Ես ցմա՜հ վարչապետ եմ լինելու

Ես ցմա՜հ վարչապետ եմ լինելու

Wed, 13 May 2026 19:15:19 +0400


Երկու շառաչուն ապտակ, եւ 8 տարում երկիրը կործանման եզրին հասցրած առաջնորդի աչքերը բացվեցին: Առանձնատան հաստ վարագույրից ներս խաղաղություն էր։ Դրսում ժողովուրդը կառավարության դարպասներն էր ցնցում։ Ճմլկոտաց, նայեց հայելու մեջ, շտկեց բացակայող մազերը, հանգստացավ՝ լավ է… դեմքը պետական է։ Էլի տրորեց աչքերը։ Գլխավերեւում անձնական լրտեսի վախվորած դեմքը երեւաց՝ «Վեր, տնաքանդ, էս ի՞նչ արեցիր»,- գոռաց նա: Չհասկացավ՝ ինչու է գոռում, ճիշտ է՝ տնաքանդը տնաքանդ է, ինչ անում է՝ մի բան «քանդվում» է, դա նոր բան չէ, բոլորը գիտեն, հիմա ի՞նչ են ուզում իրենից: Փողոցից վանկարկումների ձայն է լսվում․ «Նիկոլ, հեռացի՛ր»։ Ժպտաց. «Ժողովուրդս սիրում է ինձ։ Երբ մարդուն ատում են, անունը չեն կրկնում»։

– Մի խումբ կուսակցություններ համատեղ հանրահավաք են անում,- տեղեկացրեց լրտեսը,- Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Արման Թաթոյանի կոչով ժողովուրդը փողոց է դուրս եկել։
– Էդ նրանց խելքի բանը չի՝ Պուտինն է հուշել։ Բայց ժողովուրդս ինչո՞ւ է փողոց լցվել… Վա՞տ եմ պահում, արձանագրենք․ թոշակները՝ 16-ից 46 հազար, անվճար առողջապահություն, դեղորայք, Ադրբեջանից բենզին, խաղաղություն, երգուպար, վարչաբենդ, զուռնա-դհոլ, սրտիկներ, խոստումներ… Խելոք, սթրված ապրում էին, ի՞նչ պատահեց,- հառանչեց առաջնորդը:
Լրտեսը հայտնեց ահավոր նորությունը՝ ռուսները գազի գինը երկինք հանեցին՝ 1 խմ-ն՝ 600 դոլար: Ժողովրդի համբերության բաժակը լցվել է, մարդիկ էլ փողոց են լցվել:
– Ելքը մեկն է,- շարունակեց լրտեսը,- Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը, եղբայր Իլհամ Ալիեւը եթե մեզ գազ տան, կփրկվենք: Վարչապետը հոգոց հանեց.
– Իմ եղբայրների ներսում էնքա՜ն գազ կա՝ չեն խնայի: Ափսո՜ս, որ Ֆրանսիայից, Ադրբեջանից Հայաստան գազատարներ չկան: Ոստիկաններս ի՞նչ բանի են, երախտամոռներին թող դաս տան: Փողոց հանեք…
– Փողոցում են՝ ժողովրդի հետ, ժողովրդի կողքին:
– Դա ապացուցում է, որ ժողովրդին ոստիկանությունից չենք բաժանել: Ինչն ինքնին խոսում է ժողովրդավարության մասին: Ալիեւը, Էրդողանը տեղյա՞կ են: Լրտեսը գաղտնի հաղորդագրությունը մեկնեց նրան. «Նիկոլ, շտապիր՝ ԱԺ-դ հավաքիր, Սահմանադրություն փոխիր, միջանցքը տուր»: Կարդաց բարձրաձայն, ասաց․ «Տեսա՞ր, միջազգային աջակցություն ունեմ»: Լրտեսն առարկեց. «Ձեզ չեն աջակցում, ձեզ օգտագործում են»։
– Քաղաքականության մեջ օգտագործվելն արդեն իսկ հաջողություն է,- եզրափակեց վարչապետն ու հրամայեց ՔՊ-ականներին ԱԺ նիստի հրավիրել:
«ԱԺ չկա, ՔՊ խմբակցությունը ցանուցիր եղավ անհայտ ուղղություններով»,- տեղեկացրեց լրտեսը:
– Էդ դեպքում՝ ինձ նվիրված գործարարներին կանչիր՝ մի բան մտածենք:
– Նրանք էլ չկան` «Ջերմուկը», կոնյակը Ռուսաստանը չի ընդունում, Հոլանդիայից բերված ծաղկի ու հայկական գյուղմթերքների դեմը փակել են, գործարարներդ էլ մեծ փողեր են կորցրել` մեղքը քո վրա են բարդել ու հիմա փախեփախի մեջ են:
– Աննայիս կանչիր:

Լրտեսը նրան հանձնեց Աննայի նամակը․ «Վերջապես հեռանում եմ վերջնականապես: Ինձ չփնտրես: Քո Աննա»:
Վարչապետը մտածմունքի մեջ ընկավ: Հանձնարարեց կանչել խոհարարին: Սիրտը չինական սունկ ուզեց: Գիտեր՝ կառույգացնի: Խոհարարը եւս փախել էր: Իջան չուլան, պարկերից չեփած սունկ հանեցին բերեցին՝ կերավ, քունքերը թրթռացին: Ուղեղը բոցկլտաց: Մտքերի հեղեղ, բառերի պոռթկում սկսվեց: Փակեց աչքերը` իրեն սիրուց խենթացած ամբոխի առջեւ զգաց…

