«Հրապարակ»․ Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված

«Հրապարակ»․ Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված

Sat, 09 May 2026 08:45:16 +0400


Երեկ մեկնարկեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սրտիկներով ու խաղաղության լոզունգներով այն սկսեց Հայաստանի հարավից՝ Սյունիքից, թեպետ «Քաղպայմանագիրն» ամիսներ առաջ արդեն սկսել էր քարոզարշավը։

Մեկնարկը տվեցին Սյունիքից, որն այսօր անվտանգային առումով ամենախոցելի մարզն է Հայաստանում: Առաջին կանգառը Սիսիանն էր՝ հարակից մի քանի համայնքով, մեր տեղեկություններով, ընտրել էին այն համայնքները, որտեղ հնարավորինս անշառ կանցներ քարոզարշավը` առանց դիմադրության, բողոքի ակցիաների: Օրինակ, Սալվարդ գյուղի բնակիչներից մեկը մեզ փոխանցեց, որ իրենց գյուղի կողքով անցել են, բայց չեն մտել գյուղ, որտեղ Փաշինյանին կազմ-պատրաստ սպասում էին: Բանն այն է, որ իշխանությունը որոշել է փակել Սալվարդի միջնակարգ դպրոցը, եւ տեղացիները՝ մարտական տրամադրված, պատրաստվել են, որ իրենց ասելիքը բարձրաձայնեն, բայց Փաշինյանը շրջանցել է։

Սիսիանի հատվածի քարոզարշավի կազմակերպչական պատասխանատուն ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն էր՝ տեղացի մի քանի չինովնիկի հետ։ Նրանք որքան էլ ջանացել էին բերման ենթարկել հնարավորինս շատ մարդ, հատկապես ստիպել էին, որ պետական ապարատում աշխատող սիսիանցիները՝ համայնքապետարանների, պոլիկլինիկաների, դպրոցների աշխատակազմերը ներկայանան, սակայն նկատելի էր, որ Սիսիանի կենտրոնական հրապարակում ընդամենը մի քանի տասնյակ մարդ կար` վարչական աշխատողներից զատ, մի քանի կենսաթոշակառու։ Կազմակերպիչներից մեկն էլ Սիսիանի համայնքապետի տեղակալ Աննա Կարապետյանն էր, որը, ասացին` անձամբ է մարդահավաքով զբաղվել, հատ-հատ զանգել, բերման ենթարկել, հանրահավաքի ժամանակ էլ ակտիվ գոռում էր։ Այդուհանդերձ, սպասելիքները չեն արդարացել, եւ, ըստ լուրերի, Փաշինյանը գոհ չի հեռացել Սիսիանից։

Այցելելով գյուղեր՝ Փաշինյանը ոչ այնքան լսում էր մարդկանց խնդիրները, որքան փորձում էր համոզել, թե ինչ լավն են ինքն ու իր թիմը։ Անգեղակոթ համայնքում, օրինակ, կեսկատակ-կեսլուրջ ասաց․ «Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնեւն է ասֆալտ արել, մեկ՝ ես»։ Այցելելով համայնքից համայնք՝ նա բնակիչներին հիմնականում նույն հարցն էր տալիս՝ թոշակները բարձրացրե՞լ են, անկանխիկ առեւտուր անո՞ւմ եք, հետվճար ստանո՞ւմ եք, օգտվո՞ւմ եք առողջապահության ապահովագրությունից․ լավ է, չէ՞, դե՝ շատ լավ է։ Վստահեցնում էր, որ խաղաղություն է հաստատվել, ու բաժանում էր Հայաստանի փոքրացած քարտեզով կրծքանշանն ու նախընտրական բուկլետները։
Ընթացքում էլ ադրբեջանցիների հետ քիրվայության բացահայտ քարոզ էր անում, համոզում հայ մարդկանց թուրքերի, ադրբեջանցիների հետ կապեր հաստատել։ «Այստեղով Նախիջեւան ճանապարհ կա, որ գան-գնան լավ կլինի, չէ՞»,- հարցրեց նա անգեղակոթցիներին, սակայն պատասխանեցին, որ քանի դեռ Եռաբլուր կա, դա հնարավոր չէ։ Փաշինյանը շարունակեց պնդել` թող բացվի, հետո կտեսնենք՝ ինչ է լինում։ Նա կրկին փորձում էր համոզել, որ ղարաբաղյան շարժումը մեզ համար ճակատագրական սխալ է եղել։

