«Հրապարակ»․ Քաղաքակիրթ ու քրիստոնյա Երեւանը չի ընդունում այս իշխանություններին ու այս վարչապետին

«Հրապարակ»․ Քաղաքակիրթ ու քրիստոնյա Երեւանը չի ընդունում այս իշխանություններին ու այս վարչապետին

Thu, 28 May 2026 10:15:12 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Վիգեն Հակոբյանն է:

– Հայաստանում եւ Հայաստանի շուրջ կատարվողն այնքան մտահոգիչ է, առաջին հերթին՝ վարվող ապիկար քաղաքականության պատճառով, որ հաճախ չգիտես զրուցակցիդ ինչ հարց ուղղել, որից սկսել։ Թերեւս, խոսենք Փաշինյանի քարոզարշավային բառամթերքի, մրցակիցներին սպառնալու, նրանց ունեզրկելու խոստումների մասին։ Ուրիշ էլ ի՞նչ «անակնկալ» սպասել այս մարդուց, որ ժողովրդի համբերության բաժակը վերջնականապես սպառվի։

– Անկեղծ ասած՝ Փաշինյանի ընտրած մարտավարությունն այս քարոզարշավում անակնկալ չէ՝ հաշվի առնելով նրա նարատիվները, թե ինքն իբր խաղաղություն է բերել, մնացյալը պատերազմ կբերեն եւ այլն։ Կա նաեւ նախկիննների, այսպես ասած, «թալանի» թեման, եւ հայտնվեց ուժ, որը չի նույնականացվում այդ երեւույթի հետ․ խոսքն «Ուժեղ Հայաստանի» մասին է՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Եվ որպեսզի Սամվել Կարապետյանին կապի նախկինների, «թալանչիների» հետ, հորինվեց «պատերազմի եռագլուխ հեղինակներ» տերմինը՝ նրան կապելով Քոչարյանի ու Ծառուկյանի հետ․ դա քաղտեխնոլոգիա է։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա ինքնատիրապետումից դուրս է, դա ակնհայտ է։ Նա փորձում է իր ընտրազանգվածին էմոցիոնալ կոնսոլիդացիայի ենթարկել, ոչ թե՝ բովանդակային։ Խոսքը հին ռեպերտուարից է՝ բռնելու ենք, պատժելու ենք։ Իր խնդիրն այս քարոզարշավում իր ընտրողներին կոնսոլիդացնելն է՝ իբր վտանգի ներքո ընտրություններին կազմակերպված մասնակցելու ուղերձով։ Երկրորդը․ նման որակի քարոզարշավ կազմակերպելով փորձել լեզվակռվի մեջ քաշել իր մրցակիցներին, որպեսզի տգեղ եւ գռեհիկ քարոզարշավ մատուցվի ընտրողներին, մանավանդ՝ նրանց, որոնք ընտրությունների չեն գնում, բայց գուցե այս անգամ գնան, զզվեն ու չմասնակցեն ընտրություններին այս մթնոլորտում։

– Մարդ, որին եւ որի ռեժիմին հասարակության առողջ հատվածն ընկալում է որպես թուրք-ադրբեջանական տանդեմի ոչ միայն հլու կամակատար, այլեւ քարոզիչ, որը դավաճանել է Արցախին ու հայ ժողովրդին՝ բոլոր հնարավոր միջոցներով, տեսեք-տեսեք՝ «հայրենիքի դավաճան» է գտել։ Ո՞ւր կտանի այս մեթոդաբանությունը, ապօրինի ձերբակալությունների ու կալանավորումների շղթան ինչպե՞ս կասեցնել։

– Մի կողմից, Փաշինյանն այնպես է անում, որ մարդկանց մոտ զզվանք առաջանա, եւ չմասնակցեն ընտրություններին, դրանով հանդերձ՝ իր փոքր ռեսուրսով առավելագույն տոկոս ստանալ, ինչպես, ի դեպ, եղավ 2021 թվականին։ Նա լավ հասկանում է, որ ընտրություններին բարձր մասնակցությունը «մահացու» վտանգ է իր իշխանության համար։ Այդ իսկ պատճառով փորձում է «ցեմենտել» իր ընտրազանգվածը՝ հընթացս ձեւավորելով վախի մթնոլորտ, խաղարկելով հիբրիդային պատերազմի սցենարը, որպեսզի քիչ մարդիկ մասնակցեն ընտրություններին, մաքսիմալ սրելով բառապաշարը՝ գնալ սադրանքների՝ ընդուպ ընտրությունների չեղարկման։ Փաշինյանից ամեն ինչ կարելի է սպասել։

– Ներքին խնդիրներից եւ գոյաբանական սպառնալիքներից զատ, Փաշինյանը, փաստորեն, «պատերազմ» է հայտարարել դաշնակից Ռուսաստանին։ Մոսկվայի արձագանքը չուշացավ՝ կոշտ, նույնիսկ վիրավորական հակադարձումներ ՌԴ ղեկավարության ամենաբարձր ու ամենատարբեր մակարդակից։ Չհաշված՝ տնտեսական աննախադեպ սանկցիաները։ «Նշան բռնելով» Կրեմլի վրա՝ այս մարդը «կրակում եւ վնասում է» ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ ՌԴ-ում ապրող հայերին։

– Ռուսաստանը փորձում է մինչեւ ընտրությունները ոչ թե Հայաստանին, այլ հայ ժողովրդին բացատրել, թե ինչ կլինի իր հետ, եթե նորից ընտրի Փաշինյանին։ Ուղղակի Ռուսաստանը հիմա շփվում է հայ ժողովրդի հետ, իշխանությունների հետ կապված ամեն ինչ պարզ է, սրանք Մոսկվայի համար «դուրս գրված ֆիգուրներ» են, այն քայլերը, որոնք արվել են, այդ թվում՝ ԵՔՀ-ի գագաթնաժողովն ու Զելենսկու հակառուսական ելույթները Երեւանում։ Ռուսները հստակ տարանջատում են հայ ժողովրդին ՀՀ իշխանություններից, եւ բոլոր կոչերը՝ Պուտինից մինչեւ Մեդվեդեւ, այդ համատեքստում պետք է դիտարկել։ Նրանք հորդորում են հայ ընտրողներին՝ չընտրել Փաշինյանի ուժին, եւ փոքր սանկցիաներով հասկացնում են, որ ամեն ինչ լուրջ է։

– Ինչ էլ ասենք՝ փաստ է, որ միակ հուսալի հենարանը հանրության առողջ, սթափ դատող շերտն է։ Քաղաքացին կարո՞ղ է բեկել իրերի ընթացքը, հեռացնել պետականաքանդ ու անհայրենիք խմբակին՝ իր ղեկավարով հանդերձ։

– Հունիսի 7-ը բացառիկ շանս է նրանց համար, որոնց համար անընդունելի է եւ օտարի լուծ է այս իշխանությունը, եւ գուցե պահն է՝ ազգային ազատագրական պայքարի ներքո հեռացնել այս օտար իշխանությունը՝ իրենց սոցիալական վիճակը բարելավելու, ազգային արժեքները եւ անվտանգային համակարգը պահպանելու, հայ մնալու համար։ Այն խոսույթը, թե ընտրությունն իբր նախկինների եւ ներկաների միջեւ է, վաղուց ժամկետանց է, որովհետեւ հիմա քաղաքակրթությունների միջեւ ընտրություն է, քաղաքակիրթ ու քրիստոնյա Երեւանն ուղղակի չի ընդունում այս իշխանություններին ու այս վարչապետին, որոնք պրոթուրքական եւ պրոադրբեջանական բարքերով փորձում են մտնել Երեւան, եւ սրան՝ այս անդաստիարակ ու անբարո կեցվածքին ընդդիմանում է Երեւանը։ Սա քաղաքակրթական բողոք է, ապստամբություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ դնում…

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ…

3 ժամ ago

Իսրայելը չի համաձայնել

Իսրայելը չի համաձայնել Tue, 04 Aug 2026 23:50:08 +0400 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է,…

4 ժամ ago

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը Tue, 04 Aug 2026 23:36:25 +0400 Խոր վշտով տեղեկացնում ենք,…

5 ժամ ago

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Tue, 04 Aug 2026 23:30:30 +0400 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի…

5 ժամ ago

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից Tue, 04 Aug 2026 23:15:56…

5 ժամ ago

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը Tue, 04 Aug 2026 23:00:58 +0400 Ֆլորենցիայի Սան-Մարկո վանքի վանահայր,…

5 ժամ ago