«Հրապարակ»․ Ոչ ոք կոչ չի անում` եղանն ու փոցխը վերցրու, իջիր Սարդարապատ, ասում են` վեր կաց թախտից` գնա ընտրատեղամաս
Fri, 08 May 2026 11:45:43 +0400
Հարցազրույց գրող, գրականագետ Կարո Վարդանյանի հետ
– Փորձենք հասկանալ, թե ինչ կատարվեց մեզ հետ վերջին 8 տարում:
– Շատ դժվար է, Աստված չանի, եթե այս դավադրությունը հասնի իր վերջաբանին` ինչպես հեղինակները նախագծել են, այդ ժամանակ ինչ-որ հանգրվանում մենք կարող ենք նստել եւ ամփոփել: Բայց այսօր` 8 տարի անց, դեռ այդ համատարած գիտակցությունը չկա, թե ինչի մեջ ենք մենք: Իսկապես չկա, մենք դեռ գզվռտոցի մեջ ենք: Կան մի քանի տասնյակ գիտակից մարդիկ, որ բաց նյարդերով նայում են ամեն օրվան, ամեն ժամին: Բայց այս պահի խնդիրն այն անգիտակից, չարորակ զանգվածը չէ միայն, նաեւ մեր արվեստակիցներն ու արհեստակիցներն են: Մեծ մասն ասում է` ի՞նչ է եղել որ, բա լա՞վ էր նախկինների ժամանակ: Այս կեցվածքը, այն էլ՝ մտավորականի կողմից, համատարած է: Տակավին մեկ շաբաթ առաջ, մի գրառման համար ինձ սաստողների մեջ կային վաստակավորի ու ժողովրդականի կոչումներով ոչ անհայտ երկու գործիչ, մեկը` նկարիչ, մյուսը` երաժիշտ, թե լա՞վ էր, որ Ռոբերտը զուգարանում մարդ սպանեց: Սրանք ամեն ժամ են մի բան կործանում, եթե մեկը փորձում է կցկտուր բարձրաձայնել, սրանք անմիջապես այդ մի դեպքն են հիշում, դեռ լավ է, որ երկրորդը չկա, որ հիշեն: Սա ինքնակործան մի հորձանուտ է, որի դեմն առնելը, ինչ-որ չափով կասեցնելը միայն գիտակցաբար սթափվելու խնդիր է, որին մենք դեռ չենք հասել: Իսկ ժամանակը չի սպասում:
– Վատ արարքը նախկիններին չեն ներում, իսկ սրանց գործած առավել վատթարն արդարացնում են: Աններելին հավասարապես բոլորի դեպքում պետք է դատապարտվի: Սա երկակի ստանդա՞րտ է, որը, մեղմ ասած, բարոյական չէ:
– Երկակի ստանդարտ չէ: Մենք դեռ ավանդական մտածողությամբ ենք տրամաբանում, փորձում ենք այս խիստ անսովոր, անծանոթ աղետը տեղավորել մեր դասական պատկերացումների մեջ: Հենց այստեղ է, որ ներքին բախում է տեղի ունենում, ու չենք կարողանում հասկանալ: Եթե նախկին ղեկավարներից մեկն ասեր, թե ինչ եք աչքներդ չռել Արարատի վրա, դա վաղուց հարեւան երկրինն է, դուք ձեր սարին նայեք, ոչ թե կհակաճառեին, այլ ամբողջ հայ աշխարհը` Հայաստան եւ սփյուռք, կփոթորկվեր: Կամ ասեին, որ Արցախը թոկ է, որ պետք է մեր 5-հազարամյա ամենահայկական երկրամասից ազատվենք, որպեսզի պետություն ունենանք, խելագարի տեղ կդնեին կամ առնվազն թուրքի գործակալ կհամարեին: Իսկ այս 8 տարվա մեջ հարյուրավոր, հազարավոր հակահայ ու ազգադավ խոսք եւ խոսքին հետեւած գործ տեսանք: Նախկինում արձագանքն այն կլիներ, որ կարճ կյանք կունենար այդ ամենը: Բայց այդ նույն բանը, որ անում է ՔՊ-ականը, ընդունվում է բնական: Սրան ասում են հիբրիդային պատերազմ, հոգեբանական գրոհ: Էս ի՞նչ զենք կիրառեցին մեր