Ճառում է. «Ապագա կա… Արցախը Հայաստան է, եւ վերջ… Հաղթանակը մերն է… Նոր հարձակում, նոր տարածքներ… Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը մերն է… Պարտվենք էլ՝ մեզ պարտված չենք ճանաչելու… Մեր հողերով թշնամու բերանը կծեփենք… Հետ եմ բերելու Շուշին ու Հադրութը»:

Ապա՝ էմոցիոնալ դողէրոցքի մեջ, վերցրեց բարձրախոսն ու առանձնատնից դուրս նետվեց: Լրտեսը ծառերի տակ հազիվ բռնեց՝ էս ո՞ւր, Նիկոլ:
– Ժողովրդիս մոտ… Ելույթ ունենամ՝ դարձի բերեմ, համոզեմ, որ լուսավոր ապագան եկել է, իրենք էլ ընտիր ապրում են…
– Բանը բանից անցել է,- ձեռքն ուսից չհեռացնելով՝ ասաց լրտեսը,- դու էլ քո ճարը տես:
– Ինքնաթիռիս ո՞նց հասնեմ… փողոցներում ժողովուրդը ցեպ տված է… Լավ է՝ իջնեմ ժողովրդիս մեջ, իմ ղայդի մի երկու խոսք ասեմ, նիկոլականները կպաշտպանեն… – Նիկոլական չկա… Դու` մերժված, ՔՊ-ականները՝ թալանչի, նիկոլասերները՝ յալանչի… Արի՝ քեզ կնոջ շոր հագցնեմ, ակնոց դնեմ, հեծանիվը նստես՝ հայդե՜ Թուրքիա: Նիկոլը սթափվեց.
– Եղբայր, իսկ դու ինձ ինչի՞ չես լքում:
Լրտեսը պատասխանեց.
– Ես իմ հայրենասիրական պարտքն եմ կատարում:
– Եթե հայրենիքդ ես եմ, օգնիր՝ հեծանիվս հեծնեմ:
Եվ հանկարծ ինչ-որ բան հիշեց.
– Եղբայր ջան, Ֆրանսիայի միապետ Լյուդովիկոսին չէ՞ր, եսիմոր դարում, Ֆրանսիայի սահմանը հատելիս բռնեցին…
– Շեֆ, հանգիստ, քեզ գիլիոտինի չեն ենթարկի… Հայաստանում մահվան դատավճիռ վաղուց չկա: Կդատեն, ցմահ կտան՝ ցմահ կապրես,- հանգստացրեց լրտեսը:

Թուրքիայի սահմանի մոտ ճանաչեցին, ասֆալտին չփռեցին, ուղիղ Ազատության հրապարակ բերեցին: Նա գրպանից հանեց ու կուլ տվեց եւս մի բուռ հալյուցինացիոն սունկ, ապա մի կողմ հրեց ելույթ ունեցողին ու բղավեց.
– Արձանագրենք՝ ես ձեզ արցախյան ծուղակից ազատեցի, ինքնիշխանություն բերեցի, այդ ամբողջը՝ խաղաղության տրամաբանության մեջ… Ինչ էլ անեք, ես ինձ պարտված չեմ ճանաչելու: Ես ցմա՜հ վարչապետ եմ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանում «գոլդ հեռախոսահամարները» սկսել են վաճառվել տան գնով

Ադրբեջանում «գոլդ հեռախոսահամարները» սկսել են վաճառվել տան գնով Sat, 03 Oct 2026 01:30:30 +0400 Ադրբեջանում…

4 ժամ ago

Խստացրել են օտարերկրացիներին վերաբերող օրենքները

Խստացրել են օտարերկրացիներին վերաբերող օրենքները Sat, 03 Oct 2026 00:30:23 +0400 Ճապոնիան խստացրել է իր…

5 ժամ ago

ԱԲ-ագենտը փորձել է շրջանցել 100 ընկերության անվտանգության համակարգ

ԱԲ-ագենտը փորձել է շրջանցել 100 ընկերության անվտանգության համակարգ Sat, 03 Oct 2026 00:00:57 +0400 OpenAI…

6 ժամ ago

Ռոնալդուի քույրն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականից եղբոր հեռանալուն

Ռոնալդուի քույրն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականից եղբոր հեռանալուն Fri, 02 Oct 2026 23:45:32 +0400 Պորտուգալացի…

6 ժամ ago

Աղջիկը փողոցում մատանի է գտել եւ դարձել մեղադրյալ

Աղջիկը փողոցում մատանի է գտել եւ դարձել մեղադրյալ Fri, 02 Oct 2026 23:30:40 +0400 ՌԴ…

6 ժամ ago

Եթե դա ձախողել ես, ուրեմն պետությունն արդեն անիմաստ է պահում իր գոյությունը. Արա Պողոսյան

Եթե դա ձախողել ես, ուրեմն պետությունն արդեն անիմաստ է պահում իր գոյությունը. Արա Պողոսյան Fri,…

7 ժամ ago