«Հրապարակ»․ Նիկոլը գազի բնական պաշարներ է հայտնաբերել
Fri, 29 May 2026 09:45:02 +0400
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն իր վերլուծական հոդվածում անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին եւ Հայաստանի եվրաձգտումներին՝ նշելով, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել կամ միակողմանի խզել Հայաստանին գազի, նավթամթերքի եւ չմշակված ալմաստների մատակարարման պայմանագիրը, որը կնքվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե Երեւանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։ Դա հասկանալի է դառնում ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլեւի՝ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին ուղղված նամակից։ Նամակը Երեւան է ուղարկվել մայիսի 25-ին։ «Շարունակվող գործնական քայլերը՝ կապված Հայաստանի՝ ԵՄ գործակցության խորացման հետ, եւ Հայաստանի կառավարության կողմից հայտարարվող ձգտումները՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ, հարվածի տակ են դնում ռուս-հայկական հիմնարար եւ բարձր մակարդակի վրա գտնվող առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցությունը, որի հիմքերից մեկը հանդիսանում են երկկողմանի միջազգային պայմանագրերը»,- ասված է նամակում։
Ցիվիլեւը գրել է, որ Հայաստանի՝ ԵՄ մուտք գործելու փորձերը չեն համապատասխանում երկու երկրների եւ երկու երկրների տնտեսվարողների միջեւ փոխադարձ հարգանքի եւ փոխադարձ շահավետության հիմքի վրա տասնամյակներով ձեւավորված հարաբերությունների բնույթին եւ ՌԴ կողմից բազմաթիվ անգամներ ձեռնարկված քայլերին՝ ապահովելու Հայաստանի կենսական կարեւորության կարիքների հոգացմանը՝ արտոնյալ պայմաններով։ Պարբերականը գրում է, որ ո՛չ ՌԴ էներգետիկայի նախարարությունը, ո՛չ հայկական կողմը թե՛ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, թե՛ վարչապետի աշխատակազմից, ի դեմս խոսնակ Նազելի Բաղդասարյանի, նամակի առնչությամբ «Կոմերսանտին» չեն արձագանքել եւ մեկնաբանություններ չեն տրամադրել։ Հոդվածում ներկայացված է 2013 թվականին կնքված պայմանագիրը, որը Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ճանապարհին ընկած փաստաթղթերից է եղել, ինչպես նաեւ նշվում է, որ Հայաստանն ամբողջապես ռուսական գազով է փակում իր գազասպառման ծավալը՝ տարեկան 2,7 միլիարդ խորանարդ մետր։ Եվս 476 միլիոն խորանարդ մետր գազ էլ Հայաստանը ստանում է Իրանից՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Հայաստանը ներկայում գազ ստանում է Ռուսաստանից՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 177 դոլար արժեքով, ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով ռուսական գազի հետ կապված հնարավոր ռիսկերի և Հայաստանում դրա հետեւանքների մասին, նկատում է․ «Մենք տեսանք, որ ՌԴ էներգետիկայի նախարարը պաշտոնապես նամակ է հղել Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը՝ նշելով, որ հնարավոր է միակողմանի կերպով խզեն Հայաստանի հետ գազային պայմանագիրը, որը կնքվել է 2013 թվականին։ Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, այդ նախագծին կողմ էի քվեարկել, որովհետեւ գազային պայմանագիրը ենթադրում էր, որ բավականին արտոնյալ պայմաններով պետք է գազ մատակարարվի Հայաստանին, ընդամենը 177,5 դոլարով, սակայն, օրինակ, Եվրոպային գազը վաճառում են 600 դոլարով։ Բայց ամենազավեշտալին այն հայտարարություններն էին, որոնք Նիկոլ Փաշինյանը երեկ արեց Կոտայքի մարզում։ Պարզվում է, որ մենք շուտով մեր սեփական գազն ենք ունենալու, որի մասին միայն Փաշինյանը գիտի։ Նա, հավանաբար, գազի պաշարներ է հայտնաբերել Հայաստանում։ Չորեքշաբթի օրը նա երկու հայտնություն արեց․ առաջինն այն էր, որ հայ ժողովուրդը շատ շուտով դառնալու է միլիոնատեր, եւ էական չի լինելու, թե ռուսները, փաստորեն, ինչ գնով գազը կվաճառեն մեզ։ Երկրորդ հայտնությունն էլ այն էր, որ շուտով Հայաստանն իր սեփական գազն է ունենալու։ Այդ աբսուրդագույն հայտարարություններին ի պատասխան՝ ես ուզում եմ ընթերցողին ներկայացնել, որ Գերմանիայում, Նիդերլանդներում եւ այլ բազմաթիվ ԵՄ անդամ երկրներում նախազգուշացվել է, որ նոյեմբերից բազմաթիվ հաստատություններ անցնելու են օնլայն ռեժիմի, որպեսզի էներգակիրներն օգտագործվեն խնայողաբար։ Բայց, փաստորեն, Նիկոլը հայտարարում է, որ գազի բնական պաշարներ է հայտնաբերել, որի մասին միայն ինքը գիտի։ Այս աբսուրդին ի պատասխան՝ այնտեղ հավաքվածները օրգաստիկ ձայներ էին հանում եւ հրճվում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս հարցը պետք է համաժողովրդական հանրաքվեի դրվի։ Ես վստահ եմ, որ եթե ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջեւ լինի ընտրություն, ապա 89 տոկոսը ԵՄ-ի օգտին է քվեարկելու, ինչու՝ որովհետեւ վիզաների ազատականացման եւ նման կտերը պոստսովետական երկրները հեշտությամբ ուտում են, բայց մնում է կոկորդներին։ Մեր ընդդիմությունը, փաստացի, չի կարողանում այս հարցերն այնպես ներկայացնել հասարակությանը, որ մարդիկ կարողանան լավ պատկերացնել, թե այդ ամենն ինչ հետեւանքներ կարող է թողնել։ Քարոզարշավն արդեն մտել է վերջին փուլ, սակայն տպավորություն է, թե այսօր ընդդիմությունը Նիկոլն է, իսկ օրվա ընդդիմությունը իշխանությունն է, որը փորձում է պաշտպանվել Նիկոլից։ Եթե ընդդիմությունը շարունակի այս ոչ կրեատիվ քարոզարշավը, լավ բան տեղի չի ունենալու։ Օրեր առաջ ռուսները ելակը հետ ուղարկեցին, եւ մարդիկ, փոխանակ ելակը տանեին կառավարություն, տարան՝ Մեյմանդարի շուկայում վաճառեցին, դրանից առաջ ռուսները 91 միլիոն հատ ծաղիկ հետ ուղարկեցին Լարսից, եւ վաճառողները, փոխանակ այդ ծաղիկները շաղ տային կառավարության դիմաց, այն պարզապես վառեցին ու ոչինչ չարեցին։ Մեզ սպասվում է Վրաստանի եւ Ուկրաինայի ճակատագիրը, բայց ես միշտ կողմ եմ ժողովրդավարությանը։ Եթե մեր ժողովուրդը որոշել է այդ ճանապարհով գնալ, ապա դա իր որոշելիքն է։ Այսօր էլ մարդիկ այս սանկցիաների համար ոչ թե Հայաստանի իշխանությանն են մեղադրում, այլ՝ Վլադիմիր Պուտինին եւ բոլոր նրանց, ովքեր բացատրում են այս ամենի աղետալի հետեւանքների մասին»։