Նրանք էլ մեզ հետ աղետի եզրին են, բայց դեռ չեն կողմնորոշվել՝ ո՞ւմ կողքին են

Նրանք էլ մեզ հետ աղետի եզրին են, բայց դեռ չեն կողմնորոշվել՝ ո՞ւմ կողքին են

Thu, 21 May 2026 15:15:09 +0400


Զրուցակիցս պատմաբան, մանկավարժ, երգիծական գրքերի հեղինակ Ժորա Դալալոյանն է: Նա նախ շնորհակալություն հայտնեց «Հրապարակ»-ին` թերթի նախորդ համարներից մեկում իր խոսքը հրապարակայնացնելու համար, եւ նշեց, որ 2 կարեւոր ասելիք ունի. «Երկար մտածեցի՝ արդյո՞ք իրավունք ունեմ թերթի էջերը երկրորդ անգամ զբաղեցնելու: Բայց երբ հասկացա, որ առաջիկայում հայ ժողովրդին սպասվում է կյանքի ու մահվան պայքար ոչ միայն օտար ասպատակողների, այլեւ ներքին թշնամիների դեմ, մի նոր «Սարդարապատ», վճռականություն ձեռք բերեցի՝ իմ մտահոգությունները մեր ժողովրդին փոխանցելու համար էլի դիմել թերթի օգնությանը: Այո, մեզ իրոք նոր Սարդարապատ է սպասվում: Ազգը վտանգի մեջ է: Եվ թվում է, թե ազգովի պայքարի կոչնակ պիտի հնչեցնեինք` դա ես չեմ տեսնում: Տեսնում եմ, որ կարող ուժերը նիրվանայի մեջ են: Ինձ ցավ է պատճառում այն, որ խոր լռություն են պահպանում մշակույթի, արվեստի մարդիկ, ստեղծագործական միությունները, ինտելիգենցիայի ներկայացուցիչները: Լսել եմ՝ Գրողների միությունը 500-ից ավելի անդամ ունի՝ գրողներ, բանաստեղծներ, գրականագետներ: Ճնշող մեծամասնությունը ոչ թե գրչի վարպետ է, այլ՝ «լռության ասպետ»: Նրանք էլ մեզ հետ աղետի եզրին են, բայց դեռ չեն կարողացել որոշել՝ ո՞ւմ կողքին են՝ տառապյալ մեր ժողովրդի՞, թե՞ թշվառական ու ժողովրդին թշվառության հասցրած իշխանությունների: Որոշ մշակութային գործիչներ սիրում են ասել․ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Բայց քաղաքականությունն է զբաղվում իրենցով։ Ամեն օր։ Ամեն ժամ։ Նրանք չեն պաշտպանում բռնապետին, պարզապես թույլ են տալիս, որ բռնապետը գոյություն ունենա։ Իսկ քաջնազարները չեն ծնվում դատարկ տեղում։ Նրանք ծնվում են լռության մեջ, մեծանում են անտարբերության կաթով։ Նրանց ուժը գալիս է ոչ թե իրենց խիզախությունից, այլ՝ ուրիշների վախից։ Եվ հետո այդ նույն լուռ մարդը զարմանում է. «Բա ո՞նց եղավ, որ երկիրն էս վիճակին հասավ»։ Ոնց եղա՞վ` քո լռությամբ եղավ, քո չգրված բառով, քո չկանգնած դիրքով։ Դու գուցե ազնիվ ես։ Բայց ազնվությունը եթե չի խոսում, դառնում է անօգուտ։ Դառնում է բեռ։ Դառնում է հող՝ ուրիշի իշխանության համար։ Ես արհամարհում եմ վախկոտ մարդուն։ Ոչ նրա համար, որ նա վախենում է, այլ՝ որովհետեւ նա հաշտվել է իր վախի հետ։

Այսօր մեր առջեւ ծառացած գլխավոր հարցը՝ շարժվել նիկոլական ցնդաբանություններով եւ երկիրը հանձնել հարեւան թշնամաբար տրամադրված երկրների «բարիկամեցողությա՞նը», թե՞պահպանել շուրջ 300-ամյա մեր բարիդրացիական հարաբերությունները հյուսիսային հարեւանի՝ ՌԴ-ի հետ: Ռուսների հետ ապրել ենք Հայրենական մեծ պատերազմ, ունեցել 100-ից ավելի հերոսներ, հաղթել ենք, կառուցել ենք, հասել աննախադեպ հաջողությունների: Ո՞ւմ հայտնի չէ, թե ինչ ենք տեսել Թուրքիայից, Ադրբեջանից՝ պատերազմներ, մահ, ավեր, շարունակական եղեռն: Ոմանք գտնում են, որ ռուսները դավաճանել են մեզ, չեն օգնել 44-օրյա պատերազմում: Որ ռուսները մեր փոխարեն պիտի կռվեին, գերագույն գլխավոր հրամանատար կոչված Նիկոլի ու մեր գեներալիտետի փոխարեն պիտի արդյունավետ մարտական գործողություններ կազմակերպեին ու ապահովեին մեր հաղթանակը: Ոչ, այդպես չի լինում: Եվ ահա, նեղանալով ռուսներից, այսօր մեզ փորձում են կտրել Ռուսաստանից, որտեղ ապրում են 2 մլն-ից ավելի հայեր, ովքեր աշխատում են այնտեղ` տուն ու հայրենիք պահում այստեղ: Իսկ «սրանք» բացում են հայրենիքի դարպասները՝ ժողովրդի հեռանալու, օտար ճամփաներ բռնելու համար: Շա՞տ անհիմն է այն կասկածը, որ այսօրվա իշխանությունների քաղաքականությունը նպաստելու է 300 հազար ադրբեջանցիների ներթափանցմանը եւ հայոց հողում տեղավորվելուն: Թուրքիայի վիլայե՞թ լինելն է մեր երազանքը, թե՞ Ադրբեջանի ծայրագավառ: Դա է մեզ սպասվող ճակատագիրը, եթե, Աստված չանի (իհարկե՝ չի անի), Նիկոլը վերընտրվի ու վարչապետի աթոռն զբաղեցնի երրորդ անգամ: Մեր ժողովրդի իմաստնությունը հուշում է. «Եթե գողը տնից լինի, եզը երդիկից կհանեն»: Թշնամու հետ ձեռք-ձեռքի տված, համագործակցաբար՝ մեր իշխանությունները երկիրը տանում են ստույգ կործանման, վիլայեթացման: Մի՞թե խուլ ենք ու չենք լսում «գերագույն թերուսի» ամենօրյա ելույթները ադրբեջանական թեզերով, մի՞թե ընտրարշավի ընթացքում շրջանառության մեջ չդրեց նոր հողեր նվիրաբերելու իր մտադրությունը:

Մեզ համար անհասկանալի է՝ երբ է դադարեցվելու այս սանձարձակ զազրախոսությունը, որը հորդում է ամբիոններից, փողոցներից, «քուչաներից», թափանցում հանրության գիտակցության մեջ։ Նրան չե՞ն ամաչեցնում երկրի նվազող սահմանները, չի՞ սթափեցնում նախնիների հայացքը։ Ժողովուրդը տեսնում է այս ամենը, բայց նա դեռ բազմած է գերագույն աթոռին ու խոսում է ոչ թե օրենքի, իմաստնության կամ պետական շահի լեզվով, այլ՝ ժարգոնով, հիստերիկ ոռնոցներով։ Անպատվություն է լսել մեկին, որը պարտավոր էր լինել օրինակելի քաղաքացի եւ պետության դեմքը, բայց ձեռքն ընկած խոսափողից ճղճղում է «համբալների», «էշերի» ու «էշությունների» մասին, սպառնում է «պադվալները» լցնել։

Հա՛յ ժողովուրդ, մի՞թե այս թշվառականն է քո բարձրագույն իշխանության պատկերը։ Կարծում եմ՝ ոչ: Ոտքի ելիր: Ու միասնական գնա ընտրատեղամասեր, կատարիր քո ճիշտ ընտրությունը, «ոչ» ասա այս խայտառակ, ազգադավ իշխանություններին, ձայնդ տուր արժանավորներին: Ձայն չփոշիացնելու համար առաջարկում եմ ընտրել առաջատար 3-4 ուժերից որեւէ մեկին: Ես անձամբ հավատում եմ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանին: Նա կարող է երկիրն անդունդի եզրից հանել եւ պարտավոր է դա անել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լավ եմ արել` չեմ զոհվել և ՈՂՋ եմ մնացել

Լավ եմ արել` չեմ զոհվել և ՈՂՋ եմ մնացել Thu, 21 May 2026 21:31:04 +0400…

8 րոպե ago

Սիրիան առաջին անգամ կմասնակցի G7 գագաթնաժողովին

Սիրիան առաջին անգամ կմասնակցի G7 գագաթնաժողովին Thu, 21 May 2026 21:30:51 +0400 Սիրիան կմասնակցի G7…

8 րոպե ago

ՔԿ-ն անցավ գործի

ՔԿ-ն անցավ գործի Thu, 21 May 2026 21:19:31 +0400 ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված…

19 րոպե ago

ՔՊ-ի հանդեպ Անդոյի սերը ֆինանսական ասպեկտ ունի

ՔՊ-ի հանդեպ Անդոյի սերը ֆինանսական ասպեկտ ունի Thu, 21 May 2026 21:15:11 +0400 Հումորիստ, դերասան…

23 րոպե ago

Միջուկային եռյակը ՌԴ-ի և Բելառուսի ինքնիշխանության երաշխավորն է․ Պուտին

Միջուկային եռյակը ՌԴ-ի և Բելառուսի ինքնիշխանության երաշխավորն է․ Պուտին Thu, 21 May 2026 21:00:03 +0400…

39 րոպե ago

Ամեն հաջորդ ընտրության Նիկոլն ավելի պիղծ բան ա անում/ասում, քան մինչև այդ

Ամեն հաջորդ ընտրության Նիկոլն ավելի պիղծ բան ա անում/ասում, քան մինչև այդ Thu, 21 May…

44 րոպե ago