«Հրապարակ». Ասում էինք` սրանք եկել են հայկականության դեմ ծրագրով, եւ դա սկսվելու է Արցախից, մեզ գժի տեղ էին դնում

«Հրապարակ». Ասում էինք` սրանք եկել են հայկականության դեմ ծրագրով, եւ դա սկսվելու է Արցախից, մեզ գժի տեղ էին դնում

Wed, 13 May 2026 13:15:40 +0400


Հարցազրույց Արցախից բռնագաղթած բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանի հետ

– Մեկնարկել է քարոզարշավը, ի՞նչ սպասել հունիսի 7-ի ընտրություններից:

– Ժողովրդի ինքնադրսեւորման, հատկապես ազգային որակի նորովի ինքնահաստատման ընտրություն է լինելու: Ընտրողները պետք է ապացուցեն, որ իրենք հայկականության կրողներն են, հայ ժողովուրդ են, որ մեր պատմության տերն են եւ մեր բոլոր ազգային դատերի պահանջատերը: Այս ընտրություններից ես սա եմ սպասում: Եթե չկա այն կառավարությունը, որ այս նշածս հարցերին համարժեք կառավարում եւ գործունեություն է ծավալում, նշանակում է Հայաստանը տանել պատմական փակուղի, կանգնեցնել անդունդի եզրին եւ ուղղակի մատուցել թշնամուն: Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ ժողովրդի մեծամասնությունը ճիշտ է մտածում: Ժողովրդի հետ պետք է զրուցել: Պետք է ընդդիմադիր գործիչները, մտավորականները մարդկանց բացատրեն, որ իրոք սա ճակատագրական պահ է, որ մենք հիմա ապագայի ընտրություն ենք կատարում՝ Հայաստանը կլինի՞, թե՞ չի լինի: Խոսքը միայն բնաջնջման կամ հանրապետության լուծարման մասին չէ, խոսքը դանդաղ գործող ռումբի էֆեկտի մասին է, որ մեզ սպառնում է այն ճակատագիրը, ինչը եղավ Արցախի հետ, Նախիջեւանի հետ: Սա պետք է պարզ բացատրել մարդկանց: Մարդկանց պետք է համոզել, որ սթափ կանխատեսումներին, վերլուծություններին հավատան: Որ դուք իրավունք չունեք պարփակվել ձեր մեջ եւ ասել` հնարավոր չէ, որ դավաճանություն լինի: Բայց դավաճանությունը տեսանք, չէ՞, որ մեր աչքի առաջ է: Երբ 2018թ. բազմաթիվ մտավորական մարդիկ, քաղաքական գործիչներ ասում էին, որ սրանք եկել են հայության, հայկականության դեմ ահավոր ծրագիր իրագործելու, եւ դա սկսվելու է Արցախից, բոլորը մեզ գժի տեղ էին դնում, ասում էին` ինչո՞ւ եք գույները մռայլեցնում, ժողովրդին շանտաժի ենթարկում: Շանտաժիստներն ովքե՞ր դուրս եկան: Եթե մենք ողջամիտ ժողովուրդ ենք, պետք է կարողանանք դասեր քաղել եւ կատարել ճիշտ ընտրություն:

– 2021-ի ընտրություններից առաջ ունեինք Արցախ, այսօր չունենք եւ Հայաստանի որոշ տարածքներ, Մեղրին էլ, վարձով ենք տվել: Եթե իշխող ուժը վերարտադրվի, ի՞նչ կունենանք հաջորդ ընտրություններից առաջ:

– Արդեն երեւում է, թե ինչ չենք ունենալու: Սյունիքն արդեն փաթեթավորված՝ ափսեի մեջ է, ինչպես Արցախի դեպքում տեսանք: Սա աստղագուշակություն չէ: Կատարված փաստերը, այս գործիչների քաղաքական դիմանկարը, կենսագրությունը, կատարած քայլերը հուշում են, որ Սյունիքը մատուցվելու է հակառակորդին: Մեղրիում կառուցվող ճանապարհը, թուրքերի ասած` զանգեզուրյան միջանցքը, նախերգանքն է դրա: Կատարվում է այդ քայլը, ուրեմն պետք է կատարվի հաջորդ քայլը: Թուրքերը հոյակապ իրագործում են իրենց պատմական երազանքը` թուրանական երազանքից են սնվում: Հայերը, որ իրենց պատմական հայրենիքում ապրում են, ոսկորի պես խրված են նրանց կոկորդում, նրանք ուզում են այդ ոսկորից ազատվել: Ոչինչ չեն խնայի. ի՞նչ խաղաղության պայմանագիր, ի՞նչ հաշտություն: Էդ ովքե՞ր են խաղաղություն կնքողները. 2 ինչ-որ արկածախնդիր կառավարիչներ` Հայաստանից եւ Ադրբեջանից: Դուք նստում եւ հայ ժողովրդի ճակատագի՞րն եք որոշում, դուք ովքե՞ր եք հայության առաջ, նույնիսկ` Ադրբեջանի ժողովրդի առաջ, կարծում եք, որ ձեր ժողովուրդների շահե՞րն եք հաշվի առել: Մեր ժողովուրդը գոյատեւել է՝ նման հակամարտությունները հաղթահարելով: Առաջին անգամ չէ պատմության մեջ, որ մենք նման ճակատագրական իրավիճակի առաջ ենք հայտնվում, բայց հիմա ավելի զարհուրելի է, որ մեր կառավարությունն է դրան մասնակցում: Այն ժամանակ արտաքին հալածանքն էր միայն, երբ պետականություն չունեինք, եւ միայն Եկեղեցին էր միակ տիրություն անողը: Հիմա Եկեղեցու, բոլոր ինստիտուտների դեմ է հալածանքը, միայն քաղաքական ընդդիմության դեմ չէ: Էլ ո՞նց է լինում ազգի վերացման մեխանիզմը, հենց այդպես, որը մեր աչքի առաջ կատարվում է: Այ, սա պետք է բացատրել մարդկանց:

– Այսօր Արցախում գեթ մեկ հայ չի ապրում, իսկ օրեր առաջ թուրք բարձրաստիճան պաշտոնյան Երեւանում հայտարարեց, որ ինքն իրեն զգում է՝ ինչպես տանը: Հայաստանին Արցախի ճակատագի՞րն է սպասվում:

– Եվ դա շատ վատ ազդանշան էր, որովհետեւ նրանք Հայաստանն ուզում են դարձնել իրենց տունը, թուրք պաշտոնյան հենց այնպես բան չի ասում: Ավելի վատն է սպասվում, քան Արցախի ճակատագիրը: Մենք` արցախցիներս, եկանք Հայաստան, իսկ այստեղի՞ց ուր ենք գնալու: Պետք է բարձրաձայն ասել՝ մեր դերը, պարտականությունն այն է, որ կանխվի նման սցենարը: Բայց որ նման սցենար կա դավադիր իշխանության եւ մեր թշնամիների կողմից, դա ակնհայտ է: Նայում եմ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, ոչինչ չի բացառվում` ամենավայրագ սցենարից մինչեւ ամենամեղմ, փափուկ ուժով սպիտակ եղեռնի տարբերակը: Եթե չեք անցնում մեր սրի տակով, ուրեմն պետք է հեռանաք այստեղից, ինչպես Արցախում արեցին: Թուրքերն իրենց գոյատեւման հարցը միասնականության մեջ են պատկերացնում: Ե՛վ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանն իրենց չեն պատկերացնում առանձին, որովհետեւ միշտ հակադրվելու են աշխարհի հետ: Հակադրություն ունեն Եվրոպայի հետ, ունենալու են Չինաստանի հետ, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ գիտեն, որ իրենց գոյատեւումը միասնականության մեջ է:

– Փաշինյանը հայտարարեց՝ թույլ չեն տա, որ «եռագլուխ հրեշն» անցնի ԱԺ, նկատի ունի ընդդիմադիր 3 ուժին: Սա սպառնալի՞ք է, ընտրությունները կեղծելու որոշո՞ւմ: Հնարավո՞ր են հետընտրական տհաճ զարգացումներ:

