Զինվորն ասաց․ «Ամոթ եմ զգում ժողովրդիս առաջ…»
Thu, 28 May 2026 14:45:27 +0400
Հոգեբանական շատ բարդ ու միաժամանակ խոր զգացողություն է սա, որը, վստահ եմ, շատերդ եք ապրել, բայց գուցե չեք կարողացել ձևակերպել բառերով։
Մայիսի 28-ի զինտեխնիկայի ցուցադրությունից մարդիկ չոգևորվեցին։ Չառաջացավ այն հպարտության, ուժի ու հաղթական վստահության զգացումը, որը տարիներ առաջ ծնվում էր նման պահերին։ Ինչո՞ւ։ Երկար մտածեցի դրա մասին ու փորձեցի ինքս իմ հոգեվիճակին հոգեբանական գնահատական տալ։
Խնդիրը այն չէր, որ ես չէի ուզում ուրախանալ։ Ընդհակառակը՝ ներսումս մեծ ցանկություն կար թեկուզ մի փոքր ձեռքբերում տեսնել ու հպարտանալ իմ բանակով, իմ զինվորով, իմ երկրի ուժով։ Բայց չէր ստացվում։ Զգացմունքները կարծես փակվել էին ներսում։
Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ հաղթանակների ժամանակաշրջան էր, երբ ցուցադրվում էր մեր ռազմական տեխնիկան, ամեն մի դետալից ամբողջ մարմնով փշաքաղվում էի։ Ամեն մի անցնող տանկ, ամեն մի զինվոր, ամեն մի դրոշ ինձ համար ոչ միայն տեխնիկա կամ արարողություն էր, այլ անվտանգության, արժանապատվության ու հաղթանակի խորհրդանիշ։ Խոստովանեմ՝ անգամ լաց էի լինում հուզմունքից։ Դա հպարտության արցունք էր։ Մարդ իրեն պաշտպանված ու ուժեղ էր զգում։
Այսօր այդ զգացողությունը չկար։
Փոխարենը՝ ներսումս միայն ծանրություն, դատարկություն ու խորը տխրություն էր։ Այնքան, որ անգամ չկարողացա ամբողջությամբ նայել ցուցադրությունը։ Իսկ երբ տեսա Փաշինյանին ու Պապիկյանին, ինձ թվաց՝ կարծես սառը ջուր լցրին գլխիս։ Այդ պահին ես նույնիսկ չէի լսում նրանց խոսքերը։ Բառերը հասնում էին ականջիս, բայց չէին հասնում գիտակցությանս։ Չէի հասկանում իշխանության ուրախությունը, չէի հասկանում հանդիսավորության այդ մթնոլորտը, որովհետև ներսումս բոլորովին այլ իրականություն էր։
Դա քաղաքական վերաբերմունքից էլ խոր բան էր։ Դա հոգեբանական տրավմա էր։ Մի վիճակ, երբ մարդը այլևս չի կարող նույն կերպ արձագանքել այն խորհրդանիշներին, որոնք ժամանակին հպարտություն ու ուժ էին ներշնչում։ Երբ ցավը, կորուստը, հիասթափությունն ու անպատասխան հարցերը նստում են մարդու ենթագիտակցության մեջ և թույլ չեն տալիս անկեղծ ուրախանալ։
Ու այդ զգացողության ամենաճշգրիտ բացատրությունը ինձ տվեց մի զինվոր։
Նա շատ հանգիստ, բայց ծանր ձայնով ասաց. «Մի տեսակ ամոթ եմ զգում ժողովրդիս առաջ։ Ամոթ, որ լռելյայն համաձայնվում ենք մեր տարածքները զիջել թշնամուն»։
Այդ խոսքերի մեջ ավելի շատ ցավ կար, քան հազարավոր բարձրաձայն ելույթներում։ Դա պարտված մարդու խոսք չէր։ Դա ներսից կոտրված, հոգեբանորեն հոգնած մարդու խոսք էր, որը դեռ փորձում է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել իր երկրի, իր բանակի, իր արժանապատվության հետ։
Հետո նա ավելացրեց. «Բայց ես ի՞նչ կարող եմ անել…»
Այդ «ի՞նչ կարող եմ անել»-ի մեջ անզորություն կար, լռեցված բողոք, խեղդված պատասխանատվություն և ծանր մեղավորության զգացում։
Երբ հարցրի՝ զորահանդեսի գնալո՞ւ է, սառած աչքերով պատասխանեց.
«Ինչի՞ համար։ Զինվորական շքերթ տեսնելուց ինձ մեղավոր եմ զգում»։
Այդ պահին հասկացա, որ սա պարզապես քաղաքական կամ հասարակական դժգոհություն չէ։ Սա հավաքական հոգեբանական վերք է։ Տրավմա, որը ապրում է թե՛ զինվորը, թե՛ ծնողը, թե՛ պատերազմ տեսած մարդը, թե՛ նույնիսկ այն քաղաքացին, ով հեռվից էր հետևում այդ ամենին։
Երբ հասարակությունը կորցնում է հաղթանակի զգացողությունը, նույնիսկ ամենահզոր տեխնիկան այլևս չի կարող ոգևորել։ Որովհետև հպարտությունը միայն ցուցադրվող զենքով չի ծնվում։ Այն ծնվում է արդարության, արժանապատվության, անվտանգության և ազգային վստահության զգացումից։ Իսկ երբ այդ հիմքերը խարխլված են, ամենահանդիսավոր շքերթն անգամ կարող է մարդու ներսում դատարկություն առաջացնել։
Սա այն հոգեբանական տրավման է, որը դեռ երկար է ուղեկցելու թե՛ զինվորին, թե՛ հասարակությանը։ Եվ այդ վերքը բուժելու համար միայն զորահանդեսներն ու բարձրախոսային խոսքերը բավարար չեն լինելու։ Մարդկանց պետք է վերադարձնել ոչ միայն անվտանգությունը, այլ նաև հավատը, արժանապատվությունն ու ներքին վստահությունը, որ իրենց ցավը տեսնում են, հասկանում են և չեն անտեսում։