Պղնձամոլիբդենայինի «ռևանշը»՝ մայրենի լեզվի դասատուի դեմ․․․
Mon, 11 May 2026 15:45:15 +0400
Մի երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը մեծ հաճույքով հրապարակային մայրենիի դաս էր տալիս Սամվել Կարապետյանին՝ «հաղթարշավ» բառի սխալ արտասանության համար։ Այնպիսի խստությամբ ու ինքնավստահությամբ, կարծես ոչ թե վարչապետ էր, այլ հայոց լեզվի պետական ավարտական քննության նախագահն էր։ Այնինչ ընդամենը կատարում էր տարրական դասարանի անտակտ, բայց շատ ոգեշնչված ուսուցչի դեր՝ մատը բարձրացրած, հոնքը՝ նաև։ Սոցցանցերն էլ անմիջապես Փաշինյանի թմբկազարկով աշխուժացան՝ կարծես լեզվական օլիմպիադա էր սկսվել։
Բայց քաղաքականությունը երբեմն բումերանգի օրենքով է աշխատում։ Եվ, անկեղծ ասած, հումորի շատ նուրբ զգացողություն էլ ունի՝ երբեմն չափազանց նուրբ, որ ցավեցնի։
Կապանում Փաշինյանի ելույթի ժամանակ հերթը հասավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» արտահայտությանը։ Եվ ահա այստեղ բառերը կարծես որոշեցին փոքրիկ, բայց շատ դիպուկ բումերանգային ռևանշ կազմակերպել Փաշինյանի դեմ։ Լեզուն մի պահ «փաթ ընկավ», հնչյունները սկսեցին իրար հետ խորհրդակցել առանց թարգմանչի, արտահայտությունն էլ որոշեց, որ այդ օրը հեշտ չի հանձնվելու՝ պըը-ղըն-ձե-մո-լի․․․ հետո արդեն՝ «խնդրում եմ կրկնել, հնարավոր չէ»։ Ու հենց այստեղ պատմության ամենահետաքրքիր դրվագն է։
Այն մարդը, ում վրա օրեր առաջ քահ-քահ ծիծաղում էին, չշտապեց նույն ձևով պատասխանել՝ վերածվելով լեզվական «տեսուչի»։ Չեղան «մայրենիի դասեր», չեղան մեծ-մեծ հեգնական քարոզներ, չեղավ ուսուցչական մատի հաղթական վերելք։ Սխալը պարզապես թողեցին այնտեղ, որտեղ իրականում պիտի լիներ՝ մարդկային վրիպման դարակում։
Սա էլ, թերևս, պատմության դաստիարակչական մասը դարձավ՝ մի փոքր ուշացած, բայց հասկանալի։ Որովհետև խոսքը միայն լեզվի մասին չէ։ Խոսքը վերաբերմունքի մասին է։ Մարդը կարող է սայթաքել բառի վրա, շփոթել շեշտադրումը, նույնիսկ «կոմբինատ» բառի դիմաց կարճ ժամանակով կորցնել վստահությունը սեփական հոդաբաշխության նկատմամբ։ Դա պատահում է բոլորի հետ՝ նույնիսկ ամենավստահ ելույթների ժամանակ։ Բայց երբ դիմացինի վրիպումը դարձնում ես հրապարակային դասախոսություն, կյանքը երբեմն նույն բեմը վերադարձնում է քեզ՝ փոքրիկ «վերաուսուցման» սցենարով։
Մայրենի լեզուն սիրում է հարգանք, ոչ թե ինքնահավանություն։ Եվ երբեմն ամենաուժեղ պատասխանը ոչ թե հակադարձ ծաղրն է, այլ այն զսպված լռությունը։ Սամվել Կարապետյանը հենց այդ լռությամբ պատասխանեց։ Բումերանգը վերադարձավ։ Պղնձամոլիբդենայինի ռևանշը։
Բայց այս անգամ այն դիմավորեցին ոչ թե ծափերով, մայրենի լեզվի դասերով ու ծաղրով, այլ այն հազվագյուտ լռությամբ, երբ նույնիսկ բառերն են հասկանում՝ ճիշտը չխոսելն է։