Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ

Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ

Thu, 14 May 2026 20:18:07 +0400


Մայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանից ու Սփյուռքից թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազում ուխտավոր հայորդիներ:

Իր քարոզում պատարագիչ Մուշեղ եպիսկոպոսը, անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Քրիստոսի Համբարձումն ականատեսների վկայությամբ հաստատված իրողություն է, երբ երկինքն ու երկիրը միավորվում են մեկ տեսիլքի մեջ, և հավատավոր ժողովուրդը վերստին զգում է Աստծո հավիտենական ներկայությունն իր կյանքում:

«Ավետարանիչների կենդանի նկարագրությամբ մենք տեսնում ենք, թե ինչպես է Քրիստոս մարմնով հեռանում երկրից, բարձրանում երկինք ու անհետանում ամպերի մեջ։ Մարդկայնորեն կարող է թվալ, թե մենք մնացինք մենակ՝ մեր հոգսերին, մեր ցավերին ու մեր առօրյա դժվարություններին դեմ հանդիման։

Բայց… Համբարձման իրական պատգամը լրիվ հակառակն է։ Համբարձումը բաժանումի մասին չէ, այն մարդկային բնության փառավորման պատմությունն է։ Քրիստոս չհեռացավ, որ մեզ լքի, այլ համբարձվեց, որպեսզի լինի ամենուր և ամենքիս հետ», – նշեց Մուշեղ եպիսկոպոսը՝ հավելելով, որ Հիսուս Քրիստոսի համբարձումը քրիստոնեական հավատքի կարևորագույն հիմնասյուներից է, որով բացահայտվում է մարդու փրկագործության ամբողջական պատկերը։

Խոսելով փորձությունների ու մարտահրավերների ժամանակ Աստծուն որոնելու մարդու ներքին ձգտման մասին՝ Սրբազան Հայրն ընդգծեց․ «Հաճախ Աստծուն փնտրում ենք հեռուներում, մինչդեռ Նա ներկա է մեր առօրյայի ամենափոքր թվացող պահերի մեջ։

․․․Աստված սիրում է մարդուն՝ մարդու միջոցով։ Արդ, չփնտրե՛նք Աստծուն միայն հրաշքների մեջ։ Փնտրե՛նք Նրան համբերության, ներողամտության և սիրո մեջ։ Եվ կտեսնենք, որ մեր Տերը երբեք մեզ չի լքել, Նա այստեղ է՝ մեր մեջ, մինչև աշխարհի վախճանը։ Աստծուն գտնելու համար պետք չէ փախչել իրականությունից, պետք է Աստծուն փնտրել իրականության մեջ»։

Պատարագիչ Սրբազանն անդրադարձ կատարեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրողությանը՝ հաստատելով, որ Սուրբ Էջմիածինը Աստծո և մարդու հանդիպման տեսիլքն է, որի միջոցով և որտեղ հայ մարդը, Միածնի էջքով առաջնորդված, գտնում է իր հոգու փրկության ճանապարհը։

«Կաթողիկոսական Աթոռի վերադարձով, Սուրբ Էջմիածինը հայրենիքի ու պետականության հիշողությունը դարձրեց իրական և ապրող նպատակ, որից ծնվեցին հավաքական պատասխանատվության, ազգային միասնականության գիտակցությունը և ազատագրական պայքարի տարբեր նախաձեռնումներ։

․․․Սուրբ Էջմիածինը դարձավ այն առանցքը, որի շուրջ համախմբվեց աշխարհասփյուռ հայությունը։ Միասնական ազգային, հոգևոր, մշակութային կենտրոնի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր ազգային դիմագիծն ու ինքնությունը և քանի դեռ պետականությունը բացակայում էր, Մայր Աթոռը ստանձնեց պետության գործառույթներ՝ առանց նրան փոխարինելու հավակնության»,- ասաց Մուշեղ Սրբազանը՝ ընդգծելով, որ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդի դարերով բաբախող սիրտն է, որտեղ խտացված է հայի աղոթքը, հավատքը, պատմությունը, հարության հույսը և Աստծո առաջ կանգնելու արժանապատվությունը։ Այդ սիրտը խոցել նշանակում է խոցել ժողովրդի հավատքը, հիշողությունը, միասնությունը։

Վերջում պատարագիչ Սրբազանը հորդորեց ներկաներին իրենց հայացքը դեպի երկինք բարձրացնել ոչ թե հեռավորությունը չափելու, այլ հույսով ապրելու համար, քանզի Քրիստոս մեզ հետ է՝ մեր Եկեղեցու մեջ, մեր աղոթքի մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարի Սուրբ Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուզում եմ՝ միշտ այ սենց իրար ձեռք բռնած, մեր կողքին լինեք. Անահիտ Ծառուկյանը ծնողների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Ուզում եմ՝ միշտ այ սենց իրար ձեռք բռնած, մեր կողքին լինեք. Անահիտ Ծառուկյանը ծնողների մասնակցությամբ…

8 րոպե ago

Զելենսկու պաշտոնավարման ընթացքում քանի՞ լրատվամիջոց է փակվել Ուկրաինայում

Զելենսկու պաշտոնավարման ընթացքում քանի՞ լրատվամիջոց է փակվել Ուկրաինայում Mon, 27 Jul 2026 20:00:00 +0400 Զելենսկու…

23 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել Mon, 27 Jul 2026…

41 րոպե ago

Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան

Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան Mon, 27 Jul 2026 19:30:00 +0400 ՆԳՆ ոստիկանությունը…

53 րոպե ago

Եղվարդի ապօրինի հրաձգարանում զինանոց է հայտնաբերվել

Եղվարդի ապօրինի հրաձգարանում զինանոց է հայտնաբերվել Mon, 27 Jul 2026 19:15:00 +0400 ՆԳՆ քրեական ոստիկանները…

1 ժամ ago

Քաղաքականությունն առաջին հերթին

Քաղաքականությունն առաջին հերթին Mon, 27 Jul 2026 18:45:02 +0400 Քանի որ ընտրություններն արդեն անցյալում եմ,…

2 ժամ ago