«Հրապարակ»․ Միացյալ ընդդիմություն, ձեռքիցդ բաց մի թող քո աստեղային պահը

«Հրապարակ»․ Միացյալ ընդդիմություն, ձեռքիցդ բաց մի թող քո աստեղային պահը

Thu, 07 May 2026 13:15:10 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է գրող, հրապարակախոս Պատրիկ Արտեմին՝ Պատվական Շաքարյանը, որը Խորհրդային Հայաստանում երկար տարիներ եղել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթի բաժնի վարիչ: Այժմ նա ԱՄՆ-ում է: Մի փոքր ուշացումով պատասխանեց մեր հարցերին, բացատրելով.

«Սիրելի Գագիկ, ներող եղիր, պատվերդ մի փոքր ուշացավ, քանի որ Եվրոպան «եկել էր» Երեւան։ Մի քիչ դանդաղեցի, որ տեսնեմ՝ հին աշխարհի ա՞ղն է պակաս, թե՞ մաղը։ Թատրոն էր, պիես էր մեկ արարով` նախատեսված հին աշխարհի բոլոր երկրների առաջին դեմքերի համար, որոնք խաղում էին ստահակների դերը։ Պատկերացնո՞ւմ ես, այդ պատվազուրկ մարդիկ եկել էին սիրաշահելու երկրի վրա երբեւէ ծնված ամենանողկալի դավաճանին՝ հայ-ռուսական հարաբերությունները վերջնական սառեցնելու եւ հայ ժողովրդին Թուրքիայի եւ Ադրբեջանի ողորմածությանը թողնելու համար։ Հարգանքս Էրդողանին եւ Ալիեւին, որոնք հրաժարվել էին այդ ֆարսում իրենց վերապահված դերից։ Մեր ժողովրդին սեղմ հիշեցնեմ, որ Եվրոպան իր մեծ խաղերի մեջ անխղճորեն զոհաբերել է փոքր ժողովուրդներին: 17-19-րդ դարերում Ռուսաստանը Թուրքիայից 3 անգամ ազատագրել է մեր պատմական հայրենիքի պատկառելի մասը եւ առաջարկել վերականգնել հայկական պետությունը։ 3 անգամն էլ Անգլիան պահանջել է բավարարվել բարենորոգչությամբ՝ թողնելով Թուրքիայի կազմում։ Իսկ Գերմանիան, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լինելով Թուրքիայի դաշնակիցը, իր ռազմական ընկերոջը հասկացրեց, որ հայերով խիտ բնակեցված Անկարա-Բաղդադ երկաթուղու ավազանը պետք է մաքրել հայ տարրից։ Թուրքերը զարհուրելի մոլուցքով հայերին կոտորում էին, լցնում ծովերն ու գետերը, քշում ավազուտները։ Այդքանով չվերջացավ Եվրոպայի հայատյացությունը։ Երեւան ժամանած այս «թատրոնն» ինձ հիշեցրեց Անգլիայի մի ուրիշ քայլ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո։ Ռուզվելտի խորհրդական Հոպկինսի մեմուարներից իմանում ենք, որ Մոլոտովը, ապա անձամբ Ստալինը դիմել են Անգլիայի վարչապետ Էնտոնի Իդենին՝ խնդրելով համաձայնություն տալ երեք վիլայեթների վերադարձին, ներառյալ Տրապիզոնը, պատերազմից տուժած հայ ժողովրդին։ Իդենը մերժել է։ Հիմա Նիկոլը, ատելով հայ ժողովրդին՝ էյֆորիայի մեջ, սիրախոնարհ գլուխն անկանոն ճոճելով վազում է՝ ողջագուրվելու եվրոպական աճպարարների հետ՝ կարծելով, թե իր շալակի դավաճանության բեռը կարող է հոնի կորիզի չափով թեթեւացնել»։

– Ձեր գնահատմամբ՝ այսօր ինչպիսի՞ իրավիճակում է Հայաստանը։

– Առանց դույզն-ինչ վարանելու ասեմ, որ մենք գործ ունենք ծանրագույն իրավիճակի հետ։ Իմ համոզմամբ, գործող իշխանության քաղաքականությունն ունեցել է կործանարար հետեւանքներ։ Երկիրը թուլացել է, անվտանգային համակարգը խարխլված է։ Ես կարծում եմ՝ Փաշինյանի կառավարման ընթացքում երկիրը հայտնվել է մի վիճակում, որը կարելի էր կանխել։ Երբ ղեկավարությունը հայտարարում է, որ երկիրն անպաշտպան է եւ ստիպված է կատարել հակառակորդի պահանջները, դա արդեն խոսում է համակարգային ձախողման մասին։

– Դուք խոսում եք նաեւ արտաքին գործոնների եւ Ադրբեջանի մասին։

– Այստեղ կարեւոր է հասկանալ, որ գործընթացները մեկուսացված չեն։ Իլհամ Ալիեւի քաղաքականությունը եւ Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումները փոխկապակցված են։ Եթե մի կողմում ընթանում է ակտիվ զինում, իսկ մյուսում թուլանում է պաշտպանունակությունը, հետեւանքները կանխատեսելի են։ Անհրաժեշտ է ձեւավորել պատասխանատու իշխանություն, վերականգնել բանակը եւ արտաքին քաղաքական հավասարակշռությունը։ Առանց այդ քայլերի, դժվար է խոսել պետության կայունության մասին։ Բացի այդ, հասարակությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա եւ հասկանա իր դերակատարումը։

– Ձեր ուղերձը հասարակությանը։

– Առանց դույզն-ինչ վարանելու, մենք կարող ենք ասել, որ բոլոր ժամանակների մեծագույն դավաճանը հայ է, անունը՝ Նիկոլ: Այդ տղան սովորական մեկը չէ, այլ՝ հանճարեղ ձեռնածու, որը մատների վրա խաղացնելով մի ամբողջ ժողովրդի, ոչ երկար ժամանակում կարողացավ արյունաքամ անել երկիրը եւ փալասի պես փռեց թշնամու ոտքերի առաջ։ Եվ հիմա անմեղության դիմակ դնելով չարագործի իր դեմքին՝ ականջ սղոցող ֆալցետով ճչում է․ երկիրը բացարձակ անպաշտպան է, թշնամին ինչ ասի՝ պիտի անենք։ Նախկինները քեզ տվել էին պաշտպանունակ երկիր, ի՞նչ արեցիր այդ երկրի հետ: Գնում, մեր դաշնակցի հետ խոսում էիր սուվերենությունից, դիվահարի պես քանդում էիր նախկինների թողած պաշտպանական համակարգերը, հալածում տաղանդավոր զինվորականներին: Քեզ ճղատելով բարձրացել էիր հրապարակ, մուրում էիր ժողովրդի աջակցությունը, ինչի՞ համար, երկիրը կործանելո՞ւ․․․ Ի՞նչ պատասխան ես տալու վերին երկնավորին, նրա զավակներին։ Նիկոլը գիտի, թե ինչ է ուզում հայ ժողովուրդը, բայց դա հակասում է նենգ պլաններին: Այո, համոզված եմ՝ Նիկոլն ատում է հայությանը։ Իր հերթին, ժողովուրդը հստակ չի պատկերացնում, թե ինչ է ուզում Նիկոլը, եւ գտնվում է երկվության մեջ։ Բայց, ահա, Նիկոլն ու «յոլդաշ» Ալիեւը լավ գիտեն, թե ինչ են ուզում։ Նա մտածված ձեւով Հայաստանի զինված ուժերը թողնում է առանց սպառազինության եւ այդ նպատակին հատկացված գումարները պարգեւ-հավելավճարների տեսքով բաժանում խորհրդարանի պատգամավորի անվան տակ ծվարած թափթփուկներին, իրեն նվիրված վերնախավին եւ ուժային կառույցներին։ Իլհամն էլ տենդագին զինվում է, որ հենց պահը գա, եւ Նիկոլը նշան անի, զորքը մտցնի Հայաստան: Այդժամ Նիկոլը պայման է դնելու հայ ժողովրդի առաջ․ «Եթե չեք ուզում, որ ստորագրեմ կապիտուլյացիայի պայմանագիր, դավաճանի փոխարեն ինձ կոչեք սուրբ Նիկոլ, արձանս դրեք Ազատության հրապարակում, եւ Իլհամը չի գա առաջ»։ Ալիեւը սիրով կհամաձայնի Հայաստանն ու Արցախը սկուտեղի վրա իրեն մատուցած Նիկոլի պատվին մի կարճ ժամանակով դադար տալ:
Հայ ժողովուրդ, սա ոչ թե երեւակայության խաղ է, այլ վաղվա օրվա դառն իրականություն։ Հայ ժողովուրդ, ուշացումի եւ կորստյան այս դաժան պահին ելիր ոտքի, ստեղծիր արդար, ժողովրդավարական իշխանություն եւ դաշնակցելով հարեւան երկրների՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ, փրկիր մեր սուրբ Հայրենիքը։ Պատերազմ չէր լինի, եթե Նիկոլն Ալիեւին խոստացած չլիներ, որ կապահովի Հայաստանի պարտությունը։ Ամեն ինչ վկայում է այդ մասին։ Նիկոլն սկսեց ամենազգայուն տեղից, նա ձեռնարկեց բանակի գլխատումն ու փորձառու զորահրամանատարների նկատմամբ հալածանքը։ Նա ՀԱՊԿ-ի զորքերի ղեկավար Խաչատուրովին պաշտոնանկ անելու համար հրավիրեց Երեւան եւ կեղծ մեղադրանքով կալանավորեց։ Դա կարեւոր քայլ էր, քանի որ հայազգի գեներալը վճռական պահին կարող էր օգնության հասնել պարտվող Հայաստանին։ Ալիեւին զսպաշապիկի մեջ պահողը Պուտինն էր, հարկավոր էր նրան էլ հանել մեր դեմ, եւ դա էլ արեց։ Հետագա բոլոր քայլերով Նիկոլը Հայաստանին մեկուսացրեց իր դաշնակից բարեկամներից եւ նախապատրաստեց մեր պարտությունը։ Եթե գերագույն գլխավոր հրամանատարը դավաճան է, այդտեղ այլ ելք չէր կարող լինել։
Հայ ժողովուրդ, հիմա ինչպե՞ս կարող ես թույլ տալ, որ պետական դավաճանը նորից գնա ընտրությունների, վերարտադրվի եւ ավարտին հասցնի մեր երկրի կործանումը։ Ի՞նչ է պետք անել․ հարկավոր է արգելափակել նրա ընտրվելու իրավունքը, ուղարկել բանտախուց եւ կազմակերպել արդարացի ընտրություններ։
Միացյալ ընդդիմություն, ժողովուրդը պատրաստ է, ոտքի հանիր ժողովրդին: Այսքան հարմար պահ երբեք չի եղել: Միացյալ ընդդիմություն, ձեռքիցդ բաց մի թող աստեղային պահը: Հենց հիմա է որոշվում՝ հայությունը կապրի՞ որպես հայրենիք ունեցող ժողովուրդ, թե՞ շրջմոլիկի նման գոյությունը քարշ կտա օտարի դռներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բա ինչու դուրս չեկան ՀԱՊԿ-ից, վախենու՞մ են

