«Հրապարակ». Արցախցի աղջկան դպրոցում վիրավորել են, հարվածել, «թուրք» անվանել

«Հրապարակ». Արցախցի աղջկան դպրոցում վիրավորել են, հարվածել, «թուրք» անվանել

Wed, 27 May 2026 09:15:44 +0400


Իմանալով, որ լրագրող եմ, Նոյեմբերյանում ինձ մոտեցան Արցախից բռնագաղթած ամուսիններ եւ պատմեցին, որ իրենց դուստրը՝ Անի Առուստամյանը, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում հալածանքների է ենթարկվել` նրան հարվածել են, վիրավորել։ Մեր զրույցի ընթացքում նրանք ցույց տվեցին Նոյեմբերյանի գլխավոր՝ Երեւանյան փողոցում հեծանիվ վարող գիրուկ մի տղայի՝ ասելով․ «Մեր Անիին նեղացնողներից մեկն էլ այս տղան է»։ Տղան, տեսնելով մեր հայացքները, հեծանիվն արագ վարեց ու հեռացավ։

46-ամյա Սամվել Հայրապետյանը ծագումով Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղից է, աշխատել է Կաշենի ոսկու հանքում, հետո Արցախի դիրքերում մարտական հերթապահություն է իրականացրել։ Նրա կինը՝ Նարինե Միքայելյանը, Ստեփանակերտում է բնակվել, Անին նրա միակ երեխան է: Ամուսնալուծված Նարինեն եւ Սամվելն ամուսնացել են Արցախից Հայաստան բռնագաղթելուց հետո։ Սամվելը հայտնեց՝ թեեւ Անին իր հարազատ դուստրը չէ, սակայն ինքը նրան հարազատի պես է սիրում, եւ իսկական ծնողը նա է, որը սիրում եւ հոգ է տանում երեխայի հանդեպ։ 5-րդ դասարանն այս տարի ավարտած Անին առողջական խնդիրներ, հաշմանդամություն չունի, մեր հանդիպման ժամանակ երեխայի աչքերում անանց տխրություն նկատեցի։ Նրա մայրը՝ Նարինեն պատմեց, որ Անին սթրես է տարել։ 44-օրյա պատերազմի ժամանակ Ստեփանակերտում նրանց դպրոցը հրետակոծվել է, աղջկա աչքի առաջ զոհվել են 3 դասընկերները։ «Երբ հիշում է իր դասընկերների զոհվելու պահը, վերանում է, այդ պահին մեզ չի լսում»,- պատմեց աղջկա մայրը։ Պատմեց նաեւ, որ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում համադասարանցիներից ոմանք ոտքով հարվածել են Անիին, նրան վիրավորել՝ ասելով. «Այ թուրք, այ ղարաբաղցի»։ Նարինեն ինձ պատմեց, որ երբ վատ վերաբերմունքի համար հանդիմանել է Անիին նեղացրած համադասարանցի աղջկան, այդ աղջիկն իրեն վիրավորել է՝ ասելով․ «Անդաստիարակ»։ Ծնողները հայտնեցին՝ երբ դպրոցում երեխաները նեղացրել են Անիին, նա չի ցանկացել դպրոց հաճախել: Սամվել Հայրապետյանն ասաց, որ չի կարող Անիին վիրավորած երեխաների հետ կոնֆլիկտի մեջ մտնել՝ վախենալով, որ կարող է կորցնել ինքնատիրապետումը։ Ծնողները ոստիկանություն են դիմել, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի սպան՝ Մամյան ազգանունով (նրա անունը Անիի ծնողները չեն հիշում), գնացել է Նոյեմբերյանի դպրոց, խնդրի առնչությամբ հանդիպել դպրոցի տնօրենին։

Բայց փոքրիկ աղջկա սթրեսային վիճակի պատճառը միայն պատերազմից ծանր հիշողությունները չեն, այլ նաեւ՝ Նոյեմբերյանում նրանց բնակության պայմանները։ Ընտանիքը նախկինում վարձով ապրել է Նոյեմբերյան քաղաքում, այժմ բնակվում են Նոյեմբերյանից մոտ 10 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Բերդավան գյուղում` Սամվել Հայրապետյանի հոր գնած տանը։ Այդ տանն ապրում է նաեւ Սամվելի եղբոր ընտանիքը՝ անչափահաս 4 երեխաներով։ Սամվելի ծնողները վատառողջ են, հայրն Արցախում կոնտուզիա է ստացել։ Այդ մարդիկ Արցախում իրենց տունը, ապրուստը կորցնելով, լինելով վատառողջ, նյարդային են, հաճախ դուրս են գալիս հունից, եւ մի տան մեջ ապրելը բավականին բարդ է։ Սամվելը ՀՀ քաղաքացու անձնագիր ունի, սակայն Նարինեի՝ քաղաքացիություն ստանալու գործը ձգձգվել է, նրա փաստաթղթերն անձնագրերի եւ վիզաների վարչությունում են` անձնագիրը չեն տալիս։ Նարինեի՝ ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում նրանք կարող են բնակարանային ապահովման պետական ծրագրով Նոյեմբերյան համայնքում տուն գնել։ Բռնագաղթած ընտանիքը գոյության միջոցներ չունի։ Նարինեն չի աշխատում, Սամվելը սոցիալական ինչ-որ ծրագրով 6 ամիս աշխատել է Նոյեմբերյանի կոմունալ հիմնարկությունում, սակայն այդ ծրագիրն ավարտվել է։ Նա շատ է ցանկանում հիմնական աշխատանք ունենալ։ Ներկայում պետության կողմից միակ աջակցությունն Անի Առուստամյանի համար տրվող ամսական 30 հազար դրամն է։ Բայց քանի որ Անիին Նոյեմբերյանի դպրոցում պարբերաբար նեղացնում են, եւ Բերդավանում էլ բնակության դժվար պայմաններ են, ամուսինները մտադիր են Անիին ուղարկել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղ` Նարինե Միքայելյանի մոր տուն։ Ընտանիքը հայտնվել է դժվարին իրավիճակում, ֆինանսական եւ բարոյական աջակցության կարիք ունի։ Բարեգործություն անելու մտադրություն ունեցող մարդկանց ու հիմնադրամներին կոչ ենք անում` աջակցել այս ընտանիքին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում

Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Fri, 19 Jun 2026 23:45:59 +0400 Latest news from Secure News…

11 րոպե ago

Կամավոր են հանձնել

Կամավոր են հանձնել Fri, 19 Jun 2026 23:30:09 +0400 Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից…

26 րոպե ago

Ադրբեջանում վախենում են՝ ՀՀ ընտրությունները չեղարկվեն

Ադրբեջանում վախենում են՝ ՀՀ ընտրությունները չեղարկվեն Fri, 19 Jun 2026 23:15:11 +0400 Ադրբեջանական Haqqin.az-ը խիստ…

41 րոպե ago

«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան

«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Fri, 19 Jun 2026…

1 ժամ ago

Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների

Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների Fri, 19 Jun 2026 22:51:49 +0400 Հայաստանի…

1 ժամ ago

Գումարները մսխել են, կշեռքն էլ չի շահագործվում

Գումարները մսխել են, կշեռքն էլ չի շահագործվում Fri, 19 Jun 2026 22:45:49 +0400 Լոռվա մարզի…

1 ժամ ago