Ռուսական 102֊րդ ռազմաբազայի մասնակցությամբ շքերթ Գյումրիում
Sat, 09 May 2026 22:45:41 +0400
Այսօր Գյումրին մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշեց Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-րդ տարեդարձը։ Օրվա առթիվ միջոցառումների շարքը կազմակերպվել էր Գյումրու քաղաքապետարանի և քաղաքում տեղակայված ռուսական ստորաբաժանումների համատեղ ջանքերով։
Տոնական օրվա մեկնարկը տրվեց Գյումրու թիվ 2 գերեզմանատանը, որտեղ պատվիրակությունները ծաղիկներ խոնարհեցին եղբայրական գերեզմանին։ Այստեղ հանգչում են տարբեր ազգությունների զինվորներ, ովքեր պատերազմի տարիներին մահացել են Լենինականի հոսպիտալներում ստացած վերքերից կամ գերեվարվել են։ Ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևոր սպասավոր հայր Տիմոֆեյը կատարեց հոգեհանգստի կարգ՝ աղոթք բարձրացնելով նահատակների հոգիների խաղաղության համար։
Հաջորդ կանգառը «Պատվո բլուր» հուշահամալիրն էր։
«Պատվո բլուրը» զինվորական գերեզմանատուն է, որտեղ հուղարկավորված են 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Կարսի և Ալեքսանդրապոլի մատույցներում զոհված ռուս սպաները։
Գյումրու քաղաքապետարանի կողմից վերջերս այստեղ իրականացվել էին հուշարձանի վերանորոգման աշխատանքներ։
Մինչ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ընթանում էին նախապատրաստությունները, Գյումրու 8-րդ զինվորական թաղամասից մեկնարկեց «Անմահ գունդ» քայլերթը։ Հարյուրավոր քաղաքացիներ՝ իրենց պապերի ու հարազատների լուսանկարներով, անցան քաղաքի փողոցներով՝ խորհրդանշելով սերունդների անխզելի կապը։
Հանդիսության պաշտոնական մասը տեղի ունեցավ Մայր Հայաստան հուշահամալիրում։ Ելլույթ ունեցան Գյումրիում ՌԴ պատվո հյուպատոս Իգոր Տիտովը, 102-րդ ռազմաբազայի հրամանատարի պաշտոնակատար Մաքսիմ Կուլակովը, Լենինականի սահմանապահ ջոկատի հրամանատար Եգոր Ակինշինը, գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մասնաճյուղի ղեկավար Անտոն Բերյանևը։
Բանախոսները վերհիշեցին ու երախտագիտությամբ հիշատակեցին Հայրենական մեծ պատերազմում հայ գեներալների, զորահրամանատարների և զինվորների անմահ սխրանքները։ Գագիկ Մանուկյանն իր ելույթում շեշտեց, որ Գյումրիի համար այս տոնն ունի առանձնակի նշանակություն։ Նա նշեց, որ այս դժվարին ժամանակներում չպետք է մոռանալ պատմության դասերը՝ հավելելով. «Որպես քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ մենք բարձր ենք գնահատում ձեզ հետ ձևավորված փոխհարաբերությունները։ Մեր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սրտանց ցանկանում էր ներկա գտնվել այստեղ, անձամբ հայտնել իր խորին հարգանքը ռուս զինվորներին և պատվել հերոսների հիշատակը։ Այսօր ես այստեղ եմ նրա հանձնարարությամբ և մեր թիմի անունից փոխանցում եմ նրա շնորհավորանքներն ու աջակցության խոսքերը»։
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի 20 միլիոն զոհերի, այդ թվում՝ սովից ու ցրտից մահացած խաղաղ բնակիչների հիշատակը։ Այնուհետև ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհվեցին Անհայտ զինվորի հուշարձանին։
Տոնական մթնոլորտն ամբողջացրեց ռուսական կողմի կազմակերպած զինտեխնիկայի ցուցադրությունը, որտեղ ներկայացվեցին նաև պատերազմական դրվագների բեմականացումներ։ Հյուրերը հնարավորություն ունեցան օգտվելու «ռազմաճակատային խոհանոցից»՝ համտեսելով հնդկաձավարի շիլա և ռուսական ավանդական սալո։
Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով, որի ընթացքում հնչեցին սիրված ռազմաճակատային երգեր՝ պարգևելով ներկաներին հաղթական տրամադրություն։
Այս տարի տոնն առավել լիարժեք ու տպավորիչ էր, քանի որ Գյումրու քաղաքապետարանը հաջողությամբ գործարկել էր «Մայր Հայաստան» հուշահամալիրի ջրային կասկադը։ Տևական դադարից հետո վերագործարկված շատրվանները դարձան քաղաքային իշխանությունների գլխավոր անակնկալը, որը տոնի օրը մատուցվեց գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին՝ վերադարձնելով հուշահամալիրի երբեմնի հմայքն ու ջերմ մթնոլորտը։
Գյումրու քաղաքապետարան