Բա ինչու դուրս չեկան ՀԱՊԿ-ից, վախենու՞մ են Thu, 07 May 2026 14:08:39 +0400 «Ուժեղ Հայաստան»…

13 րոպե ago

Չկա մի ուժ, որ ինձ կարող է ունեզրկել

Չկա մի ուժ, որ ինձ կարող է ունեզրկել Thu, 07 May 2026 14:07:44 +0400 Latest…

14 րոպե ago

Լոնդոնի ֆոնդային բորսայում նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մաս

Լոնդոնի ֆոնդային բորսայում նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մաս Thu, 07 May…

21 րոպե ago

Վարչապետը Չինաստանում սունկ է կերել, որից հալուցինացիաներ է առաջացնում. Սամվել Կարապետյան

Վարչապետը Չինաստանում սունկ է կերել, որից հալուցինացիաներ է առաջացնում. Սամվել Կարապետյան Thu, 07 May 2026…

25 րոպե ago

Ինձ համար գլխավորը Հայաստանի և հայ ժողովրդի շահերն են

Ինձ համար գլխավորը Հայաստանի և հայ ժողովրդի շահերն են Thu, 07 May 2026 13:51:06 +0400…

31 րոպե ago

«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական այցերի ժամանակացույցը

«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական այցերի ժամանակացույցը Thu, 07 May 2026 13:49:15 +0400 «Միասնության թևեր» կուսակցությունը…

32 րոպե ago