դեմ: Ես տարիներ առաջ երգիծանքով գրել էի` Քեռի Թորոսը եւ Քեռի Սորոսը: Քեռի Թորոսը, որ բարդու ծառը քոքահան էր արել ու Սասունի սահմաններն էր պաշտպանում, հանկարծ նրա դիմաց է հայտնվում սեւ ցիլինդրով, սեւ ակնոցով, սիգարը բերանին Քեռի Սորոսը: Ի՞նչ պիտի անի ավանդական մտածելակերպով տոհմիկ հայը` Քեռի Թորոսը, էս դիվային, ճիվաղային տեխնոլոգիաների դեմ: Անպաշտպան ենք եւ նույնիսկ չենք կարողանում գիտակցել, թե ինչպիսի զենք է մեր դեմ կիրառվում հետեւողականորեն: Իսկ ովքեր էլ որ գիտակցում են, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ, էդ վիրավորանքը, ստորացումն անտանելի է, մենք գիտափորձի ինչ-որ օբյեկտի ենք հիմա վերածվել: Եվ բանուգործը թողած` այսօր ամբողջ Արեւմուտքն ընտրություններից առաջ լցվել է Հայաստան՝ էդ «գիտափորձը» վերջնական արարին հասցնելու համար: Ես նաեւ որոշակի մտահոգություն նկատեցի դրանց մոտ. հանկարծ չձախողվի՞ վերջին հանգրվանը:
– Փորձենք բացատրել, թե ընտրությունների նախաշեմին ինչ նպատակ է հետապնդում Եվրոպայի առաջնորդների գալը Երեւան եւ ակնհայտ աջակցությունը Փաշինյանին:
– Տասնյակ միլիոնավոր եվրոներ տվեցին վերջերս՝ իբր օտար ազդեցությունների դեմն առնելու համար: Այդ ֆինանսավորելն ընտրություններից մի ոտք առաջ` արդեն միջամտություն է մեր երկրի ներքին գործերին: Հիմա էլ եկել են, տեսեք, թե ի՜նչ հեղինակավոր երկրների ղեկավարներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լցվել են Հայաստան, Երեւանի ու Գյումրու փողոցները դարձրել խրախճանքի, կերուխումի վայր: Արդեն որոշակի տրտունջներ, բողոքներ են ուշացումով հասունանում մեր երկրում: Ես շատ կոգեւորվեի, եթե զգայի, որ նույնիսկ ուշացումով իմ ժողովուրդը սթափվել է: Ցավոք, ազդակը սոցիալական է, մենք այդպես էլ չունեցանք այն գիտակցությունը, որ կործանում են մեր երկիրը: Պարզապես մարդիկ 2 անգամ` ուղեղներն անջատած, գնացել, ձայն են տվել սրանց, որպեսզի լավ ապրեն, կուշտ սնվեն, քեֆ անեն, ու կանգնել են կոտրած տաշտակի առաջ: Ահա` Եվրոպայից եկել են` ցուցադրաբար կերուխում, ցինիկ խոստումներ, տեսեք, թե ինչպես են ազդում խոցելի գիտակցությամբ մեր հանրության վրա: Սա է նպատակը:
– Ունե՞ք մտավախություն, որ եվրոպական շղարշի տակ փորձում են Հայաստանը մեր ոտքերի տակից տանել, ինչպես Արցախը տարան: Արդյո՞ք Հայաստանը գլխացավանք չէ Եվրոպայի համար, եւ հեշտ լուծումն է` դարձնել թուրքական տարածք:
– Հենց դրա մասին ենք խոսում. միանշանակ: Ինչո՞ւ պետք է սպասենք, որ կործանվենք, հետո բացահայտումներ լինեն: Մենք էլ՝ որպես 21-րդ դարի սփյուռքահայեր, Եվրոպայի, Արեւելքի կամ Ռուսաստանի ճանապարհներին հանդիպենք ու վերլուծենք, գզվռտվենք, թե ինչու եղավ, ինչպես ցեղասպանությունից ու հայրենազրկումից 3-4 սերունդ հետո մինչեւ հիմա միմյանց մեղադրում ենք: Մակրոնն էլ այս ամբողջ աղետի 3 դարբիններին` Խաչատուրյան Վահագն, Փաշինյան Նիկոլ, Հարությունյան Արայիկ, պատվեց ֆրանսիական կառավարության բարձրագույն պարգեւով` Պատվո լեգեոնի շքանշանով, որը Նապոլեոն կայսրն է հիմնել եւ տրվում է այն ֆրանսիացի եւ օտար անձանց, ովքեր մեծ ծառայություն են մատուցել Ֆրանսիային: Մոտ 200 հայ երանելիներ կան, որոնց պատվել են այդ շքանշանով, եւ գիտենք, թե ինչու, բայց չգիտենք, թե սրանց ինչու: Տպավորություն չստեղծվի, թե Մակրոնը քոռուփուչ է անում այդ պարգեւը: Որովհետեւ Արցախի հանձնումն ու հայաթափումն ընկալվում են ծառայություն Արեւմուտքին, իսկ Ֆրանսիան Արեւմուտքի խորհրդանիշն է, եւ Հայաստանի աստիճանական հանձնումն Ադրբեջանին ու Թուրքիային` ընկալվում է որպես ծառայություն Ֆրանսիային: Սա լեգենդ չէ: Մեզ 8 տարի կերակրելով ժողովրդավարության արժեքներով` գլորեցին ֆեոդալական կարգեր: Նույնիսկ դուր չեկած հայացքի համար են ձերբակալում, ուր մնաց թե՝ կարծիք հայտնես: Այսքան գաղտնալսումներ, բարբարոս ոտնահարում մարդու կարեւորագույն իրավունքների: Անգամ մարտական ռումբ նետեցին ժողովրդի վրա, եւ չկա որեւէ ծպտուն: Վախենում եմ, որ եկել են ոգեւորելու, թե նկարեք ձեր թվերը, մենք կհաստատենք, կօրինականացնենք: Եվ մեր խեղճ ու անպաշտպան ժողովուրդը, որքան էլ որ մենակ է մնացել, պետք է գոնե այն գիտակցումն ունենա, որ իր ձայնը որոշիչ է: Ձեռքերը լվանալ-հուսահատվելն ամենակործանարար մտածողությունն է: Ճիշտ են անում, որ այս ընտրությունները համեմատում են Սարդարապատի հետ: Այն ժամանակ էլ մեր վերջաբանն էր: Բայց այսօր ռեստորան ու սրճարան սիրող հայ մարդուն ոչ ոք կոչ չի անում, թե եղանն ու փոցխը վերցրու եւ իջիր Սարդարապատ՝ նահատակվելու, ընդամենը` մի՛ ալարիր, վե՛ր կաց թախտից եւ գնա ընտրատեղամաս: Տանո՛ւմ են, երկիրդ տանո՛ւմ են. սա է խնդիրը: Գնացեք եւ ձեր մեկ հատիկ ձայնով այս ամենի դեմը փորձեք առնել:
– Դա առաջին պարգեւը չէր, Ղազախստանի նախագահն էլ վզնոց կախեց Նիկոլի վզից՝ թուրանական միջանցք տալու համար: Այդպես ճակատը պաչելով, մեդալ կախելով՝ ժողովրդին թմրեցնում եւ երկիրն են տանում:
– Այդ պարգեւները խրախուսանքի միջոցներ են, որ ոչ միայն կատարեցիր ստանձնածդ պարտավորությունները, այլեւ՝ 10 անգամ ավելին: Տեսնում են, որ սա ջանք ու եռանդ չի խնայում՝ ավելին անելու համար: Որեւէ մեկը հավատո՞ւմ է, որ Փաշազադեն կամ Ալիեւն այդքան մանրացել են, թե դպրոցներից հանիր նահատակների նկարները, կամ նման փոքրիկ դրսեւորումներ: Իրենք ընդհանուր խնդիրն են դրել. փոխել այս հինավուրց ազգի գենետիկան: Իսկ սա ինքնանպատակ դարձնում է մանկուրտ: Նրանք այդ կարգի մանրակրկիտությամբ չեն պահանջում, որքան սրա ջերմեռանդությունն է, որ պարզապես խելագարեցնում է:
– Ալիեւը համաժողովում մատ թափ տվեց ԵԽ-ի վրա, որ հայանպաստ բանաձեւ է ընդունել: Մեր գերիներին պատերազմի հանցագործ անվանեց, իսկ Փաշինյանը լռեց, միայն ԵԽ նախագահը պատասխանեց:
