեջ, որ անգամ մեր մշակութային ժառանգությունն իրենցն եք համարում եւ վանդալիզմը չեք դատապարտում։
– Շատ վատ է, որ մշակութային ժառանգություն են ոչնչացնում, բայց իմացեք, որ խաղաղությունը մեկ օրում չեն հաստատում, վարչապետն էլ է ասում, որ պետք է խնամել այն, պահպանել եւ տեր կանգնել։