Աուգուստո Պինոչետը եւ հեռացող Փաշինյանը

Աուգուստո Պինոչետը եւ հեռացող Փաշինյանը

Thu, 21 May 2026 19:15:48 +0400


Փաշինյանը պատկանում է այն գործիչների «պլեադային», որոնք հեռանալուց հետո այլեւս չեն վերադառնում: Կա՛մ մոռացվում են, կա՛մ ինֆարկտահար լինում, կա՛մ փտում բանտերում: Կարող եմ անուններ տալ՝ Բենիտո Մուսոլինի, Ադոլֆ Հիտլեր, Աուգուստո Պինոչետ, Նիկոլայե Չաուշեսկու, Աբուլֆազ Էլչիբեյ, Միխեիլ Սահակաշվիլի… Սա ամբողջական ցանկը չէ: Ոմանք ավելի էկզոտիկ վերջաբան են ունենում: Օրինակ՝ Նիկոլաս Մադուրոն, Փաշինյանի ադաշը: Թրամփը ներխուժեց Մադուրոյի ննջարան, նրան իր կնոջ հետ հավաքեց ու տարավ: Վերջ: Տեսնելով Փաշինյանի վերջին օրերի պահվածքը, որոշակի նմանություններ եմ նկատել նրա եւ անփառունակ վախճան արձանագրած գործիչների միջեւ: Ցավում եմ նրա համար, բայց ոչնչով օգնել չեմ կարող:

Ամենահետաքրքիրը Պինոչետի պատմությունն է: Նա Չիլիում իշխանության գլուխ է եկել 1973-ի հեղաշրջման արդյունքում՝ ԱՄՆ ամենաակտիվ աջակցությամբ տապալելով նախագահ Սալվադոր Ալյենդեի կառավարությունը։ Իսկ նախագահի աթոռը կորցրել է հանրաքվեի արդյունքում: Ընտրողների 55%-ը մերժել էր նրան: Ընդունել է ընտրությունների արդյունքները՝ գնահատելով որպես «չիլիացիների սխալ»: Իշխանազրկումից հետո նրա կյանքն անցել է միջազգային քրեական հետապնդումների մեջ: Մահացել է 2006 թ․ դեկտեմբերի 10-ին՝ ինֆարկտից։ Պետական հուղարկավորություն եւ սուգ չեն հայտարարվել։ Մահվան հաջորդ օրը Սանտյագոյում տեղի է ունեցել բազմամարդ հավաք, որտեղ ելույթներ են ունեցել ընդդեմ Պինոչետի, իսկ քաղաքի մյուս մասերում տեղի են ունեցել Պինոչետի կողմնակիցների՝ բազմամարդ սգո հավաքներ:

Ես արդեն ասել եմ, որ հունիսի 8-ին Փաշինյանն այլեւս չի լինելու: Նկատի ունեմ՝ այլեւս վարչապետ չի լինելու: Կընդունի ընտրությունների արդյունքները, թե չի ընդունի՝ իր գործն է, միայն թե քաջություն ունենա նամուսով, ինչպես Պինոչետը, հեռանալ կառավարության շենքից։

Ինձ շատ է մտահոգում Փաշինյանի վերջին օրերի պահվածքը: Այդ մարդը, իմ հասկանալով, ինչ-որ բանից վախենում է: Այլապես ինչի՞ մասին են վկայում նրա խոսքում ի հայտ եկած քրեական ենթամշակույթը, խելագարին հատուկ բռնկումները, քաղաքացիներին (կին թե տղամարդ) քաշքշելու հակումները, աջուձախ բոլորին «կզզըցնելու» սպառնալիքները: «Միմինո» ֆիլմում դատավորն ամբաստանյալին հարցնում է. «Դուք ներխուժել եք անծանոթ քաղաքացու բնակարան, ցենզուրայից դուրս արտահայտություններ թույլ տվել, մինչեւ զուգարան աթոռով հետապնդել այդ քաղաքացուն, կոտրել թանկարժեք ջահը եւ ասում եք՝ որեւէ պատճառ չե՞ք ունեցել: Ես ինչպե՞ս հավատամ Ձեզ»: Պարոն Փաշինյան, դու հիմա ի՞նչ ես ուզում մեզնից, ինչո՞ւ ես բարձրախոսով աջուձախ հայհոյում, «գողականի» կերպարի մեջ մտել՝ քաշքշում ես, սպառնում «կզզըցնել»: Ո՛չ կին ես հաշվի առնում, ո՛չ տղամարդ, ո՛չ ծեր, ո՛չ մանուկ: Այս բռիությունը մի պատճառ պետք է ունենա՞, թե՞ դիմենք համապատասխան մասնագետներին, որ քեզ, որպես վտանգավոր էլեմենտի, մեկուսացնեն հասարակությունից: Եղբայր, եթե մենք դեռ ինչ-որ բաներ չգիտենք քո մասին, կանգնիր՝ պարզ խոսենք, հասկանանք իրար:

Բորբոքվում ես, քեզ ուտում, որ ի՞նչ: «Արցախ» բառը չլսած՝ պայթում ես, ինչո՞ւ: Ո՞վ չգիտի, որ դու միտումնավոր (գիտակցված) հանձնել ես Արցախը, որ Հայաստանին անկախություն բերես: Դե հիմա՝ չի ստացվել: Արցախը տվել ենք, անկախություն էլ չենք ստացել՝ քեզ կախելո՞ւ ենք դրա համար: Ավելի լավ չի՞ լինի, որ մեր հասցեին լուտանքներ շաղ տալու փոխարեն նստես, մի նոր մանիպուլյացիա մտածես այն մասին, թե ինչու Արցախը տալուց հետո ո՛չ խաղաղություն եղավ, ո՛չ անկախություն: Զոհերի ու անհետ կորածների մասին հիշեցնում ենք, ասում ես՝ ես կապ չունեմ, Հայաստանի օկուպացված տարածքների մասին ենք հիշեցնում՝ լաչառանում ես, կրծմրծած քարտեզդ նետում ենք աղբաման՝ քեզ ուտում ես, հարցնում ենք՝ է՞լ ինչ տարածքներ ես հանձնելու՝ դիվոտում ես, հարցնում ենք՝ ո՞ւմ գրպաններում են պարտակվել 2019թ. Արցախին հատկացված փողերը, այլայլվում ես, Եկեղեցու դեմ արշավդ ենք հիշեցնում՝ սատանա է մտնում մեջդ, ասում ենք՝ բռնապետ ես, քեզ լրիվ կորցնում ես: Ուրեմն մի պատճառ կա, չէ՞, որ քեզ այսպես ես պահում: Հայաստանի վարչապետը կարո՞ղ էր այս ամենի հետ կապ չունենալ: Իհարկե՝ ոչ: Եվ, ուրեմն, բարի եղիր՝ նախ ընդունել քո վարչապետության տարիների այս բոլոր ախմախությունները, եւ ապա՝ եթե ուրիշ բաներ էլ կան, որոնց մասին մենք չգիտենք, մարդավարի խոստովանիր: Ինչ է, մենք վրացիների չափ չկա՞նք, որ, հրեն, Սահակաշվիլուն առոք-փառոք, որպես իրենց պատմության մի մասնիկ, որպես «պատմական արժեք», դեռ պահում են:

ՀԳ. Գործնական առաջարկ՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու վճռականությամբ զինված ընդդիմությանը: Պարոնայք, հունիսի 5-ին Երեւանում պետք է կազմակերպվի ընդդիմության մեկ միլիոնանոց միասնական ցույց: Չիլիում այդպես ազատվեցին Պինոչետի կառավարական խունտայից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սա նաև այդ պատվերը կատարողների բարոյական անկման մասին է վկայում

Սա նաև այդ պատվերը կատարողների բարոյական անկման մասին է վկայում Fri, 02 Oct 2026 00:25:46…

6 ժամ ago

Դատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելը

Դատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելը Fri, 02 Oct 2026 00:09:28 +0400…

6 ժամ ago

Մի մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է ոչ թե ադրբեջանցի դիվերսանտների, այլ․․․․

Մի մոռացեք, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է ոչ թե ադրբեջանցի դիվերսանտների, այլ․․․․ Thu, 01 Oct…

7 ժամ ago

Երբ Սիսիան է մտնում ադրբեջանցի զինվորը, բանտում է Սիսիանի ջոկատի հրամանատարը

Երբ Սիսիան է մտնում ադրբեջանցի զինվորը, բանտում է Սիսիանի ջոկատի հրամանատարը Thu, 01 Oct 2026…

7 ժամ ago

Ադրբեջանցի զինծառայող, Էդգար Ղազարյան․ Օրվա թոփ թեմաներն ու նորությունները

Ադրբեջանցի զինծառայող, Էդգար Ղազարյան․ Օրվա թոփ թեմաներն ու նորությունները Thu, 01 Oct 2026 22:58:37 +0400…

8 ժամ ago

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին․ Բողոքի ակցիա կլինի

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին․ Բողոքի ակցիա կլինի Thu, 01 Oct 2026 22:48:24 +0400…

8 ժամ ago