– Սա այս դավադրության մեխերից մեկն էր՝ լավ բեմադրված: Մի քոչվոր թափառախմբի պարագլխի ամբարտավանությունն այն աստիճանի է հասել, որ սպառնաց Եվրոպայի առաջնորդներին: Իհարկե, Հայաստանից չպետք է ծպտուն լիներ. մեր ղեկավարության դերակատարումն Ալիեւի հայտարարությունները հիմնավորելն է, ասել, որ մարդիկ իրենց ինքնիշխան տարածքում ինչ ուզում, անում են: Իսկ ամենաողբալին այդ եվրոպացի տիկնոջ պատասխանն էր, որն ընդամենը արդարացավ, փոխանակ սաստեին, թե` այ քոչվոր, ախր, աչք փակեցինք, մի բան էլ սատարեցինք, որ այս ամենը քեզնով անես, հիմա մեզ վրա մա՞տ ես թափ տալիս: Ազերին, երեկվա թաթարը Եվրոպայի վրա մատ թափ տվեց… Կարող էին տեսակապը միանգամից անջատել: Հերիք չէ լայաղ չես արել գալ, դեռ որոշել ես տեսակապով այսքան մարդու ստորացնել, մա՞տ թափ տալ: Ցավոք, այս այլանդակ ֆարսի մեջ Հայաստանը դեր չունի, լեզու չունի, ընդամենը սեղանին դրված դեսերտ է այս պահին:
– Երբ անգետը հաղթում է գիտունին, պարտվում է երկիրը: Մեր միտքը չկարողացավ իշխել մեր անմտությանը: Մտավախություն չկա՞, որ կրկնվելու է նույնը:
– Ոչ, ոչ: Այդպես հուսահատված, ջլատված էի 2-3 տարի առաջ: Այս նոր շարժումները, թեկուզեւ ոչ հստակ նկատելի, ինձ ոգեւորում են: Դժգոհությունը համատարած է, դա ես նկատում եմ: Էդ կործանարար մասսան էլ չկա, որ լցվի ընտրատեղամաս` իրենով անի, որը ոչ միայն երկիրն է կործանում, այլեւ, առաջին հերթին՝ ինքն իրեն, ինչը չի հասկանում: Խնդիրն այն է, որ որեւէ մեկը չպետք է ձեռքերը լվանա եւ մնա տանը: Ընդամենը մեկ ամիս առաջ տեսանք, թե Հունգարիայում ինչ կատարվեց: Օրբանն իր երկիրը չէր տանում կործանման, պարզապես ճահճացել, լճացել էր: 70 տոկոս մասնակցություն եղավ ընտրություններին, որ Եվրոպայի համար աննախադեպ էր: Արտերկրից տասնյակ հազարավոր հունգարացիներ էին եկել, որ իրենց երկիրն Օրբանի ճանկերից ազատեն: Իսկ այսօր ՔՊ-ն տագնապած է, խուճապի մեջ է: Տեսեք` գալիս է հայ մարդը օտար երկրից, եւ նրանք քիչ չեն: Իսկ ինչպե՞ս են արձագանքում սրանք՝ թե փող են տալիս, բերում են: Ցինիկ, այլանդակ արձագանք: Մարդիկ գալիս են, որ իրենց ձայնը տան, եւ ինչպե՞ս են ներկայացնում` փող են տվել: Ես հույս ունեմ․ եթե Հունգարիան, որ վտանգ չուներ կործանվելու, բայց հունգարական սփյուռքից եկան եւ վտարեցին Օրբանին, մենք առավել եւս 70-80 տոկոս պետք է մասնակցություն ունենանք: Այդ դեպքում դրանց համար թիվ նկարելն էլ է դժվարանալու, եվրոպացիների միջամտությունն էլ է անտեղի լինելու: Մենք ոչինչ չարեցինք այս 8 տարվա ընթացքում, որ Նախախնամությունը, Տերը մեզ երրորդ շանսը տա գոյատեւման, բայց, այնուամենայնիվ, այդ շանսը տրվել է մեզ: Եվ մենք կլինենք ստորագույն ժողովուրդ, եթե պատվով, գիտակցաբար այդ շանսից չօգտվենք: Պարզապես մարդկության անեծքին կարժանանանք: