Եվրոպական մարտահրավեր Երևանից Ռուսաստանին

Եվրոպական մարտահրավեր Երևանից Ռուսաստանին

Thu, 07 May 2026 20:15:42 +0400


Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախորդ օրն անցկացվել է Ուկրաինայի աջակցությանը նվիրված առանձին նիստ: Բնական է, որ դրանում չէր կարող չկարևորվել Ուկրաինայի նախագահ Զելենսկու մասնակցությունը: Վերջինս էլ մեկ-երկու կծու արտահայտություն է թույլ տվել Ռուսաստանի հասցեին:

Այդ իրադարձությանն անդրադարձել էր ռուսաստանյան հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ (տեղեկատվությունը Վիքիպեդիայից) Արամ Գաբրելյանովը:
«Փաշինյանը իսկապես խելագարվել է։ Ֆրանսիացիները հայտարարեցին, որ մայիսի 5-ին Երևանում կկայանա Ուկրաինայի աջակցության գագաթնաժողով։ Ահա թե ինչու է Զելենսկին Երևանում։ Սա յուրատեսակ Ռամշտայն է Երևանում։ Պետք է մտածել Ռուսաստանին այդպիսի մարտահրավեր նետելու մասին։ Դե սպասեք… »,- արձագանքել է Գաբրելյանովը: Դժվար չէ հասկանալը, որ նրա հնչեցրած գնահատականը ոչ թե անձնական է, այլ այդպիսին է ՌԴ ղեկավարության մոտեցումը: Ինչ մնում է ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին, ապա տվյալ պարագայում նրա վարքագիծը կարելի է գնահատել որպես ադեկվատության բացարձակ բացակայության դրսևորում: Որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր հազարավոր թելերով կապված լինել Ռուսաստանի հետ ու միաժամանակ վերածվել դրա նկատմամբ թշնամական հարթակի: Ժամանակ առ ժամանակ էլ խոսել դրա հետ բարիդրացիական հարաբերությունների մասին:

Իսկ այն հանգամանքը, որ տվյալ տեղեկատվությունը հրապարակվել ֆրանսիացիների կողմից, հերթական անգամ վկայում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն չէ: Որովհետև եթե լիներ այդպիսին, ու Հայաստանը ցանկանար աջակցել իր նախկին թշնամու՝ Ադրբեջանի, բարեկամ Ուկրաինային, ապա դա պետք է հայտարարեր հենց «մեր հզոր» վարչապետը: Բայց քանի որ ինքն այնքան «դուխ» չունի, որպեսզի նման բան հայտարարի սեփական երկրում, դա արվում է օտարի կողմից: Բացի դրանից, օտարի կողմից այդ հանգամանքի բարձրաձայնումը հերթական անգամ վկայում է, որ Հայաստանը ոչ միայն ինքնիշխան չէ, այլև ընդհանարպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ չէ: Որովհետև եթե սուբյեկտ լիներ, ապա ընդհանրապես չէր թույլատրի, որ նման բան հայտարարվեր, քանի որ այն հակադրության մեջ է մտնում իր երկրի շահերի հետ: Կամ էլ չի պատկերացնում, թե որն է իր երկրի շահը, ինչը շատ ավելի վատ է: Էլ չասած, որ սեփական ժողովրդին անընդհատ պատերազմի վտանգով վախեցնելը վկայում է, որ ինքն իրենով արդեն վտանգ է Հայաստանի ու հայ ժողովրդի համար:

Ի դեպ, նախկիններից Սերժին մերժելիս մենք չէինք պատկերացնում, թե ինչպիսին չի կարող լինել պետության ղեկավարը: Որպես հանրություն մենք այնքան էինք «հաբռգել», որ մերժեցինք մեկին ընդամենը նրա համար, որ դրժել էր սեփական խոսքը: Ինչն ամենամեղմ թերությունն էր, որ կարող էր ունենալ պետության ղեկավարը: Մենք ասելով նկատի ունեմ նրանց, ովքեր գրագետ ու հայրենասեր լինելով՝ հավատում էին Հայաստանի ինքնիշխան լինելուն: Միաժամանակ հավատում էին, որ Հայաստանի տեղը ժողովրդավարական ու մարդասիրական եվրոպական երկրների շարքում է: Սակայն մեր նախընտրած ճակատագրի բերումով պարզվեց, որ եվրոպական հույսերը գրված էին ավազին: Որովհետև դրանք վաղուց աշխարհաքաղաքական շահերի դրսևորումներ էին, ինչը մենք ընդունել չէինք ցանկանում: Ու, բնականաբար, այդ ամենը կեղծիք էր:

Ավելորդ եմ համարում աստեղ անդրադառնալ այն հարցին, որ այս աննորմալ վիճակին հասնելուն նպաստեցին Հայաստանում իրականացվող՝ հատկապես եվրոպական քաղաքականությունն ու դրամաշնորհային ծրագրերը: Թե՛ պետական մակարդակում և թե՛ քաղաքացիական հասարակության մակարդակում: Ու այս օրերին կրկին Եվրոպան ցանկանում է մեր գլխին խաղ խաղալ՝ թքած ունենալով այն բանի վրա, թե ինչ կկատարվի հայ ժողովրդի հետ: Ինչ կկատարվի եվրոպական երկրների ղեկավարների ու Եվրամիության չինովնիկների հեռանալուց հետո: Երբ եվրոպական մարտահրավերներին ի պատասխան՝ Հայաստանը կկանգնի ռուսական տնտեսական մարտահրավերների դեմ դիմաց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Բարսելոնայի» մարզիկին կգնեն 11 միլիոն եվրոյով

«Բարսելոնայի» մարզիկին կգնեն 11 միլիոն եվրոյով Thu, 07 May 2026 23:00:29 +0400 «Մոնակո» ֆուտբոլային ակումբը…

4 րոպե ago

«Ձեզ ով էր ասում գնացեք կռվեք»․ տխրահռչակ այս կարգախոսից հետո զինվորի սիրտը չդիմացավ

«Ձեզ ով էր ասում գնացեք կռվեք»․ տխրահռչակ այս կարգախոսից հետո զինվորի սիրտը չդիմացավ Thu, 07…

8 րոպե ago

Սպիտակի քաղաքապետն էլ էր հեծանվորդների մեջ

Սպիտակի քաղաքապետն էլ էր հեծանվորդների մեջ Thu, 07 May 2026 22:45:08 +0400 Մայիսի 5-ին, Սպիտակում…

19 րոպե ago

Իլոն Մասկի ԱԲ տեխնոլոգիան կդառնա SpaceX-ի մի մասնիկը

Իլոն Մասկի ԱԲ տեխնոլոգիան կդառնա SpaceX-ի մի մասնիկը Thu, 07 May 2026 22:30:10 +0400 Ամերիկացի…

34 րոպե ago

Մարդիկ մոտենում են, հիշում, պատմում ու շնորհակալություն հայտնում տարիներ անց

Մարդիկ մոտենում են, հիշում, պատմում ու շնորհակալություն հայտնում տարիներ անց Thu, 07 May 2026 22:24:31…

40 րոպե ago

Դու իմ տղուն փրկել ես․ գյումրեցի կինը հիշեց Արման Թաթոյանի աշխատանքի հետ կապված մի դրվագ

Դու իմ տղուն փրկել ես․ գյումրեցի կինը հիշեց Արման Թաթոյանի աշխատանքի հետ կապված մի դրվագ…

46 րոպե ago