«Մեր պատմության մեջ, ցավոք, հաճախ է եղել, որ մենք նահատակներ ենք ունեցել։ Վերջնարդյունքում դժվար է եղել ձեւակերպել՝ լավ, մենք ի՞նչ ստացանք։ Այսօր ես ձեզ ասում եմ՝ ի՞նչ ստացանք։ Մենք ստացանք ապագա։ Ապագա, որը ոչ թե յոթ սարի հետեւում է, այլ ապագան այստեղ է, հիմա է։ Ապրելու հնարավորություն ստացանք, պետություն լինելու հնարավորություն ստացանք եւ, ամենակարեւորը՝ այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հնարավորություն ստացանք»,- հայտարարում էր նա։ Մինչդեռ նախորդ ընտրությունների քարոզարշավին խոստանում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացում, Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում։

Այսօր ՔՊ-ն հանրահավաք է նախատեսում մարզկենտրոն Կապանում, այցեր Քաջարան եւ այլ համայնքներ։ Մարզի մեր աղբյուրները վստահեցրին, որ նախորդ ընտրություններում առյուծ կտրած ընդդիմադիր համայնքապետերը հարմար տեղավորվել են իշխանության հովանոցի ներքո եւ տակից ակտիվ աշխատանքներ են տանում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի համար․ թե՛ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, թե՛ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, որ 2021-ին Ռոբերտ Քոչարյանի ցուցակում էին, անցել են ՔՊ-ի դրոշի տակ: Առուշ Առուշանյանը երեկ հերթական անգամ դիմավորեց նախընտրական քարոզչության մեկնած Փաշինյանին` Խնձորեսկ համայնքում, եւ խոնարհվեց նրա առաջ․ ի դեպ, երկուշաբթի օրը նրա դատն է, որի ժամանակ կորոշվի` նստելու է, թե՝ ոչ: Շաբաթներ առաջ, երբ Փաշինյանը կրկին Գորիսում էր, եւ նա դիմավորում էր, արդարացել էր, թե` պետության ղեկավարն այցելել է իր ղեկավարած համայնք, ինքը չէր կարող չդիմավորել։ Բայց օրեր առաջ էլ ՔՊ-ական պատգամավորների եւ գործարարների հետ հանդիպմանն է Գորիսում ներկա եղել, այդ հանդիպման ընթացքում նաեւ ՔՊ-ին աջակցելու հարցն է քննարկվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա

Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա Sat, 13 Jun 2026 00:05:02…

6 ժամ ago

Մահացել է մեր ժամանակների ամենանշանավոր նկարիչներից մեկը

Մահացել է մեր ժամանակների ամենանշանավոր նկարիչներից մեկը Fri, 12 Jun 2026 23:55:01 +0400 Մահացել է…

6 ժամ ago

Իշխանությանը մի քայլ է մնացել. Աբրահամյան

Իշխանությանը մի քայլ է մնացել. Աբրահամյան Fri, 12 Jun 2026 23:45:21 +0400 Քաղաքական դաշտում նախաձեռնությունը…

6 ժամ ago

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Fri, 12 Jun 2026 23:41:41…

6 ժամ ago

Հռոմի Պապը դիմել է ֆուտբոլի երկրպագուներին

Հռոմի Պապը դիմել է ֆուտբոլի երկրպագուներին Fri, 12 Jun 2026 23:30:16 +0400 Հռոմի Լեւոն 14-րդ…

7 ժամ ago

Մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի լուծել այս իշխանության հարցը․ Քոչարյան

Մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի լուծել այս իշխանության հարցը․ Քոչարյան Fri, 12 Jun 2026 23:15:49…

7 ժամ ago