Տարիներ առաջ անգամ չէի կարող պատկերացնել, որ կարող ենք այսքան ցած իջնել
Mon, 18 May 2026 21:45:32 +0400
Պաստառ պատռելու համար ձերբակալված անձը տեղափոխվել էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն եւ ինքնասպանություն գործել: Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ մայիսի 16-ին ժամը 18:07-ի սահմաններում «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
«Արմեն Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն», – հաղորդում է ՆԳ նախարարությունը:
Քննչական կոմիտեում վարույթ էր նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Առողջապահության նախարարության պարզաբանման համաձայն՝ «ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ընդունվել էր մայիսի 16-ին, որտեղ ենթարկվել էր նախնական զննության մասնագետների կողմից և ստացել համապատասխան բժշկական նշանակումներ»։
Այս սահմռկեցուցիչ դեպքը հերթական անգամ փաստում է, որ Հայաստանում օրենքները չեն գործում, իսկ այն փուչիկը, թե մեզանում մարդու իրավունքները պաշտպանված են, հերթական անգամ է պայթում: Պաստառ պոկելը քրեական հանցագործություն չէ, և առնվազն հասկանալի չէ, թե ինչու են քաղաքացուն դրա համար ձերբակալել և մահվան հասցրել:
Մեզ պատմեցին, որ ինքնասպանություն գործած Արմեն Հովհաննիսյանը թեպետ արմատներով Արարատի մարզի Նշավան գյուղից էր, սակայն դեռ 90-ականներին տեղափոխվել էր Արցախ, այնտեղ տուն-տեղ կառուցել, և միայն 2020 թվականի պատերազմից հետո վերադարձել հայրենի գյուղ` հոգեկան վիճակը խաթարված:
Նշավանի վարչական ղեկավարը «Հրապարակին» պատմեց, որ իր ահազանգի հիման վրա են Հովհաննիսյանին ձերբակալել:
«Նուբարաշեն» հոգեբուժարանի տնօրենը հրաժարվեց զրուցել մեզ հետ և պարզաբանել, թե իր ղեկավարած առողջության կենտրոնում ինչպես է հիվանդը ինքնասպանություն գործել, որտեղի՞ց նրան համապատասխան իրերը` կախվելու համար: Ուր են նայում հայ իրավապաշտպանները, որոնք եթե նման դեպք անցյալում լիներ մինչեւ լուսին աղմուկ կբարձրացնեին:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մեզ հետ զրույցում, խոսելով կատարվածի մասին, նկատում է. «Միանշանակ խիստ դատապարտելի է մարդուն պաստառ պոկելու համար ձերբակալելը: Մարդու մահվան համար պատասխանատվություն են կրում այն կազմակերպությունները, որոնք նախ ձերբակալել են վերջինիս, ապա բուժհաստատության ղեկավարները, որտեղ վերջինս ինքնասպանության է դիմել: Պետք է արվեին կանխարգելիչ գործողություններ, որպեսզի դեպքը տեղի չունենար: Անհիմն պատճառներով մարդուն ձերբակալելն ու կալանքի տանելը մեզանում դարձել է սովորություն: Չի կարելի պաստառ պոկելու համար քաղաքացուն ձերբակալել: Միջազգային կառույցները մասամբ տեղյակ են կատարվածից, քանի որ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել: Թե ինչպիսին է լինելու արձագանքը, ես չեմ կարող ասել: Անբացատրելի երևույթ է` մարդուն պատժել մի գործողության համար, որն ըստ օրենքի հանցանք չէ»:
Ինչո՞ւ քաղհասարակությունն այլսև չի աղմկում նման դեպքերում. «Այն, ինչ արվում էր առաջ, ես կարծում եմ, որ հիմա էլ է արվում: Ընդհանրապես նման դեպքերը թե առաջ, թե այսօր մեծ քննարկումների առիթ է դառնում: Պարզապես հիմա նախընտրական շրջան է, ցավալի է, բայց այժմ այնքան շատ են տարբեր առիթներով աղմուկ բարձրացնում, որ աղմուկի նոր պատճառների ի հայտ գալուն պես, հին պատճառների մասին սկսում են լռել: Հակառակ պարագայում քաղհասարակությունը մշտապես արձագանքում է նման դեպքերին և խստորեն դատապարտում է: Այսօր նաև Նիկոլ Փաշինյանը մի տիկնոջ հետ ընդհարվեց փողոցում: Այն բառապաշարը, որ մենք լսում ենք քաղաքական մրցակցության մեջ, այնքան է իջեցվել, որ անգամ դրան չենք կարող «փողոցային» որակումը տալ, այն ավելի ցածր մակարդակի վրա է, քան փողոցային մակարդակն է: Այս ամենը խոսում է մեր պետության և քաղաքական գործիչների որակների մասին: Ես տարիներ առաջ անգամ չէի կարող պատկերացնել, որ կարող ենք այսքան ցած իջնել, – ասաց Հարությունյանը:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում, ինքնասպան եղած տղամարդու մասին, ասաց. «Այս հարցը երկու հարթության վրա է: Իրավական հարթության մասին խոսելով` պետք է արձանագրել, որ պաստառ պոկելը քրեական պատասխանատվության ենթարկելու գործ չէր: Պաստառ պատռելը, կամ վնասելը վարչական իրավախախտում է: Քրեաիրավական գործիքակազմով չի կարելի մոտենալ նման միջադեպերին: Այստեղ կա օրենքների կամայական կիրառման խնդիր: Մենք փաստացի ունենք մարդու կյանքի իրավունքի խախտման դեպք, սա երկրորդ կարևոր հարթությունն է: Սա իրավապահների գործողությունների ածանցյալ կողմն է և սրա գնահատականը պետք է լինի շատ կոշտ, իրավիճակը խիստ մտահոգիչ է: Հատկապես նախընտրական շրջաններում մենք բախվում ենք օրենքի կիրառման կամայականության դեպքերի հետ, որոնք էլ երբեմն բերում են մահվան ելքով միջադեպերի», – ասում է Հովհաննիսյանը:
Իսկ միջազգային իրավապաշտպան կառույցներին ուղարկվե՞լ են համապատասխան զեկույցներ, կամ նախատեսվո՞ւմ են նման գործողություններ, իրավապաշտպանը նկատեց. «Մշտապես ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նախընտրական փուլերում նման միջադեպերը մշտադիտարկում է: Ես նախընտրական մոնիթորինգով չեմ զբաղվում, սակայն այն կառույցները, որոնք զբաղվում են նման հարցերով, անմիջական կապի մեջ են միջազգային դիտորդական խմբերի հետ: Հայաստանում կան դիտորդական առաքելություններ` «Ականատես», «Անկախ դիտորդ»: Նրանք բավականին լավ զեկույցներ են ներկայացնում, հստակ հղումներով ներկայացնում են, թե Հայաստանում ինչպես են ընտրություններից առաջ վարչական ռեսուրսներ օգտագործվում և այսպես շարունակ: Զեկույցները երբեմն շատ խորքային են լինում, լրագրողները չեն անդրադառնում դրանց և երբեմն թվում է, թե նրանք լռում են»: