«Հրապարակ». Ազգային գրադարանի աշխատակիցն ահազանգում է, տնօրենը՝ հակադարձում

«Հրապարակ». Ազգային գրադարանի աշխատակիցն ահազանգում է, տնօրենը՝ հակադարձում

Fri, 22 May 2026 12:45:28 +0400


Խմբագրություն է դիմել Հայաստանի ազգային գրադարանի աշխատակից Տիգրան Մովսիսյանը եւ պատմել գրադարանում տիրող վիճակի, իր հանդեպ խտրական վերաբերմունքի մասին։ Նրա խոսքով, վերջին 8 տարում գրադարանին բազմաթիվ գրքեր, թերթեր են նվիրաբերվել, որոնք պահվում են նկուղներում, որտեղ գրքերի պահման պայմաններ չկան՝ խոնավ է, լցվում են անձրեւաջրեր, կոյուղաջրեր: Լուսավորություն, ջեռուցում կամ օդափոխություն չկա։ «Գրքերը, ձեռագրերը եւ թերթերն այստեղ մնում են տարիներով` բորբոսնում, շարքից դուրս են գալիս։ Այս տարի էլ անձրեւաջրերը լցվեցին հազարավոր գրքերի վրա, որոնք շարքից դուրս եկան։ Նույնիսկ լրիվ նոր գրքերն են իջեցրել նկուղ, եւ այս պայմաններում դրանք արդեն ընթերցելու համար ոչ պիտանի են դարձել։ Մինչդեռ գրադարանում կան ազատ տարածքներ, որտեղ հնարավոր է գրքերը պատշաճ պահել։ Գրադարանում կան նաեւ կորած գրքեր, որոնք բացառիկ նմուշներով են եղել։ Գիրք ունենք՝ 2 օրինակից, որի արժեքը 1 մլն դրամ է, մեկ օրինակը պահվում է անձեռնմխելի ֆոնդում, իսկ մյուս օրինակն անհետացել է գրադարանից»։ Նրա խոսքով, նկուղում վնասված գրքերը տոպրակներով տեղափոխել են վերամշակման, բայց տնօրինությունն ասում է, որ դրանք ի սկզբանե վնասված են եղել․ «Եթե գրքերը վնասված են եղել, ինչո՞ւ են ընդունել, սա գրադարա՞ն է, թե՞ Սովետաշենի աղբավայրը»։

Նա պատմեց նաեւ, որ գրադարանի տակ գտնվող սրճարանը տարիներ շարունակ հոսանք է գողացել, որի մասին զեկուցվել է տնօրենին, ստուգել են, փաստերով հաստատել․ «Բացի այդ, նկուղներում հոսանքների շիթերը բաց, անմխիթար վիճակում են, կոյուղին ու անձրեւաջրերը բաց հոսանքի կողքն են լցվում։ Սա ոչ միայն կարող է ողբերգության պատճառ դառնալ, այլ նաեւ կարող է հրդեհ առաջանալ, որի հետեւանքները եւս ողբերգական կարող են լինել։ Մեկ այլ կարեւոր ու վտանգավոր խնդիր է թմրանյութերի օգտագործումը։ Ես նկատել եմ բակի տարածքում ներարկիչներ, զգուշացրել եմ փոխտնօրենին, բայց ոչ մի բան չարեցին»։ Տիգրան Մովսիսյանի խոսքով, աշխատակիցները նախկին տնօրենի ժամանակ պարգեւավճարներ էին ստանում՝ 10 հազար դրամ, նոր տնօրեն Աննա Չուլյանը եռամսյակային պարգեւավճարները հանել է։

Նա չարաշահում է համարում Ռալֆ Յիրիկյանի` գրադարանին նվիրած մեքենայի ոչ նպատակային շահագործումը. «Տարիներ առաջ Յիրիկյանը մեքենա նվիրեց, որ ընթերցել ցանկացող կույրերին գրադարան տեղափոխեն, ապա տուն ուղեկցեն, սակայն ներկա տնօրենի օրոք մեքենան նպատակին չի ծառայում։ Ներկա տնօրեն Աննա Չուլյանի օրոք պատից հեռացրել են անգամ նախկին 17 տնօրենների լուսանկարները»։

Իր հետ լարված իրավիճակը սկսվել է այն ժամանակ, երբ տարիներ առաջ գրադարանի 5 աշխատակցի կատարած հավելյալ աշխատանքի համար վճարվելիք 80 հազարը ամիսներ շարունակ չեն տվել, ինքն անձամբ դիմել է նախարարություն, որից հետո վճարումն արվել է, բայց իր դեմ տնօրինությունը լարվել է։ Նրա խոսքով, իր հասցեին բազմիցս հայհոյանքներ են հնչեցրել, 23 հազար դրամով կրճատել են իրեն տրամադրվող գումարը, մյուս աշխատակիցներին զգուշացրել են՝ իր հետ չշփվել։ Ինքը Նիկոլ Փաշինյանին նամակ է ուղարկել, սակայն պատասխան չի ստացել։

Մեզ հետ զրույցում գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն ասաց․ «Մենք մի հոգեկան հիվանդ աշխատակից ունենք, բազում նամակներ է ուղարկել բոլոր գերատեսչություններ, մեզ մոտ ստուգումներ են իրականացվել, ես չգիտեմ՝ նախկինում դրանք որ թվին արված լուսանկարներ են, բայց մենք պարբերաբար անցել ենք բոլոր աուդիտները, ստուգումները, եւ որեւէ խնդիր չի եղել»։ Անդրադառնալով հոսանքի գողության հետ կապված մեղադրանքին, նշեց, որ հարցում են ուղարկել ՀԷՑ, եկել` ստուգում են արել, ունեն հետադարձ նամակ, որ որեւէ խնդիր չկա։ Հարցին՝ եթե պնդում եք, որ ձեր աշխատակիցը ձեզ վարկաբեկում է, ինչո՞ւ իրավական գործընթաց չեք սկսում, Չուլյանը պատասխանեց․ «Սկսված է գործընթացը, ընթացքի մեջ է… Եթե մարդը զանգում է ՄԻՊ, ասում է՝ ես ինքնահրկիզում կանեմ, էլ ի՞նչ եք ուզում, որ ես պատասխանեմ էդ մարդուն։ Ես անանուն, անհասցե ահազանգերի չեմ պատասխանում, ինչ գործընթաց անհրաժեշտ էր, արվել է, եթե խախտումներ լինեին, արձանագրված կլինեին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միջազգային համայնքում և ՀՀ-ում շեշտը դրվելու է կենսաբազմազանության հետ տեղի ունեցողի վրա

Միջազգային համայնքում և ՀՀ-ում շեշտը դրվելու է կենսաբազմազանության հետ տեղի ունեցողի վրա Fri, 16 Oct…

12 րոպե ago

ՔՊ-ի մրցակից ուժը ՔՊ-ական համայնքապետին է գովաբանում

ՔՊ-ի մրցակից ուժը ՔՊ-ական համայնքապետին է գովաբանում Fri, 16 Oct 2026 17:45:51 +0400 Տավուշի մարզային…

14 րոպե ago

Սննդի արդյունաբերությունից հետո ամենակարևոր ոլորտը հանքարդյունաբերությունն է․ Ջհանյան

Սննդի արդյունաբերությունից հետո ամենակարևոր ոլորտը հանքարդյունաբերությունն է․ Ջհանյան Fri, 16 Oct 2026 17:38:03 +0400 Latest…

22 րոպե ago

Հայաստանը ոսկու հանքավայրեր բացահայտելու ներուժ ունի

Հայաստանը ոսկու հանքավայրեր բացահայտելու ներուժ ունի Fri, 16 Oct 2026 17:37:31 +0400 Latest news from…

22 րոպե ago

Ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ին

Ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ին Fri, 16 Oct 2026 17:30:09 +0400 Եթե ​​Ուկրաինան միանա…

30 րոպե ago

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Fri, 16 Oct 2026 17:21:33 +0400 Team Telecom Armenia-ն…

38 րոպե ago