– Սա այն բացառիկ իրավիճակն է իրենց համար, որ առանց իշխանության իրենք պարզապես գոյություն չեն ունենալու ո՛չ քաղաքականապես, ո՛չ բարոյապես: Իրենք շատ լավ գիտեն, որ նորեկ իշխանության մեջ տեղ չեն ունենալու, եւ իրենց սպասվում են այն պատիժները, որոնց արժանացել են` գործելով բազմաթիվ սխալներ` մտածված, թե չմտածված: Իրենք գիտեն, որ պատասխան են տալու, եւ կենաց-մահու պայքար են մղում: Ռինգում հայտնված մահապարտ մարտիկի կեցվածք է: Երբ գիտեն՝ կա՛մ պիտի հաղթեն, կա՛մ պարտվելու դեպքում քաղաքականապես գոյություն չեն ունենալու եւ հայտնվելու են բանտերում: Եվ իրենք հակադրվում են այն ուժին, որը պետք է երկիրը դուրս քաշի այս կործանարար անդունդից: Ես չեմ կարողանում պատկերացնել` հանուն իշխանության ցանկացած վայրագ հայտարարություն ու քայլ կատարես, եւ իրավական պատասխանատվություն չլինի: Չասեն, որ հորդ սեփականությունը չէ իշխանությունը, սա այս երկրի իշխանությունն է: Այս ի՞նչ կատաղի պայքար է հանուն իշխանության: Դուրս եք եկել ոտից գլուխ, ձեր միս ու ոսկորով ուզում եք իշխանությունը պահել, հանուն ինչի՞։ Իշխանությունը բոլորինս է: Դուրս եկեք եւ ասեք, որ հավասար մրցապայքար կլինի, մենք կապացուցեն մեր իրավասությունը, դուք էլ` ձերը: Ոչ, նրանք դուրս են եկել, որ ասեն` մեկս մյուսիս թշնամին ենք, նաեւ՝ ընդդիմության, չնայած ընդդիմությունը շատ ավելի լոյալ է, այնտեղ իմաստուն մարդիկ կան, փայլուն ազգային կերպար կրող ուժեր, որոնք նման մոլեգին կեցվածք երբեւէ չեն ընդունի: Նրանք գիտեն, որ երկրի համար պայքարող, հոգի տվողն այդպիսի կեցվածք չի դրսեւորում: Այդպես միայն իրենց ստոր կերպարն են մատնում: Պետք է ժողովրդի մեծամասնությունն այնպիսի ջախջախիչ հաղթանակ տանի, որ չհամարձակվեն փողոց հանել իրենց զոմբիական զանգվածին եւ խժդժություններ հրահրել: Ուղղակի աղերսագին ծնկեն եւ ասեն` ընդունում ենք ձեր հաղթանակը եւ մեր պարտությունը: Իմ հորդորը մեր հայրենակիցներին` որ մասնակցեն ընտրություններին, եւ յուրաքանչյուրը նպաստի, որ մեր ազգային ուժերը ջախջախիչ հաղթանակ տանեն այս կործանարար ուժերի հանդեպ:

– Հաճախ ենք լսում, որ Հայաստանի ճակատագիրը` լինել-չլինելու խնդիրն է լուծվելու այս ընտրություններով: Հիմքեր տեսնո՞ւմ եք նման մտահոգության համար:

– Անշուշտ, տեսնում եմ: Այս իշխանություններն իրենց հակահայ ծրագիրն են իրագործում: Բայց ներսում զանգվածային աջակցություն չունեն, այնպես չէ, որ ընտրողների գերակշիռ մասը պաշտպանում է իրենց հակազգային գործողությունները, մարդիկ կան, որ ուշքի են եկել, վտանգը տեսնում են, ակտիվ են: Գիտեն, որ այս բանն ինքն է մատուցել Ադրբեջանին, այս բանն ինքն է զիջել Թուրքիային եւ հիմա ի՞նչ է խոսում: Իսկ ամենավտանգավորն այն է, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ առանց անվտանգային երաշխավորության մեզ նման երկրներն աշխարհի որեւէ անկյունում չեն գոյատեւում: Ցանկացած փոքր երկիր ունի ուժեղ երաշխավոր: Հակառուսական այս արշավը մեր միակ ռազմական դաշնակցի դեմ (լավ թե վատ` եղածը դա է) ամենամեծ դավադրությունն է: Եթե կատարյալ անպաշտպան Հայաստան կա այս պահին, ո՞վ է մեզ կուլ տվողը, իհարկե՝ Թուրքիան: Թուրքը հենց դրան է սպասում: Իսկ Եվրոպան միշտ անհասանելի է լինելու մեզ համար: Եկան-գնացին, խաղ էր: Ֆրանսիացիների դավաճանությունը պատմության ընթացքում 2 անգամ տեսել ենք` Կիլիկիան եւ Արցախը: Եվրոպան պատրաստ է հերթական անգամ Հայաստանը որպես գործիք օգտագործել՝ հանուն իր մեծ շահերի: Հիմա Հայաստանը հետաքրքրում է Եվրոպային այնքանով, որքանով մենք կլինենք հակառուսական, կլինենք թուրքերին զիջող: Քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են մնալ Եվրոպայի համար շատ ավելի կարեւոր, քան Հայաստանը, ընդամենը բարոյական խոսք կասեն, բայց գործելու պահին մատը մատին չեն խփի:

– Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որ հունիսի 7-ին ժողովրդի սթափ մասը հաջողության հասնի:

– Այս մեկ ամսվա ընթացքում ընդդիմադիր գործիչները եւ իրենց համախոհները պետք է աշխատեն հատկապես այն մարդկանց հետ, ովքեր դեռեւս լավ չեն պատկերացնում իրավիճակը: Որովհետեւ այս իշխանությունն այնքան մանիպուլյատիվ, սուտ, մոլորեցնող ինֆորմացիա է դաշտ նետում, որ մարդիկ մնում են շվարած: Պետք է շատ պարզ զրուցել մարդկանց հետ, որ մենք այսպիսի ընտրություն երբեւէ չենք ունեցել, որ գնում ենք կա՛մ Հայաստանը պաշտպանելու` մեր տեսակը, ազգային արժեքները, ապագան, կա՛մ գնում ենք Հայաստանն ուղղակի թշնամուն հանձնելու` իր բոլոր վնասակար հետեւանքներով: Այս ընտրությունները քաղաքական Սարդարապատ են: Բազմաթիվ մարդիկ լավ չեն պատկերացնում եւ չեն հավատում:

– Որպես արցախահայ բանաստեղծ՝ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ճակատագիրը:

– Պետք է հավատալ եւ պայքարել: Կորցնում ես այն դեպքում, երբ չես պայքարում: Մենք Արցախը վատ պայքարելու կամ չպայքարելու հետեւանքով կորցրինք: Միայն Արցախի բնակչությունը հսկայական Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ ոչինչ չէր կարող անել: Հայաստանից որբացած Արցախը չէր կարող մարտնչել, եւ մենք շատ դառը, ծանր որոշում կայացրինք՝ հանուն ժողովրդի փրկության: Ի վերջո, հայրենիքները ժողովուրդների համար են, մենք պետք է կարողանանք ժողովրդին պահպանել, որպեսզի կարողանանք վերադառնալ եւ ավերածը վերակառուցել: Ցանկացած ավերած շենք կարողանալու ենք վերականգնել: Պետք է պայքարել քաղաքականապես, դիվանագիտորեն: Հրեաներն իրենց հայրենիքից զրկվել էին, բայց նրանք ամեն օր իրենց սերունդների ուղեղն էին լցնում, որ մի օր վերադառնալու ենք մեր ավետյաց երկիրը: Հիմա մենք` արցախցիներս, նույնը մեզ պետք է ասենք, եւ դա շատ արագ պետք է արվի, որովհետեւ ժողովուրդը ցրվում է աշխարհով մեկ, իսկ անժողովուրդ հայրենիքը ոչ ոքի պետք չէ: Գոնե առժամանակ պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ արցախահայությունն այստեղ ինքնապահպանվի, եւ շարունակվի պայքարը` մինչեւ վերադարձի դռները բացենք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչքան էլ թատրոն տաս, մեկ է՝ գիտեն, որ դու Նիկոլն ես, չե՛ն ընտրելու

Ինչքան էլ թատրոն տաս, մեկ է՝ գիտեն, որ դու Նիկոլն ես, չե՛ն ընտրելու Wed, 13…

16 րոպե ago

Վրաստանից հայեր, ադրբեջանցիներ և թուրքեր են արտաքսվել

Վրաստանից հայեր, ադրբեջանցիներ և թուրքեր են արտաքսվել Wed, 13 May 2026 14:00:48 +0400 Վրաստանի Ներքին…

31 րոպե ago

Բոլոր հնարավոր տարբերակներից ինքը ամենավատ ընտրությունն է

Բոլոր հնարավոր տարբերակներից ինքը ամենավատ ընտրությունն է Wed, 13 May 2026 14:00:43 +0400 Latest news…

31 րոպե ago

Իմ ժողովրդով հպարտանում եմ

Իմ ժողովրդով հպարտանում եմ Wed, 13 May 2026 13:54:14 +0400 Տավուշի մարզի Աչաջուր համայնքում քարոզարշավի…

38 րոպե ago

Որ միտքն է ամենաշատը հունից հանում

Որ միտքն է ամենաշատը հունից հանում Wed, 13 May 2026 13:53:33 +0400 ՀՀԿ խորհրդի անդամ…

39 րոպե ago

էդ առաջնորդի, էդ փրկչի պատկերացումը որտեղի՞ց եկավ

էդ առաջնորդի, էդ փրկչի պատկերացումը որտեղի՞ց եկավ Wed, 13 May 2026 13:30:21 +0400 Latest news…

1 ժամ ago