Բաքուն ներում է Փաշինյանի՝ «300 հազար ադրբեջանցիների» թեմայով սուտը
Fri, 22 May 2026 22:45:15 +0400
Մինչ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հերքում է, թե 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարց Հայաստանի և Ադրբեջանի օրակարգում չկա, դա չի քննարկվել ու չի քննարկում Ալիևի հետ և այդ հարցի քննարկումը համարում է «էժան քաղաքական շահարկում», Բաքվից ամենաբարձր մակարդակով շարունակում են պարբերաբար հնչեցնել այդ պահանջը։ Ի դեպ, Խորհրդային մարդահամարների տվյալներով Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիների թիվը երբեք չի գերազանցել 200 հազարը։ 1979 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր 160 հազար, իսկ 1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ 84 հազար ադրբեջանցի։
Հայ հանրությանը հուզող այս չափազանց զգայուն, հայ ժողովրդի ու պետության անվտանգային առումով հույժ կարևոր թեման դարձել է նաև Հայաստանում նախընտրական բանավեճի առարկա: Ընդդիմադիր գլխավոր դերակատարները և ոչ միայն նրանք համոզված են՝ Փաշինյանը կատարելու է նաև Բաքվի այս մի պահանջը՝ Հայաստան բերելով 300 հազար ադրբեջանցու, իսկ նրա չքմեղանալն այս հարցում պայմանավորված է նախընտրական փուլում հանրությանը լրացուցիչ չգրգռելու նկատառումով, թեպետ անհասկանալի է, էլ ի՞նչ պիտի ասի նորօրյա «ընկեր Փանջունին», որ զարմանալի եւ միաժամանակ ոչ դատապարտելի թվա։ Ի՞նչը պիտի խորացնի նրա ու հասարակության միջև առկա խոր անջրպետը՝ մրցակիցներին սպառնալուց, նրանց համակիրներին «ոտքի վրա» ազատազրկելու որոշում կայացնելուց, կանանց վիրավորելուց, արցախցիների ու Վեհափառի, հայ եկեղեցու վրա հարձակվելուց և այլ քստմնելի արարքներից հետո։ Ցավ ի սիրտ, ոչինչ։
Բայց այս դիսկուրսի և Փաշինյանի «մեծ ստի» արանքում ի հայտ է գալիս հերթական վկայությունն այն մասին, թե ուր են տանում նրա՝ հիշյալ թեմայի շուրջ կառուցված նախընտրական մարտավարության թելերը։ Առաջ ընկնելով ասենք՝ Բաքուն այս ընթացքում՝ կարճաժամկետ հեռանկարում ու կոնկրետ քարոզարշավի տևողությամբ, պատրաստ է նաև որոշակի իմաստով արդարացնել Փաշինյանի «ստերը», այդ թվում՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեմայով։ Ճիշտ է, օրերս Ադրբեջանի նախագահի ավագ օգնական Հիքմեթ Հաջիևը, ելույթ ունենալով Բաքվում ընթացող WUF13 միջազգային համաժողովի ընթացքում, կրկին պնդեց, որ անկախության առաջին տարիներին Ադրբեջանը բախվել է «Հայաստանից արտաքսված 300 հազար էթնիկ ադրբեջանցիների» տեղավորման խնդրին, որոնք պետք է վերադառնան իրենց «հայրենիք»։ Եվ այս խոսքը հաստատ ուղղված չէր զուտ միջազգային լսարանին։ Սա այդ երկրի սևեռուն պահանջն է, որ վերջին օրերին մի թեթեւ ստվերել են Ադրբեջանում․ նպատակը նույնն է՝ այս փուլում իրենց համար նախընտրելի Փաշինյանի վերարտադրությանը չվնասելն է։ Այս տրամաբանության մեջ է պետք է դիտարկել ադրբեջանցի քաղաքագետ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի խոսքերն այն մասին, թե «մինչ օրս բանակցային սեղանին դրված չէ թե հայերի Ղարաբաղ, թե ադրբեջանցիների Հայաստան գործնական վերադարձի հարցը՝ այս թեման կարող է քննարկվել միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների լիակատար կարգավորման վերջնական փուլում»։
Շարունակելով Փաշինյանին անուղղակի աջակցությունը՝ նա հայ քաղաքական գործիչների ներկայիս հայտարարությունները պայմանավորել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակով, մասնավորապես՝ ընթացիկ ընտրարշավով։ Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը մեծ մասամբ պատասխան է իր հակառակորդների «հարձակումներին, որոնք փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես ընտրություններում հաղթելուց հետո Հայաստանի իշխանությունները կպատրաստվեն հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձին Հայաստան»։
Նրա պնդմամբ, «300,000 ադրբեջանցիների՝ Հայաստան ենթադրյալ անխուսափելի վերադարձի մասին խոսակցությունները զուտ քարոզչություն են, իսկ Ադրբեջանն այսօր հիմնականում կենտրոնացած է իր սեփական քաղաքացիների՝ Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուրի ազատագրված տարածքներ վերադարձի խնդիրների վրա»։ Ավելին, Մուսաբեկովն արդարացնում է Փաշինյանի մեկ այլ՝ հակաարցախյան թեզ․ «Մենք սկզբունքորեն բարձրացնում ենք այն հարցը, որ հայերի վերադարձը Ղարաբաղ կապված է ադրբեջանցիների վերադարձի հետ Հայաստան: Սակայն Փաշինյանը, ըստ էության, ինքն է պատասխանում այս հարցին: Եթե նա հայտարարում է, որ մտադիր չէ քննարկել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, ապա նա նաև մտադիր չէ քննարկել ղարաբաղցի հայերի վերադարձը Ադրբեջան։ Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունն ուղղված է ոչ թե ղարաբաղցի հայերի վերադարձին Ադրբեջան, այլ նրանց մշտական բնակեցմանը հենց Հայաստանում»։
Մինչ Ադրբեջանում արցախահայերի Արցախ՝ սեփական պատմական հայրենիք վերադառնալու իրավունքն ու արդարացի պահանջը, ինչպես նաև հայ հասարակության լուրջ մտահոգությունը՝ կապված հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու հետ, պայմանավորում են նախընտրական շրջանի առանձնահատկություններով, հայ ժողովրդի առողջ հատվածն արձանագրում է՝ Արցախ և Արցախի վերադարձ լինելու է, արցախահալած ու հայատյաց ադրբեջանցիների վերադարձ Հայաստան՝ ո՛չ, իսկ դրա հիմքերը հաստատապես դրվելու են հունիսի 7-ի հաղթանակով՝ տապալելով 8-ամյա ազգակործան ռեժիմին։