Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով

Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով

Sun, 24 May 2026 19:29:04 +0400


Նախընտրական շրջանը, ըստ էության, պիտի լիներ ծրագրերի, գաղափարների, երկրի ապագայի շուրջ ազնիվ բանավեճի շրջան։ Բայց Հայաստանի քաղաքական կյանքը կրկին կանգնել է մի տարօրինակ տեսարանի առաջ․ իշխանությունը, որ ամեն օր խոսում է «խաղաղության» մասին, հանրային խոսքը դարձնում է վեճի, վիրավորանքի, ծաղրի և գռեհկաբանության գործիք։
Խաղաղությունը՝ շուրթերին, ագրեսիան՝ բառապաշարում։
Սրտիկը՝ ձեռքերին, մաղձը՝ խոսքի մեջ։
Ապագան՝ պաստառի վրա, վախի բնազդները՝ ամբիոնից։
Այսպես չի կառուցվում պետականություն։ Այսպես ձևավորվում է ճաշակ։ Ավելի ճիշտ՝ ճաշակի ավերակ։
Երբ երկրի ղեկավարը կամ իշխող ուժի ներկայացուցիչները հանրային խոսքը իջեցնում են փողոցային լեզվի, անձնական նվաստացման դա այլևս միայն «քաղաքական ոճ» չէ։ Երեխաները լսում են։ Երիտասարդները կրկնում են։ Հասարակությունը ընտելանում է։ Եվ մի օր պարզվում է, որ պետության մեջ արդեն ոչ թե ընդդիմախոսներ կան, այլ «թշնամիներ», ոչ թե այլ կարծիք ունեցող քաղաքացիներ, այլ մարդիկ, որոնց ձեռքից պետք է քաշել, բերանը փակել, լռեցնել։
Քաղաքական իշխանությունը, որքան էլ ժամանակավոր լինի, ունի մեկ անփոփոխ պարտականություն՝ չապականել հանրային խոսքը։ Որովհետև պետության լեզուն պետության դեմքն է։ Եթե այդ լեզուն գռեհկանում է, գռեհկանում է նաև իշխանության պատկերացումը մարդու, հասարակության և հայրենիքի մասին։
Հատկապես վտանգավոր է, երբ այդ բառապաշարը ուղղվում է ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլ նաև նրանց դեմ, ովքեր չեն կիսում իշխանության տեսակետները։ Այսօր թիրախավորվում են ընդդիմադիրները, արցախցիները, հասարակական գործիչները, վաղը՝ յուրաքանչյուր քաղաքացգի, ով կհամարձակվի այլ կերպ մտածել։
Առավել ամոթալի է, երբ նույն հռետորաբանությամբ թիրախավորվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հոգևորականները և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Քննադատությունը մեկ բան է, անպատշաճ, անձնավորված, նվաստացնող խոսույթը՝ բոլորովին այլ։ Եկեղեցին հանրային կյանքից դուրս չէ, բայց Եկեղեցու մասին չի կարելի խոսել հրապարակային հեգնանքով, անձնական վիրավորանքներով և փողոցային բառապաշարով։
Իշխանությունը փորձում է Եկեղեցու հարցը ներկայացնել որպես «բարենորոգում»։ Բայց տարօրինակ նորոգում է, երբ օգտագործվում է հայհոյախառն խոսք և դրսևորվում է քաղաքական հաշվեհարդար։ Նորոգումը սկսվում է հարգանքից, ոչ թե վիրավորանքից։ Սրբության մասին խոսողը նախ պիտի սովորի խոսել սրբության լեզվով։
Մարդիկ, ովքեր չեն կարողանում պահպանել անգամ հրապարակային խոսքի բարեկրթությունը, փորձում են դասեր տալ Եկեղեցուն՝ կանոնի, կարգի և բարոյականության մասին։ Գռեհիկ բառապաշարով չեն կառուցում բարոյական հեղինակություն։
Հանրային խոսքը մշակույթ է ձևավորում։ Երբ իշխանության լեզուն դառնում է նվաստացնող, հասարակությունը սկսում է նվաստացումը համարել նորմալ։ Երբ ամբիոնից հեգնանքը փոխարինում է փաստարկին, քաղաքացին սովորում է, որ փաստարկ պետք չէ։ Երբ կոպտությունը մատուցվում է որպես «անկեղծություն», գռեհկությունը հռչակվում է «ժողովրդավարություն»։ Բայց հստակ է՝ ժողովրդական լինելու համար պետք չէ գռեհկություն։ Պարզ խոսելը փողոցային բառապաշարը չէ։
Պետական գործիչը կարող է սխալվել։ Կարող է սուր խոսել։ Կարող է բանավիճել։ Բայց նա իրավունք չունի հասարակության լեզուն դարձնել թունավոր։ Իշխանավորի ամեն բառը բազմապատկվում է՝ կուսակցականների, համակիրների, ֆեյքային բանակների, մեդիա հարթակների և հանրային միջավայրի միջոցով։ Այդ բառը հետո վերադառնում է հասարակություն՝ արդեն որպես վարք, որպես վերաբերմունք, որպես ագրեսիա։
Եվ հենց այստեղ է վտանգը։ Այսօր գռեհիկ խոսքը կարծես քարոզչական գործիք է, վաղը այն կարող է դառնալ քաղաքական բռնության նախադուռ։ Նախ լեզուն է վայրենանում, հետո՝ միջավայրը։ Նախ մարդուն անվանարկում են, հետո՝ արդարացնում նրա նկատմամբ թշնամանքը։ Նախ Եկեղեցին ծաղրում են, հետո՝ նրա ներքին կյանքին միջամտությունը ներկայացնում որպես «բարենորոգություն»։
Երկիրը չի կարող շենանալ հայհոյանքով։
Խաղաղությունը չի կարող քարոզվել ագրեսիայի լեզվով։
Ժողովրդավարությունը չի կարող պաշտպանվել ընդդիմախոսին նվաստացնելով։
Եկեղեցու մասին չի կարելի խոսել այնպես, կարծես խոսում ես կուսակցական փակ չաթում։
Մեր հանրային կյանքին այսօր անհրաժեշտ է ոչ թե աղմուկ, այլ գիտակցված միտք։ Ոչ թե կոպիտ, այլ պատասխանատու խոսք։ Ոչ թե թիրախավորում, այլ արժանապատիվ բանավեճ։
Իշխանությունը կարող է հաղթել կամ պարտվել ընտրություններում։ Դա ժողովրդի որոշելիքն է։ Բայց եթե նա ընտրություններից առաջ հասարակությանը ժառանգում է ատելության, կոպտության և անպատշաճ մշակույթ, ապա այդ վնասը չի ավարտվում քվեարկության օրը։ Այն մնում է ընտանիքներում, դպրոցներում, բակերում, մեդիայում, եկեղեցու հանդեպ վերաբերմունքի մեջ, հասարակության մեջ։
Եվ վերջապես՝ իշխանությունը, որ խոսում է խաղաղությունից, թող նախ ինքը խաղաղվի։ Թող հասկանա, որ ժողովուրդը ամբոխ չէ, ընդդիմախոսը թշնամի չէ, Եկեղեցին էլ կուսակցական գրասենյակ չէ։

Հայր Հովհաննես Թորգոմյանի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտի

Ի գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտի Fri, 20 Nov 2026 16:38:12 +0400…

6 րոպե ago

Ռուսաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Ռուսաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Fri, 20 Nov 2026 16:36:08 +0400 ՀՀ նախագահի հրամանագիրը…

8 րոպե ago

Վրաստանում սգո օր է հայտարարվել

Վրաստանում սգո օր է հայտարարվել Fri, 20 Nov 2026 16:30:42 +0400 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Պոնիճալա…

14 րոպե ago

Մեր ծնողներից մեկը մահացավ, մյուսը խելագարվեց, հոգեկանները շեղվեցին. Անհայտ կորածի մայր

Մեր ծնողներից մեկը մահացավ, մյուսը խելագարվեց, հոգեկանները շեղվեցին. Անհայտ կորածի մայր Fri, 20 Nov 2026…

17 րոպե ago

«Զգուշացեք ընծաներ բերող դանայացիներից»

«Զգուշացեք ընծաներ բերող դանայացիներից» Fri, 20 Nov 2026 16:21:59 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր…

22 րոպե ago

Նույն ԿԸՀ-ն, նույն համակարգը․ ընդդիմությունը չի վստահում Փաշինյանի առաջարկին

Նույն ԿԸՀ-ն, նույն համակարգը․ ընդդիմությունը չի վստահում Փաշինյանի առաջարկին Fri, 20 Nov 2026 16:15:35 +0400…

29 րոպե ago