Խորամանկի պես այս ամենը մշակել է
Mon, 25 May 2026 12:20:46 +0400
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում խիստ քննադատության ենթարկեց գործող իշխանություններին՝ հայտարարելով, որ երկրում բացակայում են արժանապատվություն և պատասխանատվություն կրող ղեկավարները։
Նրա խոսքով՝ իշխանությունները հենվում են արտաքին ուժերի աջակցության վրա և իրականում կապ չունեն այն արժեքների հետ, որոնց մասին խոսում են։ Թաթոյանը նշեց, որ հաճախ հնչող եվրոպամետ կամ ամերիկամետ հայտարարությունները, ըստ իրեն, չեն համապատասխանում իրականությանը։
Քաղաքական գործիչը նաև հայտարարեց, որ հասարակությունը պետք է ազատվի այն իրավիճակից, որի մեջ հայտնվել է ներկայիս իշխանությունների կառավարման հետևանքով։ Նրա գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործընթացները ղեկավարում է սեփական շահերից ելնելով։
Թաթոյանը նաև պնդեց, որ Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որը, իր բնորոշմամբ, գործում է Ադրբեջանի շահերին համապատասխան։
«Ասում են, թե եվրոպամետ են, ամերիկամետ են:Տո դուք ընդհանրապես ի՞նչ կապ ունեք Եվրոպայի հետ։ Ձեզ համար ամենակարևորը ձեր բնազդն է։
Մենք պետք է դուրս գանք այն վանդակից, որում մեզ գցել է այս իշխանությունը։ Փաշինյանը խորամանկի պես այս ամեն ինչը մշակել ու գնում է առաջ՝ հանուն իր քաղաքական շահերի»,- ասել է նա: