Մերկանտիլություն, ինֆանտիլություն եւ մեծ զարմանք. առաջին տասնօրյակ
Tue, 19 May 2026 19:15:55 +0400
Քարոզարշավի առաջին 10 օրը կարելի է գնահատել որպես բացահայտման 10-օրյակ։ Ընդդիմությունը, որի ակտիվությունը թողնում էր հուսալ ավելին, այսինքն՝ անբավարար էր, այս 10 օրերի ընթացքում բավականին ակտիվ ու գրագետ արշավ իրականացրեց։ Պայքարի մեկնարկը հուսադրող է եւ գոհացուցիչ։ Մարդիկ տեսան հստակ իր տեսակետը հայտնող, բոլոր խնդիրների շուրջ փաստարկված խոսող ու իր փաստարկներն անկեղծ հիմնավորող Ռոբերտ Քոչարյանին։ Նրա կերպարը, որը նախկինում ծանրաբեռնված էր զրպարտությունների ու լեգենդների տակ, բացահայտվեց որպես պատասխանատու եւ սեփական խոսքի արժեքն իմացող փորձառու ու պատկառելի առաջնորդ։ «Հայաստան» դաշինքի հետ քարոզչության մեկնած մարդիկ մոտիկից տեսան, թե որքան ազատ ու անբռնազբոս շփում կա երկրորդ նախագահի եւ իր թիմի միջեւ։ Ընդ որում՝ չկա ավելորդ նյարդ: Միաժամանակ կազմակերպված են, ոչինչ չեն մոռանում, չեն սխալվում, ոչ մի տեղից ոչ մի վայրկյան չեն ուշանում։ Ճշտապահությունը, անկեղծությունը, կազմակերպվածությունը շատ բնական էին` առանց արհեստական ճիգերի ու ձեւական պաթոսի։ Նա զարմացնում է իրեն լսողներին եւ խոստանում է անակնկալ՝ ընտրություններում։
Հաջորդը. ծանոթացանք Սամվել Կարապետյանի հետ, եւ նկատելի եղավ, որ քաղաքական գործընթացներից հեռու մարդը՝ գործարար, միլիարդատեր, չէր հայտնվի քարոզարշավի մեջ, քանի որ դա լիովին խորթ է իրեն, եթե համոզված չլիներ, որ այս ճակատագրական պահին չի կարելի լռել։ Կարելի է գնահատել, որ նա գործի մարդ է, ոչ թե խոսքի, եւ քարոզարշավի «խոսքային» պայքարը բնորոշ չէ նրան, ինչը հաջողությամբ հաղթահարում են նրա երիտասարդ թիմակիցներն ու հատկապես եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Վերջինս բացահայտվեց որպես հավասարակշռված, գրագետ, բարի եւ լավ դաստիարակված մարդ։ Նրա հետ շփումը հատկապես հուսադրող է, քանի որ չունի չարություն, գիտի իր ասելիքը, ազնիվ ու պատասխանատու երիտասարդ է երեւում՝ քաղաքականության մեջ թարմ եւ, զարմանալիորեն, համակրելի։
Մեզ զարմացնում է նաեւ Գագիկ Ծառուկյանը։ Նրա կերպարում ավելացել է իմաստուն խոսքը։ Նա պատասխանում է հնչող մեղադրանքներին, լրագրողների հարցերին, միշտ ունի ճիշտ պատասխան, որում չկա հիստերիա, չկա շտապողականություն եւ անհանգստություն։ Գիտի իր անելիքը, չի հավակնում իշխանության, բայց պատրաստ է պատասխանատվություն կրել իր նշանակած կադրերի եւ իր երաշխավորած վարչապետի համար, որի անունը դեռ չի հրապարակում։ Ծառուկյանի քարոզարշավում նկատվում է փորձառություն, խոսքն ու միտքը նույնպես հղկված են՝ անցած տարիների քարոզարշավային փորձերից։
Այսպիսին են երեք խոշոր ընդդիմադիր ուժերը։ Իսկ ի՞նչ արեց իշխանությունը 10 օրվա ընթացքում։ Ինքն իր համար ոչ մի լավ բան չարեց։ Կերպարը, որ արդեն ստեղծվել է՝ հիստերիկ, անհավասարակշիռ, սեփական խոսքի նկատմամբ ոչ հետեւողական, նախկինում ասածների առումով՝ անազնիվ, արժեքների առումով՝ անսկզբունքային, դրան գումարվեց տիեզերական չափի մանիպուլյացիան, որը նորություն չէ, եւ անգերազանցելի մերկանտիլությունը, որը միշտ եղել է քարոզարշավներում, բայց երբեք չի եղել այնքան տգեղ, ինչպես այսօր է։ Բացատրեմ։ Քարոզարշավների ընթացքում միշտ լինում են խոստումներ եւ միշտ այդ խոստումները չափազանցված են․ լինի դա նպաստի, թե թոշակի ավելացում կամ որեւէ այլ սոցիալական խոստում, բոլորը տալիս են, բայց դա չեն ներկայացնում որպես իրենց միակ առավելություն, քանի որ, ի վերջո, դա պետք է արվի պետական բյուջեից, եւ դա անհատների բարեգործություն չէ։
Բարեգործության խոստումներ կարող են շռայլել միլիարդատեր Կարապետյանն ու միլիոնատեր Ծառուկյանը, իսկ բյուջեից հատկացումների առումով բոլոր թեկնածուների հնարավորությունները գրեթե նույնն են։ Բայց այս իշխանությունը վերջին ամիսներին ավելացրեց կենսաթոշակն ու բժշկական ապահովագրության համակարգ գործարկեց` ուղիղ ընտրություններից առաջ։ Պետական բյուջեից արված ծախսերը, որոնք ավելի շատ ընտրակաշառքի են նման, այսօր ամեն րոպե շահարկում է, մինչդեռ մարդկանց ավելի շատ պետք է հետաքրքրեն ազգային հարցերը, գոյաբանական, ազգապահպանության թեմաները։ Ցավոք, մերկանտիլությունը եւ ինֆանտիլությունն այսօր մեր հանրության մի ստվար հատվածի ամենաբնորոշ հատկանիշներն են, ու այս քարոզարշավում բացահայտվեց հենց դա։ Գործող քաղաքական ուժը խորացրեց իր արդեն ստեղծած կերպարը՝ մանիպուլյացիա, հիստերիա, 7 երգ, 7-ն էլ՝ թալանի մասին, անզսպվածություն, կեղծ սեր եւ ոչ մի դրական նոտա իր կերպարին չավելացրեց, ինչ կար՝ կա, ավելի սրված ախտանիշներով։ Բայց բացահայտեց իրեն համակրող մարդկանց մերկանտիլությունն ու ինֆանտիլությունը, որոնք ուղղակի զուգահեռ են աղքատության հետ։
Սա է քարոզարշավի 10 օրերի պատկերը․ նոր ուժերով պայքարի դաշտ մտնող ընդդիմություն՝ չհոգնած, չգազազած, ապագայի վտանգները սթափ մատնանշող, դրանցից չվախեցող, հավասարակշիռ, չկողմնորոշված մարդկանց համար՝ բավականին հետաքրքիր։ Եվ իշխանություն, որ ոչ թե քարոզչական պայքարի, այլ իսկական մարտի է ելել՝ հոգնած, գազազած, ապագայի վտանգները նենգափոխելով, դրանցով վախեցնելով, ինքն իր ապագայի համար վախեցած, անհավասարակշիռ, ամեն ինչի պատրաստ՝ հանուն իշխանության։